08:03 08 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.12
  • GBP605.43
  • EUR546.92
  • RUB6.72
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
39920

Իսկ դուք գիտե՞ք, որ հանճարի ծննդյան օրը հունվարի 22–ը չէ, Խաչատրյանն էլ Բաբաջանյանի տաղանդը նկատել է դեռ այն ժամանակ, երբ նա մանկապարտեզ է հաճախել։ Sputnik Արմենիան ներկայացնում է ականավոր կոմպոզիտորի կյանքի հայտնի և ոչ այնքան հայտնի փաստերը։

Առնո Բաբաջանյանի 100-ամյակը դեռ առջևում է, անկասկած եկող տարի այն մեծ շուքով կնշվի։ Բայց 99 տարեկանն էլ է պատկառելի ու մեծարման արժանի տարիք, հատկապես այն կոմպոզիտորի դեպքում, որի կերպարն անբաժան է նրա անմահ ստեղծագործություններից։ Դրանք անդադար ու երևի ամեն վայրկյան հնչում են մոլորակում։

Իրականում, եթե ճշգրիտ լինենք, Բաբաջանյանի ծնունդը պետք է նշել ոչ թե հունվարի 22-ին, այլ 21-ին։ Բանն այն է, որ Առնոյի ծննդից երեք տարի անց Լենինը որոշեց մահանալ հենց հունվարի 21-ին, ու հսկայական երկրում սուգ հայտարարվեց։ Այն ժամանակ թվում էր, որ այդ օրը միշտ սուգ է լինելու (Բաբաջանյանի դեպքում այդպես էլ եղավ), ու հայրը մտածեց, որ որդու ծննդյան օրը պետք է փոխել։ Այդպիսի օրը տոնելը կարող էր վատ հետևանքներ ունենալ, ու Առնոյի ընտանիքը ծննդյան վկայականում փոխեց տղայի ծննդյան օրը։

Նա դեռ մանկապարտեզ էր հաճախում, երբ տղային նկատեց Արամ Խաչատրյանը, որն այն ժամանակ դեռ «ծերուկ» չէր, բայց արդեն հայտնի կոմպոզիտոր էր։ Հարցազրույցներից մեկում Բաբաջանյանը կատակել է, որ պարոն Խաչատրյանն առանձնացրել էր նրան հասակի ու քթի պատճառով, որը համապատասխանում էր իր հասակին։ «Նա ընտրյալ է»,- ասել է Խաչատրյանը փոքրիկ Առնոյի մասին, ու այդ ասածը ոչ մի կապ չուներ ֆիզիկական տվյալների հետ։

Ավելի ուշ այնպես ստացվեց, որ ամենադժվար ու ամենաուրախ պահերին Բաբաջանյանի կողքին միշտ հայտնվում էր Արամ Իլյիչը։

Բաբաջանյանի դիպլոմի պաշտպանությունը Մոսկվայի Չայկովսկու անվան կոնսերվատորիայում ցնցող էր։ Քննական հանձնաժողովի կազմը «աստղային» էր` Յակով Ֆլիեր, Ալեքսանդր Գոլդենվեյզեր, Հենրիխ Նեյհաուզ և այլն։ Պաշտպանության ընթացքում, դասական ստեղծագործություններից բացի, պետք էր սեփական ստեղծագործությունները ներկայացնել։ Բաբաջանյանը ժյուրիին ներկայացրեց Ալեքսանդր Սկրյաբինի ոճով մի ստեղծագործություն։ Դասականները մինչև վերջ լսեցին ու ասացին, որ լավ կլիներ` նա սեփական ստեղծագործությունը նվագեր. Բաբաջանյանը պատասխանեց, որ հենց այդ էլ արեց։ Քննողները ցնցվեցին ու տհաճ իրավիճակում հայտնվեցին, չէ՞ որ նրանք քաջածանոթ էին Սկրյաբինի արվեստին։

Երեսուն տարի շարունակ՝ կյանքի ուղիղ կեսը, Առնո Բաբաջանյանը մշտապես պայքարում էր սարսափելի հիվանդության դեմ (սպիտակարյունություն), որն ախտորոշել էին 1953 թվականին։ Երեք տասնյակ տարի նա ապրեց երաժշտության մեջ ու երաժշտության շնորհիվ։

Երևի այդ պատճառով է, որ նրա ստեղծագործություններն այնքան դրամատիկ են, չէ՞ որ Առնո Բաբաջանյանը, գիտակցելով իրավիճակի լրջությունը, փորձում էր հնարավորինս շատ բան հասցնել անել։ Միաժամանակ շարունակում էր ուրախ ու ընկերասեր լինել, սիրում էր ծիծաղել, անեկդոտներ պատմել ու տարատեսակ կատակներ անել։

Բաբաջանյանը մագնիսական ձգողականություն ուներ։ Եվգենի Եվտուշենկոն նրա մասին ասում էր. «Նա երաժիշտ է ծնվել։ Նրա տաղանդը տիպիկ արտասովոր շնորհալի երաժշտի տքնաջան, ամենօրյա ջանքերի արդյունք չէր։ Հենց բնությունն է հոգ տարել այդ մասին»։

Իսկ հենց ինքը` մաեստրոն, սեփական անձին իրեն բնորոշ հումորով էր վերաբերվում. «Շոպենի կամ Ռախմանինովի ժամանակ ավելի հեշտ էր. ժողովներ չէին անցկացվում, նարդի և շախմատ չէին խաղում, և կյանքն այդքան էլ հետաքրքիր չէր։ Այսօր նույնիսկ չգիտես` երաժշտություն գրես, թե ապրես։ Եթե ես կոմպոզիտոր չլինեի, հավանաբար բեմում կխաղայի, կատակերգու կլինեի։ Կարծում եմ` ես գրոտեսկային կերպար կլինեի»։

թեգերը:
Առնո Բաբաջանյան

Գլխավոր թեմաներ