22:47 22 փետրվարի 2020
Ուղիղ եթեր
  • USD478.35
  • GBP617.79
  • EUR517.05
  • RUB7.43
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
273 0 0

Մեր օրերում, եթե մարդիկ ինչ–որ բանից դժգոհ են, ուղիղ դատարան են դիմում, բողոք գրում։ Հայցերի հոսքն աճում է, լսումները տևում են տարիներ։ Սյունակագիր Վարդան Ալոյանն անդրադարձել է արդարադատության թեմային ՝ ժուռնալիստների միության շենքի շուրջ ծավալված սկանդալի պրիզմայով:

«Ամերիգո Բոնասերան հավատում էր օրենքին և կարգ ու կանոնին, հետևում դրանց, որի շնորհիվ էլ հաջողության էր հասել»,- եթե ինչ–որ մեկը մոռացել է, այսպես է սկսվում Մարիո Պյուզոյի «Կնքահայրը» հայտնի վեպը։ Այդ իսկ պատճառով, երբ երկու երիտասարդ ստահակներ փորձել են բռնաբարել և դաժանորեն ծեծել են նրա աղջկան, Բոնասերան հարցերն անձամբ չի լուծել և նրանց դատի է տվել։ Բայց արի ու տես, որ դատավորն արդարացրել է այդ սրիկաներին։ Եվ այդ ժամանակ օրինապաշտ Բոնասերան խիստ զայրացել է և արդարության հասնելու համար գնացել դոն Վիտո Կառլեոնեի մոտ։ Թե ինչ է տեղի ունեցել հետո հիանալի հիշում եք ֆիլմից։

Կհարցնեք` ինչու եմ հիշել «Կնքահորը»։ Ասեմ։ Լրագրողները, տվյալ դեպքում` Հայաստանի Ժուռնալիստների միության վարչությունը, նույնպես հավատում է օրենքին և կարգ ու կանոնին։ Եվ նոր իշխանության խորհրդով (սովորել ապրել իրավական պետությունում, և բոլոր հարցերը լուծել դատարանում) նույնպես դիմել է դատարան։ Վարչությունը արդարության որոնումներում չի դիմել տեղի դոնին, չի բողոքել վարչապետին, որին վարչության անդամների մեծամասնությունը վաղուց գիտի լրագրողի մասնագիտության բերումով, այլ ուղիղ դատարան է դիմել է։

Ավետիսյան. «Մարդկանց հորդորում են դիմել դատարան, մինչդեռ իրենք չեն վստահում դատարաններին»

Բանն այն է, որ Ժուռնալիստների միության նախկին ղեկավարությունը միության շենքի առաջին հարկում գտնվող «յուղոտ պատառը» գրոշների դիմաց վարձակալության է տվել  ճարպիկ մեկին։ Ով չգիտի, Ժուռնալիստների միությունը գտնվում է Երևանի կենտրոնում` Պուշկին փողոցում։ Այլ հարց է, եթե 5 կամ 10 տարով տված լիներ։ Բայց ոչ, պայմանագիրը կազմված է 99 տարով։ Վերոհիշյալ ճարպիկ վարձակալն իր հերթին վարձով է տվել այդ տարածքը` իր վարձակալած գումարից 15 անգամ բարձր գնով։

Երբ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու և «ստրկական» պայմանագիրը վերանայելու բոլոր փորձերը դատապարտվեցին անհաջողության, Ժուռնալիստների միության վարչությունը որոշել է դիմել դատարան։ Կողմերի միջև հարաբերությունները պարզելու ընթացքում հայտնի է դարձել, որ «դարի գործարքի» որոշ մասնակիցների ստորագրություններ կեղծված են։

Դատարան դիմել են 2018թ–ին։ 2019թ–ի դեկտեմբերին պաշտոնական նամակ են ստացել, որ այդ գործով առաջին լսումը նշանակված է... 2021 թվականին։ Ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս Բոնասերայի նման ցասումով չլցվես։ Չէ՞ որ դա ծաղր ու ծանակ է առողջ դատողության և ընդհանուր առմամբ արդարադատության հանդեպ։ Եվ այս դեպքը միակը չէ։ Պատմությունները, երբ դատավարությունը տևում է մի քանի տասնամյակ, բազմաթիվ են։

Մեր օրերում, եթե մարդիկ ինչ–որ բանից  դժգոհ են, ուղիղ դատարան են գնում, բողոք գրում։ Հայցերի հոսքն աճում է, լսումները տևում են տարիներ։ Այլ հարց է, եթե դա վերաբերեր միայն տնտեսվարող սուբյեկտների միջև ծագած վեճերին։ Իսկ ի՞նչ անեն նրանք, ովքեր ճակատագրի բերումով հայտնվել են քննչական մեկուսարանում և ամիսներ ու նույնիսկ տարիներ սպասում են դատարանի վճռին։ Իսկ եթե հանկարծ պարզվի, որ այդ մարդն անմեղ էր, և նրան իզուր են այդքան ժամանակ անազատության մեջ պահե՞լ։

 Ընդ որում, այս քաշքշուքը տեղի է ունենում կազմակերպված հանցավորության դեմ իշխանության պայքարին զուգահեռ, որը մեր հասարակության որոշակի հատվածի համար դիտարկվում է որպես արդարադատության այլընտրանք, որը լուծում էր մարդկանց միջև ծագած վեճերը, որոնք չէին վստահում դատարաններին կամ հրաժարվում էին ճշմարտություն որոնել  իրավական դաշտում։ Եվ չի կարելի բացառել, որ դատական համակարգի աշխատանքի նման «տեղապտույտը» կրկին դրդում է հարաբերությունները պարզել ստվերային ճանապարհով։

Ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2019-ին. ներքաղաքական քամիներն ու աշխարհաքաղաքականությունը

Իհարկե, կարելի է փորձել անջատել նյարդերն ու սպասել։ Ինչպես ասում էր «Գոդոյին սպասելիս» հայտնի պիեսի հերոսներից մեկը, «կարելի է և սպասել, եթե գիտես` ինչին»։ Իսկ եթե ամեն ինչ տեղի ունենա ինչպես այս պիեսո՞ւմ։ Եթե Գոդոն, որին անհամբերությամբ սպասում են և՛ պիեսի հերոսները, և՛ հանդիսատեսը, այդպես էլ չհայտնվի՞։

Այս դեպքում կարելի է սպասել ևս մեկուկես տարի, մինչև դատարանում տեղի ունենա առաջին լսումը։ Բայց փորձը ցույց է տալիս, որ այդ ժամանակ էլի կպահանջեն ինչ–որ թուղթ և գործը կհետաձգեն մի քանի ամսով, հետո կփոխվի պատասխանող կողմի փաստաբանը։ Նորը մի քանի ամիս կպահանջի նյութերի հետ ծանոթանալու համար, հետո դատավորը կարող է հիվանդանալ, հետո կանցնի ևս մի քանի տարի։ Հետո կողմերից մեկը կդիմի Վերաքննիչ դատարան, և ամեն ինչ կսկսվի նորից։ Այնպես որ, ականջիդ հետևը կտեսնես, բայց շենքը չես տեսնի։

 Իսկ ինչպիսի՞ արագությամբ են լուծվում հարցերը, երբ գործի են անցնում նրանք, ովքեր ամեն ինչ որոշում են «գողական օրենքներով»։

90–ականներին աշխատում էի խոշոր մոսկովյան հրատարակչությունում։ Մի գործընկեր ունեի, որին երկարատև գործուղման էին ուղարկել Թբիլիսի։ Նա այնտեղից վերադարձել էր երիտասարդ կնոջ հետ, որը, ինչպես նա սիրում էր ընդգծել, կովկասցի էր... Թվում է` ամեն ինչ լավ էր, բայց գործընկերս սիրում էր խմել և նույնիսկ հաճախ տանը չէր գիշերում։ Մեկ տարի անց երիտասարդ կնոջ համբերության բաժակը լցվեց։ Եվ ահա մի օր ընկերս ասաց.

– Կնոջս հորեղբայրն այսօր կգա, կորոշենք` ինչպես ամուսնալուծվել։ Դու նույնպես արի, բարոյական աջակցություն կցուցաբերես։

Նշանակված ժամին հորեղբայրը եկավ, ողջունեց, հետաքրքրվեց` ով եմ և` անունս ի՞նչ է։

– Ա՜, Վարդան, նշանակում է` հայ ես, դա լավ է։

 Շփոթեցրեց միայն այն, որ ընկերս, տեսնելով կնոջ հորեղբորը, գունատվեց։ Մեղմ ասած` իրեն կորցրեց։ Նստեցինք սեղանի շուրջ, սկսեցինք խնդիրը լուծել։ Եվ լուծեցինք։ Կես ժամում, առանց բարձր տոնի, առանց սպառնալիքների։ Պարզվեց, որ գործընկերս ամեն ինչում սխալ է։ Անմեղ աղջկան հետաքրքիր կյանք էր խոստացել Մոսկվայում, համոզել էր թողնել ինստիտուտը և իր հետ հեռանալ և, ի հեճուկս ծնողների, ամուսնացել էր նրա հետ։

Արամյան. «Դատաիրավական դաշտում էապես կբարելավվեն ինստիտուցիոնալ հիմքերը»

Հիմա նա այստեղ մեն–մենակ է, իսկ գիշերները կորում ես, կնոջդ նորմալ չես պահում։ Քո պատճառով նա կրթություն չունի, մասնագիտություն չունի, ընտանիքից հեռու է։ Իսկ դու քո հայրենիքում ես, լավ մասնագիտություն, աշխատավարձ ունես։ Այնպես որ, ունեցվածքն արդար ենք բաժանելու․ այն ամենը, ինչն ունես Մոսկվայի լավ թաղամասում բնակարանի հետ միասին թողնում ես կնոջդ, իսկ ինքդ անձնական իրերդ հավաքում ես ու հեռանում։ Դու կարող ես գումար վաստակել։

 Պետք է ասել, որ հենց փորձեցի առարկել, անմիջապես սեղանի տակ հարված ստացա ընկերոջիցս, և նա իր ամբողջ տեսքով ցույց տվեց, որ լռեմ, ոչինչ չասեմ։ Եվ երբ ամեն ինչ վերջացավ, արդեն փողոցում հետաքրքրվեցի` ինչու էր կանչել, եթե չթողեց նույնիսկ մի բառ ասեմ։

 - Ինչ է, չհասկացա՞ր, թե ում հետ գործ ունեինք։

- Ինչպես թե ում հետ, կնոջդ հորեղբոր․․․

- Դե հա, հորեղբոր անունը … Դեդ Հասան է։ Ով չգիտի, նա հետխորհրդային տարածքում ամենահայտնի «օրենքով» գողերից է։

Վերջին շրջանում մերթ ԵԽԽՎ-ն, մերթ Բուքիքիոն Վենետիկյան հանձնաժողովից մտահոգություն են հայտնում հայաստանյան դատական համակարգի բարեփոխումների առնչությամբ։ Մենք նույնպես մտահոգ ենք։ Այդ Չացկին էր հետաքրքրվում, թե դատավորը ով է։ Իսկ մեզ հետաքրքրում է ավելի պրագմատիկ հարց՝ դատավորները որտե՞ղ են։ Անցած տարի, երբ մաքսատանը կիլոմետրանոց հերթեր գոյացան, կառավարության որոշմամբ, լրացուցիչ մաքսակետ բացվեց Գյումրիում, բոլոր ստորաբաժանումները սկսեցին աշխատել առանց հանգստյան օրերի։ Միգուցե դատական համակարգում ևս պետք է նման բան մտածել։

Սահմանադրությունը կփոխվի, սուպերվարչապետությունը կմնա. նախարարը չի բացում փակագծերը

Այլապես, եթե այսպես շարունակվի, հեռու չէ այն օրը, երբ մարդիկ դատարանների մուտքերը սկսեն արգելափակել ոչ թե վարչապետի կոչով, այլ տարերային կերպով՝ «Մեզ արագ դատեք» կարգախոսով։ Պե՞տք է մեզ նման բան։ Վստահ եմ` ո՛չ իշխանությանը, ո՛չ ժողովրդին, ո՛չ էլ Բուքիքիոյին պետք չէ։

Ըստ թեմայի

Մտահոգված են. ԵԽԽՎ–ն ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել
«Մտածում էի՝ գուցե ինչ-որ տեղ ազնիվ են ու պետք է քայլ անել». Արփինե Հովհաննիսյան
Ինչու է իշխանությունը մերժել Արփինե Հովհաննիսյանի «անկեղծ մղումները»
Կարող է ձևավորվել նոր Սահմանադրական դատարան. նախարարը չի բացառում
թեգերը:
օրենքով գող, Ժուռնալիստների միություն, դատական համակարգ, Հայաստան

Գլխավոր թեմաներ