06:29 25 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.24
  • GBP587.08
  • EUR525.21
  • RUB6.71
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
404360

Դժվար թե աշխարհում գտնեք մի երկիր, առավել ևս մայրցամաք, որտեղ գոնե մեկ անգամ հայը ոտք դրած չլինի։ Ու եթե այս տողերն ընթերցելիս ձեր մտքին միանգամից Անտարկտիդան եկավ, ապա իմացեք`հայերը նույնիսկ այնտեղ են հասել, ավելին՝ այս սառցե թագավորությունում հայուհու անունով լիճ կա։

Աֆրիկյան ամենահեռավոր երկրներից մինչև Անտարկտիդա հայերն իրենց հետքն են թողել, հաջողությունների հասել։ Եթե մտածում եք, թե ինչպես կարելի է հաջողության հասնել, օրինակ, Անտարկտիդայում, որտեղ սառույցից բացի թվում է` էլ ոչինչ չկա, ուրեմն արժե այս պատմությունը մինչև վերջ կարդալ։ 30 տարի շարունակ համարյա ամեն տարի մեր հայրենակցուհի Դենեբ Կարենցը մեկնում է Անտարկտիդա գիտական հետազոտություններ կատարելու։ Նա ճանաչված ու հարգված ամերիկահայ գիտնական է, որը չի մոռանում իր հայկական ծագումն ու առիթի դեպքում միշտ սիրով է պատմում իր՝ հայ լինելու մասին։ Երևի կարդում եք ու մտածում՝ «Կարենցը հասկացանք` «ենց» վերջածանցով հայկական ազգանուն է, բա Դենեբն ի՞նչ անուն է»։

Денеб Каренц
Դենեբ Կարենցը

Համացանցում բավականին շատ տեղեկատվություն կգտնեք Դենեբ Կարենցի գիտական գործունեության և ուսումնասիրությունների մասին, կենսագրական տվյալներն այդքան շատ չեն։ Հայտնի չէ, թե երբ կամ ինչպես է Կարենցների ընտանիքն ԱՄՆ-ում հայտնվել, միայն գիտենք, որ Դենեբը մեծացել է Մասաչուսեթսի նահանգի Միլլիսե քաղաքում՝ Ռոզ և Վարուժան Կարենցների ընտանիքում։ Նրա բավականին տարօրինակ անունը հենց հայրն է ընտրել։ Ասում են՝ նա տարված էր աստղագիտությամբ և որոշում է դստերը կոչել Կարապ համաստեղության ամենավառ աստղի անունով՝ Դենեբ։ Այս աստղը գիշերային երկնքում իր պայծառությամբ 20-րդն է՝ Ա կարգի ամենամեծ և հզոր աստղերից մեկը։ Ասում են՝ անուններն ուժ ունեն և ազդում են անվանակիր մարդու կյանքի ու ճակատագրի վրա։ Այդպես էլ Դենեբն իր անվանակից աստղի նման փայլեց գիտական աշխարհում։

1973 թ․-ին Դենեբն ավարտում է Ռոդ Այլենդի համալսարանը բակալավրի աստիճանով, այնուհետև 1976 թ․-ին Օրեգոնի պետական համալսարանում արդեն մագիստրոսի աստիճան է ստանում, իսկ 1982 թ․-ին կրկին Ռոդ Այլենդի համալսարանում նրան շնորհում են փիլիսոփայության դոկտորի կոչում։

Հայտնի է, որ 1983 թվականից Դենեբ Կարենցը տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո և աշխատանքի անցել այնտեղի բժշկական կենտրոնում։ Ինչպես ինքն է ասում` տարօրինակ ընտրություն էր ծովային կենսաբանի համար, բայց հնարավորություն էր քաղցկեղի ուսումնասիրությամբ զբաղվող լաբորատորիայում սովորել մոլեկուլյար կենսաբանություն և հետազոտել մարդու ժառանգական հիվանդության մոլեկուլյար գենետիկան։

Կարենցն առաջին անգամ որպես կամավոր Անտարկտիդա է մեկնել 1986 թ-ին։ Նրա ուսումնասիրությունները վերաբերում էին Անտարկտիդայի օզոնային շերտը բարակելու  էկոլոգիական հետևանքներին։       

«Դա առաջին տարին էր, որ ԱՄՆ-ն Անտարկտիդա ուղարկեց մթնոլորտն ուսումնասիրող գիտնականների։ Ես ճիշտ պահին ճիշտ տեղում էի նոր ձեռնարկին մասը դառնալու համար»,- մի անգամ ասել է Կարենցը։

Սուպեր հերոս Սարգիսը. սա Հոլիվուդը չէ, Հայաստանն է ու Արցախը...

Այսպիսով վերջին երեսուն տարիների ընթացքում նա գրեթե ամեն տարի եղել է Անտարկտիդայում։ Մասնակցել է մի քանի հետազոտական նավարկությունների։ Երկու տարի պրոֆեսոր Կարենցն աշխատել է որպես ԱՄՆ ազգային գիտական ֆոնդի բևեռային ծրագրերի համակարգման խմբի  ղեկավարի օգնական, եղել է ԱՄՆ-ի ներկայացուցիչն Անտարկտիդայի հետազոտական գիտական կոմիտեի խմբի կազմում։ 2011թ.-ից նա նաև Անտարկտիդայի մասին համաձայնագրի շրջանակում ստեղծված շրջակա միջավայրի պաշտպանության կոմիտեում ԱՄՆ պատվիրակության խորհրդականն է։       

Մարդկանց մեծ մասը կխուսափեր հեռավոր, ցուրտ, հատկապես կնոջ համար ոչ հարմարավետ պայմաններով այս վայրը մեկնել, սակայն պրոֆեսոր Կարենցի համար նման առաքելությունը մեծ պատիվ է։

«Անտարկտիդան աշխատելու հրաշալի վայր է, և յուրաքանչյուր ուղևորություն արկած է։ Մենք տեսնում ենք վայրի բնությունը՝ պինգվիններ, ծովառյուծներ, կետեր, ու նրանք մեզնից չեն վախենում։ Պինգվինները շատ հետաքրքրասեր են, նրանք մոտ են գալիս՝ ստուգելով, թե ինչով ենք զբաղված։ Սա ֆանտաստիկ տեսարաններով գեղեցիկ վայր է։ Նման բան աշխարհի երեսին էլ ուրիշ ոչ մի տեղ չես տեսնի»,- ասում է նա։       

2005թ.-ին աշխարհագրական անվանումների ամերիկյան խորհուրդը, հաշվի առնելով ամերիկահայ գիտնականի մեծ վաստակը, Անտարկտիդայի լճերից մեկը պաշտոնապես կոչեց Դենեբ Կարենցի անունով: Իհարկե, մեր պատկերացումներով այն լիճ չէ, այլ 1,3 մղոն երկարություն ունեցող հարթ սառույց։

«Սրան չէի սպասում։ Երբ լսեցի, սկզբում կարծեցի, թե կատակ է։ Հուզված եմ և շատ զգացված»,- մեկնաբանելով լիճն իր պատվին անվանակոչելու փաստը՝ ասել է պրոֆեսոր Դենեբ Կարենցը։

Հարցազրույցներում Դենեբ Կարենցը չի շրջանցել նաև իր հայկական ծագումը։

Հայ հրաշագործ բժիշկները, կամ ահռելի գոյացությամբ ծնված երեխայի բախտը բերել է

 

«Իմ ազգանունը հայկական է։ Թեպետ 99 տոկոս դեպքերում հայերի ազգանունը վերջանում է «յան»–ով, բայց «ենց»-ն էլ նույն նշանակությունն ունի։ Ծնողներս, պապիկներս ու տատիկներս մեծ ազդեցություն են ունեցել իմ կյանքի վրա։ Այսքան տարի անց էլ ես կապված եմ իմ մշակույթին և ինքնությանը։ Դա մի բան է, որ երբեք չեմ կորցնի, որտեղ էլ ապրեմ»։       

Այսօր մոտ 70–ամյա պրոֆեսոր Դենեբ Կարենցը ոչ միայն երիտասարդ գիտնականներին է օգնում ճանապարհ հարթել, այլև շարունակում է իր ակտիվ հետազոտություններն ու բացահայտումները հեռավոր, ցուրտ, բայց իր համար շատ հարազատ դարձած Անտարկտիդայում։

Ըստ թեմայի

Հայաստանում աստղագիտական տվյալները մշակող սուպերհամակարգիչ է գործարկվել
«Սովորական ռուս մեծ գրողը». ով ստիպեց Դովլաթովին իր երակներում զգալ հայկական արյունը
Ադրբեջանցին պարտվեց. հայ երգչուհուն Դրեզդենի օպերայում հոտնկայս են ծափահարել. տեսանյութ
Ինչպես են պայթում աստղերը. հայ աստղագետն ուսումնասիրում է «բուռն տիեզերական ծերությունը»
թեգերը:
Անտարկտիդա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հայ, գիտնական, Դանեբ Կարենց

Գլխավոր թեմաներ