08:59 29 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
80630

Միջազգային օլիմպիադաներում հայաստանցի դպրոցականներն արդեն քանի տարի է՝ տպավորիչ հաղթանակներ են գրանցում: Վերջին հաղթանակը հունվարին էր. հայ դպրոցականները Ղազախստանի Ալմաթի քաղաքից վերադարձան 18 մեդալով։

1 ոսկե, 7 արծաթե և 10 բրոնզե մեդալ. այսպիսի  նվաճումով հունվարին Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված 16-րդ միջազգային Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձան հայ դպրոցականները: Sputnik Արմենիան պատմում է նրանցից մի քանիսի` «Քվանտ» վարժարանի սաների հավակնոտ ծրագրերի, երազանքների ու պատանեկան «զոհաբերությունների» մասին:

Կարևորը` վերադառնամ Հայաստան

11-րդ դասարանցի Ալեքսանդր Աբելյանը Ժաուտիկովյան օլիմպիադայի հայաստանյան պատվիրակության չեմպիոնների չեմպիոնը դարձավ՝ թիմին բերելով միակ ոսկե մեդալը: Լուսանկարվելու համար Ալեքսը համեստությամբ սև, սովորական դպրոցական ուսապարկից մեդալների մի ամբողջ խուրձ է դուրս բերում:

Ученик 11 класса гимназии Квант Александр Абелян
© Sputnik / Andranik Ghazaryan
Ալեքսանդր Աբելյանը

Մի քիչ շփոթվելով պատմում է, թե ինչպես տարվեց ինֆորմատիկայով: Դպրոցում մաթեմատիկան բոլոր առարկաներից ավելի հեշտ էր տրվում: Հայրը ծրագրավորող է, ինքն էլ մանկուց հետաքրքրված էր ծրագրավորմամբ, բայց և վստահ էր, որ մաթեմատիկայով է իր ուղին շարունակելու: Հետո սկսեց օլիմպիական խմբակների մասնակցել, ու ինֆորմատիկան գերեց նրան:

«Առաջին անգամ միջազգային օլիմպիադայի գնացի 2017թ.-ին՝ Եվրոպայի պատանեկան օլիմպիադան էր, արդյունքները լավը չէին, բայց դա ինձ համար փորձ էր: Հենց հաջորդ տարի ոսկե մեդալ նվաճեցի»,- պատմում է Ալեքսը:

Ученик 11 класса гимназии Квант Александр Абелян
© Sputnik / Andranik Ghazaryan
Ալեքսանդր Աբելյանը

Նրա խոսքով՝ Հայաստանում ինֆորմատիկայով լուրջ զբաղվողները շատ չեն, այնպես որ բոլորն իրար գիտեն: Օլիմպիական համայնքի պես մի բան է ձևավորվել նաև միջազգային մակարդակով: Ալեքսն արդեն փորձառու օլիմպիական է, այնպես որ տարբեր երկրների հնարավորություններին արդեն ծանոթ է:

Նրա խոսքով՝ մեր հարևաններից ամենաուժեղն Իրանն է, Վրաստանը վերջին տարիներին  լավ ցուցանիշներ է ունի, իսկ Ադրբեջանից մենք բավականին առաջ ենք: Որքան էլ այս վերջինն ասելիս Ալեքսի խոսքում ազգային հպարտություն կա, բայց և ընդգծում է՝ օլիմպիադային մասնակցելիս երբևէ չի մտածում այս կամ այն երկրի մասնակցից առաջ անցնելու մասին: Իր նպատակը հաղթանակն է:

Ալեքսն այնքան զբաղված է, որ դեռ չի հասցրել մտածել` ինչ է ուզում դառնալ: Ազատ ժամանակ, եթե ունենում է՝ կիթառ է նվագում, խորացված անգլերեն է սովորում: Հեռանկարում՝ աշխարհի թոփ համալսարաններից մեկում սովորելն է։

«Քեմբրիջ, Օքսֆորդ, MIT` որը կստացվի։ Դրանից հետո անպայման հետ կգամ, այստեղ  կհասկանամ, թե ինչ եմ ուզում անել: Ինձ համար կարևոր է, որ վերադառնամ Հայաստան»,- ասում է Ալեքսն ու նշում, որ կապ չունի, թե որտեղ ես ծնվել՝ մեծ, թե փոքր երկրում, կարևոր է ձգտումը, ամեն տեղ էլ հնարավոր է հաջողել: Վստահ է, որ այս պահին Հայաստանում ամենաշատը կրթության վրա է պետք ուշադրություն դարձնել, միայն կրթությամբ կկարողանանք օգնել մեր երկրին:

Ամենահետաքրքիրը տիեզերքն է

Դավիթ Գյուլամիրյանին միշտ հետաքրքրել է, թե ինչպես է այս կամ այն բանն աշխատում։ Նա այս անգամ հայաստանյան թիմին բրոնզե մեդալ է բերել ֆիզիկա առարկայից:

Ученик 11 класса гимназии Квант Давид Гюламирян
© Sputnik / Andranik Ghazaryan
Դավիթ Գյուլամիրյանը

Իրեն լուսանկարելու համար օգնում է մեզ դասավորել ֆիզիկայի լաբորատոր սարքերն ու առիթը բաց չի թողնում առավելագույն հանրամատչելի և համբերությամբ բացատրել, թե որն ինչի համար է: «Ամեն ինչ հասկանալի է հայացքով նայում եմ, գլուխս էլ խելացի «տմբտմբացնում». թեպետ Դավիթի համար պարզից էլ պարզ է, որ ինձ համար ոչինչ էլ հասկանալի չէ, բայց իսկական ուսուցչի նման նա շարունակում է հույսը չկորցնել ու մեծ սիրով, կասեի` կրքով պատմել ֆիզիկայի մասին: Հատկապես ոգևորությամբ ներկայացնում է իր հետազոտական նախագիծը, որը հաջողությամբ ավարտելու դեպքում ԱՄՆ կմեկնի:

«Փոքր ժամանակ սիրում էի լեգոներից ռոբոտներ հավաքել. ծնողներիս ցույց էի տալիս, հետո էլ հյուրասենյակում մի լավ տեղ դնում ու ամեն անգամ անցնելիս հպարտանում էի, որ կարողացել եմ նման բան ստեղծել: Իսկ երբ մայրս կամ հայրս ինձ դպրոցից տուն էին բերում, ամբողջ ճանապարհին խնդրում էի, որ ինձ խնդիրներ ասեին, սիրում էի դրանք լուծելով տուն գալ»,-իր մանկական հետաքրքրությունների մասին է հիշում Դավիթը: Արդեն դպրոցում սկսեց տարբեր խմբակների հաճախել՝ մաթեմատիկա, ինֆորմատիկա, ֆիզիկա: Հետո հասկացավ, որ բոլորը չի հասցնում, ինֆորմատիկայից հրաժարվեց, 10-րդ դասարանում նաև մաթեմատիկան մի կողմ թողեց՝ իր ամբողջ ուշադրությունը ֆիզիկայի վրա կենտրոնացնելով:

Այս տարի առաջին անգամ մեկնեց միջազգային օլիմպիադայի. մի քիչ տխուր է, որ բրոնզ բերեց, բայց գիտի՝ հաջորդին ավելի լավ է ներկայանալու: 

Ապագայում իրեն տեսնում է հրթիռներ կամ տիեզերք ուղարկվող ինչ-որ սարքավորումներ կառուցող ինժեներ: Ամենամեծ երազանքն ուսումնասիրությունների համար ինչ-որ մոլորակ թռչելն է: Հայտնի Space X-ի հիմնադիր Իլոն Մասկն, օրինակ, առաքելություն ունի առաջիկայում Մարս մեկնելու: Դավիթը դեմ չէ նրան միանալ այդ ճամփորդության ընթացքում:

«Ինձ համար ամենահետաքրքիր բանը տիեզերքն է, որովհետև մենք այնքան քիչ բան գիտենք։ Արբանյակ ենք ուղարկում կամ հեռադիտակով նայում ենք երկինք, բայց դա այնքան քիչ է»,- նշում է Դավիթը:

Մինչև այլ մոլորակ մեկնելը Դավիթն այլ նպատակ ունի՝ կրթություն ստանալ արտերկրում ու անպայման Հայաստան վերադառնալ: Ասում է՝ իսկ ինչու Space X-ի նման մի բան էլ Հայաստանում չհիմնել:

Ученик 11 класса гимназии Квант Давид Гюламирян
© Sputnik / Andranik Ghazaryan
Դավիթ Գյուլամիրյանը

«Շատ կուզեմ մեր երկրում գիտության, կրթության ոլորտում փոփոխություններ անել: Ինձ թվում է, որ մենք շատ դանդաղ ենք առաջ գնում կրթության ոլորտում: Բոլորը բողոքում են, բայց ոչ ոք ոչինչ չի անում»,- ասում է Դավիթն ու ավելացնում, որ ամեն մեկը պետք է հասկանա՝ երկիրը փոխելու, ավելի լավը դարձնելու պատասխանատվությունը ոչ թե ինչ-որ մեկինն է, այլ հենց իրենը: 

Ինձ շատ են օգնել, ես էլ պետք է օգնեմ ուրիշներին

Ղազախստանն ու ղազախներին չի հավանել, օլիմպիադայի կազմակերպվածությունից գոհ չէ, բայց այս օլիմպիադային մասնակցելն իր կյանքում Կարեն Մոսոյանը հետաքրքիր փորձառություն է համարում: Նա էլ ֆիզիկա առարկայից արծաթ է Հայաստան բերել:

Ученик 11 класса гимназии Квант Карен Мосоян
© Sputnik / Andranik Ghazaryan
Կարեն Մոսոյանը

Մայրը բժիշկ է, հայրը՝ ծրագրավորող։ «Ինչից է ինչը». Կարենը վաղ մանկությունից է փորձել սա հասկանալ: Խոստովանում է, որ խաղալիքները կոտրում էր միայն նրա համար, որ տեսներ՝ ներսում ինչ կա, ինչպես է աշխատում: Ֆիզիկայի հանդեպ սերն էլ շատ խոր արմատներ ունի՝ ֆիզիկոս պապիկից է փոխանցվել։

8-րդ դասարանից սկսած հանրապետական օլիմպիադաներում փայլուն հանդես է գալիս՝ ամեն անգամ կարգ նվաճելով: Ժաուտիկովյան օլիմպիադան առաջին միջազգային փորձն էր ու հենց միանգամից լավ արդյունք ստացվեց:

«Մեր չեմպիոնները պետք է դեր ունենան քրեական մշակույթի դեմ պայքարի գործում». Նիկոլ Փաշինյան

«Կանխատեսելի էր, բայց շատ ուրախ էի»,- ինքնավստահ ու անկեղծ ասում է նա:

Օլիմպիադաներին մասնակցելու, մեդալներ նվաճելու գլխավոր մոտիվացիան աշխարհի թոփ համալսարաններից մեկում ուսանելն է: Ուզում է սովորել ծրագրավորում կամ ինժեներիա, հետաքրքրված է արհեստական բանականությամբ: Կրթություն ստանալուց հետո ծրագրում է վերադառնալ Հայաստան ու այստեղ ընկերների հետ ընկերություն հիմնել, գիտությունը զարգացնել, գյուտեր արտոնագրել:

Ученик 11 класса гимназии Квант Карен Мосоян
© Sputnik / Andranik Ghazaryan
Կարեն Մոսոյանը

Ուզում է հայերի պատիվը բարձր պահել: Ասում է՝ նույնիսկ արտերկրում լինելով՝ հայի հայացքը դեպի Հայաստան պետք է լինի:

«Կարող է այնպիսի երեխա լինել, որի ֆինանսական վիճակն այնքան էլ լավ չէ, բայց հետաքրքիր մտածելակերպ ու խելք ունի»,- ասում է Կարենն ու բացատրում, որ ինքը պարտք ու պատասխանատվություն ունի. իրեն շատ են օգնել հաջողելու համար, ինքն էլ ապագայում անպայման մեկ ուրիշին պետք է օգնի։

Կանայք ճշգրիտ գիտություններից թույլ չեն, պարզապես հետաքրքրություններն են այլ

Ժաուտիկովյան օլիմպիադային հայաստանյան թիմի կազմում նաև 3 աղջիկներ էին մասնակցում. նրանցից մեկը Լորետտա Արզումանյանն էր: Ոսկուն շատ մոտ էր, բայց արդեն երկրորդ անգամ միջազգային օլիմպիադայից արծաթով վերադարձավ: «Պապիկս ինժեներ էր, հայրիկս ծրագրավորող է, նաև հաշվապահ է աշխատել, մայրս օլիմպիադաների է մասնակցել, ֆիզիկայից հանրապետական առաջին կարգ ունի: Այնպես որ չգիտեմ, թե կոնկրետ որ մեկից է ինձ ընդունակություններս փոխանցվել»,- ասում է Լորետտան:

Ученица 11 класса гимназии Квант Лоретта Арзуманян
© Sputnik / Andranik Ghazaryan
Լորետտա Արզումանյան

Ֆիզմաթ առարկաներից բացի նշում է, որ շատ լավ կարողանում է պատմության փաստերը հիշել, իսկ թվականների հարցում փայլում է, որովհետև թվերի միջև հետաքրքիր օրինաչափություններ է կարողանում գտնել ու մտապահել:

Ասում է` թյուր կարծիք կա իբրև թե աղջիկների մոտ ճշգրիտ գիտությունները լավ չեն ստացվում: Այդպես չէ, պարզապես աղջիկներից շատերին դրանք չեն հետաքրքրում, ոչ թե չի ստացվում:

Գերզբաղված պարապում է թոփ 10 համալսարաններից մեկն ընդունվելու համար: Որոշել է, որ բակալավրիատը մաթեմատիկայով է սովորելու, հետագայում չի բացառում, որ մաթեմատիկան այլ ոլորտում կօգտագործի, օրինակ՝ ինժեներիայում:

«Տեսնեմ այնտեղ լավ է, էլ հետ չեմ գա»,- ծիծաղում է Լորետտան՝ խոսելով սովորելուց հետո Հայաստան վերադառնալու մասին: Հետո բացատրում է՝ դա չի նշանակում ընդմիշտ արտերկրում մնալ: Նշանակում է՝ մի նոր բան հիմնել, հունի մեջ գցել, որպեսզի վերադարձն էլ իմաստավորված ու օգտակար լինի: 

Դասերից բացի այլ բաներով զբաղվել Լորետտան իրեն թույլ չի տալիս: Ասում է՝ նախկինում ինքն իրեն ստիպում էր դաս անել, բայց հիմա մոտիվացիան այնքան ուժեղ է, որ այլ զբաղմունքի համար «հավես էլ չունի», միակ բացառությունն օպերաներն են: Այս հարցում Լորետտան ինքն իրեն երես է տալիս, ճանապարհին էլ միշտ ականջակալներում Մոցարտն է հնչում: Մոցարտից հետո Լորետտայի կյանքում մյուս համաշխարհային դեմքը Դոստոևսկին է, իսկ մնացյալ ժամանակն անցկացնում է թվերի աշխարհում: Անկեղծանում է՝ բանաձևերն այնքան մեծ տեղ ունեն իր կյանքում, որ անգամ մայրիկի հետ կատակելիս բանաձևեր է օգտագործում:

Ученица 11 класса гимназии Квант Лоретта Арзуманян
© Sputnik / Andranik Ghazaryan
Լորետտա Արզումանյան

Հ.Գ. Լորետտան բանաձևային կատակներ ինձ հետ անել չի համարձակվում. Դավիթից ավելի ռեալիստ է: Գիտի, որ չեմ հասկանալու։

Ըստ թեմայի

Օլիմպիադաներում բարձր արդյունքի հասած աշակերտները 2020 թ–ից անվանական կրթաթոշակ կստանան
«Մեր հերոսները» մրցույթը. աշակերտները գրել են Ազնավուրի, Սպիտակի և վետերան ուսուցչի մասին
Դպրոցական դասագրքերը կփոխվեն. առաջինը նոր գրքերով կսովորեն Տավուշի աշակերտները
թեգերը:
մեդալ, Մարս, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Աշակերտ, դպրոց, հայ, օլիմպիադա

Գլխավոր թեմաներ