15:22 07 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD501.55
  • GBP616.76
  • EUR542.38
  • RUB6.58
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (112)
38230

Եկեք անկեղծ լինենք: Եթե հիմա պնդեմ, որ չկա հստակ սահմանում, թե որն է պետությունը, մասնագետները կհեգնեն՝ ինչպե՞ս թե չկա, իհա՛րկե կա, ուղղակի դուք տեղյակ չեք:

Մենք` հայերս, կարող էինք հսկայական պետություն հռչակել, բայց ուշացանք

Տեղյակ եմ՝ 1933 թվականին Ուրուգվայում ընդունվեց այսպես կոչված Մոնտեվիդիոյի կոնվենցիան, որը հստակեցրեց պետության պարտադիր բաղադրիչները՝ որոշակի տարածք մշտական բնակչությամբ, իշխանություններ, որոնք լիովին վերահսկում են իրադրությունը, և վերջապես` այլ պետությունների հետ հարաբերվելու ունակություն: Այսինքն՝ «պետություն» հասկացության շատ հստակ բնորոշումը տրվել է գրեթե 90 տարի առաջ: 

«Այդ ապուշին պիտի համոզեմ` դուրս գալուց հետո ամեն ինչ թողնի ու գրի». Համբարձում Գալստյան

էդ դեպքում խնդրում եմ բացատրեք ինձ՝ այդ ինչպե՞ս եղավ, որ Թայվանը մինչև 1971 թվականը լիարժեք պետություն էր, ՄԱԿ-ի լիիրավ անդամ, հետո հանկարծ դարձավ չպետություն: Ինչ է՝ մեկ օրում կորցրե՞ց պետության բոլոր հատկանիշները։ Եվ, ի դեպ, ՄԱԿ-ի անդամ 21 երկրներ մինչև հիմա ճանաչում են Թայվանը որպես ինքնիշխան պետություն և դիվանագիտական կապեր ունեն Թայբեյի հետ: Բա եթե ասում եք, որ պետության շատ հստակ սահմանում կա, որն անփոփոխ է, այդ ինչպե՞ս հանկարծ փոխվեց Թայվանի կարգավիճակը՝ բոլորի կողմից ճանաչված պետություն էր, հանկարծ մի օրում դարձավ գերազանցապես չճանաչված: 

Երկիր, որտեղ գրեթե հայեր չկան, բայց այնտեղ ունեցել ենք աշխարհում առաջին կին հյուպատոսը

Հիմա համոզվեցի՞ք, որ բոլորովին էլ հստակ չէ «պետություն» հասկացության սահմանումը: Շատերը սրանից օգտվում են: Նույնիսկ ընտանիքի մակարդակով պետություն են հռչակում։ Տասնամյակներ առաջ Ավստրալիայում բնակվող ֆերմերների ընտանիքը հիմնեց իր սեփական պետությունը՝ այսպես կոչված Հաթ Ռիվերի դքսությունը: Նրանք ուղղակի համաձայն չէին ավստրալական կառավարության տնտեսական քաղաքականության հետ, սկսեցին բողոքել բարձր հարկերից և հացահատիկի աճեցման քվոտաներից, դատական վեճերի մեջ մտան, և ի վերջո` կենտրոնական իշխանությունները համակերպվեցին այս ֆերմերական ըմբոստ առանձնատարածքի գոյության հետ: 

Ի դեպ, ընդամենը մի քանի տարի առաջ՝ 2013 թվականին, նույն Ավստրալիայում հռչակվեց ևս մի անկախ պետություն՝ Մուրավատի: Այդ տարածքում ապրող բնիկները հավաքվեցին և, ինչպես ասում են, գրեցին «նամակ ռուսաց թագավորին»: Փոխաբերական իմաստով եմ ասում, իհարկե, որովհետև իրականում բնիկների նամակը հասցեագրված էր Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդին:

Շատ տրամաբանական հարցադրում կար այդ նամակում՝ ի՞նչ իրավունքով եք դուք` բրիտանացիներդ, ժամանակին ձեր տիրապետությունը հաստատել այն հողերում, որոնք դարեր շարունակ մեզ են պատկանել, որովհետև մենք ենք այստեղ ապրել: Ավստրալացի բնիկները երեսուն օր ժամանակ էին տվել թագուհուն պատասխանելու համար, այդպես էլ չստացան այդ պատասխանը և հռչակեցին իրենց ինքնիշխան պետությունը: 

Կան ավելի հայտնի օրինակներ: Մի քանի տարի առաջ ինքս եղա Քրիստիանիայում: Եթե եղել եք Դանիայում, երևի գիտեք՝ Քրիստիանիան մի տարածք է մայրաքաղաք Կոպենհագենում, որը ժամանակին զավթել էին հիպիները և առանձին պետություն հռչակել: Հիմա ունեն սեփական օրենքներ, իշխանության կոլեկտիվ մարմիններ, հուշանվերների արտադրություն և այլն: 

Ու այսպիսի մի չճանաչված պետություն էլ կա, որի գոյության մասին երևի պատկերացում էլ չունեք, բայց որի տարածքը հաստատ հատել եք, եթե մի երկրից անցել եք մեկ ուրիշ երկիր: Այո՛, խոսքը երկու երկրների սահմանին գտնվող, այսպես կոչված, չեզոք գոտու մասին է: Օրինակ, Երևանից գնում եք Թբիլիսի՝ նախ մեր սահմանապահ անցակետով եք անցնում, հետո վրացական: Բայց չէ՞ որ այդ երկու անցակետերի միջև որոշակի տարածք կա, որը իրականում որևէ մեկին չի պատկանում: Ձեզ միայն թվում է, թե չի պատկանում: 

Տեխնոլոգիական աղետ, կամ մի օր բոլորս կործանվելու ենք

Ուղիղ 28 տարի առաջ՝ 1992 թվականի մարտին, շվեդ երկու արվեստագետներ հայտարարեցին՝ աշխարհի երկրների սահմանների միջև ընկած բոլոր չեզոք գոնիները, ինչպես նաև ջրային այն տարածքները, որոնք չեն գտնվում ափամերձ գոտիներում և որևէ երկրի չեն պատկանում, այսուհետ կոչվելու են էլգալանդ-Վարգալանդ և գտնվելու են մեր օրինական տիրապետության տակ: Եվ քանի որ մինչև հիմա որևէ մեկը սրա դեմ չի առարկել, ստացվում է, որ մեր մոլորակի մեծ մասը այդ երկու շվեդներին է պատկանում։

Հիմա ասեք՝ կարո՞ղ էինք մենք` հայերս, առաջինն անել նույն բանը: Իհա՛րկե կարող էինք։ Հսկայական տարածքներ կունենայինք աշխարհով մեկ: Բայց ինչպես միշտ` ուշացանք: 

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (112)

Ըստ թեմայի

Տվեք ինձ հինգ միլիոն դոլար, և ես կգտնեմ կործանված ինքնաթիռը
Ինչու է կնոջ միտքն ավելի մաքուր, քան տղամարդունը
Եվ բոյկոտը կոչվեց կապիտանի անունով
Դավադրությունների տեսություն, կամ ինչ են իշխանությունները թաքցնում ժողովրդից
թեգերը:
հայեր, հայ, Հայաստան, Արմեն Դուլյան

Գլխավոր թեմաներ