19:30 28 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (149)
44340

Եկեք անկեղծ լինենք։ Այժմ, երբ աշխարհում մոլեգնում է կորոնավիրուսի համաճարակը, կարելի է փաստել, որ ավելի քան կես դար առաջ՝ 60-ականներին, եղել է նաև այսպես ասած մշակութային «համաճարակ»։

Բիթլոմանիան այն համաճարակն է, որի դեմ մինչև այժմ անզոր են բժիշկները

Այն ժամանակ՝ 1963 թվականի նոյեմբերին, «Օտտավա ջորնալ» պարբերականի մեկնաբան Սենդի Գարդները գրել է. «Բիթլոմանիան մի նոր համաճարակ է, որի դեմը բժիշկները ոչ մի կերպ չեն կարողանում առնել»։

Այո, խոսքը բիթլոմանիայի մասին է, որն իմ սերնդակիցներին չի շրջանցել, և խոստովանեմ, որ մինչև հիմա էլ չեմ բուժվել։ Մի էսպիսի դրվագ պատմեմ։ Երբ տղաս սովորում էր դպրոցում, ուսուցիչն աշակերտներին մի այսպիսի հանձնարարություն  էր տվել՝ նկարագրեք ձեր ծնողների երաժշտական նախասիրությունները։ Եվ որդիս ասել էր՝ հայրիկիս համար գոյություն ունի երաժշտության երեք տեսակ։ Առաջինը՝ Beatles։ Երկրորդ՝ «Բիթլզի» նման երաժշտություն։ Եվ երրորդ՝ պարզապես աղմուկ։ Չափազանցնում էր, իհարկե, բայց փաստն այն է, որ բիթլոմանիայով տառապողներից շատերը հիմա էլ լիովին չեն բուժվել, ինչը, համաձայնեք, այնքան էլ վտանգավոր չէ։

Այնքան էլ վտանգավոր չէ, եթե չափը չի անցնում։ Այն ժամանակ՝ 60-ականներին չափն անցնում էր։ Երաժշտական հանդեսներից մեկը նկարագրում է։ Beatles–ը համերգ պիտի տար ամերիկյան քաղաքներից մեկում։ Նրանց երկրպագուներն իմացել էին, որ խմբի անդամները տեղավորվել են այսինչ հյուրանոցում, և այդ հյուրանոցի դիմաց հսկայական բազմություն էր հավաքվել։ Հյուրանոցից դուրս էր գալիս մի մարդ։ Ամբոխից ինչ-որ մեկը բղավում էր՝ այս մարդը տեսել է բիթլզներին, եղել է նրանց համարում։  Ու Beatles-ների երկրպագուները հարձակվում էին այդ մարդու վրա, պոկում նրա բաճկոնի կոճակները, որպեսզի հետո հպարտությամբ ցույց տան մտերիմներին՝ սա այն մարդու կոճակն է, որը շփվել է բիթլների հետ։

Ի դեպ ասեմ, որ բիթլոմանիան չի շրջանցել նաև մեր հայտնի հայրենակցուհի Շերին՝ Շերիլին Սարգսյանին, որն այն ժամանակ նոր էր սկսում երգչուհու և դերասանուհու կարիերան ու նրանցից մեկի մասին երգ էր գրել, որը կոչվում էր «Ռինգո, ես քեզ սիրում եմ»։ Ճիշտ է, Շերիլինի այդ երգը հաջողություն չունեցավ, և դա լիովին հասկանալի է՝մարդիկ սիրում էին «Բիթլզի» երգերը, այլ ոչ թե «Բիթլզի» մասին երգերը։

Ինչպես Հիտլերի գլոբուսը հայտնվեց հայի ձեռքում. նացիստները հույս ունեին հե՞տ պտտել ժամանակը

Եթե հարցնեմ, թե որն է «Բիթլզի» ամենահայտնի երգը, երևի բոլորը շատ ճիշտ կպատասխանեն՝ իհարկե, Yesterday-ը։ Այո, երաժշտագետներն էլ են համաձայն, և ի դեպ, այս երգը կատարել են նաև Ֆրենք Սինաթրան, Էլվիս Փրեսլին, Ջեյմս Բրաունը ու բազմաթիվ այլ հայտնի երգիչներ։ Փոլ Մքարթնին պնդում է, որ այս երգը տեսել է երազում։ Իսկ գիտեք արդյոք, թե արթնանալուց հետո առավոտյան նա ինչպես է անվանել այդ երգը։ «Ձվածեղ»։ Դե անգլիացիներն ավանդաբար նախաճաշին ձվածեղ են ուտում։ Պատկերացնում եք՝ եթե Փոլը չփոխեր երգի անվանումն ու բառերը, աշխարհի բոլոր ժամանակների ամենահայտնի երգը հիմա կոչվելու էր «Ձվածեղ»։

Ինչու որոշեցի հենց հիմա անդրադառնալ «Բիթլզին»։ Որովհետեւ ուղիղ 50 տարի առաջ՝ 1970 թվականի ապրիլին տեղի ունեցավ բիթլոմանիայով տառապողների համար ամենատխուր իրադարձությունը։ Փոլ Մքարթնին հայտարարեց, որ խումբը լուծարվել է և այլեւս գոյություն չունի։ Ինչու դա պատահեց։ Ամենատարածված վարկածն է՝ Ջոն Լենոնը սիրահարվեց ճապոնացի նկարչուհի Յոկո Օնոյին  և այդ կինը ամեն ինչ քանդեց։ Այսինքն՝ դասական «շերշե լա ֆամ»՝ հենց որ մի բան է պատահում, մանավանդ վատ բան՝ փնտրիր կնոջը, նրա մատն անպայման խառը կլինի։

Իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Հենց ինքը՝ Յոկո Օնոն է փաստել՝ խմբի անդամներն արդեն վաղուց ինքնուրույն էին դարձել, սեփական երգերով ալբոմներ էին թողարկում, և միայն Փոլ Մըքարթնին էր համառորեն փորձում միավորել բոլորին, ասում էր՝ եկեք վերսկսենք համերգները։ Այո, փաստն այն է, 66 թվականից ի վեր Beatles–ը համերգ չէր տվել, այնինչ, փաստում են մասնագետները, հյուրախաղերը նպաստում էին մերձեցմանը, խմբի չորս անդամները ժամերով միասին էին լինում ինքնաթիռում կամ ավտոբուսում, միասին ասուլիսներ էին տալիս, կատակում։ Ավարտեմ այդ ասուլիսներից մեկով։ Լրագրողը հարց է տալիս Փոլ Մքարթնիին. «Ձեզ ինչ տեսակի կանայք են դուր գալիս»։ Նա էլ պատասխանում է. «Կնոջս՝ Լինդայի նման կանայք են դուր գալիս»։ Հետո այդ նույն հարցը լրագրողն ուղղում է Ջորջ Հարիսոնին. «Իսկ ձեզ ինչ տիպի կանայք են դուր գալիս»։ Նա էլ պատասխանում է. «Ինձ էլ է Փոլի կինը՝ Լինդան դուր գալիս»։ 

 

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (149)

Ըստ թեմայի

Բնակչության կեսից ավելին պետք է հիվանդանա և իմունային պատնեշ ստեղծի. հոլանդական մոտեցում
Կորոնավիրուս․ դավադրության տեսություններից եկեք ընտրենք լավատեսականը
թեգերը:
Beatles (Բիթլզ), համաճարակ, մշակույթ, երգ, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ