04:54 14 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.54
  • GBP613.24
  • EUR550.71
  • RUB6.86
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1240)
36220

Ուզո՞ւմ եք առերեսվել իրականությանը, դիտեք «Կորոնավիրուսի հետ կռիվ տվող հայ բժիշկները» տեսանյութը։ Ո՞րն է իրականությունը․ «մարդիկ այլևս այն չեն, մի բան էլ ավելի լավն են․․․»․ նվնվոց չկա։

Հայաստանում սանիտարահամաճարակային իրավիճակն այսօր կատարյալ չէ, բայց մարդիկ դեռ «այն են», դեռ մի բան էլ ավելին։

Պետք չէ նեղանալ։ Այդպես էլ պետք է լինի, նոր սերունդը պարտավոր է գերազանցել նախորդին, հակառակ դեպքում՝ տեղում կդոփենք, կլճանանք, կարժեզրկվենք, հետընթաց կապրենք։ Մերօրյա հայ բժիշկներն ապացուցեցին, որ իրենց տեղում են, համենայնդեպս՝ նախորդներին չեն զիջում։ Եվ դա ճշմարտություն է։

Նայեք հայ բժիշկների գեղեցիկ, երիտասարդ, ինքնավստահ դեմքերին, նրանք խորամանկ կորոնավիրուսի նետած մարտահրավերի դեմ պայքարում են դեմ առ դեմ։ Նրանց կարելի է վստահել․ ահա առաջին միտքը, որ ծնվում է մարդկանց գլխում, և դա, թերևս, ամենակարևորն է։

Որտեղի՞ց այս խառը ժամանակներում այդքան լուսավոր ու վստահ մարդիկ։ Այնտեղից․ հայ բժիշկների նախորդ  սերունդներից, առանց որոնց այսօրվա բժիշկները չէին կարողանա հավասարվել և անգամ գերազանցել նրանց։

Իսկ հիմա անդրադառնամ ինձ ծանոթ և հարազատ բժիշկներին, որոնց դեռևս նախորդ տասնամյակներից մարդիկ գիտեն ու հիշում են։

Սուրեն Զոհրաբյան՝ նեյրովիրաբույժ, Ալեքսանդր Միքայելյան՝ սրտաբան և այն ժամանակների համար գերժամանակակից բուժկենտրոնի հիմնադիր, Բելլա  Դավթյան՝ մանկաբույժ և մանկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ, Սուրեն Ավդալբեկյան՝ Հայաստանում տորակալ վիրաբուժության հիմնադիր, Սերգեյ Մալայան՝ ակնաբույժ, նրանից է հանրապետությունում սկիզբ առնում ակնաբուժությունը, Պարթև Մարգարյան՝գինեկոլոգ․ նրա աշխատած բժշկական կենտրոններում հազարավոր երևանցիներ են ծնվել․․․

Այստեղ թվարկեցի ընդամենը այն փոքրամասնությանը, որոնց ինձ վիճակվել է տեսնել հասուն տարիքում։

Նրանց՝ ում հիշում եմ նախադպրոցական տարիքից, երկուսն են՝ բժիշկ Սլկունին և բժիշկ Բոգատուրովան։ Դեմքերը մոռացել եմ, բայց տաք ափերի հպումը, մատերով կտկտացնելով հիվանդության օջախը հայտնաբերելու հմտությունը, հիշողությանս մեջ պահպանվել է։ (Google որոնման համակարգում փնտրեցի այդ անունները, որպեսզի մանրամասներ գտնեմ՝ պատասխան չգտա․․․)

Առաջին առողջապահության նախարարը, որին հիշում եմ՝ Զաքարիա (Զորիկ) Նարիմանովն է, խորհրդային շրջանի վերջին նախարարը՝ Արտաշես Ազնավուրյանը։

Ավելի երկար է աշխատել և, համապատասխանաբար, ավելի շատ բան է հասցրել անել Էմիլ Գաբրիելյանը, որի պաշտոնավարման տարիներին Հայաստանում շատ արագ հավաքվեց խորհրդային բժշկության լավագույն կազմը։ Ցավոք՝ պատճառը ողբերգությունն էր․ Սպիտակի երկրաշարժն էր․․․ Հենց այդ ժամանակ բժիշկներն իրոք հիշեցրին իրենց մասին, իսկ մարդիկ ըստ արժանվույն գնահատեցին նրանց։ Ինչպես և այսօր՝ նրանք չէին քնում, չէին հեռանում, չէին խնայում իրենց։

«Հայ բժիշկները՝ կորոնավիրուսին դեմ առ դեմ» հոլովակի հերոսներից շատերն այն ժամանակ երեխաներ են եղել։ Այդ դեպքում որտեղի՞ց է գալիս ժառանգականությունը։ Չգիտեմ։ Գենետիկ հիշողությո՞ւն է։ Գուցե։

Հետո բժիշկների մասին սկսեցին ավելի ու ավելի հազվադեպ հիշել․ դե ամեն մեկն իր գործով է զբաղված, բժիշկներն էլ իրենց գործն են անում, թող անեն։

Բայց․․․ նախ՝ մեզնից յուրաքանչյուրի կյանքում գալիս է մի պահ, երբ բժիշկը վերջին և միակ հույսն է։ Կկարողանա՞ փրկել՝ կգոյատևենք, չի՛ կարողանա՝ ամեն։

Երկրորդ՝ այն մարդկանց, որոնցից ծայրահեղ իրավիճակներում կախված է ձեր կյանքը, պետք է այնպիսի աշխատավարձ վճարել, (ինչպես շատ երկրներում, որոնցից փորձում ենք օրինակ վերցնել, օրինակ՝ Ամերիկայում), որ նրանք չամաչեն այդ մասին բարձրաձայնել։

Երրորդ՝ խորհրդային տարիներին շատ բժիշկների ավտոմեքենաների դիմապակուն կարելի էր տեսնել բժշկության խորհրդանիշը՝ օձ և գավաթ։ Դա նշանակում էր, որ ղեկին բժիշկ է, և նա պատրաստ է ինչ-որ պատահարի դեպքում առաջին օգնություն ցուցաբերել։ (Հիշում եմ խոսակցություններ, որ ոստիկաններն այդպիսի մեքենաների վարորդներին չէին կանգնեցնում, հարգում էին բժիշկներին)։ Ուրեմն արժանի էին։

Կարեկցանք․ ևս մի հատկանիշ, առանց որի չեն կարող ձևավորվել բժիշկ-պացիենտ հարաբերությունները։ ԱՄՆ, Նյու-Յորքի հիվանդանոցներից մեկի անեսթեզիոլոգ Դերրեք Սմիթը չի կարողանում մոռանալ մահացած տղամարդուն, որը մինչև արհեստական շնչառության սարքին միացնելը իրեն հարցրել էր՝ իսկ ո՞վ է սրա համար վճարելու։

«Ցավալի է, որ մարդիկ անհանգստանում են փողի համար անգամ իրենց կյանքի վերջին րոպեներին»,-տխրում է Սմիթը։

Մարտին Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսի առաջին դեպքը, իսկ ապրիլին վարակի դեմ կանգնեցին դիմակավոր մարդիկ՝ չվախենալով ոչնչից, հույսը դնելով ոչ թե Աստծո, այլ միայն իրենց վրա։

Ինչ երազանքներ ունեն կորոնավիրուսի դեմ կռվողները. «Նորքի» բժիշկներն անկեղծացել են

Երևանի բժշկական համալսարանը եղել (և հավանաբար մնում է) մեր ամենահեղինակավոր բուհը, որտեղ պատրաստվում էր (և պատրաստվում է) հայ բժիշկների էլիտան։ Դրա համար սովորաբար տարիներ, տասնամյակներ են պահանջվում, իսկ հիմա ամեն ինչ արագացված ռեժիմով է կատարվում։

Հոլովակում բժիշկները հոգնած հանում են դիմակները։ Տարբեր են դեմքերը։ Հենց նրանք են մեր էլիտան, և ոչ միայն՝ բժշկական։ Շնորհակալություն նրանց․․․

թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում (1240)

Ըստ թեմայի

Ապակու տարբեր կողմերում․ բժիշկ հոր ու կամավոր դստեր հանդիպման լուսանկարը հուզել է մարդկանց
Քոչարիով կհաղթենք. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկները պարում են. տեսանյութ
Հայ բժիշկները շարունակում են պայքարել կորոնավիրուսի դեմ. տեսանյութ
Մեկուսացված փոքրիկն ու բժիշկը հավկիթ են «կռվացնում». Զատիկը հիվանդանոցում. լուսանկար
թեգերը:
կորոնավիրուս, հիվանդանոց, բժիշկ, Հայաստան

Գլխավոր թեմաներ