16:30 05 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD481.74
  • GBP608.44
  • EUR546.00
  • RUB7.01
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (155)
91440

Եկեք անկեղծ լինենք։ Բոլորս անդադար խոսում ենք կորոնավիրուսի մասին, իրականում շատ քիչ բան գիտենք այս հիվանդության մասին, ու դա հասկանալի է՝ հո հենց այնպես չէ, որ այս վիրուսը կոչվում է նոր կորոնավիրուս։

Արդյոք հնարավոր է երկրորդ անգամ վարակվել կորոնավիրուսով՝ ստույգ պատասխանը հայտնի չէ

Եթե որևէ բան նոր է, բավական երկար ժամանակ է պահանջվում հասկանալու դրա էությունը և առանձնահատկությունները։ Դրա համար էլ մասնագետների շրջանում չեն դադարում վեճերը երևի թե ամենակարևոր հարցերից մեկի շուրջ՝ արդյո՞ք վարակված և առողջացած մարդն իմունիտետ է ձեռք բերում այս հիվանդության նկատմամբ։

Սկսենք նրանից, որ իմունիտետը երկու տեսակի է լինում՝ ի ծնե և ձեռքբերովի։ Ի ծնե իմունիտետը միանգամից սկսում է աշխատել հենց որ ձեր օրգանիզմում հայտնաբերում է որևէ օտար մարմին, որը վտանգ է ներկայացնում։ Բայց կոնկրետ այս նոր կորոնավիրուսի դեպքում` դա բավարար չէ, անհրաժեշտ է ձեռքբերովի իմունիտետ։ Այդ իմունիտետը սկսում է ամենից արդյունավետ գործել (այսինքն վիրուսը չեզոքացնող հակամարմիններ արտադրել) վարակվելուց միայն մոտ 10 օր հետո։ Բայց հենց որ դա տեղի է ունենում՝ իմունային հակահարվածը շատ հզոր է լինում, պնդում են մասնագետները։

Էստեղ մի այսպիսի առանձնահատկություն կա՝ որքան ավելի ուժեղ է ձեռքբերովի իմունիտետի բախումը ինֆեկցիայի հետ, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ ապագայում դուք կրկին չեք վարակվի։

Այսինքն՝ եթե մարդը շատ թեթև է տարել հիվանդությունը, կամ ընդհանրապես հիվանդության ախտանիշ չի ունեցել, չի էլ զգացել, որ վարակվել  և առողջացել է, դա բոլորովին չի նշանակում, որ ինքը հաստատ իմունիտետ է ձեռք բերել։ Այս տեսակետից` այսինքն կայուն իմունիտետ ձեռք բերելու իմաստով, հիվանդության համեմատաբար ծանր ընթացքն ավելի շահեկան է։

Նաև էսպիսի հարց է ծագում՝ իսկ որքա՞ն երկար է պահպանվում իմունիտետը։ Այսինքն՝ եթե ես մի անգամ վարակվեցի և առողջացա, արդյո՞ք որևէ երաշխիք ունեմ, որ էլ երբեք չեմ հիվանդանա։ Սա շատ բարդ հարց է, ասում են մասնագետները։

Բնակչության կեսից ավելին պետք է հիվանդանա և իմունային պատնեշ ստեղծի. հոլանդական մոտեցում

Ըստ նրանց՝ մեր իմունային հիշողությունը նման է մեր սովորական հիշողությանը։ Բոլորս գիտենք, որ կարող ենք մեր հիշողության մեջ հավերժ պահպանել ինչ-որ դրվագ, որը պատահել է դպրոցում, բայց նաև չհիշել, թե երեկ ինչի մասին ենք հեռախոսով խոսել ծանոթի հետ։ Այդ նույն կերպ մշտապես իմունիտետ ենք ձեռք բերում մանկության ժամանակ տարած հիվանդություններից՝ կարմրուկից, խոզուկից, բայց ձմռան ընթացքում կարող ենք մի քանի անգամ հիվանդանալ գրիպով։ 

Այս առիթով բրիտանացի պրոֆեսոր Փոլ Հանթերն ասում է. «Հարցն այն չէ՝ արդյո՞ք դուք իմունիտետ եք ձեռք բերել, հարցն այն է, թե որքան երկար կպահպանվի այդ իմունիտետը։ Շատ մեծ է հավանականությունը, որ ձեր իմունիտետը չի պահպանվի ողջ կյանքի ընքացքում, այլ արդյունավետ կլինի ընդամենը մեկ-երկու տարի»։ 

Սակայն բրիտանացի գիտնականը նաև ավելացնում է՝ եթե նույնիսկ երկրորդ անգամ վարակվեք, հիվանդությունն այնքան ծանր ընթացք չի ունենա, ինչպես առաջին անգամ, հետևանքներն էլ ավելի թեթև կլինեն։ 

Կա՞ն արդյոք այս պահին տվյալներ այն մասին, որ մարդիկ երկրորդ անգամ են վարակվել։ Բժիշկները պնդում են՝ այո՛, կան։ Բայց այս դեպքում էլ ամեն ինչ պարզ չէ։ Արդյո՞ք մարդը լիովին առողջացել է, իսկ հետո կրկին վարակվել, թե՞ վիրուսը նրա օրգանիզմում մնացել է թաքնված վիճակում և հետո կրկին ակտիվացել է։ Կամ, արդյո՞ք սխալ չի եղել թեստավորումից հետո բժիշկների տված եզրակացությունը։ Չէ՞ որ մենք լսել ենք, որ նույնիսկ հենց Հայաստանում են նման դեպքեր եղել, երբ մի թեստը դրական արդյունք է տվել, մյուսը` բացասական։ 

Այս բոլոր անորոշությունները հանգեցրել են այն բանին, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն իր լուրջ մտահոգությունն է հայտնել, որ որոշ երկրներ հղացել են, այսպես կոչված, իմունային անձնագրերի գաղափարը։ Այսինքն՝ վարակվել ու առողջացել ես՝ վերջ. հանգիստ կարող ես աշխատանքի գնալ։ Մասնագետները պնդում են՝ 100-տոկոսանոց երաշխիք կարող է լինել միայն այն դեպքում, երբ գիտափորձեր կատարվեն մարդկանց վրա` երկրորդ անգամ վարակելով նրանց։ Բայց նման բան ո՞վ կանի։ 

Ինչպիսին կլինի աշխարհը կորոնավիրուսի համաճարակից հետո

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (155)

Ըստ թեմայի

Այլմոլորակայիններն են մեզ վարակել. կորոնավիրուսի ծագման ամենատարօրինակ տեսությունը
Ո՞ւմ է ձեռնտու կորոնավիրուսը․ Բիլ Գեյթսին՝ հավատացած են ոմանք
Համընդհանուր չիպավորում․ թեր և դեմ կարծիքներ

Գլխավոր թեմաներ