03:59 05 հունիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD482.11
  • GBP603.94
  • EUR539.87
  • RUB6.97
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը (41)
329 0 0

Հայրենական մեծ պատերազմի մասնակցիներից շատերի պատմություններն անհավանական են թվում։ Մեծ հաղթանակի 75-ամյակի առիթով Sputnik Արմենիան զրուցել է Հայաստանում ապրող հայտնի մարդկանց հետ, որոնք ներկայացնում են իրենց նախնիների՝ հայրերի, պապերի իրական, հերոսական պատմությունները։

Դմիտրի Պիսարենկո, Մարիաննա Փայտյան, Sputnik Արմենիա

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունի հայրը հրաշքով է փրկվել, երգչուհի Աննա Խաչատրյանի պապը ոչ միայն փրկվել, այլև փրկել շատերին, այդ թվում նաև գերության մեջ գտնվող հրեաներին, հայաստանցի Եֆիմ Ուդալցովն անցել է պատերազմի բովով ու զոհվել խաղաղ պայմաններում։

Հայաստանի Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները ծառեր են տնկել «Հաղթանակի ծառուղում»

Հայրենական մեծ պատերազմին մասնակցած մարդկանց կյանքի պատմությունն էկրանավորելու համար սցենարական հատուկ հորինվածքներ պետք չեն սյուժեն ավելի հետաքրքիր կամ լարված դարձնելու համար. առանց այն էլ նրանց պատմությունները հաճախ կարող են անհավանական թվալ։ ՀՀ նախկին վարչապետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը վերհիշում է հորից լսած պատմությունները։ Հոր մասին պատմությունը նա սկսում է մի քիչ ավելի հեռվից՝ Արևմտյան Հայաստանի Վան քաղաքից, որտեղ էլ 1910 թվականին ծնվել էր նրա հայրը։ Վանի հերոսական դիմադրությունից հետո նրանց ընտանիքը բռնում է գաղթի ճամփան. սկզբում հայտնվում Իրաքում, մի քանի տարի անց տեղափոխվում Հունաստան՝ այնտեղից Խորհրդային Հայաստան հասնելու նպատակով։ Երկար դեգերումներից հետո վերջապես 1920 թվականին Հարությունյանների ընտանիքն իր տուն գտնում է հայրենիքի փրկված հատվածում։ Նրանք հիմնավորվում եմ Արարատի մարզի Այգավան գյուղում։

1941 թվականին, երբ ֆաշիստական Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա 31-ամյա Մելիք Հարությունյանն իր նախնիների նման որոշեց զենքը ձեռքը վերցնել ու պաշտպանել ընտանիքը, տունը, հայրենիքը։ Հենց պատերազմի սկզբում՝1941-ին, նա կամավոր ռազմաճակատ մեկնեց. թիվ 205 սակրավորների հատուկ գումարտակում էր։ 1942 թվականին մասնակցում էր Կերչի շրջանում՝ Ղրիմում ընթացող թեժ մարտերին, որտեղ շատերը գերի ընկան։

«Հայրս վիրավոր վիճակում նույնպես գերի ընկավ։ Նա երկու անգամ փախուստի փորձ է արել, երկու անգամն էլ բռնվել է։ Ինձ պատմել էր, որ դրանից հետո նրան ոչ միայն ծեծի էին ենթարկում ու տանջում, այլև ատամներն էին պոկում, հանում... ։ Երրորդ անգամ նրան հաջողվել է փախչել»,- պատմում է Խոսրով Հարությունյանն ու ավելացնում, որ գերիների թվում եղել է սպա, կապիտան Բադալյանը, որը նույնպես փախչել է նրանց հետ։ Այն ժամանակ հոր մտքով չէր էլ անցնի, թե հետագայում Բադալյանն ինչ կարևոր դերակատարում է ունենալու իր՝ տուն վերադարձի համար։

Հաջողված փախուստից հետո Մելիք Հարությունյանը Հարավսլավիայով անցնում է Հունաստան ու միանում գերմանացիների դեմ պայքարող պարտիզանական խմբերին։

«Հայրս պատերազմն ավարտեց Սալոնիկում՝ 1945թ.-ին։ Նա նույնիսկ պարգևներ ունի ստացած՝ պարտիզանական խմբերի ղեկավարման համար։ Պատերազմից հետո եղան շատերը, որ մնացին Հունաստանում կամ մեկնեցին Ֆրանսիա, Միցայալ Նահանգներ, բայց հայրս որոշեց հայրենիք վերադառնալ»,- պատմում է Հարությունյանը։

Վերադարձի ճանապարհին՝ Սուխումում, նրանց բռնում են ու միանգամից Սիբիր աքսորում։ Այնտեղ երջանիկ պատահականությամբ հայրը հանդիպում է կապիտան Բադալյանին, որը Սիբիրում զինվորական ծառայության մեջ էր։ Բադալյանի վկայությունն այն մասին, որ Մելիք Հարությունյանը պարտիզանական խմբերի կազմում ֆաշիստների դեմ է կռվել, օգնում է նրան 1947թ.-ին ողջ և առողջ տուն վերադառնալ։ Դրանից մեկ տարի անց ծնվում է նրա որդին՝ Խոսրով Հարությունյանը։

Տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանը ԽՍՀՄ հերոսների թվով առաջատարն է։ Հայ ժողովուրդը 106 ԽՍՀՄ հերոս է տվել, ևս 11-ը՝ Հայաստանում ծնված այլազգիներ են։ Նրանցից հինգը ծագումով ռուսներ են, նրանց թվում Լոռու մարզի Լերմոնտովո գյուղի բնակիչ Եֆիմ Գրիգոր Ուդալցովն է։ ԽՍՀՄ հերոսի կյանքի ոդիսականը ներկայացնում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը, որի նախաձեռնությամբ  ու Լոռու մարզպետի որոշմամբ Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակի առիթով Լերմոնտովո գյուղի միջնակարգ դպրոցը անվանակոչվեց ԽՍՀՄ հերոս Եֆիմ Ուդալցովի պատվին։ Ո՞վ էր նա և ինչպե՞ս կարողացավ ահ ու սարսափ տարածել ֆաշիստական օդուժում։

Սովետա-իրանական ճակատ. քչերը գիտեն, որ նրանք զոհվեցին Հայաստանում. տեսանյութ

Ուդալցովը ծնվել է 1922 թվականին, 1941թ.-ին նա արդեն ռազմաճակատում էր։ Այդ ընթացքում նաև հասցնում է ավարտել ուսումը Յեյսկի ավիացիոն ուսումնարանում ու կրտսեր լեյտենանտի կոչումով 1943թ.-ից ակտիվորեն միանում մղվող օդային մարտերին։

«Նա ծառայում էր ԽՍՀՄ կրկնակի հերոս, մեծն օդաչու Նելսոն Ստեփանյանի հետ։ Ուդալցովի ամենահիշարժան մարտերից մեկն այն է, երբ նա միայնակ օդային մարտի դուրս եկավ գերմանական ութ «Ֆոկկե-Վուլֆերի» դեմ ու կարողացավ կործանել դրանցից երեքը»,- պատմում է Սանդիկովը։

1944 թվականի հոկտեմբերի 6-ին Ուդալցովի հրամանատարությամբ կործանիչների խումբը թշնամու նավերի ոչնչացման հատուկ գործողություն էր իրականացնում։ Գործողությունը հաջողությամբ իրականացվեց, սակայն դրանից հետո Ուդալցովի ինքնաթիռը կործանվեց հակառակորդի կողմից արձակված զենիթային կրակից։ Ուդալցովը ողջ մնաց, բայց գերի ընկավ։ Նրան տարան Ֆրանսիա, որտեղ գերության մեջ մնաց մինչև ամերիկյան զորքերի կողմից երկրի ազատագրումը։

Ցուցաբերած խիզախության համար 1945 մարտի 6-ին ավագ լեյտենանտ Եֆիմ Ուդալցովին շնորհվեց Խորհրդային Միության հերոսի կոչում։

Ուդալցովն իրականացրել է 105 մարտական թռիչք, կործանել ռազմական նավեր, ինքնաթիռներ և այլն։ Հայրենական մեծ պատերազմից հետո նա ծառայության է անցել քաղաքացիական ավիացիայում։ Ցավոք, հերոսի պատմությունը ողբերգական ավարտ ունեցավ։ Պատերազմի թեժ մարտերում ու գերության մեջ ողջ մնացած հերոսը զոհվեց խաղաղ պայմաններում։ 1973 հոկտեմբերի 7-ին նա Քութաիսի-Մոսկվա չվերթն իրականացնող ՏՈւ-104 ինքնաթիռի հրամանատարն էր։ Դոմոդեդովո օդանավակայանում վայրէջք կատարելիս օդանավը կործանվեց. Ուդալցովը զոհվեց։

Երգչուհի Աննա Խաչատրյանի պապիկի պատմությունը սկսվեց Հայաստանում ու հասավ մինչև Իսրայել։ Հարություն Ռոբերտի Խաչատրյանը ծնվել է 1915 թվականի ապրիլի 5-ին։ Երևանի պետական բժշկական համալսարանն ավարտելուց հետո 1939 թվականին նա բանակ է զորակոչվում և մասնակցում Ֆիննական պատերազմին։ Հայրենական մեծ պատերազմի սկզբում նա որպես բժիշկ ծառայում էր Վելիկիե Լուկի քաղաքի հոսպիտալում։

Պատերազմի մասին բանաստեղծություններ կարդացեք․ ՌԴ խորհրդի խոսնակը` Մեծ հաղթանակի օրվա մասին

«Պապիկս կոնտուզիայի ենթարկվեց և 1942 թվականի օգոստոսի 22-ին գերի ընկավ գերմանացիներին։ Նրան համակենտրոնացման ճամբար ուղարկեցին։ Ցավոք, բոլոր ռազմագերիներին դատապարտեցին գնդակահարության։ Քանի որ պապիկիս գրպանում բժշկական ֆանենդասկոպ գտան, նրան չգնդակահարեցին, այլ ուղարկեցին ռազմագերիներին բուժելու»,- սերնդեսերունդ փոխանցվող պապիկի կյանքի պատմությունը վերհիշում է երգչուհին։

Այսպիսով, բժշկի մասնագիտությունը ոչ միայն փրկում է Հարություն Խաչատրյանի կյանքը, այլև ինքն էլ գերության տարիներին բազմաթիվ կյանքեր է փրկում, այդ թվում՝  ազգությամբ հրեաների։

«Պապիկիս շնորհիվ փրկված մարդիկ միշտ պատմել են նրա մասին»,- հպարտությամբ ասում է երգչուհին։ 

2013 թվականին Հարություն Խաչատրյանին ճանաչեցին Աշխարհի արդարակյաց (պատվավոր կոչում, որ իսրայելական «Աղետի մասին օրենքի» (1951) համաձայն՝ շնորհվում է Եվրոպայում նացիստական օկուպացիայի,  Հոլոքոստի ժամանակ հրեաներ փրկած և դրանով իրենց կյանքը վտանգած ոչ հրեաներին) և նրա անունը բազմաթիվ այլ անունների հետ միասին տեղ գտավ Երուսաղեմի «Յադ Վաշեմի» Արդարակյացների այգու հուշարձանի վրա։

թեմա:
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը (41)

Ըստ թեմայի

RT–ն Հայրենական մեծ պատերազմին նվիրված նախագիծ է գործարկում. տեսանյութեր
Կենտրոնական բանկը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակի առթիվ հուշադրամ է թողարկել
Լոռիում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերաններին հոբելյանական մեդալներ են հանձնել
թեգերը:
հերոս, պապիկ, Եֆիմ Գրիգոր Ուդալցով, Աննա Խաչատրյան, Խոսրով Հարությունյան, Հայրենական մեծ պատերազմի վետերան, Հայրենական մեծ պատերազմ

Գլխավոր թեմաներ