05:21 28 մայիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD483.91
  • GBP597.53
  • EUR533.66
  • RUB6.83
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (149)
60050

Եկեք անկեղծ լինենք: Աշխարհի տարբեր ծայրերում շարունակվող հակամարտությունների հիմքում անցյալն է: Մենք` հայերս, այս առումով ամենևին միակը չենք:

Ինչպես 100 տարի առաջ մեծ տերությունները բաժանեցին ամեն ինչ

Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը հետևանք է այն բանի, որ ժամանակին մեծ տերությունները, առանց հաշվի նստելու տարբեր ազգերի կամքի հետ, պարզապես սեփական շահերից ելնելով, սահմաններ են գծել մեր տարածաշրջանում: Ուղիղ 104 տարի առաջ՝ 1916 թվականի մայիսի կեսերին, ստորագրվեց այսպես կոչված Սայքս-Պիկոյի համաձայնագիրը: Եթե ոմանք աղոտ պատկերացում ունեն այս փաստաթղթի մասին, փորձեմ հնարավորինս հակիրճ ներկայացնել:

Առաջին համաշխարհայինն էր ընթանում, բայց արդեն պարզ էր, որ Օսմանյան կայսրությունը փլուզվելու է: Այսպես կոչված Անտանտի երկու անդամները՝ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, նախօրոք փորձում էին կանխորոշել, թե ինչ է լինելու այդ կայսրության տեղում պատերազմի ավարտից հետ: Ու երկու դիվանագետներ՝ բրիտանացի Մարկ Սայքսը և ֆրանսիացի Ֆրանսուա Ժորժ-Պիկոն, գծեցին հետպատերազմյան քատեզը՝ մի քանի գոտու բաժանեցին Օսմանյան կայսրությունը:

Դա, իհարկե, բարդ էր։ Պատկերացրեք հողերի բաժանման շուրջ գաղտնի սակարկությունը՝ սա քեզ, սա ինձ, բայց ինչո՞ւ լավ կտորը քեզ, վատ կտորը` ինձ, և այլն: Սակայն Բրիտանիան և Ֆրանսիան դաշնակիցներ էին և ի վերջո լեզու գտան: Ֆրանսիային բաժին պետք է հասներ Անատոլիայի մի մասը՝ Կիլիկիան՝ Միջերկրական ծովի առափնյա տարածքներով: Դա տրամաբանական էր, որովհետև Ֆրանսիան այն ժամանակ գաղութներ ուներ Միջերկրականի աֆրիկյան ափերում՝ Ալժիր, Մարոկկո, Թունիս: Իսկ բրիտանացիներին, իհարկե, առաջին հերթին նավթն էր հետաքրքրում և ըստ Սայքս-Պիկոյի ծրագրի` բրիտանական էին դառնալու Իրաքը և մի շարք այլ տարածքներ: 

Մենք` հայաստանցիներս, շատ բարոյական ենք. ո՞րն է անբարոյականության մեր չափանիշը

Ռուսաստանն այս ծրագրի մշակմանն անմիջականորեն չէր մասնակցում, բայց ռուսներին տեղյակ էին պահում այս գաղտնի ծրագրի մասին, և հաշվի էին առնում նրանց շահերը: Ընդհանուր համաձայնությունն այն էր, որ պատերազմից հետո Ռուսաստանին էին անցնելու Սև ծովի հարավային ափին հարող թուրքական վիլայեթները՝ Տրապիզոն, Էրզրում և այլն, Բոսֆորի և Դարդանելի նեղուցները, ու նաև Կոնստանդնուպոլիսը: Այո, այո, պատկերացնո՞ւմ եք՝ ժամանակակից Ստամբուլը պետք է փաստորեն ռուսներին պատկաներ: Բայց չեղավ: 

Չեղավ, որովհետև, ինչպես բոլորս գիտենք, դեռ մինչև Առաջին համաշխարհայինի ավարտը Ռուսաստանում հեղափոխություն կատարվեց: Ու այդ հեղափոխության առաջնորդներից մեկը՝ Լև Տրոցկին, իհարկե, Լենինի կարգադրությամբ, հրապարակեց Սայքս-Պիկոյի գաղտնի համաձայնագիրը: 

Բացեք Սայքս-Պիկոյի այդ ծրագիրը՝ բացարձակ որևէ հիշատակում չկա հայերի, Հայաստանի կամ հայկական հարցի մասին: Պատմաբանները միանգամայն իրավացիորեն փաստում են՝ այն ժամանակ հայ գործիչները միամտաբար փորձում էին մեծ տերություններին համոզել, որ ստեղծվի ինքնիշխան Հայաստան, չհասկանալով, որ այդ տերությունները արդեն ամեն ինչ բաժանել են միմյանց միջև: 

Ինչու էր Գագարինը հորից գաղտնի թռել տիեզերք, կամ ինչպես էին տղաները «վերևում» կոնյակ խմում

Հանուն ճշմարտության` ասեմ, որ, այնուամենայնիվ, հայերն ինչ-որ չափով տեղյակ էին Սայքս-Պիկոյի ծրագրի մասին: 1916-ի գարնանը ականավոր գործիչ Պողոս Նուբար փաշան, որը շատ լավ կապեր ուներ ֆրանսիացի դիվանագետների շրջանում, Փարիզից զգուշացնում էր:

Պարզապես մեջբերեմ նրա նամակից.

«Ասիական Թուրքիայի նկատմամբ դաշնակիցների միջև կա մի համաձայնություն: Մենք գիտենք, որ վեց վիլայեթները և Կիլիկիան չեն կազմելու մի ամբողջական տարածք, դրանց մի մասը տրվելու է Ռուսաստանին, իսկ մյուս մասը՝ Ֆրանսիային»։ 

Ահա այսպես՝ առանց նույնիսկ տեղյակ պահելու հայերին, տերությունները հանգիստ, գրչի մի հարվածով միմյանց մեջ էին բաժանում մեր պապենական հողերը: Եվ ոչ միայն մեր, նույն բանն արվեց նաև Մերձավոր Արևելքում: Ճիշտ է, հետագայում Սայքս-Պիկոյի այս ծրագրից գրեթե բան չմնաց, պատերազմը և դրան հաջորդած իրադարձությունները մտցրեցին իրենց շտկումները, և 1920 թվականի Սան Ռեմոյի համաժողովում բոլորովին այլ քարտեզ գծվեց:

Բայց, կներեք, իսկ ովքե՞ր էին մասնակցում այդ համաժողովին՝ Առաջին համաշխարհայինում հաղթած երկրները՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան ու նաև Միացյալ Նահանգները՝ որպես դիտորդ: Այսինքն՝ դարեր շարունակ այս հողերում ապրած ազգերին, այդ թվում և մեզ` հայերիս, ոչ ոք նույնիսկ չհարցրեց՝ իսկ դուք համաձա՞յն եք: 

Տագնապի պահին մարդկությունը չպետք է մոռանա այլ վտանգների մասին

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (149)

Ըստ թեմայի

Մենք` հայերս, կարող էինք հսկայական պետություն հռչակել, բայց ուշացանք
Ինչպե՞ս իռլանդացիները սփռվեցին աշխարհով մեկ, կամ սուրբ Պատրիկի լեգենդը
«Սիգարը օգնում է իմ գրպանին, երաժշտությունը՝ հոգուս». տանգոյի ոգին խորապես զգացող հայը
թեգերը:
Եկեք անկեղծ լինենք, Արմեն Դուլյան

Գլխավոր թեմաներ