15:35 11 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
34320

Համացանցում հայտնվել է բացառիկ տեսանյութ` կապված հանրահայտ Ջորկաեֆների դինաստիայի ու հայկական ֆուտբոլի հետ։ Պարզվում է, որ աշխարհի ապագա չեմպիոնի ծնվելուց 1 տարի առաջ նրա հայրը մասնակցել է «Արարատի» հետ մրցախաղին ու հանդես եկել իր հայազգի կնոջ հայրենակիցների դեմ։

Ընկերական հանդիպումը կայացավ 1967թ.–ի հունիսի 1-ին Եվրոպայի հայաշատ քաղաքներից մեկում` Մարսելում։ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունից փրկված հարյուր հազարավոր հայերի համար այդ ծովափնյա քաղաքը 20-րդ դարի առաջին կեսում դարձավ յուրատեսակ ապաստան, որտեղից շատերը ցրվեցին աշխարհով մեկ, իսկ շատերի համար այն դարձավ հիմնական բնակատեղի։

Երևանի «Արարատը» Ֆալյանի գլխավորությամբ արտասահմանյան շրջագայություն կատարեց, որի ընթացքում մրցեց Մարսելի «Օլիմպիկի» հետ։ Այն ժամանակ հայկական թիմն ուներ խորհրդային ֆուտբոլը ներկայացնող ամուր մրցակցի համբավ։ Նրա կազմի խաղացողներից ոմանք մեծ ֆուտբոլում առաջին քայլերն էին անում և հետագայում դառնալու էին լեգենդար մարզիկներ` 1973թ.–ին նվաճելով ԽՍՀՄ չեմպիոնի կոչումն ու բյուրեղապակյա գավաթը։

Жан Джоркаефф (1973 год)
Ժան Ջորկաեֆ

Այդ մրցախաղի մասնակիցներից մեկը` «Արարատ –73»–ի լեգենդար հարձակվող Նիկոլայ Ղազարյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրեց հիշարժան խաղի հետ կապված հուշերը։ Խաղը կայացավ 1967 թվականի հունիսի 1-ին հանրահայտ «Վելոդրոմ» մարզադաշտում 60 հազար հանդիսականների ներկայությամբ։ Թեև այդ մրցախաղն ընկերական էր, սակայն անցավ բավական լարված ու թեժ պայքարում։ Արարատցիները սկզբում պարտվում էին 0-2 հաշվով, բայց դեռ առաջին խաղակեսում հավասարեցրին հաշիվը, իսկ երկրորդ կեսի սկզբում Զանազանյանի աներևակայելի եզրային հարվածից հետո նույնիսկ առաջ անցան մրցակիցներից։ Այդուհանդերձ դաշտի տերերը խաղավերջում կարողացան վերականգնել հավասարակշռությունը, և գրանցվեց ընկերական հաշիվ` 3-3։

Ղազարյանի խոսքերով` մարսելցիների կազմում առանձնանում էր Ժան Ջորկաեֆը։ Հայ ֆուտբոլիստները գիտեին, որ իրենց դեմ խաղում էր ֆրանսիացի լավագույն պաշտպաններից մեկը։

«Բայց ո՞վ կարող էր այն ժամանակ պատկերացնել, որ մեկ տարի անց նրա ընտանիքում լույս աշխարհ էր գալու առաջնեկը` մորական կողմից հայկական արյամբ, և դառնալու էր ոչ միայն Ֆրանսիայի, այլև հայ ժողովրդի հպարտությունը»,– ժպիտով ասում է Ղազարյանը։

Ջորկաեֆ ավագը մասնակցել է 1966 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությանը։ Երկար տարիներ եղել է «Եռագույնների» ավագը, 1970-ին ճանաչվել է երկրի լավագույն ֆուտբոլիստ: Չնայած նրա մրցանակների ցանկը փոքր է, բայցևայնպես Ֆրանսիայում աննկարագրելի հեղինակություն ու ճանաչում ուներ: Աշխարհի հավաքականի կազմում մասնակցել է լեգենդար Լև Յաշինի հրաժեշտի խաղին: Որպես մարզիչ աշխատել է տարբեր ակումբներում, եղել է Ֆրանսիայի գավաթի խաղարկության հանձնաժողովի նախագահը:

На этапе Кубка Кубков Жан Джоркаефф выступил против югославского игрока Динамо Загреба (12 ноября 1969). Марсель
© AFP 2020 / -
Ժան Ջորկաեֆ

Ժան Ջորկաեֆը տքնաջան աշխատանքի շնորհիվ կերտեց պատկառելի կարիերա, ու թեև նա հայտնի դարձավ որպես պաշտպան, սակայն երբ սկսեց ֆուտբոլային ուղին, Ֆրանսիայի առաջնությունում «Լիմոժի» հետ իր անդրանիկ խաղում հանդես եկավ որպես հարձակվող և ասպարեզ մտավ «10» համարի մարզաշապիկով: Սկզբում «Չուկին», ինչպես նրան մտերմաբար ընկերներն էին կոչում, ցանկանում էր հանդես գալ որպես հարձակվող, սակայն Լիոնի «Օլիմպիկի» գլխավոր մարզիչ Լյուսիեն Ժասերոնը նրան տվեց աջ պաշտպանի դիրքը ՝ խոստանալով, որ նա միջազգային լավ կարիերա կունենա: Հեռատես մարզիչը չսխալվեց, որովհետև վեց տարի անց Ժանը սկսեց հանդես գալ Ֆրանսիայի հավաքականում որպես հուսալի պաշտպան: Նա «Եռագույնների» կազմում անցկացրեց 48 հանդիպում և դարձավ 3 գոլի հեղինակ, իսկ Ֆրանսիայի բարձրագույն խմբում 16 մրցաշրջանների ընթացքում անցկացրեց 420 հանդիպում` խփելով 40 գոլ, ինչը պաշտպանի համար վատ ցուցանիշ չէ։

Ժանը հանդես է եկել ֆրանսիական տիտղոսակիր երեք ակումբներում` Լիոնի «Օլիմպիկում», «Պարի Սեն Ժերմենում» և Մարսելի «Օլիմպիկում»` հռչակվելով Ֆրանսիայի կրկնակի գավաթակիր։

Игроки сборной Франции по футболу во время тренировки на стадионе Рюэйль (13 апреля 1965). Рюэй-Мальмезон | Жан Джоркаефф 4-й слева
© AFP 2020 / -
Ֆրանսիայի հավաքականի մարզիկները, 1965 թվական

Ջորկաեֆ ավագն իսկական պրոֆեսիոնալ էր, լուրջ և նպատակասլաց, միշտ մատչելի էր իր ակումբի և հավաքականի համար, որին նվիրված էր նույն եռանդով ու ոգևորությամբ ինչպես լավ, այնպես էլ ձախորդ օրերին։ Նա ի սկզբանե չի համարվել «հրաշամանուկ», այլ հաջողության գրավականը եղել է մշտական աշխատանքը, կատարելագործվելու տենչը:

Ժանն իր որդուն` Յուրիին, ներշնչեց հաղթանակի ձգտումը, և վերջինս աշխարհի չեմպիոն դարձավ 1998 թվականին: Ջորկաեֆների արհեստավարժ ֆուտբոլային դինաստիան մոտ 50 տարվա պատմություն ունի, հայտնի է ոչ միայն Ֆրանսիայում, այլև ամբողջ աշխարհում: Ժանի հայրը` կալմիկ Արմադիկ Ջորկաեֆը, հեռացել էր Ռուսաստանից և Ֆրանսիայում ամուսնացել լեհ կնոջ հետ, իսկ Ժանն ամուսնացել է հայազգի Մարի Օհանյանի հետ։ Մարիի նախնիները փախել են Բուրսա քաղաքից` փրկվելով Հայոց ցեղասպանությունից և հաստատվելով Ֆրանսիայում: Նրանց ամուսնությունից ծնվել են Յուրին և Միշան։

«Գելոն» լուռ լսեց, իսկ Վյաչեսլավն արտասվեց. ինչպես Համբարձումյանները չմասնակցեցին ԱԱ–ին

«Մեր ընտանիքում միշտ կարևոր դերակատարություն է ունեցել մորական պապս՝ Կարո Օհանյանը: Ես կրտսեր որդուս անվանակոչել եմ հենց նրա պատվին: Ավագ որդիս ունի երկու անուն՝ Սաշա և Արամ: Հայկական ընտանիքներում երեխաների դաստիարակությամբ ավանդաբար զբաղվում են կանայք: Մայրս և տատիկս մեր մեջ ներարկեցին պարզ արժեքներ՝ հարգանք, ինչպես նաև կիսելու և ուրիշներին ինչ-որ բան տալու ունակություն: Կինս իսպանուհի է, բայց ես մեծ եղբորս պես պսակադրվել եմ հայկական եկեղեցում»,- ասել է Ջորկաեֆ կրտսերը` Յուրին։

Ժան Ջորկաեֆը հայկական ֆուտբոլի հետ ավելի անմիջականորեն շփվելու հնարավորություն ուներ 1998 թվականին։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Սարգսյանն ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում էր նրա թեկնածությունը։ Ժան Ջորկաեֆը կասկած չուներ, որ ինքն է լինելու Հայաստանի ընտրանու մարզիչը, որովհետև ֆեդերացիայի հետ պայմանագրի ստորագրումը նախատեսված էր գարնանը, երբ ժամանելու էր Երևան` հավաքականի խաղացողների հետ առաջին հանդիպումը կազմակերպելու համար, իսկ մարտի կեսերին պետք է անցկացներ հնգօրյա ուսումնամարզական հավաք, որպեսզի ծանոթանար ֆուտբոլիստների հետ ու տեսներ նրանց ունակությունները:

«Նախապես դիտեցի Հայաստանի հավաքականի ընտրական խաղերի տեսաերիզները, մասնավորապես` Իռլանդիայի, Գերմանիայի և Պորտուգալիայի հավաքականների դեմ հանդիպումները: Եվ եթե կասկած ունեի, թե արդյոք արժե՞ ընդունել հայկական ֆեդերացիայի առաջարկը, ապա տեսագրությունները դիտելուց հետո կասկածներն անհետացան: Տղաները լավ արագությամբ էին աշխատում, շատ պատշաճ տեխնիկական մակարդակ ունեին, համենայնդեպս բավարար էր, որ հավասարը հավասարի հետ խաղային եվրոպական առաջատար ընտրանիների հետ»,– ասում էր Ժան Ջորկաեֆը:

Ավաղ, նրան վերապահված չէր մեր ազգային ընտրանու գլխավոր մարզչի պաշտոնի ստանձնումը։ ՀՖՖ–ում 1998 թվականին տեղի ունեցան կադրային փոփոխություններ, ընտրվեց նոր նախագահ, և Ջորկաեֆի հարցն այդպես էլ մնաց առկախված։ Այժմ հոր երազանքը ցանկանում է ի կատար ածել լեգենդար որդին` Յուրի Ջորկաեֆը. նա հույս ունի, որ մի օր կղեկավարի Հայաստանի ազգային հավաքականը։

Միակ հայ մարզիչը, որ մասնակցել է աշխարհի առաջնության 2 եզրափակիչ փուլի

Ըստ թեմայի

Հայկական ֆուտբոլում 4-5 տարի հետո անպայման կլինի երկար սպասված վերելքը. Խորեն Հովհաննիսյան
Ինչպես Ջորկաեֆի գոլը նրան զրկեց Թուրքիա մուտք գործելու հնարավորությունից
Ջորկաեֆը շարունակում է հետևել «հայտեքին». ինչով են նրան զարմացրել հայերը
թեգերը:
Կին, հայ, ֆուտբոլ, Յուրի Ջորկաեֆ

Գլխավոր թեմաներ