16:49 13 հուլիսի 2020
Ուղիղ եթեր
  • USD486.73
  • GBP613.77
  • EUR549.62
  • RUB6.84
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (182)
93550

Եկեք անկեղծ լինենք։ Կադրային այս վերջին փոփոխությունները Հայաստանում ստիպում են խորհել կարիերային աճի տարբերակների մասին։

Վերացրեք կարիերային վերելակը, թող բոլորն աստիճաններով բարձրանան

Իսկ կարիերային աճի տարբերակները երկուսն են՝ կամ դու ողջ կյանքի ընթացքում կամաց-կամաց բարձրանում ես աստիճաններով, երբեմն երկար ժամանակ կանգ առնելով հարթակներում շունչ քաշելու համար, կամ քո առջև հանկարծ բացվում են գեղեցիկ վերելակի դռները, նստում ես  ու սլանում վերև։

Այս տարբերակներին անցնելուց առաջ մի փոքր նախաբան։ Ինչպես կասեր Շեքսպիրը՝ ինչ-որ բան իրոք այն չէ Հայկական թագավորությունում։ Ի՞նչը այն չէ։ Փորձենք հասկանալ։ Տեսեք։ Քավ լիցի, ամենևին մտադիր չեմ ժխտել, որ իսկապես շատ բան մարդուց է կախված, նրա համառությունից, նախաձեռնողականությունից, նոր գաղափարներ առաջարկելու ունակությունից։ Բայց ախր մենք նույնիսկ ամաչում ենք հրապարակավ ասել՝ աշխատանք եմ փնտրում։ Չգիտես ինչու, համոզված ենք, որ մեզ պիտի փնտրեն, որովհետև համարում ենք, որ հենց այն տաշած քարն ենք, որը երբեք գետնին չի մնում։

Սրանով թույլ տվեք նախաբանն ավարտել ու անցնել կարիերային աճի երկու տարբերակներին։ Առաջինն ամերիկյան երազանքն է։ Դրա մեխանիզմը հայտնի է, բազմիցս նկարագրված է գրքերում և կինոնկարներում։ Ես իտալացի երիտասարդ ներգաղթյալ եմ, եկել եմ Ամերիկա, սկզբից ձկնորս եմ աշխատել նավի վրա, հետո շինարար, հետո խոհարար, փող եմ կուտակել և վերջապես Բրուքլինի շենքերից մեկի առաջին հարկում բացել եմ իմ փոքրիկ պիցցերիան։ Տարիների ընթացքում գործս ընդլայնել եմ, գնել եմ այդ շենքի երկրորդ հարկը, ընտանիքով տեղափոխվել եմ այնտեղ և հիմա լրիվ գոհ եմ։ ունեմ սեփական եկամտաբեր բիզնես, սեփական բնակարան Նյու Յորքի թաղամասերից մեկում, երեխաներս ուսում են ստանում Մասաչուսեթսի համալսարաններից մեկում, ամեն ամառ էլ ընտանիքով գնում ենք հայրենիք ու համագյուղացիներին պատմում մեր հաջողության մասին։ Ահա սա է ամերիկյան երազանքը՝ հարուստ պապա չունեմ, հասարակ ընտանիքից եմ, բայց իմ սեփական ջանքերով, առանց որևէ մեկի օգնության, տարիների աշխատանքով հասել եմ հաջողության։

Ինչպես էին իսրայելցիները պատրաստվում ատոմային ռումբ պայթեցնել անապատում

​Նկատեք՝ խոսքը Քըրք Քըրքորյանի մասին չէ։ Քըրք Քըրքորյանը արտասովոր մարդ էր, շատ համարձակ, նա անընդհատ ռիսկի էր դիմում։ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, գիտեք երևի, ինքնաթիռներ էր տեղափոխում Ամերիկայից Եվրոպա` լավ իմանալով, որ գերմանացիները կարող են խփել։ Նույնքան համարձակ էր խոշոր գործարքներ իրականացնելիս՝ ամեն մարդ չէ, որ երեք անգամ գնում ու վաճառում է հոլիվուդյան ամենահայտնի կինոընկերություններից մեկը։ Խոսքը հասարակ մարդու մասին է, որը բոլոր հնարավորություններն ունի պարզապես իր աշխատանքի շնորհիվ բարձրանալ աստիճաններով։ Ու թե որքան կբարձրանա այդ աստիճաններով,միայն ու միայն իրենից է կախված։

​Հիմա կարիերային աճի երկրորդ՝ վերելակային տարբերակի մասին։ Որպեսզի այդ կախարդական վերելակի դռները բացվեն քո առջև, պիտի լինես այսինչ ղեկավարի դասընկերը, համակուրսեցին, աներձագը կամ առնվազն բաջանաղը։ Պիտի ցուցադրես քո հավատարմությունը՝ կարևոր չէ, թե ում՝ իշխանություններին, այսինչ քաղաքական ուժին, մեծահարուստին, մեծ պաշտոնյային, միջին պաշտոնյային, փոքր պաշտոնյային։ Այդ վերելակի դռները բոլորի առջև չեն բացվում, բացվում են միայն նրանց առջև, ովքեր ցուցադրել են իրենց հավատարմությունը։ Այդ հավատարմությունը կարող եք ցուցադրել ոչ միայն ընտրություններում, նաև Ֆեյսբուքում, ընդդիմադիրների դեմ պայքարում, առօրյա կյանքում՝ ձեզ հովանավորողին փոքր ու մեծ ծառայություններ մատուցելով։ Այդժամ ձեր առջև անպայման կբացվեն վերելակի դռները։

Իսկ հենց որ նստեցիք այդ վերելակը, այլևս որեւէ կարևորություն չունեն ձեր ընդունակությունները, մտավոր կարողությունները, կրթությունը, աշխատանքի փորձը, պրոֆեսիոնալիզմը։ Դրանք արդեն երկրորդական են։ Վերելակը անշեղորեն կտանի ձեզ վերև, դեպի այնպիսի բարձունքներ, որոնց մասին չեն էլ կարող երազել այն միամիտները, որոնք հավատում են, որ Հայաստանում էլ այնուամենայնիվ հնարավոր է իրականացնել ամերիկյան երազանքը։ Եվ այդ ընթացքում, մինչև դուք սլանում եք վերելակով, փորձում են իրենց սեփական ջանքերով, իրենց քրտնաջան աշխատանքով  դանդաղ, քայլ առ քայլ բարձրանալ աստիճաններով։

Թքած կորոնավիրուսի վրա. ոչ ոք չի ուզում դադարեցնել զինված հակամարտությունները

Ասում եք՝ ինչու են մարդիկ շարունակում դժգոհել։ Բայց մարդիկ հո կույր չեն ու տեսնում են, որ մինչև իրենք հևիհեւ փորձում են մի կերպ հաղթահարել հերթական աստիճանը, ինչ-որ մեկը արդեն այնտեղ է՝ վերեւում, դարձել է առնվազն պառլամենտի նախագահի տասներկուերորդ խորհրդականը, բայց հսկայական պարգևավճար է ստանում։ Ու մինչև դուք չվերացնեք այդ անտեր վերելակը, մինչև մարդիկ չհամոզվեն, որ միայն արդար մրցակցության պայմաններում հնարավոր է հաջողության հասնել Հայաստանում, դժվար թե կարողանանք համոզել մարդկանց, որ «Երկիրը երկիր է»։

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (182)
թեգերը:
վերելակ, պաշտոնյա, պաշտոն, Հայաստան

Գլխավոր թեմաներ