14:07 18 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD484.40
  • GBP628.46
  • EUR571.59
  • RUB6.46
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
161121

Սևանում արձակուրդն անցկացնելիս Sputnik Արմենիայի տնօրեն Դմիտրի Պիսարենկոն պատահաբար սենսացիոն բացահայտում է արել, որն անսպասելի էր թե՛ իր, թե՛ բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրվում են Հայաստանի անցյալով։

Շաբաթ էր։ Հանգստանում էինք Գավառի հյուրանոցներից մեկում՝ Նորաշեն գյուղի մոտ։ Դիմացը վեր էր խոյանում Սևանի թերակղզին՝ բոլորիս ծանոթ հայկական վանքերի ուրվագծերով։ Հիշեցի, որ վաղուց ցանկություն ունեի ավտոմեքենայով պտտվել ամբողջ լճի շուրջը, բայց որոշեցի չշտապել այն իրականացնել։ Չէ՞ որ այդ դեպքում երազանքներիցս մեկը կպակասեր...

Փոխարենը որոշեցի ստուգել ուժերս ու կամքս և ոտքով հասնել Լճաշեն։ Այնտեղ, ուր ճանապարհը կիսվում է՝ մեկը գնում է Գավառ, մյուսը թեքվում է Սևան քաղաք, իսկ հիմնական մայրուղին ձգվում է դեպի Դիլիջան և շարունակվում մինչև Վրաստանի սահման։ Ճանապարհը գրեթե երկու ժամ տևեց։ Թվում է՝ 50-ին մոտ տարիքում արդեն անհնար է որևէ բանից զարմանալ։ Պարզվեց՝ ոչ։

Ворота с иудейской символикой на кладбище Севана
© Sputnik / Dmitri Pisarenko
Սևանի ափի գերեզմանատունը

Հեռվում երևում էին բազալտե եկեղեցին և Սևանի քաղաքային գերեզմանատունը։ Բայց աչքի ընկան ոչ թե մարմարե խոշոր հուշարձանները, այլ անսովոր քարե տապանաքարերը, որոնք տեղակայված էին եկեղեցու հետևում՝ աջ կողմից։ Դրանք խնամքով պատված էին մետաղե ցանցապարսպով։ Կրթությունն այստեղ չօգնեց․որտեղի՞ց էին հայտնվել այս անծանոթ ձևի գերեզմանաքարերը։ Ո՞ւմ ավանդույթներն են ներկայացնում և ո՞ր դարաշրջանի։

Դրանք նման էին սրածայր տանիքով փոքրիկ տնակների, կարելի է ասել՝ սարյակի բնի։ Մի քանիսը շրջապատված էին մետաղական ցանկապատով, մյուսներն ուղղակի խրված էին հողի մեջ։ Բայց բոլորի վրա ռուսատառ գրություններ էին։ Գրավիչ պատկեր էր։ Մի՞թե մինչ օրս ոչ ոք չի նկատել այս բացառիկ քարե ժառանգությունը՝ բանուկ մայրուղուն այսքան մոտ։

Ворота с иудейской символикой на кладбище Севана
© Sputnik / Dmitri Pisarenko
Սևանի ափի գերեզմանատունը

Հետաքրքրությունս տեղի տվեց։ Մոտեցա ցանկապատին և քարե տապանաքարի վրա կարդացի, որ այստեղ հանգչում է Մովսես անունով և ռուսական ազգանունով մարդ, ապրել է այսինչ թվականից այնինչ թվականը, մահացել է յոթանասունն անց տարիքում։

Գրության վերևի մասում զարդանախշ էր փորագրված։ Թվաց, թե հայտնի հավերժության նշանն է։ Բայց ոչ, ավելի ուշադիր նայելով տեսա հնագույն հուդայական խորհրդանիշը։ Որտեղի՞ց է այստեղ հայտնվել։ Սկսեցի փնտրել գերեզմանատան այս հատվածը տանող մուտքը և շուտով հայտնվեցի դարպասի մոտ, որի վրա ժամանակակից Հայաստանի համար ցնցող մի պատկեր էր՝ Դավթի աստղը։

Գերեզմանատունը լքված կամ մոռացված չէր։ Դարպասները խնամքով պատված են մետաղական շղթայով, բայց կողպված չեն։ Կարդում եմ գերեզմանաքարերի այն գրությունները, որոնք դեռ ժամանակը չի ջնջել։ Զարմանալի համադրություն է՝ ռուսական ազգանուններ և Հին Կտակարանի անուններ․Սոլովյովներ, Ուտկիններ, Շչուկիններ, Մովսես, Հովսեփ, Ահարոն, Էսթեր, Սառա...

Ворота с иудейской символикой на кладбище Севана
© Sputnik / Dmirtri Pisarenko
Սևանի ափի գերեզմանատունը

Գրեթե բոլոր քարերի գրությունները հուդայական վեցթևանի աստղի տակ են. «Այստեղ հանգչում է...-ի աճյունը, ապրել է... տարի, մահացել է ... թվականին»։ Մեծ մասը 20-րդ դարի 50-60-ական թվականների են, բայց կան բոլորովին թարմ՝ 2019թ․-ի տապանաքարեր։ Նշանակում է՝ քաղաքում մինչ օրս ապրում են այս քաղաքը հիմնած ռուս գաղթականների սերունդները։

Սկսում եմ վերհիշել կարդացածս պատմական տվյալները։ Ներկայից Սևան քաղաքը հիմնադրել են Ռուսաստանի Սարատովի, Տամբովի և Տուլայի նահանգապետություններից տեղահանված գաղթականները, որոնց 19-րդ դարի առաջին կեսին հետապնդում էին կրոնական համոզմունքների համար։ Մինչև 1935 թ.-ը քաղաք կոչվում էր Ելենովկա։

Գրեթե բոլոր տեղացիները գիտեն մոլոկանների մասին, որոնք քրիստոնեական մի շարժման ներկայացուցիչներ են, նրանք մերժում են խաչ-զարդերը, եկեղեցիները, սրբապատկերները, խաչակնքելը և հոգևորականներին, իսկ ահա ռուս հուդայականների մասին Հայաստանում քչերն են լսել։

Ուշադրություն եմ դարձնում տապանաքարերից մեկի գրությանը։ Դրա վրա Դավթի աստղ չկա, բայց հրեական այբուբենի երեք տառ և թվեր կան, որոնք, ըստ երևույթին, հանգուցյալի ծննդյան և մահվան տարեթվերն են, բայց ըստ հրեական տարեգրության։ Քարի վրա փորագրված առաջին տառը Շին տառն է։ Հին հրեական ավանդության համաձայն՝ դա Բարձրյալի անվան առաջին տառն է։

Սկսում եմ հասկանալ, որ այստեղ հանգչում են ժամանակին Ռուսաստանում առաջացած կրոնական ուղղության  հետևորդները, որոնք հայտնի են որպես «շաբաթականներ» կամ «հուդայականներ»։ Հին Կտակարանի արժեքներին դավանելու համար նրանց աքսորում էին հեռավոր Կովկաս կամ խուլ Սիբիր, որտեղ դժվար էր գոյատևել։ Բայց նրանք շարունակեցին ապրել, և նրանց հետնորդներն ապրում են այսօր։ Չէ՞ որ մինչ օրս ինչ-որ մեկն այստեղ ցանկապատերը ներկելում և գերեզմանները խնամում է...

Ворота с иудейской символикой на кладбище Севана
© Sputnik / Dmitri Pisarenko
Սևանի ափի գերեզմանատունը

Չեմ կարողանում անտարբեր անցնել աչքի ընկնող երկու տապանաքարերի կողքով։ Գերեզմանատան ամենաբարձր հուշարձանի վրա նույնպես աստղ է։ Բայց դա Դավթի աստղը չէ։ Խորհրդայինն է՝ հնգաթևը։ Հուշարձանը նվիրված է սևանցի այն «շաբաթականներին», որոնք չեն վերադարձել Հայրենական մեծ պատերազմից։

Թուրքիայի Այդըն նահանգում 17-րդ դարի հայկական գերեզմաններ են հայտնաբերել․ տեսանյութ

Տապանագրի գրությունը ևս տարբերվում է․«Մենք չենք մոռանա ձեզ, կհիշենք, դուք ձեր կյանքն եք տվել մեզ համար»։ Իսկ փոքր-ինչ հեռու ևս մի զարմանալի երևույթի եմ հանդիպում։ Վեցթևանի հուդայական խորհրդանիշերից հետո անսպասելի հայտնվում է խնամված մետաղական ցանկապատ և մետաղե ուղղափառ խաչ՝ Ալեքսանդր Պասենկոյի (ծնվ․1958թ․) լուսանկարով։ Նա ողբերգական մահով մահացել է «Ծիծեռնակ» երիտասարդական ճամբարում, 1985թ․-ին։ Ուղղափառ զբոսաշրջիկի միայնակ գերեզմանը...

Երևի պատահական չէր իմ հայտնվելը սլավոնացիների գերեզմանատանը, որոնց կրոնական համոզմունքների համար «հուդայականներ» կամ «շաբաթականներ» էին կոչում։ Օրը շաբաթ էր...

 

Ըստ թեմայի

Շինարարություն ոսկորների վրա. ի՞նչ է սպառնում Թեոդոսիայի հայկական եկեղեցու գերեզմանատանը
Թուրքիայում քրիստոնյաների գերեզմաններ են պղծել. վեց վանդալի ձերբակալել են
Երուսաղեմում` Տիրոջ գերեզմանի տաճարում, վառվեց Բարեբեր կրակը. տեսանյութ
թեգերը:
հուդայականներ, հրեա, ռուս, գերեզման, Սևան

Գլխավոր թեմաներ