18:45 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
78220

Նիկոլ Կուցանյանն արդեն 35 տարի է, ինչ մատուցող է աշխատում, որից 16-ը ՀՀ կառավարության շենքի դիմաց գտնվող սրճարանում։ Կուցանյանը վարչապետ Փաշինյանին անձամբ է ճանաչում և մեզ հետաքրքիր մանրամասներ է պատմել նրա մասին։

Այդ հիմա է, որ մատուցող դառնալն այդքան հեշտ է․ պետք է ընդամենը դիմում գրել աշխատանքի տեղավորման գործակալությունում և կարելի է հենց նույն օրը ռեստորանում հարցազրույցի հրավեր ստանալ, հաջորդ օրվանից էլ գործի անցնել։

Խորհրդային տարիներին ամեն ինչ ուրիշ էր։ Յուրաքանչյուրը, ով ուզում էր մատուցող դառնալ, պետք է 6 ամիս փորձաշրջան անցներ, օրուգիշեր աշխատեր սիմվոլիկ գումարի դիմաց, վերջում քննություն հանձներ և դրանից հետո միայն արժանանար մատուցողի կոչմանը։

Փաշինյանը նրանց հույսերը չի՞ արդարացրել, կամ ինչո՞ւ են աղմկում «սորոսականները»

Մեր հերոսը՝ Երևանի 54-ամյա բնակիչ Նիկոլ Կուցանյանը, հենց այդպիսի դպրոց է անցել, երբ ընդամենը 19 տարեկան էր։ Աշակերտական սեղանից անմիջապես գնացել է մատուցող աշխատելու և արդեն 35 տարի է՝ այդ գործով է զբաղվում։ Ճիշտ են ասում, որ յուրաքանչյուր մարդ գիրք է, և որքան շատ ես որևէ մեկին կարդում, այնքան ավելի հետաքրքիր է դառնում։ Բայց մենք հերոսին պատահական չենք ընտրել, այլ հազվագյուտ, բայց Հայաստանում արդեն երկու տարի է՝ նորաձև դարձած անվան պատճառով։

Кафе, где работает Никол Куцанян
© Sputnik / Aram Nersesyan
Սրճարանը, որտեղ աշխատում է Նիկոլ Կուցանյանը

«Ինձ պապիս պատվին են Նիկոլ կոչել։ Անունը Նիկողոս էր, բայց բոլորը Նիկոլ էին ասում։ Ես ու եղբայրս երկվորյակներ ենք, ծնողներս նրան ուղղակի իրենց սիրած անունով են կոչել՝ Գագիկ, իսկ ինձ՝ պապիս պատվին։ Երբեք անվանս շուրջ այսքան ուշադրություն չի եղել, որքան վերջին երկու տարում»,- ժպիտով ասում է նա։

Փաշինյանի մանկությունն ուղեկցվել է այդ անունով. վարչապետը շքանշան հանձնեց Սիմոնյանին

16 տարի է՝ Նիկոլ Կուցանյանն ավագ մատուցող է աշխատում ՀՀ կառավարության շենքի դիմաց գտնվող սրճարանում։ Նախքան կարանտինը սրճարանում ասեղ գցելու տեղ չէր լինում, հետո դատարկություն էր, հիմա մարդիկ նոր-նոր սկսում են երեկոյան հավաքվել։ Մատուցողի կրծքին «Նիկոլ» անունով «բեյջը» տեսնելով՝ մարդիկ երբեմն տարօրինակ և անսպասելի են արձագանքում։

Официант кафе Никол Куцанян
© Sputnik / Aram Nersesyan
Նիկոլ Կուցանյանը

«Մի աղջիկ անունս կարդաց ու հանկարծ վրդովվեց։ Լուրջ եմ ասում։ Ասում է՝ էս ի՞նչ անուն ունեք։ Ես տարակուսած հարցրի՝ այսի՞նքն։ Նա էլ թե՝ մենք Ձեր այդ անվան պատճառով աշխատանքից ենք զրկվել։ Ես ուսերս թոթվեցի՝ ես ինչ կապ ունեմ։ Բայց նա չնահանջեց, ասում է՝ Դուք Ձեր անունը սիրո՞ւմ եք։ Այստեղ էլ չդիմացա, ասացի՝ ինչպե՞ս կարող եմ անունս չսիրել, և դա Ձեր ի՞նչ գործն է։ Հաճախորդներ էլ կան, որոնք հակառակը՝ անունս իմանալով ուրախանում են, ուսիս են թփթփացնում, թե՝ հպարտանում ենք քո անվանակից Նիկոլով՝ մեր վարչապետով, կեցցե՛ նա, դու էլ կեցցե՛ս։ Տարօրինակ է։ Հետաքրքիր է, ինչպե՞ս էին Սերժ անունով մարդիկ իրենց զգում Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին»,-ծիծաղում է Կուցանյանը։

Официант кафе Никол Куцанян
© Sputnik / Aram Nersesyan
Նիկոլ Կուցանյանը

Ի դեպ, Թավշյա հեղափոխությունից առաջ մատուցողը բազմիցս անձամբ է սպասարկել թե՛ Սարգսյանին, թե՛ շատ պատգամավորների ու նախարարների։ Ասում են, որ զանազան պաշտոնական ընդունելություններին և բանկետներին շատ պահանջված էր։ 2018թ․-ից հետո այդպիսի հրավերներ գրեթե չեն եղել։

«Ներկայիս կառավարությունը նախկինների նման չէ։ Նրանք հարուստներ էին, իսկ ներկաները աշխատավարձով են ապրում։ Միայն աշխատավարձով շատ շքեղութուններ թույլ չես տա»,-խորհրդածում է մեր հերոսը։

Կուցանյանն իր հայտնի անվանակցի հետ էլ է ծանոթ։ Նախքան 2018թ․-ի իրադարձությունները Նիկոլ Փաշինյանը, որն այդ ժամանակ պատգամավոր էր, սրճարանի մշտական հաճախորդներից էր։

«Ես նրան դիմավորում էի «Բարև, ադաշ ջան» բառերով, նա պատասխանում էր և ժպտում՝ ի պատասխան։ Երեկոյան էր գալիս, մենակ, մի խուրձ թերթով։ Սև սուրճ և հանքային ջուր էր պատվիրում և ժամերով թերթ էր կարդում։ Ես միշտ էլ գիտեի, որ երկրում մի օր հեղաշրջում կլինի (հենց այդ բառն է օգտագործել՝ խմբ․)։ Բայց, իհարկե, չէի ենթադրում, որ հենց Փաշինյանի մոտ կստացվի։ Ապրի։ Շատ խելոք տղա է։ Հեղափոխությանը պատրաստվում էր 2018թ․-ից դեռ շատ առաջ»,-ասում է Կուցանյանը։

Официант кафе Никол Куцанян
© Sputnik / Aram Nersesyan
Նիկոլ Կուցանյանը

Մեր խնդրանքին՝ ցույց տալ սեղանը, որի մոտ սիրում էր նստել Փաշինյանը, մատուցողը պատասխանում է, որ կորոնավիրուսից առաջ սրճարանում սեղաններն ավելի շատ էին, հիմա վարչապետի սիրելի սեղանը մյուսների հետ միասին հանել են՝ սոցիալական հեռավորություն պահպանելու համար, ինչպես պահանջում է արտակարգ դրության ռեժիմը։

Հեղափոխությունից հետո Կուցանյանն իր անվանակցին ընդամենը մեկ անգամ է հանդիպել՝ վարչապետ դառնալուց հետո Փաշինյանը դադարել է այցելել սրճարան։ Բայց մի քանի ամիս առաջ,իր ստուգայցերից մեկի ընթացքում, Փաշինյանը կանգ է առել սրճարանի առջև։

Кафе, где работает Никол Куцанян
© Sputnik / Aram Nersesyan
Սրճարանը, որտեղ աշխատում է Նիկոլ Կուցանյանը

«Ճանաչեց ինձ, երկու խոսք փոխանակեցինք։ Փաշինյանը հարցնում էր, թե մարդիկ ինչ են մտածում կորոնավիրուսի մասին։ Ես նրան անկեղծորեն ասացի, որ մեծ մասը վիրուսը միֆ են համարում, հաճախորդներ են լինում, որոնք զարմանում են, երբ տեսնում են մեզ՝ մատուցողներիս, դիմակով, լուրջ-լուրջ ասում են՝ հո չե՞ք հավատում էդ հիմարությանը։ Նա ինձ լսեց ու գնաց»,-հիշում է մատուցողը։

«Սինգապուրյան խոլորձի» նոր տեսակը` Փաշինյանի և նրա կնոջ անունով. այց բուսաբանական այգի

Փաշինյանի անվանակիցը երկու դուստր և մեկ որդի ունի։ Երեք տարի առաջ ավագ դուստրը նրան պարգևել է առաջին թոռնիկը։ Տղային Գագիկ են անվանել՝ ի պատիվ հորական պապի։

Официант кафе Никол Куцанян
© Sputnik / Aram Nersesyan
Նիկոլ Կուցանյանը

«Դե պարզ է, ով տղային աներոջ պատվին կանվանի։ Այ, իմ որդին տղա կունենա, անպայման անունը Նիկոլ կդնի։ Իսկ ինչո՞ւ ոչ։ Ինձ պապիս անունով են կոչել, թոռանս էլ թող իր պապի անունով կոչեն»,-կրկին ժպտում է մեր զրուցակիցը։

Կուցանյանը, չնայած տարիքին, աշխատում է շաբաթը վեց օր։ Ապրիլից մինչև հոկտեմբեր՝ բաց սրճարանների սեզոնին, հասցնում է ոչ միայն հանապազօրյա հացի գումար վաստակել, այլև ձմեռվա համար խնայողություններ անել։

Աշխատանքի դժվարությունների մասին հարցին ի պատասխան ձեռքը թափ է տալիս․ արդեն քանի՜ տարի է՝ նույն գործով է զբաղվում, ամեն ինչ հասցրել է տեսնել, ամեն ինչի սովորել։ Վարչապետի անվանակիցը մեծ հավակնություններ չունի, ապրում է սովորական կյանքով․ երեխաները աշխատում են և/կամ սովորում, կնոջ հետ արդեն մի քանի տասնամյակ խաղաղ ու սիրով են ապրում, իսկ կառավարության շենքի դիմացի սրճարանի մյուս աշխատակիցները նրա համար վաղուց արդեն երկրորդ ընտանիք են դարձել։

Ըստ թեմայի

Հայ համասեռամոլ մատուցողը և Փաշինյանի «գլխացավանքը». ո՞վ է անում ԼԳԲՏ համաժողովի PR–ը
Ճապոնիայում հայտնվել է սրճարան, որտեղ ռոբոտ մատուցողներին կառավարում են անդամալույծ մարդիկ
Ինչպես Արուս Տիգրանյանը կերավ մատուցողի բերած կտրոնը. զվարճալի տեսանյութ
Սպասարկման ոլորտի «գաղտնի» կողմերը. ի՞նչ է թաքնված մատուցողների ժպիտի հետևում
թեգերը:
կառավարություն, Նախարար, Պատգամավոր, «Թավշյա հեղափոխություն», հեղափոխություն, Հայաստան, Վարչապետ, մատուցող, սրճարան, Նիկոլ Փաշինյան

Գլխավոր թեմաներ