07:39 23 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.29
  • GBP620.78
  • EUR569.58
  • RUB6.39
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
25110

Հայաստանում անասնաբույժի մասնագիտությունն ամենաանցանկալիներից մեկն է։ Հատուկենտ մարդիկ են ուզում սովորել կենդանիներին բուժելու նրբությունները, բայց էկոնոմիկայի նախարարությունում կարծում են, որ լավ անասնաբույժը կարող է լավ գումար վաստակել։

Հայաստանում անասնաբույժի մասնագիտությունը չեն ընտրում անգամ գյուղի պատանիները, էլ ինչ ասենք քաղաքաբնակների մասին։ Շատերն այդ աշխատանքը կեղտոտ ու ոչ եկամտաբեր են համարում։ Բայց տխուր պատմությունը դրանով չի ավարտվում, այլ միայն սկսվում է։ Մի քանի հազար գլուխ անասուններ խրոնիկ հիվանդություններ ունեն և ավելի վատ են կերակրում թե՛ մեզ, թե՛ իրենց տերերին։ Դրա պատճառով որքա՞ն եկամուտ է կորցնում պետությունը, քանի՞ ֆերմեր է թողել իր տունը և մեկնել Երևան կամ արտերկիր՝ ոչ ոք չի հաշվել։

«Շան բերանը գցելով»

Այս տարի անասնաբուժական ֆակուլտետը հատուկենտ դիմորդներ է ունեցել։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անասնաբուժության և անասնաբուծության ֆակուլտետում անասնաբույժների համար 40 տեղ է բացվել առկա վճարովի ուսուցման համար, 7 թափուր տեղ՝ պետպատվերով և 2 տեղ՝ համայնքների նպատակային պատվերով:

Ցավոք, այդ տեղերի ընդամենը կեսն է զբաղված, իսկ անասնաբուծության բաժնում դիմորդներ ընդհանրապես չեն եղել։

Հիմա անասնաբուժական դիմում են՝ «թիրախավորելով» շներին ու կատուներին։ Ոչ ոք չի ուզում կով ու գառ բուժել և դրա համար ամսական 50-60 հազար դրամ ստանալ՝ «շան բերանը գցելով» ուսումնառության ու երիտասարդության տարիները։

«Սովորողների 90 տոկոսն ուզում է աշխատել տնային կենդանիների համար նախատեսված կլինիկաներում։ Նախորդ մի քանի տարում բազմաթիվ այդպիսի կլինիկաներ են հայտնվել թե՛ Երևանում, թե՛ նրա սահմաններից դուրս՝ Գյումրիում և Արտաշատում։ Ուսանողներն ուզում են այնտեղ աշխատել, քանի որ մի քանի անգամ ավելի լավ են վճարում, քան գյուղի անասնաբույժներին»,-Sputnik Արմենիային ասաց Հայաստանի Ազգային ագրարային համալսարանի Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետի դեկան Արևիկ Աբովյանը։

Որոշ փոփոխություններ նկատվում են նոր ֆերմաների ի հայտ գալուց հետո, որոնք կառուցվում են պետության աջակցությամբ (այսպես կոչված SMART ֆերմաներ)։ Դրանք բացում են այն գյուղացիները, որոնք ուզում են լուրջ գումարներ վաստակել անասնապահությամբ, ինչը նշանակում է, որ պատրաստ են լուրջ մասնագետներ հրավիրել։

Այնտեղ ուսանողական պրակտիկա կազմակերպելու համար Ագրարային համալսարանը հուշագիր է ստորագրել «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի (CARD) հետ։

«Ուսանողներից շատերը նման ֆերմաներում աշխատելու ցանկություն են հայտնում, երբ տեսնում են, թե ինչպես է այնտեղ կազմակերպված գործը»,-ասաց Աբովյանը։

Հայաստանում արդեն ավելի քան 20 նման ֆերմա է բացվել։

Անասնաբուծության մեջ նոր տեխնոլոգիաների կղզյակները գնալով շատանում են։ Բայց այդ կղզյակներից դուրս ամեն ինչ առաջվա պես է։ Գյուղի անասնաբույժն առաջվա պես 60 հազար է ստանում, որից դեռ մի բան էլ պետք է «զապռավակայի» փող առանձնացնի (վառելիքի ծախսը նրան չի փոխհատուցվում)։ Ո՞ւմ է պետք այդպիսի կյանքը, իրենք իրենց հարց են տալիս երիտասարդներն ու նրանց ծնողները։

Ի՞նչ ճակատագիր է սպասում Ջրաձոր գյուղին. նախարարի խորհրդականը մանրամասներ է հայտնում

Ի լրումն ամենի, բոլոր գյուղերում չէ, որ հարկ եղած դեպքում կարելի է անասնաբույժ կանչել։ Կան գյուղական համայնքներ, որտեղ անասնաբույժների հաստիքներ չկան ( անգամ երկրի անասնաբուծական շրջաններում)։ Բայց այդ հաստիքները, միևնույնն է, առանձնապես ոչինչ չեն փոխի, կարծում է էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, որը պատասխանատու է անասնաբուծության ոլորտի քաղաքականության մշակման և զարգացման համար։ Անասնաբուժությունը պետք է մասնավոր լինի, և ոչ մի սարսափելի բան այդտեղ չկա։ Այդպես է ընդունված ամբողջ աշխարհում, հիշեցնում է նա։

Անասնաբույժները գոհ են, խաշլաման՝ օգտակար

Քչերը գիտեն (մենք էլ չգիտեինք), որ Հայաստանում անասնաբույժները կարող են լավ վաստակել ոչ միայն շներ ու կատուներ բուժելով, այլև անասուններ խնամելով։ Մասնավոր տնտեսություններում անասնաբույժին կարող են 300-400 հազար դրամ առաջարկել, նույնիսկ դրանից էլ շատ։ Համայնքի անասնաբույժի համար նման աշխատավարձը ֆանտաստիկայի ժանրից է։ Բանն այն է, որ ֆերմերները չեն ուզում վճարել, եթե չեն հասկանում` ինչի համար։

Առաջարկների հիմնական էությունը հետևյալն է․ նախ՝ անասնաբույժները պետք է պարտադիր հավաստագրում անցնեն։ Երկրորդ՝ միայն նրանք կկարողանան անասնաբուժական դեղամիջոցներ գնել և օգտագործել ։ Եվ երրորդ՝ որպեսզի նրանց հավաստագրումը ձևական չդառնա, անասնաբույժները պետք է պատասխանատու լինեն իրենց աշխատանքի որակի համար, նշում է Գաբրիելյանը։

Մեր երկրում հաճախ են կատակում, որ Հայաստանում ամեն առավոտ արթնանում է 3 միլիոն վարչապետ։ Այդպես է թե՛ քաղաքում, թե՛ գյուղում։ Եթե այդ գյուղական «վարչապետներից» որևէ մեկին հարցնենք` դու կարո՞ղ ես անասուններին սրսկել, գրեթե բոլորը կպատասխանեն` ինձնից լավ ոչ ոք չի անի։ Ոմանք կասեն` իսկ ի՞նչ կա որ, անասուններն իրենն են, ինքն էլ որոշում է` ինչպես բուժի։

Բայց հետևյալ խնդիրն է ծագում։ Ֆերմերը գնում է անասնաբուժական դեղատուն և հակաբիոտիկներ ընտրում մոտավորապես («ինչ-որ տեղ լսել եմ, ինչ-որ մեկի մոտ տեսել եմ» սկզբունքով)։ Սովորաբար այդպիսի դեղատների վաճառողներն էլ մոտավորապես նույն մակարդակի գիտելիքներ ունեն (գուցե մի փոքր ավելի)։

Սյունեցի դպրոցականը փորձում է իրենց գյուղը զբոսաշրջային կենտրոն դարձնել ու ստացվում է

Արդյունքում, նախ՝ ոչ ոք չի երաշխավորի, որ ֆերմերը ճիշտ դեղամիջոց կգնի, երկրորդ՝ չի ներարկի ավելի շատ, քան պետք է («դե, մարդ ես» սկզբունքով)։ Իսկ հակաբիոտիկների ավելորդ չափաբաժինն անցնում է մսի ու կաթի մեջ, որոնք մենք ենք գնում։ Մեր օրգանիզմն աստիճանաբար սովորում է հակաբիոտիկներին, և երբ իրոք հակաբիոտիկներով բուժվելու կարիք է առաջանում, դրանք մեզ վրա այլևս չեն ազդում։

Այդ պատճառով, եթե անասնաբուժությամբ զբաղվել թույլ տան միայն մասնագետներին, նրանք գրագետ կերպով կորոշեն թե՛ դեղամիջոցը, թե՛ չափաբաժինը։ Իսկ քանի որ նրանց պետք է վճարել, բոլորը կսկսեն լավ մասնագետ որոնել, որպեսզի գումարն իզուր չվատնեն։

«Արդեն հիմա կան ֆերմերներ, որոնք ասում են․ «Ավելի լավ է` լավ անասնաբույժին 10 հազար տամ, քան վատ անասնաբույժի ձեռքում իմ 500 հազարանոց կովս սատկի։ Ու գնալով ավելի ու ավելի շատ անասնապահներ կսկսեն դա հասկանալ»,-ընդգծում է Գաբրիելյանը։

Փոխնախարարն այս ամենը սեփական փորձով է ստուգել․ ավելի քանի 15 տարի նա մասնավոր անասնաբույժ է եղել, ոչ միայն խոշոր տնտեսություններ է սպասարկել, այլև անհատ ֆերմերներին։ Նրա խոսքով` որքան էլ գյուղացիները չուզենան վճարել անասնաբույժին, լավ մասնագետի համար գումար չեն ափսոսի, քանի որ տեսնում են, թե այդ գումարի դիմաց ինչ են ստանում։

Անասնաբույժների լիցենզավորման և անասնաբուժական դեղամիջոցների վաճառքի սահմանափակման մասին արդեն օրինագիծ է կազմվել, որը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը քննարկման է ուղարկել մյուս գերատեսչություններին։

Ըստ թեմայի

Անասնաբույժից մինչև ալպինիստ. ինչպես Գևորգը Էջմիածնից Հիմալայներ ու Կիլիմանջարո հասավ
Սիմբա-2․ ռուսաստանցի ռեժիսորը ֆիլմ կնկարի կորյունին փրկած հայ անասնաբույժի մասին
Ֆրանսիայում ձիեր են գտել, որոնց վրա կտտանքների հետքեր կան․ մարդիկ ապշել են դաժանությունից
թեգերը:
անասնաբույժ, մասնագիտություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ