19:03 20 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.26
  • GBP629.67
  • EUR574.98
  • RUB6.46
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (228)
19550

Եկեք անկեղծ լինենք։ Երբ գրեթե 30 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որևէ մեկը չէր կարող կանխատեսել, թե ինչ է հետևելու դրան, ինչպիսին է լինելու միջազգային հանրության արձագանքը։

Պիտի անցնենք անկախության միջազգային ճանաչման ուղիով, որքան էլ այն դժվարին լինի

Որովհետև միջազգային հանրության արձագանքը խիստ տարբեր է լինում տարբեր դեպքերում ու տարբեր հանգամանքներում։ Այն ժամանակ, խոստովանենք, մենք սրա մասին​ շատ քիչ էինք մտածում՝ իրավիճակը լարվում էր, սկսվում կամ արդեն սկսվել էր պատերազմը։ Հիմա կարող ենք վերլուծել։

Տեսեք։ Հանրահայտ է, որ պետությունների հայեցակարգի հիմքում ընկած է ինքնորոշման իրավունքը, որի մասին մենք` հայերս, շարունակ խոսում ենք բոլոր ամբիոններից։ Վերցրեք Օքսֆորդի բառարանը, այնտեղ կա հստակ ձևակերպում՝ «Ինքնորոշման իրավունքը՝ ժողովրդի իրավունքն է՝ որոշել իր պետական ինքնիշխանության և կառավարման ձևի հարցը»։ Սա ամրագրվել է նաև ՄԱԿ-ի կանոնադրությունում ուղիղ  75 տարի առաջ՝ 1945 թվականին։

Բայց այն ժամանակ պայմաններն աշխարհում  ուրույն էին, և ինքնորոշում ասելով, բոլորը հիմնականում մի բան էին հասկանում՝ ժողովուրդները իրավունք ունեն ազատվել եվրոպական տերությունների գաղութատիրական լծից։ Այսինքն՝ համարվում էր, որ եթե մարդիկ ապրում են ինչ-որ մեկի կողմից գաղութացված տարածքում, նրանք միանշանակ կարող են անկախանալ, ու դա ողջունելի է։ Արդյունքում՝ Երկրորդ աշխարհամարտից հետո ինքնորոշվեց ու անկախացավ մեր մոլորակի բնակչության գրեթե մեկ երրորդը։ Կազմավորման պահին ՄԱԿ-ն ուներ ընդամենը 51 անդամ, հիմա, ինչպես գիտեք, դրանց թիվը մոտենում է 200-ին։ Այսինքն` անկախ պետությունների քանակն աճել է գրեթե 4 անգամ։

​Բայց կար նաև մի շատ նուրբ հարց։ Ես դառնում եմ անկախ պետություն, այսինքն` բոլորն ընդունում են, որ իմ սահմաններն այլևս անձեռնմխելի են, էդ դեպքում, ասեք խնդրեմ` ինչպես է իրացվում իմ տարածքում ապրող որևէ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եթե դրանով իսկ միանշանակ խախտվում է իմ սահմանների անձեռնմխելիությունը։ Եվ այս բարդագույն տեսական խնդրից խուսափելու համար միջազգայնագետների ու իրավագետների մի զգալի մասը որդեգրեց հետևյալ պարզունակ տեսակետը՝ գաղութատիրության վերացումից հետո պետությունների սահմաններն այլևս չեն կարող խախտվել՝ առանց այդ պետությունների համաձայնության, իսկ այն ժողովուրդները, որոնք ապրում են այլ պետությունների սահմաններում, ստիպված պիտի բավարարվեն ինքնավարությամբ։

Բանակցություններ չեն լինելու. ԱՀ նախագահը`արցախյան հարցի լուծման նոր սկզբունքների մասին

​Այս սկզբունքը փորձության չենթարկվեց նույնիսկ այն ժամանակ, երբ 90-ականների սկզբներին քանդվեցին երկու տերությունները՝ Խորհրդային Միությունն ու Հարավսլավիան։ Խնդիր չկար։ Հիշեք՝ երբ մենք սեպտեմբերի 21-ին անկախացանք, մեր առաջին նախագահն արդեն Մոսկվայում արտասանել էր հայտնի բառերը. «Ցենտր մյորտվ»։ Է, եթե կենտրոնը մեռած է, էլ ումի՞ց պիտի անկախանալու թույլտվություն խնդրենք։

​Այսինքն՝ ամեն ինչ լավ էր, բոլորը գոհ էին, բայց այդ պահին ծագեց նախ Արցախի, հետո էլ Կոսովոյի հարցը, Պաղեստինի հարցը վաղուց էր հասունացել։ Միջազգային հանրության առաջին արձագանքը սա էր՝ ոչ, նրանք ինքնավարություն ունեն, ոչ մի ինքնորոշում և անկախություն։ Բայց կամաց-կամաց իրավական հարթությունից ամեն ինչ տեղափոխվեց քաղաքական հարթություն։ Ու պետությունները մեկը մյուսի հետևից սկսեցին ճանաչել Պաղեստինը և Կոսովոն։

​Մոտավորապես նույն բանը եղավ Արևելյան Թիմորի դեպքում՝ քաղաքական շարժառիթներով թելադրված տարբերակված մոտեցում։ Հիշենք՝ սառը պատերազմի տարիներին ԱՄՆ-ը և Արևմուտքն ընդհանրապես չէին ուզում վանել Ինդոնեզիային, որովհետև շատ կարևոր դերակատարություն ուներ տարածաշրջանում։ Բայց 90-ականներին ամեն ինչ փոխվեց, Ինդոնեզիան կորցրեց իր նշանակությունը որպես կարևոր դաշնակից ու բոլորը հանկարծ հիշեցին՝ վայ, խեղճ թիմորցիները տանջվում են Ինդոնեզիայի ձեռքին, պետք է ճանաչել նրանց անկախությունը։

​Ազգերի ինքնորոշման ճանաչման-չճանաչման  հետ կապված  մի շատ լավ մեկնաբանություն ունի Մեծ Բրիտանիայի Քիլի համալսարանի միջազգային իրավունքի դասախոս Ռեբեքա Ռիչարդսը, նա փաստում է. «Կա էսպիսի մի հին ասացվածք. եթե ինչ-որ բան արտաքնապես նման է բադին ու կռկռում է, ուրեմն բադ է։ Այս սկզբունքը կիրառելի է նաև պետությունների դեպքում»։ Համաձայնեք՝ շատ առողջ միտք է. եթե դու ունես պետության բոլոր հատկանիշները, որոնք ամրագրված են միջազգայնորեն, ուրեմն դու պետություն ես։ Այնինչ, Կոսովոյի և Արևելյան Թիմորի դեպքում Արևմուտքն ի վերջո խոստովանեց՝ այո, սա բադ է, իսկ Արցախի դեպքում մինչև հիմա անմեղ ու միամիտ կեցվածքով հարցնում է՝ բա դա բա՞դ է։ Այնինչ Արցախն ունի պետության բոլոր հատկանիշները։

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (228)

Ըստ թեմայի

Արձակուրդներն ավարտվում են. սկսվում է ճանաչված ՀՀ-ի և չճանաչված Արցախի անկախության ամիսը
Ինչպես ենք ավելացնելու Հայաստանի բնակչությունը, երբ ամբողջ աշխարհում հակառակ միտումն է
Սևրի պայմանագիր՝ լուսավոր հույսեր և կորսված հնարավորություններ
թեգերը:
Կոսովո, ինքնորոշում, Անկախության օր, Լեռնային Ղարաբաղ, Արցախ

Գլխավոր թեմաներ