23:24 23 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD485.42
  • GBP618.13
  • EUR568.62
  • RUB6.36
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (231)
19640

​Եկեք անկեղծ լինենք։ Ոչ բոլորը գիտեն, թե երբ և որտեղ է իրականացվել ամենահզոր միջուկային պայթյունը։ Խոսքը ստորգետնյա պայթյունների մասին չէ, այլ այն պայթյունների, որոնք ժամանակին իրականացվում էին հենց մթնոլորտում կամ Երկրի մակերեւույթին։

Ինչպես պայթեցվեց «ռումբերի ռումբը»

Բոլորս գիտենք, որ ուղիղ 75 տարի առաջ ամերիկացիները ատոմային ռումբեր նետեցին ճապոնական երկու քաղաքների՝ Հիրոսիմայի և Նագասակիի վրա։ Բայց դա մարդկության պատմության ընթացքում առաջին և վերջին դեպքն էր, երբ միջուկային զենքն օգտագործվեց ռազմական նպատակներով։ Հետո սկսվեց միջուկային զենքի կատարելագործման և փորձարկման գործընթացը։

​1952 թվականի աշնանը Ամերիկան առաջին անգամ փորձարկեց ջրածնային ռումբը, որն ատոմայինից շատ ավելի հզոր էր։ «Այվի Մայք» կոչվող այդ ռումբը կշռում էր ավելի քան 60 տոննա և ուներ 10 մեգատոննա հզորություն, այսինքն՝ իրականում դա ռումբ էլ չէր, այլ պարզապես մահաբեր սարք։ Պայթեցումն իրականացվեց Պոլինեզիայի կղզիներից մեկում, մասնագետները դրան հետևում էին նավից։ Ամերիկացի ֆիզիկոս Հարոլդ Էգնյուն հետո պատմում էր, որ պայթյունի հետևանքով առաջացած ամպը բարձրացել էր մինչև 50 կիլոմետր, իսկ դրա տրամագիծը հասնում էր 100 կիլոմետրի։ «Մենք զգացինք, թե ինչպես է շատ արագ բարձրանում ջերմաստիճանը և դա սարսափելի էր»,- պատմել է գիտնականը, որը նավում գտնվել էր պայթյունից մոտ 50 կիլոմետր հեռավորության վրա։ Այն կղզին, որտեղ իրականացվել էր ջրածնային ռումբի փորձարկումը, պարզապես վերացել էր Երկրի երեսից։

​Բայց ամերիկացիների իրականացրած ամենահզոր պայթյունը որոտաց 1954 թվականին Բիկինի կղզում։ Կղզու ողջ բնակչությունը տարհանվեց, սակայն հետո պարզվեց, որ տուժել են ճապոնացի ձկնորսները, որոնց նավը հենց այդ ժամանակ պատահաբար հայտնվել էր այդ վայրում։ Նրանցից շատերը ճառագայթում ստացան և մահացան։  Մոտ 25 տարի առաջ՝ 90-ականների կեսերին, Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հրապարակեց իր եզրակացությունը, ըստ որի՝ Բիկինին այլևս պիտանի չէ մշտական բնակեցման համար, քանզի ռադիոակտիվ աղտոտումն այնտեղ չի վերանա դեռ շատ երկար ժամանակ։

Պաղեստինցիների առևանգած օդանավը. ինչպես Նեթանյահուի եղբայրը կյանքի գնով փրկեց 103 հրեայի

​Սակայն մարդկության պատմության ընթացքում միջուկային ամենահզոր պայթյունն իրականացրել է Խորհրդային միությունը՝ մոտ 60 տարի առաջ՝ պետության այն ժամանակվա ղեկավար Նիկիտա Սերգեևիչ Խրուշչովի օրոք։ Դեպքից շաբաթներ անց հրապարակվեցին պայթյունի կադրերը, թեև հենց ինքը՝ Խրուշչովը, երբեք էլ չէր թաքցրել ջրածնային ամենահզոր ռումբի փորձարկման փաստը և բացեիբաց ասել էր այդ մասին Կոմունիստական կուսակցության 22-րդ համագումարում, խոստովանելով՝ «Այո, մենք ասել ենք, որ ունենք 100 միլիոն տոննա տրոտիլի հզորության ռումբ։ Դա իրականություն է։ Բայց մենք այդ ռումբը չենք պատրաստվում երբևէ օգտագործել»։

​Իրականում դա ռումբ էլ չէր։ Պատկերացրեք մի սարք, որի կշիռն է գրեթե 30 տոննա, տրամագիծը՝ համարյա 10 մետր։ Համաձայնեք՝ նման սարքն օգտագործելը չափազանց դժվար է, այն պարզապես շատ դժվար է տեղ հասցնել, որովհետև  խոցելի է։  Եվ այնուամենայնիվ ջրածնային այս հրեշը պայթեցվեց 1961 թվականի հոկտեմբերի վերջին Ռուսաստանի ամենահյուսիսում՝ Նովայա Զեմլյա արշիպելագում գտնվող «Սուխոյ նոս» միջուկային փորձադաշտում։

​Հսկայական ռումբը տեղ հասցվեց ինքնաթիռով։ Ռումբի վրա «պարաշյուտներ» էին տեղադրված, որպեսզի դանդաղեցնեին դրա անկման արագությունը, ինչը պիտի թույլ տար ինքնաթիռին հեռանալ։ Այդպես էլ եղավ։ Համենայնդեպս մինչև հիմա հավաստի տեղեկություններ չկան այն մասին, որ օդաչուներից որևէ մեկը տուժել է։ Ինչևէ՝ BBC-ն պնդում է, թե պայթյունն այնքան հզոր էր, որ ապակիներ կոտրվեցին Նորվեգիայի և Ֆինլանդիայի բնակիչների տներում։ Հարվածային ալիքը երեք անգամ պտտվեց մեր մոլորակի շուրջը։ Այսպես կոչված միջուկային սունկը, այսինքն՝ պայթյունից առաջացած ամպը շատ երկար մնաց մթնոլորտում և այն տեսանելի էր հարյուրավոր կիլոմետր հեռավորության վրա։ Այս սարքը ստացավ «Ռումբերի թագավոր» անվանումը, որովհետև, իրոք, որքան հայտնի է, դրանից հետո նման հզորության ռումբ չի ստեղծվել։  

Իսրայելի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դավադրությունը. ինչպես աշխարհը խուսափեց մեծ վտանգից

​Այս ամենից հետո տերություններն այնուամենայնիվ հասկացան, որ այսպես չի կարող շարունակվել և 1963 թվականին պայմանագիր կնքեցին, ըստ որի՝ միջուկային փորձարկումներն արգելվում են մթնոլորտում, տիեզերական տարածքում և ջրի տակ։ Հետագայում այդ պայմանագրին միացան տասնյակ երկրներ։ Այսինքն՝ այնուամենայնիվ մարդկության ինքնապահպանման բնազդը հաղթեց։

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (231)

Ըստ թեմայի

Հայերի տիեզերական հրթիռը. իրական պատմություն
Աշխարհը միջուկային պատերազմից փրկած Պետրովը կյանքի վերջին տարիներին պահակ էր աշխատում
Հայաստանին ատոմային ռումբ հարկավո՞ր է, կամ ի՞նչն է խանգարում «միջուկային» ակումբ մտնելուն
Հայ ֆիզիկոսի ներկայացրած նոր տեխնոլոգիան կպայքարի միջուկային ահաբեկչության դեմ
թեգերը:
պայթյուն, Երկիր մոլորակ, Նիկիտա Խրուշչով, Նագասակի, Հիրոսիմա, ԽՍՀՄ, ռումբ

Գլխավոր թեմաներ