18:21 29 սեպտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD487.62
  • GBP626.93
  • EUR570.03
  • RUB6.14
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (234)
101630

Եկեք անկեղծ լինենք: Սեպտեմբերի 11-ին ընդունված է խոսել այն մասին, թե ինչ կատարվեց 2001 թվականի սեպտեմբերի 11-ին, բայց շատ քիչ է խոսվում այն մասին, թե ինչ կանխվեց այդ օրը։

Չվերթ թիվ 93՝ քաղաքացիական հերոսություն

Այդ օրը կատարվել է 4 համակարգված, համաձայնեցված միաժամանակյա գործողություն: 19 ահաբեկիչ, որոնք կապ ունեին «Ալ Քաիդա» միջազգային ահաբեկչական ցանցի հետ, բաժանվել էին 4 խմբի և նույն օրը՝ գրեթե  նույն ժամին առևանգել ամերիկյան 4 ուղևորատար օդանավ: Ինքնաթիռները մխրճել էին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի շենքի մեջ, ինչպես նաև հարվածել Մանհեթենի հարավում գտնվող Առևտրի համաշխարհային կենտրոնի  երկու երկնաքերներին: Զոհվել է մոտ 3 հազար մարդ։

​Ուղիղ 5 տարի առաջ՝ 2015 թվականի սեպտեմբերի 11-ին Փենսիլվանիա նահանգում բացվեց մի հուշահամալիր, որի անունն անսովոր է՝ «Չվերթ թիվ 93»: Ասում եմ՝ անսովոր, բայց միանգամից էլ հասկանում եմ, որ գոնե մեզ՝ հայաստանցիներիս, համար անսովոր բան չպիտի լինի, որովհետև մենք էլ «Զվարթնոց» օդակայանի ճանապարհին ունենք հուշարձան, որը նվիրված է շատ կոնկրետ չվերթին՝ Սպիտակի երկրաշարժից հետո հարավսլավացի օդաչուները մեզ օգնություն էին հասցնում ու կործանվեցին էջմիածնի խճուղու մոտ:

Ուղղակի սեպտեմբերի 11-ին Փենսիլվանիայում կործանված ինքնաթիռի դեպքն այլ է: Նախ այն մասին, թե ինչ էին ուզում անել սեպտեմբերի 11-ին այդ ինքնաթիռն առևանգած ահաբեկիչները: Ըստ գլխավոր վարկածի՝ ուզում էին այդ ինքնաթիռը մխրճել ամերիկյան խորհրդարանի՝ Կապիտոլիումի, այսինքն` Կոնգրեսի շենքի մեջ: 100 տոկոսով հիմա իհարկե, որևէ մեկը չի կարող դա պնդել՝ մահացել են թե՛ այդ ինքնաթիռի անձնակազմի անդամները, թ՛ե մոտ 40 ուղևորները, թե՛ ահաբեկիչները:  Բայց օդաչուների խցիկում տեղի ունեցած խոսակցությունների ձայնագրությունները վկայում են՝ խցիկ ներխուժած ահաբեկիչներն անընդհատ տալիս էին թիրախի կոդավորված անունը՝ «լոու ֆաքուլթի», այսինքն` իրավաբանական ֆակուլտետ: Շատ դժվար է պատկերացնել, որ ինքնաթիռն առևանգած և դեպի Վաշինգտոն այն ուղղած ահաբեկիչները ցանկանում էին որևէ համալսարանի հարվածել, և ուրեմն միանգամայն ճշմարտանման է թվում քննիչների առաջարկած այն վարկածը, որ խոսքը Ամերիկայի գլխավոր օրենսդիր մարմնի՝ Կոնգրեսի մասին էր:

​Բայց չստացվեց հարվածել պառլամենտին: Ինչու:  Հենց սա է ամենահետաքրքիրը: Միանգամից ասեմ՝ այն, ինչ հիմա նկարագրում եմ, տեղի է ունեցել առավոտյան թռիչքի ընդամենը 35 րոպեների ժամանակ: Առաջին տասը րոպեներին թիվ 93 չվերթի ուղևորներն այս կամ այն կերպ արդեն տեղեկացել էին Նյու Յորքում տեղի ունեցածի մասին՝ որ երկու ինքնաթիռներ մխրճվել են Նյու Յորքի երկվորյակ երկնաքերների մեջ: Այսինքն՝ տեսնելով, որ ինչ-որ մարդիկ ներխուժում են իրենց ինքնաթիռի օդաչուների խցիկը, այս չվերթի ուղևորները հասկացան, որ իրենց օդանավն էլ առևանգվում է շատ կոնկրետ նպատակով:

Պուտինը գործընկերոջը զգուշացնում էր սեպտեմբերի 11-ի սպառնալիքի մասին. ԿՀՎ նախկին վերլուծաբան

​Անծանոթ մարդիկ սկսեցին շփվել միմյանց հետ, համախմբվեցին ու ի վերջո որոշում կայացրեցին՝ պետք է գործել: Նրանք ունեցան առաջնորդ՝ ուղևորներից մեկը՝ Թոդ Բիմերը կոչ հնչեցրեց. «Գնացինք», և ուղևորները մի քանի հոգով նետվեցին դեպի օդաչուների խցիկը, որը գրավել էին ահաբեկիչները: Թե ինչ  կատարվեց հետո՝ 100 տոկոսանոց հավանականությամբ որևէ մեկը մինչև հիմա չի կարող ասել: Քննիչների պաշտոնական եզրակացությունը սա է՝ ահաբեկիչները, հանդիպելով ուղևորների անսպասելի դիմադրությանը, ենթադրաբար որոշել են հրաժարվել իրենց նախնական նպատակից՝ Կոնգրեսի շենքին հարվածելուց և ինքնաթիռը ուղղել են ներքև՝ դեպի գետին:

​Ողբերգություն է տեղի ունեցել: Բայց նաև հերոսություն: Կարելի է ասել՝ քաղաքացիական հերոսություն: Այսինքն՝ առնվազն ոչ բոլոր դեպքերում են արդարացված մեր հավերժական տրտունջները՝ ինչ կարող է անել հասարակ մարդը, շարքային քաղաքացին: Շարքային քաղաքացիները ամենածանր պահին կարող են համախմբվել ընդհանուր արժեքների շուրջ:

​Մի ժամանակ, երբ ամերիկացիները մշակում էին իրենց Սահմանադրությունը, այդ Սահմանադրության հայրերից մեկին՝ Բենջամին Ֆրանկլինին, հարց ուղղեցին. «Հիմա ըստ ձեր առաջարկած Սահմանադրության մենք ինչ կունենանք՝ նորմալ հանրապետությո՞ւն, թե՞ բռնապետություն»: Հարցի իմաստը երևի հասկանալի է՝ ամերիկացիներն ունեն հստակ ընդգծված նախագահական համակարգ, որը շատ քիչ երկրներում է գործում: Այսինքն` մտավախությունը հասկանալի էր: Եվ Բենջամին Ֆրանկլինը պատասխանեց. «Մենք կարող ենք ունենալ նորմալ, ժողովրդավարական հանրապետություն, կարող ենք ունենալ նաև բռնապետություն՝ նայած, թե ինչ կցանկանանք բոլորս»:

​Ավելի քան երկու դար առաջ է ասված, բայց, համաձայնեք, լավ է ասված՝ նայած թե ինչ կցանկանանք բոլորս։

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (234)

Ըստ թեմայի

Ինչպես պայթեցվեց «ռումբերի ռումբը», բայց հաղթեց մարդկության ինքնապահպանման բնազդը 
Քաղաքական գործիչներին հավատալու երևույթն անուն ունի, կամ ինչու ենք վստահում սուտասաններին
Վախի վրա հիմնված հասարակությունն ապագա չունի․ ինչից էր վախենում Անգելա Մերկելը
թեգերը:
ԱՄՆ Կոնգրես, Պենտագոն, ինքնաթիռ, Ահաբեկչություն, ահաբեկիչ, ԱՄՆ

Գլխավոր թեմաներ