04:26 28 հոկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.18
  • GBP642.22
  • EUR582.25
  • RUB6.44
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (253)
335430

Եկեք անկեղծ լինենք։ Աշխարհի երևի թե ամենաբարդ հարցերից մեկը սա է՝ որքան թեյավճար թողնեմ և եթե չթողնեմ ընդհանրապես, ինչ կկատարվի։

Ինչու ենք թեյավճար թողնում

Ճիշտն ասած, եթե թեյավճար թողնում ես, միևնույնն է, էլի կարող են անհարմար իրադրություններ առաջանալ։ Ձեզ կարող են պարզապես հասկացնել, որ ողորմության կարիք չունեն։ Իհարկե, դա միայն արտառոց դեպքերում է պատահում։

Հիշո՞ւմ եք «Միմինո» կինոնկարի այն դրվագը, երբ գլխավոր հերոսը գրեթե առանց փողի է մնում օդակայանում, մոտենում է բուֆետի աշխատակցուհուն, սկզբից հարցնում է, թե սուրճն ինչ արժե, տեսնում է, որ թանկ է, թեյ է վերցնում, բայց մեկ է` ուզում է ցույց տալ, թե, ինչպես ասում են, աղա տղա է, ասում է՝ մանրը պետք չէ, բայց աշխատակցուհին էլ պատասխանում է՝ ինձ էլ պետք չէ, այսինքն հասկացնում է՝ տղա ջան, փող չունես, էլ քեզ հարուստի տեղ մի դիր։

Հետաքրքիր է, որ Միմինոն ցանկանում էր թեյավճար թողնել հենց թեյ վերցնելուց հետո։ Իրականում թեյավճար բառը, բնականաբար, հենց թեյի հետ կապ ունի, բայց պատմությունն այսպիսին է։ Թեյավճարի հետ կապված մեր բոլոր դժվարություններում պիտի մեղադրենք անգլիացիներին, որովհետև հենց Անգլիայից է գալիս այդ երևույթը։ Հայտնի է, որ անգլիացիները սիրում են թեյ խմել։ Թեյախմության այդ ավանդույթը ծագել է 16-րդ դարում, այն ժամանակ եթե դուք մեկի տուն հյուր էիք գնում, և հնդկական թեյն ըմբոշխնելու գործընթացը տևում էր մինչև ուշ գիշեր, կարող էիք մնալ տանտիրոջ տանը, բայց հետո որոշակի գումար թողնել նրա ծառաներին, որոնք ձեր մասին հոգ էին տարել։ Հենց այդպես էլ առաջացել է թեյավճարը։

Ինքներդ ձեզ այդքան լուրջ մի ընդունեք. էլ ինչ խորհուրդ են տվել բրիտանացիները

Իսկ ինչո՞ւ ենք մենք լրացուցիչ գումար թողնում այն դեպքում, երբ մեզ որևէ լրացուցիչ ծառայություն չեն մատուցել կամ մատուցել են, բայց դա նշված է այն հաշվի մեջ, որն արդեն վճարել ենք։ Եթե ուզում ենք շնորհակալություն հայտնել մատուցողին, ապա ինչու միայն նրան։ Եթե ինձ դուր է եկել տվյալ ռեստորանի կերակուրը, իսկ մարդը սովորաբար ռեստորան է գնում հենց ուտելիքն ըմբոշխնելու համար, ապա ինչու շնորհակալություն չեմ հայտնում խոհարարին, որը պատրաստել էր տապակած ձուկը, որն ինձ այդքան դուր էր եկել։

Ճիշտ է, ծանոթ մատուցողներից մեկի վկայությամբ՝ միշտ չէ, որ թեյավճարը հենց մատուցողին է բաժին հասնում, կան սրճարաններ և ռեստորաններ, որտեղ այդ թեյավճարը բաժանվում է բոլոր աշխատողների միջև, բայց եթե ես թեյավճարը թողել եմ հենց այն պատճառով, որ հիացած եմ մատուցողի գերազանց աշխատանքով, ես հո նրան չեմ հարցնում՝ այս ամբողջ փողը ձե՞զ է մնալու, թե՞ բաժանելու եք։ Եվ այնուամենայնիվ այն քաղաքում, որտեղ մարդը մշտապես է ապրում, թեյավճարի հարցն առանձնապես խնդիր չէ, որովհետև բոլորս էլ ի վերջո գիտենք, թե մեզանից ինչ է ակնկալվում։ Շատ ավելի բարդ է հարցը արտասահմանում։ Որովհետև չգիտես՝ տվյալ երկրում ինչ է ընդունված, ինչպիսին են, այսպես ասենք, թեյավճարային ավանդույթները։ Իսկ դրանք տարբեր երկրներում լրիվ տարբեր են։

«Դուք էլ դա կարող էիք, բայց ես արեցի»․ կոլումբոսյան ձվի առեղծվածը

Պատկերացրեք՝ նույնիսկ ԲիԲիՍի-ն էր անդրադարձել այս նուրբ հարցին։ Բրիտանական այս լրատվամիջոցի վկայությամբ՝ Միացյալ Նահանգներում թեյավճարի ընդունված չափն ամենամեծն է՝ այնտեղ մարդիկ մատուցողին թողնում են հաշվում նշված գումարի 15-ից 25 տոկոսը։ Բրազիլիայում՝ 10 տոկոսը, Շվեդիայում՝ 5-ից 10 տոկոսը։ Իսկ Արևելքում ավանդույթները շատ են տարբերվում։ Ճապոնիայում թեյավճար ընդհանրապես չեն վճարում, և եթե դուք սեղանին մանր թողնեք, շատ հնարավոր է՝ մատուցողուհին ձեր հետևից վազի և ասի. «Պարոն, դուք սեղանին փող եք մոռացել»։

Բայց վերադառնանք գլխավոր հարցին՝ ինչո՞ւ ենք մենք թեյավճար թողնում։ Պատճառները տարբեր են։ Ոմանց համար դա, այսպես ասենք, սեփական սոցիալական կարգավիճակի հաստատման հարց է։ Այսինքն՝ մոտավորապես Միմինոյի հերոսի նման՝ թեկուզ փող էլ չունենամ, թեկուզ ընդամենը մի բաժակ թեյ պատվիրեմ, միևնույնն է, պետք է ապացուցեմ, որ առատաձեռն մարդ եմ, ժլատություն չեմ անում, նույնիսկ երբ նեղն եմ ընկնում։ Բայց կան նաև այլ դրդապատճառներ՝ փող եմ տալիս, որովհետև համոզված եմ, որ մատուցողի աշխատանքը ցածր է վարձատրվում, ուզում եմ ինչ-որ չափով օգնել։ Երևանում միգուցե այս տրամաբանությունը ճիշտ է, բայց դրսում չխաբվեք։ Գիտե՞ք, օրինակ, թե որքան է ստանում սովորական միջին մատուցողը նյույորքյան ռեստորանում՝ ժամում մոտավորապես 30 դոլար։ Կասկածում եմ, որ ողջ Հայաստանում շատ մարդ կգտնվի, որն այդպիսի աշխատավարձ ստանա։

Ի՞նչ է երջանկությունը, այն կա՞, թե՞ չկա, կամ ինչի՞ է ձգտում մարդկությունը

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (253)

Ըստ թեմայի

Նույնիսկ ձախողման դեպքում երբեք չի կարելի հուսահատվել
Սալեմի վհուկները. ինչպես մարդկանց մահապատժի ենթարկեցին աղջիկների պատճառով
Ինչպես պայթեցվեց «ռումբերի ռումբը», բայց հաղթեց մարդկության ինքնապահպանման բնազդը 
թեգերը:
մատուցող, սրճարան, Հայաստան

Գլխավոր թեմաներ