14:38 03 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD509.14
  • GBP679.29
  • EUR613.77
  • RUB6.73
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Խաղաղապահներն Արցախում (62)
3435210

Երևանից Ստեփանակերտ գնացող ռուսական շարասյանը հետևելով` մարդիկ միայն մի բան էին ասում․ «Ինչո՞ւ այսքան զոհ տվեցինք, եթե պիտի վերջը սա լիներ»։

Ռուս խաղաղապահները, որոնք, եռակողմ հայտարարության համաձայն, պետք է հրադադար ապահովեն հակամարտության գոտում, կանգ են առել Արցախի ճանապարհին, ծխախոտ ու ջուր գնել խանութներից, խոսել են ու իրենց առաքելությունը բացատրել մարդկանց։ Մեր թղթակիցն անցել է նրանց երթուղով ու խոսել տեղացիների հետ, որոնք առաջինն են դիմավորել ռուս զինծառայողներին։

Այսուհետ Սյունիքի լոգիստիկան կարևոր է ոչ միայն Երևանի, այլև Մոսկվայի համար

Երևանի «Էրեբունի» օդանավակայանից Արցախ տանող ճանապարհը կարճ չէ՝ 350 կիլոմետր։ Ճանապարհամերձ գյուղերի բնակիչները հետաքրքրությամբ են հետևել ռուս զինվորականներին։ Ռուսական ռազմակայանի ամբողջ զորախումբը գտնվում է Հայաստանի հյուսիսում՝ Գյումրիում։ Այնտեղ սովոր են ռուս զինվորների ներկայությանը։ Երևանում էլ ռուսական ավիախումբ ու ռուսական զորամաս կա։

Երկրի հարավային հատվածում՝ Սյունիքում, նույնքան հաճախ չեն հանդիպում ռուսների։ Միայն Մեղրիում ծառայող սահմանապահներն են։ Այնտեղ ռուսական սահմանապահ զորքերը հայ-իրանական սահմանի մի փոքր հատվածն են պահպանում (մոտ 45 կմ)։

Խաղաղապահների տեղակայումը Ղարաբաղում կատարվել է միջազգային իրավունքի շրջանակում. Զախարովա

Արդեն պարզ է, որ հիմա Արցախում տեղակայված խաղաղապահ զորախմբի զինվորները հաճախ են այստեղի հյուրերը լինելու։ Այսուհետ Գորիսով, նաև ամբողջ Սյունիքի մարզով անցնող լոգիստիկան շատ կարևոր նշանակություն է ստանում ոչ միայն Երևանի, այլև Մոսկվայի համար։ 1960 զինծառայողը քիչ չէ, իսկ նրանց երթուղին հիմնականում այս մայրուղին է ապահովելու։

Դա հասկանում են բոլորը, առաջին հերթին՝ տեղացիները։ Այդ պատճառով սյունեցիներն ուզում էին հասկանալ՝ ով է հյուր եկել տարածաշրջան (հնարավոր է՝ երկար ժամանակով)։ Բոլորն ուզում էին շփվել ռուս խաղաղապահների հետ։

Ինչո՞ւ այսքան ուշ եկան խաղաղություն հաստատելու

— Համակրելի, բոյով, բաց գույնի մազերով տղաներ էին, - ասում է Գորիսի մուտքից մի քանի կիլոմետր այս կողմ գտնվող առևտրի կետի վաճառողուհին, որը հյութ, ջուր, քաղցրավենիք, թխվածք ու սիգարետ է վաճառում։

— Շատ բարեկիրթ տղաներ էին, 25-30 տարեկան, - շարունակում է նա։– Հարցրի՝ Ղարաբա՞ղ եք գնում։ Ասացին՝ այո։ Ասացին, որ խաղաղապահներ են, ապրելու են Ստեփանակերտի ռազմաբազայում։ Խոստացան` անցնելիս միշտ միայն ինձ մոտից սիգարետ ու ջուր առնել։

Կինը նաև հարցրել է՝ ինչո՞ւ են այդքան ուշ եկել խաղաղություն հաստատելու, ախր այսքան երիտասարդներ մահացան, ինչքանն էլ վիրավոր պառկած են հոսպիտալներում...

— Նա ցավակցեց ինձ ու բոլոր գյուղացիներին, որոնք մոտեցել էին մեզ։ Ասաց, որ իրենք զինվորներ են, ղեկավարությունից հրաման ստանալուն պես եկել են։ Քաղաքական գործիչներն ու ղեկավարությունը պիտի ավելի շուտ որոշում կայացնեին, որ այդքան զոհեր չլինեին․․․ Ընդհանուր առմամբ շատ բարեկիրթ, խելացի տղաներ էին, - ամփոփեց տարեց վաճառողուհին։

Զինվորականն ասել է, որ իրենք հնարավոր ամեն բան կանեն․․․

Բուն Գորիսում շարասյունն ավելի երկար է մնացել․ ամենայն հավանականությամբ զինվորականները ճաշել են այնտեղ։ Մի քանի մեքենաներ կանգնել են մայրուղու մոտ գտնվող կամրջի վրա՝ խաչմերուկում, որի ճանապարհներից մեկը Երևան է բերում, մյուսը Կապան-Մեղրի է դուրս գալիս, երրորդը Բերձոր (Լաչին) ու Ստեփանակերտ է տանում։ Պայմանագրային զինվորներն ու սպաներն այստեղ էլ են մանր–մունր առևտուր արել։

— Երկու հոգի ինձ մոտ մտան, - ասում է խաչմերուկում գտնվող փոքր սրճարանի տաղավարի մոտ նստած մի տարեց մարդ, - կոչումներից այդքան էլ գլուխ չեմ հանում, բայց երևի սպաներ էին։ Քաղաքավարի բարևեցին, հարգանքով էին խոսում, ինձ «отец» էին ասում։ Ցավոք, նրանց միայն գարեջուր, սուրճ ու ջուր կարող էի առաջարկել, խոհանոց չունեմ։ Խոստացան մյուս անգամ անպայման ինձ հետ սուրճ խմել, խոսել, իսկ հիմա սոված էին, ամբողջ օրը ճանապարհին էին եղել։ Խոստացան նաև` մի օր, երբ հանգստյան օր ունենան, գան հատուկ ինձ հետ գարեջուր խմելու․ Ստեփանակերտը շատ մոտ է մեզ։ Ցույց տվեցի նրանց այն սրճարանը, որտեղ լավ խորոված են վաճառում, այնտեղ գնացին։

Ղարաբաղի խաղաղապահ կոնտինգենտն ունի ամենաժամանակակից սպառազինությունը․ ՌԴ Գլխավոր շտաբ

Սրճարանի սեփականատերն ասաց, որ հետո, երբ արդեն հեռանալիս են եղել, հատուկ մտել են իր մոտ, ճանապարհի համար ջուր գնել ու կրկնել գալ–շփվելու խնդրանքը։

— Ես էլ վերջում ասացի, որ այնտեղ՝ Ղարաբաղում, ուշադիր հետևեն իրավիճակին։ Որ ղարաբաղցիներին չնեղացնեն, առանց դրա էլ նրանք այս մեկուկես ամսում ծանր ժամանակներ ապրեցին։ Շատերը զրկվեցին հայրերից, որդիներից․․․ Խոստացան․․․ Ու գիտե՞ք՝ հավատում են նրան։ Լավ տղա էր։ Ասաց, որ ինքն ու իր զինվորները հնարավոր ամեն բան կանեն, որ կյանքը նորմալ հուն ընկնի։

Մի խոսքով՝ ռուս խաղաղապահների ու հայ բնակչության հետ կապը հաստատվել է։ Ինչպես ասում են, իրարից գոհ են մնացել։ Ու արդեն ակնհայտ է, որ Հայաստանի հարավային շրջանների բնակչությունը հասկանում է խաղաղության պահպանման ու անվտանգ կյանքի ապահովման հարցում խաղաղապահների կարևորությունը։

․․․Դատելով տեղացիների խոսքերից՝ զորախմբում խիստ բանակային կարգապահություն է տիրում։ Ամեն ինչ հստակ է՝ հրամանով։ Յուրաքանչյուր զինվոր գիտի իր տեղը շարասյունում։ Անձնակազմը, զրահատեխնիկան ու ավտոմեքենաները Ստեփանակերտ են տեղափոխվում հնարավորինս արագ։

թեմա:
Խաղաղապահներն Արցախում (62)

Ըստ թեմայի

Ռուս խաղաղապահների ավտոշարասյունը Գորիսից ուղևորվում է Արցախ. տեսանյութ
Արցախում կրակի դադարեցումը և ռուս խաղաղապահների տեղակայումը վերջ կդնեն արյունահեղությունը
Ղարաբաղում միայն ռուս խաղաղապահներ են լինելու. Երևանում հերքում են Ալիևի հայտարարությունը
թեգերը:
Սյունիքի մարզ, խաղաղապահ, Արցախ

Գլխավոր թեմաներ