16:00 04 դեկտեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD510.00
  • GBP683.40
  • EUR617.61
  • RUB6.79
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (275)
13340

Կիրակի օրը ֆուտբոլի մեր հավաքականը հաղթեց վրացիներին։ Խոստովանենք՝ մեր երկու թիմերն էլ հիմա այն չեն, ինչ տարիներ առաջ էին։

Հաղթանակի հավատը

Շատերն այժմ արդեն, իհարկե, չեն հիշում, բայց մի ժամանակ մենք ունեինք Սարգիս Հովիվյան, որի խաղաոճը բրազիլացիներից գրեթե չէր տարբերվում։ Հետո ունեինք Իշտոյան, Մարգարով, Զանազանյան, Անդրեասյան, նաև Կովալենկո ու Բոնդարենկո, որոնք Արաբկիրի մեր տան հարևանությամբ էին ապրում։ Վրացիներն էլ ունեին Կիպիանի, Ասաթիանի, Մետրեվելի և Մեսխի։

​Մեսխիին գիտե՞ք ինչու հիշեցի։ Ժամանակին էդպիսի թերթ կար՝ «Սովետսկի սպորտ», որը բոլորը կարդում էին. ուրիշ կարդալու բան էլ չկար՝ դե հո «Պրավդա» ու «Իզվեստիա» չէին կարդալու։ Եվ այդ «Սովետսկի սպորտին» տված հարցազրույցում Մեսխին խոստովանել էր, որ վազում է հավի հետևից։ Այո, այո, ինքը բացատրել էր, որ հավի հետևից վազելն իր մարզումների մի մասն է, որովհետև մարդ երբեք չի կարող կռահել, թե հավը որ ուղղությամբ կվազի՝ մեկ այս կողմ է գնում, մեկ էլ անսպասելիորեն հակառակ կողմը։ Բա պրոֆեսիոնալ ֆուտբոլիստն էլ պիտի միշտ պատրաստ լինի հակառակորդի անսպասելի գործողություններին։

​Մի ժամանակ Հայաստանի և Վրաստանի թիմերի՝ Երևանի «Արարատի» ու Թբիլիսիի «Դինամոյի» խաղերը իրադարձություն էին՝ միգուցե տեղական՝ անդրկովկասյան նշանակության իրադարձություն, բայց միևնույն է` իրադարձություն։ Երբ խաղը Վրաստանի մայրաքաղաքում էր տեղի ունենում, Երևանից ավտոբուսներ էին ուղևորվում այնտեղ, տոմսերի գինը բարձրանում էր ֆանտաստիկ մակարդակի։ Չգիտեմ, արդյոք հիմա շատերն են տեղյակ, թե ինչ է բոլոնյան, բայց այն ժամանակ «Բոլոնյա» կոչվող  նորաձև անձրևանոցները փոխանակվում էին «Արարատի» և «Դինամոյի» հանդիպման մեկ տոմսի հետ։

​Բայց դառնանք անցած կիրակի կայացած ֆուտբոլային հանդիպմանը Թբիլիսիում՝ Ազգերի լիգայի առաջնության շրջանակներում։ Շատ տարօրինակ կարող է թվալ, բայց բանակային տարիներս հիշեցի։ 1973 թվականն էր, ծառայում էի Կալինինոյի մարզի Դելեդինոյի շրջանի Խոլմ  գյուղում։ Գյուղացիներից մեկի տանը ծառայակցիս՝ Աշոտ Մարտիրոսյանի հետ նստել ու նայում էինք Երևանի «Արարատի» և Կիևի «Դինամոյի» խաղը։ Հիշում եք, իհարկե, Խորհրդային միության ֆուտբոլի գավաթի եզրափակիչն էր։ Ուկրաինացիները գոլ խփեցին, ես էլ տրտնջացի՝ էս ինչ վատ են խաղում մերոնք։ Աշոտը կատաղեց, ասաց. «Հերիք է վատ բաներ ասես, հենց քո նմանների պատճառով ենք պարտվում, գնա գյուղամիջում ման արի ու մինչև այս խաղի վերջը ներս չգաս»։ Գնացի։

Զարմանալի ընտրություններ, կամ ԱՄՆ նախագահ դարձավ Ջո Բայդենը, բայց վերընտրվեց Դոնալդ Թրամփը

​Երբ վերադարձա, տեսնեմ Աշոտը պարում է։ Հարցրեցի՝ ինչ է եղել, ասաց. «Տեսար ինչ լավ եղավ, որ քեզ դուրս ուղարկեցի, մերոնք 2։1 հաղթել են Կիևի «Դինամոյին» ու դարձել են ոչ միայն Սովետի չեմպիոն, այլև գավաթակիր»։ Ինչու եմ սա պատմում։ Երբ անցած կիրակի մերոնք առաջին խաղակեսում գոլ խփեցին վրացիներին, ընդմիջմանը «Ֆեյսբուքում» գրեցի. «Մենք հաղթում ենք»։ Օգտատերերից մեկն էլ արձագանքեց, թե խաղամիջում էդպիսի բաներ չի կարելի գրել՝ հլա տեսնենք, թե ինչ է լինելու վերջում։ Ու անմիջապես հիշեցի ղարաբաղյան առաջին պատերազմը։

​1993-ի ապրիլն էր։ Մեր վերահսկողության տակ էինք վերցրել Քելբաջարը։ Մտահոգություն կար՝ բա ինչպես կարձագանքի միջազգային հանրությունը։ Այն ժամանակվա մեր պաշտպանության նախարարն ասուլիս տվեց ու ասաց. «Մի հարեւան ունեմ, գալիս է մեր տուն, միասին ֆուտբոլ ենք նայում։ Հենց որ մերոնք գոլ են խփում, միանգամից սկսում է մտահոգվել՝ բա հիմա հակառակորդն էլ գոլ կխփի։ Ես էլ ասում եմ՝ այ մարդ, մերոնք գոլ են խփել, արի հիմա լիաթոք ուրախանանք, հետո կտեսնենք, թե ինչ է լինելու»։

​Եվ ուզում եմ հավատով ավարտել։ Այն ժամանակ՝ տարիներ առաջ, ֆուտբոլային խաղերը մեկնաբանում էր վրացի Կոտե Մախարաձեն։ Մի անգամ պատմել է. «Գնացքով Մոսկվա էի ուղևորվում, հանդիպեցի մի շատ համակրելի ջահել կնոջ, հարցրեցի՝ անունդ ինչ է, ասաց՝ Վերա։ Ես էլ խոստացա՝ այս մոսկովյան խաղը մեկնաբանելիս վերջին 5 րոպեին անընդհատ տալու եմ քո անունը»։  Եվ իրոք Կոտե Մախարաձեն խաղի վերջին անընդհատ կրկնում էր՝ հաղթանակի հավատը, հաղթանակի հավատը։ Եկեք հավատանք։

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (275)

Ըստ թեմայի

Խաղաղապահներ. աշխարհի տարբեր երկրների փորձն ու բազմաթիվ իրարամերժ հարցերը
Հրադադարի ստացված ու չստացված փորձերը
Թուրքիան ԵՄ չհասավ, բայց ցանկանում է դառնալ աշխարհի հզորների ակումբի անդամ
թեգերը:
Արցախյան պատերազմ, Արցախ, Լեռնային Ղարաբաղ, Վրաստանի Հանրապետություն, ֆուտբոլ, Հայաստան, ՀՖՖ

Գլխավոր թեմաներ