19:35 26 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.12
  • GBP678.90
  • EUR604.82
  • RUB6.72
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
92710

Sputnik Արմենիայի սյունակագիրը մտորում է այն պատասխանատվության մասին, որ ներկայիս իշխանությունը կրում է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի համար և ընդգծում է պետական կառավարման փորձի առկայության կարևորությունը։  Չէ՞ որ դրա բացակայությունը շատ թանկ է նստում մեր երկրի վրա։

Երբ Նիկոլ Փաշինյանը 2,5 տարի առաջ՝ բազմամարդ ցույցերից մեկի ընթացքում, ամբոխի ծափողջույնների ներքո ասաց, որ Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի վարչապետ է և այդպիսով Հայաստանում երեք միլիոն վարչապետ կա, ինձ դա աղաղակող պոպուլիզմ թվաց։ Մաքրամաքուր պոպուլիզմ, առանց որևէ խառնուրդի։

Սակայն ժամանակը ցույց տվեց, որ նա ճշմարտությունից հեռու չէր։ Թեև կան և այնպիսիք, ովքեր իրենց համարում են ընդամենը պաշտպանության նախարարներ, արտաքին գործերի, լուսավորության, մշակույթի նախարարներ։ Եվ միան չնչին մասն է ինքն իրեն տեսնում գյուղատնտեսության կամ տրանսպորտի նախարար։ Սա ասում եմ, դատելով սոցցանցում մեր համաքաղաքացիների վիրտուալ կյանքից։

Նրանք ամենայն լրջությամբ ղեկավարում են երկիրը՝ կրակում են «Իսկանդերներից», ՄԱԿ-ի ամբիոնից խարանում մեր թշնամիներին, Հայաստանից Իրան երկաթուղի են կառուցում։ Այսինքն՝ գործող իշխանությանը խորհուրդներ են տալիս, թե ինչպես ճիշտ ղեկավարել պետությունը։

Այդ դեպքում ես էլ, որպես ՀՀ քաղաքացի, իրավունք ունեմ ինքս ինձ վարչապետ համարել, նշված երեք միլիոնից մեկը, քանի որ Հայրենիքի ճակատագիրը այս ծանր ժամանակներում ինձ շատ է անհանգստացնում։

Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի «սեփական կետը»

«Ո՞վ է մեղավոր» հարցին ես պատասխան ունեմ․ երկրի բոլոր նախկին ղեկավարներն ու նրանց ընտրողները։ Կարևոր չէ՝ վերջիններս նրանց օգտին սրտի թելադրանքով են քվեարկել, թե հանուն հինգ հազար դրամի։ Դե, իսկ որպես այս խայտառակության տորթի գլխավոր զարդարանք ես տեսնում եմ ներկայիս իշխող «Իմ քայլը» դաշինքը՝ Փաշինյանի գլխավորությամբ։

Մեծ քաղաքականությունն ու դիվանագիտությունը, կներեք, բայց ինձ «գողական հավաք» են հիշեցնում։ «Բազարի» համար պետք է պատասխան տաս։ Իսկ մեր վարչապետը, ոչ այն է անփորձության, ոչ այն է ինչ-որ այլ պատճառով, «բազարը չէր ֆիլտրում»։ Սխալը սխալի հետևից։  Ինչի արդյունքում էլ հիմա ստիպված է լինելու բոլորի փոխարեն «վիզ վերցնել»։

Իսկ ահա հավերժական «ի՞նչ անել» հարցի հետ ամեն ինչ շատ ավելի բարդ է։ Արդյո՞ք կարող է հումանիտար կրթությամբ և ամբողջ կյանքում առավելագույնը 35 մարդուց բաղկացած խմբագրական աշխատակազմ ղեկավարած մարդը (սա իմ մասին եմ ասում, ի դեպ, ոչ մեկին չեմ ակնարկում) լավ ղեկավարել պետությունը այսքան խրթին, ճակատագրական ժամանակներում։ Ոչ, իհարկե։ Փորձառու խորհրդականներ են պետք։

Ուստի առաջին հերթին խորհրդի համար դիմեցի Վազգեն Մանուկյանին։ Բայց Երրորդ հանրապետության առաջին վարչապետը շտապում էր, կարճ կապեց․ «Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ երկու պաշտպանական գործարաններ շտապ հրաման ստացան․ երեք օրում պետք է պատրաստել 30 հազար պայմանական պտուտակ։

Պաշտպանական գործարանների առավելագույն հզորությունը ստանդարտ էր՝ օրական երեք հազար պտուտակ, ուստի առաջին գործարանը, թեև երեք օր աշխատեց քսանչորս ժամ շարունակ, բայց պատրաստեց ընդամենը ինը հազար։ Երկրորդ գործարանում հաստոցները կանգնեցրին, երկու օր բոլորը միասին խելք-խելքի տվեցին, մշակեցին նոր մեթոդիկա և մեկ օրում պատրաստեցին պահանջվող երեսուն հազարը։ Ընդամենը պետք էր վերակազմակերպվել և լուծել խնդիրը»։

Բայց, ինչպես ընդգծեց Մանուկյանը, ներկայիս կառավարությունը չունի ո՛չ համապատասխան մասնագետներ, ո՛չ էլ ցանկություն։

«Նրանք միայն մի ցանկություն ունեն՝ պահպանել իշխանությունը»,-կարծում է անկախ Հայաստանի հիմնադիր հայրերից մեկը։

Իսկ ահա հարգված տնտեսագետ Վահագն Խաչատրյանը, որը Երևանի քաղաքապետն է եղել թերևս ամենաբարդ ժամանակներում՝  1992-1996թթ․, ոչ միայն գնահատեց երկրում ստեղծված իրավիճակը, այլև ինձ՝ հոգու խորքում իրեն վարչապետ համարող լրագրողիս, մի շարք գործնական խորհուրդներ տվեց։

Հիմնական պատասխանատուն գործող իշխանությունն է. նախագահը հանդիպել է ՀՅԴ–ականների հետ

«Մեր տնտեսության ամբողջ տրամանաբանությունը պետք է փոխվի։ Անհապաղ պետք է վերանայել հաջորդ տարվա բյուջեն։ Առաջնահերթություններ սահմանել։ Հասկանալի է, որ եթե նախատեսում էին կամուրջ կամ ջրամբար կառուցել, հիմա այդ գումարները պետք է ուղղվեն սոցիալական ծրագրերին։ Սոցիալական հատվածի բեռը բյուջեի վրա շատ մեծ է լինելու։

Ուստի այս իրավիճակում պետք է դրա օգտագործման հստակ վերահսկողություն և բարձր արդյունավետություն։ Պետք է օպերատիվ կերպով բոլոր տուժածներին ներառող հզոր բազա ստեղծել․ ով որտեղ է ապրում, ինչի կարիք ունի, ինչ ունի և ինչ է կարողանում, ինչպես տեղաբաշխել ուսանողներին և դպրոցականներին և էլի շատ, շատ բաներ»,-կարծում է փորձագետը։

Բացի այդ, պետք է վերականգնել տնտեսական կյանքը Ստեփանակերտում և մյուս շրջաններում, արտոնություններ տալ նրանց, ովքեր աշխատատեղեր են ստեղծում։

Ցավոք, 30 տարի առաջ մենք սա արդեն անցել ենք, նշեց մայրաքաղաքի նախկին քաղաքապետը, բայց այն ժամանակ ամեն ինչ տարերայնորեն էր արվում, իսկ հիմա պետական ինստիտուտներ կան։ Այս բոլոր խնդիրների լուծման համար հարկավոր է առանձին կառույց, որը ամեն ինչ կհամակարգի։ Եվ այն պետք է բաց ու թափանցիկ աշխատի։ Մարդիկ պետք է իմանան, թե ուր են գնում և ինչի վրա են ծախսվում գումարները։ Չէ՞ որ այն կազմակերպությունները, որտեղ բացի պետական միջոցներից նաև նվիրատվություններ և մարդասիրական օգնություն է ստացվում, գողերի և խարդախների ամենասիրած տեղն են։

Մի այդպիսի կազմակերպություն ունեինք՝ «Արցախ» կոմիտեն։ Սկզբում ամեն ինչ ազնիվ էր ու թափանցիկ։ Իսկ վերջում, մեղմ ասած, ոչ այնքան։

Վահագն Խաչատրյանը մի շարք այլ հետաքրքիր բաներ էլ ասաց։ Պայմանավորվեցինք, որ երբ նա հաղթահարի «կորոնան», կհանդիպենք և առանձին մամուլի ասուլիս կանցկացնենք։ Գործող կառավարությանը ես հիմա միայն մի հարց ունեմ․ դուք խորհրդակցո՞ւմ եք փորձառու կառավարիչների, այլ ոլորտների մասնագետների հետ, ականջ դնո՞ւմ եք նրանց խորհուրդներին, թե՞ առանց այդ էլ ամեն ինչ գիտեք։

Արդեն չեմ էլ հիշում, թե հայտնի ռուս տնտեսագետներից որ մեկն էր ասում Չեռնոմիրդինի մասին․ «Վիկտոր Ստեպանովիչը վերջիվերջո լավ վարչապետ դարձավ, բայց երկրի վրա դա թանկ նստեց»։

Մենք Ռուսաստանը չենք, մենք դիմացկունության այդպիսի պաշար չունենք։

28-ամյա տղային նախարար եք նշանակում՝ ձեր իրավունքն է։ Գնահատենք դա իբրև երիտասարդ կադրերի առաջխաղացում։ Բայց այդ դեպքում, որպեսզի երիտասարդ նախարարը չկոտրվի, հարկավոր են փորձառու, հրով ու ջրով անցած խորհրդականներ ու տեղակալներ։ Իսկ երբ խորհրդական է դառնում է՛լ ավելի երիտասարդ մի պատանյակ, ապա ստացվում է այն, ինչ ստացվում է։

Կաթողիկոսը իշխանություններին կոչ է անում անհապաղ բացատրություններ ներկայացնել

Մինչդեռ, ես վստահ եմ, նախարարի կաբինետը մարզասրահ չէ խոստումնալից երիտասարդների համար։ Իսկ ԱԱԾ-ի ղեկավարության կազմում վերջին ամիսների կադրային «հավալայից» գլխիս բոլոր մազերը (որոնք 30 տարի առաջ են թափվել) սկսում են շարժվել։ Այնպիսի տպավորություն է, որ ԱԱԾ-ն շփոթել են մանկապատանեկան «Աշխատանքային ռեզերվներ» մարզադպրոցի հետ։

Իսկ եթե ձեզ թվում է, որ «մեր բեղերն էլ վատը չեն», ապա խորապես սխալվում եք։ Ձեր բեղիկները դեռ նոր-նոր են սկսում ծլել։ Կշարունակեք այսպես՝ չեն էլ հասցնի աճել․․․

Ըստ թեմայի

Փաշինյանն ակնկալում է, որ ընդդիմությունն էլ բռնությունը բացառելու հայտարարություն կանի
Պետք է պատասխանատվություն կրեն բոլոր իրավասու պաշտոնյաները. Գերագույն հոգևոր խորհուրդ
Ամեն ինչի պատասխանատուն գործող իշխանությունն է. Բաբկեն Թունյան
թեգերը:
կառավարություն, Նիկոլ Փաշինյան, Իշխանություն

Գլխավոր թեմաներ