09:04 30 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD508.21
  • GBP678.82
  • EUR605.94
  • RUB6.70
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
63610

85 տարեկանում հավերժի ճամփան բռնեց հայազգի մեծանուն դերասան Արմեն Ջիգարխանյանը։ Նա ուներ ընտանեկան ու առողջական խնդիրներ և վերջին տարիներին ԶԼՄ–ների ուշադրության կենտրոնում ավելի հաճախ հայտնվում էր հենց այդ լույսի ներքո։

Արմեն Ջիգարխանյանի վերջին տարիները հեշտ չէին։ Դավաճանություն, բամբասանքներ, անձնական կյանքի հանրային քննարկումներ. ինչի միջով ասես չի անցել արտիստը։ Բայց այս ամենն անցողիկ բան դուրս եկավ։ Նրա հեռանալուց հետո մարդիկ ոչ թե այս ամենն են հիշում, այլ այն, թե ինչպիսի դերասան և անձնավորություն էր նա։

Ինչի՞ց էի ես վախենում։ Այն բանից, որ սիրված արտիստի հեռանալը, ինչպես պարզվեց՝ ոչ սիրելի կնոջից, կարող է աղավաղել անկրկնելի Արմեն Ջիգարխանյանի կերպարը, և երբ վաղ թե ուշ նա լքի մեզ (բոլորը ցանկանում էին, որ դա տեղի ունենա հնարավորինս ուշ), կեղտը կմաքրվի, բայց տհաճ նստվածքն այնուամենայնիվ կմնա։ Այ դա բոլորովին ցանկալի չէր։

Մտավախություններն անտեղի էին. ամեն ինչ անցավ գարնան անձրևի նման։ Հիշողություններում մնաց Ջիգարխանյանն այնպիսին, ինչպիսին նա կար իրականում. առանց ասեկոսեների և չարախոսությունների։

Յուրաքանչյուրիս համար նա մերն է։ Ամեն ոք, ով հանդիպել է նրան, սեղմել է ձեռքը կամ մի սեղանի շուրջ նստել նրա հետ, հուշերում կպահպանի իր սեփական Ջիգարխանյանին։ Ի՞նչ կմնա իմ հուշերում։

Արմեն Ջիգարխանյանի և Տատյանա Վլասովայի ընտանեկան նոր լուսանկարները հիացրել են շատերին

Մենք այնքան մտերիմ չէինք, որպեսզի ինչ-որ բան իմ անունից պատմեմ, բայց Ջիգարխանյանն իմ ընկերոջ՝ ռեժիսոր Ներսես Հովհաննիսյանի մտերիմ ընկերն էր, իսկ դա նշանակում է, որ այն ամենը, ինչ վերաբերում էր Ջիգոյին (այդպես էին անվանում նրան մտերիմ ընկերները), վաղ թե ուշ հասնում էր մեզ։

Որտեղ է մտադիր նկարահանվել, ինչպես է առողջությունը (մանավանդ, երբ արդեն 70-ն անց էր), ինչու է գնում Հայաստան, երբ է թռչում Ամերիկա (Ամերիկա այցելում էր ավելի հաճախ, քան Հայաստան), ինչ պարգև կշնորհեն 80-ամյակին և ինչ պրեմիերա սպասենք Մոսկվայի Լոմոնոսովյան պողոտայում գտնվող նրա թատրոնում, որի կողքով ես հաճախ էի անցնում։

«Կանգառ՝ Արմեն Ջիգարխանյանի թատրոն, հաջորդը՝ Չերյոմուշկիի շուկա»,-հայտարարում էր տրոլեյբուսի մեխանիկական ձայնը, բայց ինձ ձայնը չէ, որ շփոթեցնում էր։ Ինձ հաճելի էր լսել կարևորը՝ «Արմեն Ջիգարխանյանի թատրոն», և հաճելի էր նաև գիտակցել, որ այդ անունը լսում են հազարավոր մարդիկ։ Ամեն օր, տարեցտարի։

Ինչ-ինչ, բայց գովազդի կարիք Ջիգարխանյանը չուներ. նրա հռչակը ապշեցնում էր, վեր էր բոլոր ցուցանիշներից, ուրախացնում էր, բայց երբ պետք էր, ձեռք էր բերում պրագմատիկ և կիրառական բնույթ։

Նրա օգնության կարիքը հաճախ և շատերն էին զգում. պարտադիր չէ, որ հայրենակիցներ լինեին։ Օգնում էր հաճույքով, բայց ընտրողաբար։

Հուշերիս մեջ մնացած դրվագներից։

Զանգ նախագահ Ելցինի վարչակազմի բնավ ոչ վերջին մարդկանցից մեկին` ազգությամբ հայի։ Ոչինչ չնշանակող մի երկու խոսք, ապա հարց է հնչում․ «Չե՞ք ուզում ինձ խաշի հրավիրել»։ Չցանկանալ անհնար էր, վարպետի խնդրանքը չկատարել՝ նույնպես։ Դերասանի ճանաչելիությունը շշմեցնող էր, անծանոթ մարդկանց՝ որևէ կերպ նրան ծառայություն մատուցելու ցանկությունը՝ հսկայական։

Մոսկվայի՝ վրացական խոհանոցով ռեստորաններից մեկի սրահը։ Պատին Վախթանգ Կիկաբիձեի նկարն է կախված, դրա տակ՝ սպասքապահարանը, որի վրա կոնյակի ոչ սովորական շիշ է։ 

Վաղվա օրվա երջանիկ այրիները, կամ ում են պետք «ջիգարխանյաններն» ու «պետրոսյանները»

-Հայկակա՞ն է,-հարցնում է Ջիգարխանյանը մատուցողին։

-Իսպանական։ Նույնպես շատ լավն է,-պատասխանում է մատուցողը։

-Չեմ հավատում,-Ստանիսլավսկու ոճով ասում է արտիստը։

Երբ ռեստորանից դուրս էին գալիս, մատուցողը Ջիգարխանյանին փաթեթ է փոխանցում։

-Սա ի՞նչ է։

-Կոնյակ։ Մեր անձնակազմից։

-Իսպանակա՞ն,-հարցնում է Ջիգարխանյանը։

-Հայկական,-հավատացնում են։

․․․Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն Ջիգարխանյանը եկավ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտն ավարտելուց հետո։ Իսկ դրանից առաջ ռեժիսորի օգնական էր աշխատում «Հայֆիլմ» կինոստուդիայում։

-Կարո՞ղ եմ ասել, որ միասին ենք սկսել,-հարցրի նրան, բացատրելով, որ ինքս էլ ժամանակին ռեժիսորի օգնական եմ եղել, նույնպես «Հայֆիլմում»։

-Միանշանակ,-վստահ պատասխանեց Ջիգարխանյանը։

1967 թ.-ին Ջիգարխանյանին հրավիրեցին Մոսկվայի Լենինյան կոմսոմոլի անվան թատրոն, որը նրան սկզբում հայտնի դարձրեց, ապա՝ հռչակավոր, իսկ հիմա` մահից հետո, մեծագույն։

Անթիվ-անհամար դերեր է խաղացել, բայց դժվար է հիշել գեթ մեկը, որ միջանկյալ, իմիջիայլոց լինի։ Թեև Լոմոնսովի պողոտայում գտնվող տունը Մոսկվայի թատերասերների կյանքում իրադարձություն չդարձավ, բայց Ջիգարխանյանի ներկայությունն իր թատրոնի բեմում միշտ էլ առաջին աստիճանի իրադարձություն էր։

Ինչո՞ւ են լռում Ջիգարխանյանի հայրենակիցները, և ո՞ւմ է պետք այս աղմուկը

Ուրիշ ի՞նչ են հիշում մարդիկ սիրելի արտիստի կյանքից։ Դստեր ողբերգական մահվան սարսափելի օրերը, բեմական և կինեմատոգրաֆիական հաղթանակները, Ֆիլ անունով կատվին, հայտնի «դա քեզ չի վերաբերվում» արտահայտությունը, որից ոչ ոք չէր նեղանում, հեգնական ժպիտը՝ իմաստուն խորամանկությամբ, խորհրդային ժամանակներից չմոռացված պատկերացումը ժողովուրդների միասնական ընտանիքի մասին։

Չգիտեմ` օտարազգիներն ինչպես, բայց հայերը պարբերաբար իրենց հռչակավոր հայրենակիցների մարդահամար են անցկացնում․ Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իսպանիայում, ամենուր։ Այնուհետև ամփոփում են արդյունքները։ Ավա՜ղ, մեծագույններն ավելի հաճախ հեռանում են, քան հայտնվում։ Գուցե ժամանակի հետ վիճակը բարելավվի, բայց առայժմ վիճակը հենց այսպիսին է։ Ահա և Ջիգարխանյանն էլ գնաց՝ մեզ թողնելով հուսահատություն և թախիծ։

Գիտեինք, հասկանում էինք, որ մարդն ութսունն անց է, բայց այնուամենայնիվ․․․

Ըստ թեմայի

Մոսկվայում կարող են Արմեն Ջիգարխանյանի անունով հուշատախտակ տեղադրել
Ջիգարխանյանի մահը հսկայական կորուստ է բոլորիս համար. Պուտինը ցավակցական ուղերձ է հղել
Մոսկվայի դրամատիկական թատրոնում հրաժեշտ են տալիս Արմեն Ջիգարխանյանին
թեգերը:
հիշողություն, Մահ, Արմեն Ջիգարխանյան

Գլխավոր թեմաներ