02:18 26 նոյեմբերի 2020
Ուղիղ եթեր
  • USD511.69
  • GBP682.70
  • EUR609.06
  • RUB6.78
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (502)
74411

Sputnik Արմենիայի թղթակիցները կանգ են առել Գորիսի հյուրանոցներից մեկում, որտեղ ապաստան են գտել ավելի քան հարյուր արցախցի փախստականներ։ Նրանք պատմել են, թե ինչպես են տեղավորվել տնից հեռու։

Նանա Մարտիրոսյան, Sputnik Արմենիա

Մեղրի էինք մեկնել փախստականների հետ առնչություն չունեցող ռեպորտաժ նկարահանելու։ Բայց այնպես ստացվեց, որ մարզ հասանք միայն ուշ երեկոյան և ստիպված եղանք գիշերելու համար հյուրանոց փնտրել։ Ընտրեցինք առաջին պատահածը։

Արցախցիները հայրենի տուն են վերադառնում. լուսանկարներ

Ամենասովորական գորիսյան հյուրանոց։ Ընդունարանի աշխատակցուհին փոխանցում է բանալին և քաղաքավարի զգուշացնում, որ մեր հարկում փոքր-ինչ աղմկոտ է։ Հյուրանոցում Արցախից հարկադիր տեղահանված ավելի քան հարյուր կանայք ու երեխաներ են ապրում։ Աշխատակցուհին ավելացնում է, որ նրանց մի մասը կորցրել է տան տղամարդկանց` հայրերին, եղբայրներին, ամուսիններին, և լավ կլիներ, որ ըմբռնումով մոտենայինք։ Բացի այդ, մեր հարկում նաև սփյուռքից ժամանած երիտասարդներ են մնում և նրանք շուն ունեն։

Карабахские дети в отеле в Горисе
© Sputnik / Arsen Haytyan
Արցախցի երեխաները Գորիսում

Վերելակում երեք փոքրիկի ենք հանդիպում։

-Շտեղա՞ն եք (որտեղի՞ց եք՝ Արցախի բարբառով – խմբ․)

-Երևանից, իսկ դո՞ւք։

-Մունք ղարաբաղցի ենք։

Карабахские дети в лифте отеля в Горисе
© Sputnik / Arsen Haytyan
Արցախցի երեխաները Գորիսի հյուրանոցի վերելակում

Չորրորդ հարկում վերելակից դուրս գալուն պես մեզ դիմավորում են դխկոց-շխկոցով և բարձր մանկական ծիծաղով։ Միջանցքում երեխաները խաղալիք թրերը թափահարելով անկյունից անկյուն են վազում, իսկ ակնոցներով երիտասարդը կոտրտված արցախյան բարբառով պահանջում է իջնել պատուհանագոգից․«Ա խոխա, քշացի»(«Այ երեխա, իջիր»)։

Мальчики играют в «войнушки» в отеле в Горисе
© Sputnik / Arsen Haytyan
Տղա երեխաները կռիվ-կռիվ են խաղում Գորիսի հյուրանոցում

Միջանցքի մյուս հատվածում աղջիկները գունավոր թղթից արև են սարքում ու նվիրում միմյանց։ Ինչն, ի դեպ, չի խանգարում նրանց խառնվել մեծերի խոսակցություններին և մեկնաբանել տղաների խաղերը։

«Իմ ընկերուհի Ռայկային` Էլինկայից հիշատակ»,-թելադրում է թմբլիկ աղջնակը խոշոր աչքերով ընկերուհուն՝ Ռայային, որ գեղեցիկ գրում է։

Поделки, которые сделали карабахские девочки в отеле в Горисе
© Sputnik / Arsen Haytyan
Ձեռքի աշխատանքները, որոնք արցախցի աղջնակները պատրաստել են Գորիսի հյուրանոցում

Աղջնակը մոր՝ Վալենտինայի և եղբոր՝ Արմանի հետ Գորիս է եկել պատերազմը սկսվելուց անմիջապես հետո։ Հիշում է դղրդոցը, որից արթնացավ, և թե ինչպես էին ծնողները հավաքում իրերը։ Հետո հայրիկը մեկնեց ռազմաճակատ, իսկ իրենք գնացին Մարտունի։ Մի քանի օր անցավ, և մի օր մայրիկը սկսեց լաց լինել։ Աղջկան ասացին, որ իր հայրիկը հերոս է՝ նա զոհվել է հայրենիքը պաշտպանելիս։

Рая, переселенка из Карабаха, живущая в отеле в Горисе
© Sputnik / Arsen Haytyan
Արցախից տեղահանված Ռայան
 

«Ես նրան այլևս չեմ տեսնի, արդեն կարոտում եմ։ Մամայի հետ լաց եղանք, բայց էլ չեմ լացի, որ Արմանը չիմանա։ Տյոտյայիս ամուսինն էլ է զոհվել, նրա երեխաներն էլ չգիտեն։ Մեր ընտանեկան գաղտնիքները ես եմ պահում»,-պատմում է աղջնակը։

Валентина со своими детьми в отеле в Горисе
© Sputnik / Arsen Haytyan
Վալենտինա իր երեխաների հետ Գորիսի հյուրանոցում է

Աղջնակը վազելով մոտենում է միջանցքում փափուկ աթոռակի վրա լուռումունջ նստած երիտասարդ կնոջը։ Վերջինս բարեհամբույր ժպտում է և հարցուփորձ անում Երևանում իրավիճակի մասին։ Հետաքրքրվում է, թե որտեղ և ինչպես են ապրում տեղահանվածները, իսկ հետո հանկարծ կտրուկ փոխում է թեման և ասում, որ շոկի մեջ է ստորագրված փաստաթղթից։

Գնում ենք, երևի լավ կլինի. Շիրակի մարզից արցախցիների առաջին խումբը մեկնեց Արցախ

Ինչ-որ հուսահատ հանգստությամբ պատմում է, որ ամուսինը զոհվել է պատերազմի կեսերին՝ իր ծննդյան հաջորդ օրը։ Նույնքան հանգիստ հիշում է, թե ինչպես գնաց նրա թաղմանը։ Երեխաներին չտարավ՝ վտանգավոր էր, ռմբակոծում էին։ Ռայայի մայրիկն է։

Ցավակցություններս են հայտնում նրան։

-Շնորհակալ եմ։ Մեր Ճակատագիրն այդպիսին է։ Բոլորն էլ ինչ-որ մեկին կորցրել են։ Իմ ամուսինը գոնե երեխաներ ուներ, իսկ հարևանիս տղան դեռ լրիվ երեխա էր։ Ընդամենը 18 տարեկան։

-Տուն վերադառնալո՞ւ եք։

-Իհարկե, հո մեր հողը թշնամուն չենք թողնելու։

Карабахские женщины беседуют в отеле в Горисе
© Sputnik / Arsen Haytyan
Արցախցի կանայք զրուցում են Գորիսի հյուրանոցում

Հետզհետե կանայք շատանում են, երեխաներն ու աղմուկը՝ նույնպես։ Նրանցից յուրաքանչյուրն իր պատմությունն է պատմում։ Լիլիթը, օրինակ, Ստեփանակերտից է, նրա ամուսինը ոստիկան է, ընտանիքը տեղափոխել է Գորիս, իսկ ինքը մնացել է քաղաքում։ Լիլիթը հյուրանոցում տեղավորվել է երկու երեխաների և ամուսնու ազգականների հետ։ Նեղվածքի մեջ են ապրում, որոշ անհարմարություններ կան, բայց տանելի է։ Ուզում են Երևան գնալ, մի փոքր ցրվել և վերադառնալ տուն։

«Պատկերացնո՞ւմ ես՝ նրանք ութ հոգով մի համարում են ապրում»,-ընդհատում է Ռայկան, իսկ Լիլիթը բարձր ծիծաղում է։

Малыш Ашот пытается вырезать игрушку, по взрослые отвлеклись
© Sputnik / Arsen Haytyan
Փոքրիկ Աշոտը փորձում կտրտել խաղալիքը, քանի դեռ մեծերն իրեն ուշադրութթյուն չեն դարձնում

Իռա անունով կինը պատմում է, որ արկը հայտնվել է իր խոհանոցում, ընկել ճիշտ կենտրոնում։ Երբ հարևանուհին ուղարկել է խոցված խոհանոցի լուսանկարը, միասին ծիծաղել են, իսկ հետո որոշել քաղաք վերադառնալուն պես մաքրություն անել։

Այստեղ առավոտյան բոլորը միասին սուրճ են խմում, միասին ճաշարան են գնում, զբոսնում են քաղաքում և կարդում սոցցանցերի մեկնաբանությունները։ Հաճախ լալիս են։

- Տխուր է։ Մեր մասին այնպիսի բաներ են գրում... Բա մենք այդպիսի՞ն ենք։

-Մի կարդացեք այդ հիմարությունները։

-Փոխանցեք նրանց, որ մենք ճիշտ այնպիսին ենք, ինչպեսին իրենք են։ Մենք մի ամբողջություն ենք, մի ժողովուրդ։ Եվ երբ իմ տունը վերանորոգեն, բոլորին պատրաստ եմ հյուրընկալել,-ասում է Վալենտինան։

Ընկերուհիները գլխի շարժումով հավանություն են տալիս նրա ասածին։

Волонтер из Диаспоры Сипан Короглян с детьми из Карабаха в отеле Гориса
© Sputnik / Arsen Haytyan
Սփյուռքահայ հոգեբան Սիփանը երեխաների հետ

Հանկարծ մանկան բացականչություններ են լսվում և շան հաչոց։ Բաֆֆի բուլդոգն է Ֆրանսիայից, նրան բերել է կամավոր Սիփանը։ Վերջինս ընկերոջ՝ Իսրայելից եկած Սեդրակի հետ երեխաներին օգնում է վերականգնվել ցնցումներից։ Երիտասարդները նրանց հայրենասիրական երգեր են սովորեցնում, իսկ երեխաները դրա փոխարեն՝ իրենց բարբառը։

«Ա խոխեք, քինանք ներքև ` զբոսնելու, հետո էլ հանելուկներ կգուշակենք»,-ասում է Սեդրակը և իր հետևից տանում Բաֆֆիին։

Իսկ Սիփանը վերցնում է ջեմբեն(աֆրիկյան թմբուկ՝ խմբ․) և կանչում երեխաներին։ Բոլորը մեկ մարդու պես իջնում են նրա  հետևից։ Մայրիկներն ուրախ են՝ վայելում են լռությունն ու սկսում են գովել կամավորներին։

Волонтер из Диаспоры Седрак Балян с карабахскими детьми в отеле Гориса
© Sputnik / Arsen Haytyan
Սեդրակը արցախցի երեխաների հետ Գորիսի հյուրանոցում

Պատմում են, որ այստեղ գալուց հետո երեխաներն ամեն աղմուկից վախենում էին ու թաքնվում անկյուններում։ Բայց Սեդրակի ու Սիփանի հայտնվելը շատ բան է փոխել, նրանք նորից սկսել են ժպտալ և դադարել են վախենալ։ Հիմա միասին երգում են, խաղում, սպորտով զբաղվում և գիրք կարդում։

Մենք իջնում ենք բակ, որտեղից երաժշտություն է լսվում։ Երեխաները հայրենասիրական երգեր են երգում, իսկ Սիփանը ջեմբե է նվագում։ Բոլորն ուրախ են։ Թվում է, թե լարվածությունը թուլացել է, բայց այդ պահին երեխաները սկսում են երգել․«Չենք տա Շուշին մենք ուրիշին, կյանքով ենք պահել»..., մեծերը սկսում են արտասվել։

-Բայց արդեն տվալ ենք,-ասում է փոքրիկներից մեկը։

-Մենք չենք տվալ, Նիկոլն ա տվալ,-պատասխանում է մյուսը։

Карабахские дети в отеле в Горисе
© Sputnik / Arsen Haytyan
Արցախցի երեխաները Գորիսի հյուրանոցում
թեմա:
Իրադրությունը Հայաստանում և Արցախում հայտարարության ստորագրումից հետո (502)

Ըստ թեմայի

Կոչ արցախցիներին` եթե տուն եք կորցրել, դեռ մի վերադարձեք. բնակարանները չեն հերիքում
Արձան ու եկեղեցի են պղծում, նվաստացնում զառամյալ արցախցուն. ԱԳՆ–ն դատապարտել է Ադրբեջանին
Հուսահատություն ու ցավ. ինչպես են արցախցիները տեղահանվում իրենց գյուղերից
թեգերը:
Շուշի, Հյուրանոց, Գորիս, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ

Գլխավոր թեմաներ