15:14 28 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
55110

Հարավային Կովկասը մրրկայնության գոտում է հայտնվել, իրադարձությունները սրընթաց են զարգանում, տարածաշրջանի ոչ մի երկիր չի կարող վստահ ասել՝ ինչ է իրեն սպասում երկարաժամկետ հեռանկարում։ Այս իրավիճակում Հայաստանի համար կենսական է ճիշտ կողմնորոշվելը։

Բազմադեմ Արևմուտք

Արցախի համար մղվող 44-օրյա մարտերը (մտածված «պատերազմ» բառը չենք օգտագործում, քանի որ պատերազմը չի ավարտվել, ու հաշտություն չի կնքվել) Հայաստանի արևմտամետ ուղղվածության կողմնակիցներին ակներև կերպով ցույց տվեցին՝ ինչի են պատրաստ Եվրոպան ու ԱՄՆ-ն մեր ժողովրդի համար։

Այս ամբողջ ընթացքում միայն Ֆրանկոֆոնիայի առանձին երկրներ ապացուցեցին, որ անտարբեր չեն արցախահայության ճակատագրի հանդեպ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի առաջնորդ, Արցախում հրադադար հաստատելու փորձ արեց։ Մակրոնն ընդունեց, որ Ադրբեջանի հարվածն Արցախին անհիմն էր, նաև առաջինը հաստատեց, որ մարտական գործողություններում սիրիացի վարձկաններ են մասնակցում։ Նա հրադադարի թեմայով բազմիցս բանակցել է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների, նաև Ռուսաստանի ու ԱՄՆ-ի գործընկերների հետ։

Արդեն հրադադարից հետո Ֆրանսիան առաջին երկրներից էր, որ աջակցության ձեռք մեկնեց ու Հայաստանին` հումանիտար օգնության երկու ինքնաթիռ ուղարկելով։ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատն էլ ընդունել են բանաձևեր, որոնք կոչ են անում իշխանությանը ճանաչել Արցախի անկախությունը։ Իսկ այժմ Փարիզը պնդում է, որ Արցախի կարգավիճակի հարցը լուծելու համար կողմերը վերադառնան ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունների ձևաչափին։

Կանադան իր հերթին մարտական գործողությունների ընթացքում բազմիցս կոչ է արել Թուրքիային զերծ մնալ Ղարաբաղյան հակամարտությանը մասնակցելուց։ Կանադայի իշխանությունը նաև արգելել է ռազմամթերք արտահանել Անկարա։ Տեղական մի քանի ընկերություններ դադարեցրել են մասեր մատակարարել թուրքական ԱԹՍ-ների համար, որոնք Ադրբեջանն օգտագործում էր ռազմաճակատում։

Բելգիան, դեռ խորհրդարանական հանձնաժողովի մակարդակով, բայց ամեն դեպքում դատապարտել է Թուրքիայի մասնակցությունը հակամարտությանն ու պահանջ է ներկայացրել լուծել Արցախի կարգավիճակի հարցը։

Արևմտյան երկրներից միայն Նիդեռլանդներն է Արցախում սանձազերծած պատերազմի պատճառով անհատական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարների դեմ։

Փաշինյանի գլխավոր սխալը, կամ ինչը դարձավ Արցախում պարտության պատճառ

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, նրանք որոշեցին առանձնապես գլուխ չդնել ադրբեջանական ագրեսիայի հետ կապված խնդիրների հետ։ Նախագահ Դոնալդ Թրամփը միայն նախընտրական հանրահավաքի ժամանակ, տեսնելով ծածանվող հայկական դրոշները, հարցրել է խորհրդականներին՝ ինչ են ուզում այս մարդիկ, իմացել է, որ գլոբուսի վրա ինչ-որ տեղ Ղարաբաղ կա։ Ու երևի մտածել է․«O my God, ես մահացու կռիվ եմ տալիս դեմոկրատների դեմ, իսկ ինձ շեղում են ինչ-որ Ղարաբաղի պատճառով»։ Ու մի բան ասելու համար, հայերին հաճո խոսքեր է ասել. «Դա հեշտ լուծվող հարց է, մենք ամեն բան անում ենք։ Գնացեք ձերոնց ասեք, որ կլուծենք այդ խնդիրը»։ Ու ավելացրել է. «Հայերն անհավանական են։ Սատանաների պես կռիվ են տալիս»։ Ընտրություններում մի երկու-երեք ավել ձայն ստանալու համար մարդ ինչ ասես չի անի։

Իհարկե, մի քիչ չափազանցնում ենք, բայց եթե կոնկրետ փաստերով խոսենք, ԱՄՆ-ն Արցախում մարտական գործողությունները դադարեցնելու միայն մեկ` այն էլ անհաջող փորձ է ձեռնարկել։

Ի դեպ, ՆԱՏՕ-ի դաշնակից Իսրայելը, ոչ միայն մարտական գործողություններից շատ առաջ, այլև մարտերի ժամանակ չի դադարեցրել զենքի մատակարարումն Ադրբեջանին։ Ու նշենք, որ ոչ ոք նրանց չկանգնացրեց։

Ինչպե՞ս է այդ ամենին արձագանքել Հյուսիսատլանտյան դաշինքը։ Մի՞թե դրա լուռ համաձայնությամբ չէր, որ Թուրքիան Արցախում անում էր` ինչ կամենար ու չէր վախենում դաշինքի հակաքայլերից։ ՀՀ նախագահ Արմեն ՍԱրգսյանի այցերը Բրյուսել ու կոչերը` սանձել ՆԱՏՕ-ի ոգևորված անդամին, ոչնչի չհանգեցրին։ Բանակցությունների արդյունքում գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ի պատասխան ղարաբաղյան իրադարձություններում Անկարայի մասնակցության վերաբերյալ Սարգսյանի վրդովմունքին սառն ու անվրդով ասել էր, որ «ՆԱՏՕ-ն հակամարտության կողմ չէ», միաժամանակ «խորը մտահոգություն» էր հայտնել անմեղ զոհերի համար ու հրադադարի հերթական անատամ կոչն արել։

Վաղուց ժամանակն է հասկանալ, որ Արևմուտքը միասնական ինչ-որ ամբողջություն չէ, այն բազմադեմ է, ինչպես աշխարհն  ընդհանուր առմամբ։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այնտեղ` ներսում, լուրջ հակասություններ կան։ Բավական է նշել միայն ԱՄՆ-ի ու Գերմանիայի տարաձայնությունները «Հյուսիսային հոսք – 2» նախագծի շուրջ։ Ամերիկացիները խստորեն պաշտպանում են իրենց շահերը, նրանց չի հուզում, որ դա տեղի է ունենում իրենց եվրոպական դաշնակցի հաշվին։ Այդ պատճառով հուսալ, որ Արևմուտքն Արցախի շուրջ միասնական արդար դիրքորոշում կհայտնի, համենայնդեպս այս պահին, անիրատեսական է։

Թուրքիայի հետ երկխոսության մասին

Հիմա «նորաձև» է նաև Թուրքիայի հետ երկխոսություն վարելու կոչեր անելը, նման կոչեր սկսել են ավելի հաճախ (հատկապես ՝ Արցախում կրած պարտությունից հետո) հնչել փորձագետների, լրագրողների ու հասարակական գործիչների շուրթերից։ Այս թեման նոր չէ` այն պարբերաբար թարմանում է, վերջին անգամ նման բանակցություններ վարվել են 2000-ականների վերջին՝ ոչ մի արդյունք չտված, այսպես կոչված, «ֆուտբոլային դիվանագիտության» ժամանակ։

Խաղից դուրս վիճակ, կամ ո՞րն էր Թուրքիայի գլխավոր սխալը Արցախի հարցում

Հիմա նորից թուրքերի հետ երկխոսելու միտքը հաճախ է հնչում։ Լավ։ Միայն թե մի հարց է առաջանում` իսկ թուրքերն ուզու՞մ են մեզ հետ բանակցել։ Ինչո՞ւ Թուրքիան պետք է խոսի  վերջնականապես թուլացած Հայաստանի հետ (մենք նույնիսկ 2000-ականների դիրքերում չենք, թեև այն ժամանակ էլ Անկարան հարաբերությունների կարգավորման համար մի շարք նախապայման էր ներկայացրել)։ Թե՞ Անկարային տալու բան ունեք։ Ասե՛ք։ Նաև մտածեք՝ ինչպես եք դրանից հետո հարաբերություններ կառուցելու սփյուռքի հետ, որից անընդհատ աջակցություն եք սպասում, ու ոչ միայն հոգեբանական։

 «Վրացի եղբայրները»

Արևմտամետ Վրաստանի դիրքորոշումն Արցախում մարտական գործողությունների ժամանակ նույնպես բազում հարցեր առաջացրեց։ Դեռ հոկտեմբերի 5-ին ռուսաստանաբնակ խոշոր գործարար Ռուբեն Վարդանյանը դիմեց «վրացի եղբայրներին»` կոչ անելով չանել այն, ինչը նրանք անում են, որ հետո չամաչեն ու ստիպված չլինեն բացատրել՝ ինչու են այդպես վարվել։

Ո՞վ էր արցախյան պատերազմի մեղավորը. ՌԴ–ում հարցում են անցկացրել

Ի՞նչ է դա նշանակում։ Չնայած չեզոքություն պահելու մասին Թբիլիսիի պաշտոնական հայտարարությանն ու խաղաղության կոչերին, տարբեր աղբյուրներից տեղեկություն էր գալիս, որ Իսրայելից ու Թուրքիայից ռազմական բեռները հենց Վրաստանի օդային տարածքով էին Ադրբեջան հասնում։ Դեռ մինչ պատերազմի սկիզբը ռուս պատգամավոր Կոնստանտին Զատուլինն ասել էր, որ Վրաստանը արգելել էր իր ցամաքային ճանապարհով Հայաստանի համար ռազմական բեռ անցկացնելը, որի համար արժանացել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի շնորհակալությանը։

Դաշնակիցների ճիշտ հարաբերությունները

1979 թվականի մարտի 26։ Իսրայելի ու Եգիպտոսի առաջնորդները՝ Մենախեմ Բեգինն ու Անվար Սադաթը, վկայի՝ ԱՄՆ նախագահ Ջիմի Քարթերի ներկայությամբ հաշտության պայմանագիր կնքեցին։ Փաստաթղթի համաձայն՝ կողմերի միջև պատերազմն ավարտվեց, Իսրայելը համաձայնեց հանել իր զորքերն ու քաղաքացիական բնակչությունը Սինայի թերակղզուց։ Այո, Իսրայելը ճանաչման հասավ (ինչը դեռ չի հաջողվել Արցախին), բայց զիջումների գնաց, այդ թվում նաև հաշվի առնելով ԱՄՆ-ի կարծիքը։

Արդյո՞ք դա հանգեցրեց դաշնակիցների հարաբերությունների սառեցմանը։ Ամենևին։ Հակառակը՝ ամերիկացիները մի քանի անգամ ավելացրին ռազմական ու տնտեսական օգնությունն Իսրայելին` այն տարեկան միլիարդավոր դոլարների հասցնելով։

Բայց դա չի նշանակում, որ Թել Ավիվը 100%-ով համաձայն է տարածաշրջանում Վաշինգտոնի քաղաքականության հետ։ Առավել ևս չի նշանակում, որ Իսրայելին օգնելով` ԱՄՆ-ն չի պահանջում պաշտպանել իր շահերը Մերձավոր Արևելքում։ Այնուամենայնիվ, Իսրայելին ու ԱՄՆ-ին հաջողվում է հարաբերություններ կառուցել ու միմյանց օգուտ տալ։ Օգնում են քաղաքականության մեջ պրագմատիկ մոտեցումը և ստեղծված իրողությունը հաշվի առնելով գործելու ոճը։

Առանց բացառության բոլոր հայերը դժգոհ են 2020 թվականի ղարաբաղյան մարտի արդյունքներից։ Ու՞մ պետք է մեղադրենք։ Կարծում եմ՝ ինքներս մեզ։

Կարո՞ղ էր արդյոք Հայաստանը հրաժարվել Ռուսաստանի միջնորդությունից, ու ինչի դա կհանգեցներ։ Կարելի էր, ինչպես առաջարկում էին տեղական որոշ քաղաքական գործիչներ, հանել Արցախից Պաշտպանության բանակի զորամասերը, բնակչությանը, ինչի արդյունքում հակամարտության գոտում խաղաղապահների ներկայությունն անիմաստ կդառնար, քանի որ մարդ չէր մնա պաշտպանելու։ Ավելին՝ կարող էինք պահանջել հանել ռազմաբազան բուն Հայաստանից։ Այդ դեպքում ո՞վ ռազմական ուժեր կմտցներ տարածաշրջան՝ Հայաստանի շահերը պաշտպանելու համար։ Հյուսիսատլանտյան դաշի՞նքը։ Այդպես մտածողներին առաջարկում ենք նայել հարևան Վրաստանին, որը հասավ ռուսական բազան իր երկրից հանելուն ու արդեն ավելի քան տասը տարի է սպասում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալուն ու դաշինքի զորքերը տարածաշրջան մտցնելուն։ Մինչդեռ այդ տարիների ընթացքում Վրաստանին հետաքրքրությամբ է հետևում ՆԱՏՕ-ի անդամ միայն մեկ անդամ՝ Թուրքիան, որը դեռ ցույց կտա իր ատամները Հարավային Կովկասի այդ հատվածում։

Մենք էլ կարող ենք Վրաստանի հետ հերթ կանգնել ու տարիներով սպասել՝ երբ մեզ կթողնենք դաշինք մտել։ Բայց արդյո՞ք մենք դրա ժամանակն ունեն։

Ոչ միայն Արցախը, այլև Հայաստանի Հանրապետությունն այսօր մեծ վտանգի առաջ են կանգնած։ Դրա ապացույցն է իրավիճակը Սյունիքում, ուր արդեն ազատ մտնում են ադրբեջանցի զինվորականներն ու պահանջում են հետ տանել դիրքերը՝ բախվելով միայն տեղի բնակչության դիմադրությանը։

Այս իրավիճակում պետք է մի կողմ թողնել վիրավորանքներն ու խոսակցություններն այն մասին, թե ով ինչ է «պարտավոր» մեզ համար անել, պետք է սթափ գնահատել իրավիճակն ու փորձել վերականգնել երկրի անվտանգությունը։

Մտորելու տեղիք

Ռուսաստանի հետ երեք տասնամյակ ռազմա-տեխնիկական համագործակցության ընթացքում միայն վերջերս ենք կարողացել լիցենզիա ստանալ Կալաշնիկովի ինքնաձիգ արտադրելու համար։ Ո՞վ էր մեզ խանգարում նախորդ տասնամյակներին «խնդրանքներով», «կռիվ անելով», «առևտուր առաջարկելով», զենքի այլ տեսակների արդարության լիցենզիա ստանալ։ Այդ թվում նաև բարձր տեխնոլոգիական զենքի, որ հետո չբողոքեինք ճանապարհների արգելափակումից ու զենքի և սպառազինության պակասից։

Պետք է մտածել այդ խնդրի լուծման ուղղությամբ, որ հետ չգործենք նույն սխալները, որոնք հանգեցրին Արցախում ներկայիս պարտությանը։

Ըստ թեմայի

Ինչպե՞ս կօգնի պետությունը Արցախյան պատերազմում հաշմանդամություն ձեռք բերածներին
«Մենք Հայաստանի տարածքի վրա աչք չենք դրել». Չավուշօղլու
Արա Այվազյանն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ. կարևոր հանդիպումներ են սպասվում
թեգերը:
Թուրքիա, Ռուսաստան, ՆԱՏՕ, Վրաստանի Հանրապետություն, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախյան պատերազմ, Արցախ

Գլխավոր թեմաներ