05:49 21 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.19
  • GBP711.08
  • EUR629.57
  • RUB7.08
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (295)
22630

Եկեք անկեղծ լինենք։ Հիմա արդեն քչերն են հիշում, թե ինչ տեղի ունեցավ մոտ 30 տարի առաջ՝ դեկտեմբերի վերջերին։

Ինչպես փլուզվեց կայսրությունը

Այնինչ կատարվածը պատմական իրադարձություն էր՝ ԽՍՀՄ-ի Գերագույն խորհրդի վերին պալատը ընդունեց հռչակագիր այն մասին, որ Խորհրդային Միությունը որպես պետություն և միջազգային իրավունքի սուբյեկտ դադարեցնում է իր գոյությունը։ Այսպես փլուզվեցինք։ Պաշտոնապես։ Հիմա դրա հետևանքների հետ գործ ունենք։ Հարց է առաջանում՝ իսկ արդյոք այդ գործընթացը երեք տասնամյակ առաջ լիովին ավարտվե՞լ է, արդյոք մենք բոլորս հենց հիմա ականատեսը չե՞նք այն իրողության, որ գործընթացը շարունակվում է, և պարզ չէ, թե երբ և ինչով է ավարտվելու։ Պարբերական պատերազմներ։ Արդյոք սա կայսրության փլուզման շարունակության ապացույցը չէ՞, որը մենք գրեթե ամեն օր զգում ենք հայաստանյան և արցախյան արևելյան սահմաններում։

Նույնիսկ կենցաղային մակարդակով է Խորհրդային Միության ներկայությունը զգացվում։ Հիշո՞ւմ եք՝ այն ժամանակ նստում էիր տաքսի, հաշվիչի ցուցմունքը ոչ մի նշանակություն չուներ. միևնույնն է` վարորդի ուզած մեկ ռուբլին տալիս էիր։ Հիմա նստում ես՝ հաշվիչ էլ չկա, բայց էլի վերջում նույն նվաստացումը՝ հազար դրամ՝ իմն էդքան է։ Ախր դուրս չենք եկել էդ անտեր Սովետից։ Ընդամենը վարորդի ձեռքի սիգարետն է փոխվել՝ առաջ տեղական «Սալյուտ» էր ծխում կամ «Ավրորա», հիմա ձեզ արևմտյան բուրմունքով է պատում։ Ու այնպիսի տպավորություն է, որ այս պատկերը չի փոխվի երբեք։

Համաձայնեք` տասնամյակներ առաջ նույն զգացումը կար Խորհրդային Միության հանդեպ։ Գրեթե ոչ ոք, նույնիսկ ամերիկյան փորձառու սովետոլոգները չէին հավատում հզոր կայսրության կործանմանը։ Հետո արդեն, երբ քանդվեց, բոլորը սկսեցին միաբերան պնդել՝ բա, իհարկե, այդպես էլ պիտի լիներ, դա անխուսափելի էր։

Հեղափոխության պլյուսներն ու մինուսները. շատ հետաքրքիր կլիներ` այս հարցերն ուղղվեին հայերին

Գիտե՞ք՝ վերջերս կարդացի ամերիկացի պրոֆեսորներից մեկի պատմածը։ Ասում է՝ մի անգամ լսարանում ուսանողներից մեկը ոգևորված ապացուցում էր, որ ամերիկացիների պատերազմը հանուն անկախության անխուսափելիորեն պիտի ավարտվեր Մեծ Բրիտանիայի պարտությամբ, որովհետև անհնար է պատկերացնել, որ մինչև հիմա էլ Բրիտանիայի ազդեցությունը զգացվեր ամերիկյան մայրցամաքում։ Երբ նա ավարտեց, մի պահ լռություն տիրեց ու հանկարծ մեկ այլ ուսանող ասաց. «Բա Կանադա՞ն»։ Իսկապես, բա Կանադան։ Չէ՞ որ մինչև հիմա էլ պաշտոնապես համարվում է, որ Կանադայի ղեկավարը Մեծ Բրիտանիայի թագուհին է։ Կարո՞ղ եք ասել՝ իսկ ինչու նույնը տեսականորեն չէր կարող լինել Միացյալ Նահանգների դեպքում։

Միանգամայն ճիշտ եք՝ պատմությունը ենթադրություններ չի ճանաչում։ Եվ այնուամենայնիվ՝ գոնե հետաքրքրության համար իրավունք ունենք, չէ՞, հարց հնչեցնել՝ արդյոք Խորհրդային Միությունը չէ՞ր կարող վերափոխվել ու պահպանվել, ասենք, կոնֆեդերացիայի կամ Եվրամիության ձևով։ Սա, ի դեպ, իմ սիրողական հարցադրումը չէ, բավական լուրջ մասնագետներ քննարկել և քննարկում են այս հարցը` նշելով, որ կայսրության փլուզման պատճառները միանշանակ չեն։ Եթե ասեք, որ գաղափարախոսությունն էր սնանկ, կարող եմ վկայակոչել Հյուսիսային Կորեայի օրինակը։ Էլի ինչ-որ տարօրինակ գաղափարախոսություն ունեն՝ չուչխե, բայց մինչև հիմա այդ երկիրը չի քանդվել, ու ես, օրինակ, երբեք չէի համարձակվի կանխատեսումներ անել, թե երբ կքանդվի։ Իսկ եթե ասեք, որ Խորհրդային տերության կործանման պատճառները տնտեսական էին, կարող եմ հակադարձել, որ նույն Խորհրդային Միությունը շատ ավելի դժվար ժամանակներ է տեսել՝ թեկուզ Երկրորդ աշխարհամարտից հետո, բայց չի փլուզվել։

25 տարի առանց պատերազմի. ուսանելի՞ է արդյոք Հարավսլավիայի օրինակը

Իհարկե, այս ամենը դեր խաղացել է, բայց ինձ ավելի համոզիչ է թվում Օքսֆորդի համալսարանի մասնագետ Վլադիմիր Պաստուխովի կարծիքը։ Պատճառները, ասում է նա, ներհամակարգային էին՝ պետության հիմքում ընկած ինստիտուտները հնացան, սկսեցին խափանումներով աշխատել, ծնվեց բարեփոխական էլիտան՝ Գորբաչով, Ելցին, որոնք ուզում էին վերացնել այդ խափանումները, բայց այդ բարեփոխական ջանքերը հանգեցին ոչ թե համակարգի վերականգնմանը, այլ կանխորոշեցին դրա բնական մահը։ Ինձ թվում է՝ շատ հրատապ գաղափար է։

Ինչ հարաբերություններ ուներ Մանուկյանը «նախկինների» հետ, կամ պաշտոն ստանալու նուրբ արվեստը

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (295)

Ըստ թեմայի

Ինչո՞ւ ենք թեյավճար թողնում, կամ ո՞ր երկրի մատուցողն է վազում փող թողած հաճախորդի հետևից
Ինչպիսին էր կյանքն առանց անձնագրերի, կամ պատմությունը «եթե»-ներ չի ճանաչում
Կորոնավիրուսի հետ կապված երեք ամենակարևոր հարցերը
թեգերը:
Փլուզում, ԽՍՀՄ, Հայաստան

Գլխավոր թեմաներ