22:19 15 հունվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.53
  • GBP712.78
  • EUR634.35
  • RUB7.13
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
243620

Գնդապետը մասնակցել է արցախյան երկու պատերազմներին։ Վերջին մարտերում ծանր վիրավորվել է ու արդեն երկու անգամ վիրահատվել։

Հայաստանի զինված ուժերի գնդապետ Ստանիսլավ Երյոմինը դեկտեմբերի 26-ին հիսուն տարեկան դարձավ։ Նա պատրաստվում էր հոբելյանը մեծ շուքով նշել ռեստորանում, բայց արցախյան պատերազմը խառնեց ծրագրերը։

Գնդապետը վիրավորվել է ԱԹՍ-ի հարվածի հետևանքով ու հոբելյանը նշում է երևանյան ԲԿ-ներից մեկի հիվանդասենյակում։ Ընկերներն ու գործընկերներն այցելում են նրան։ Ով չի կարողանում գալ, հեռախոսով է շնորհավորում։ Երկու մաղթանք է հնչում` խաղաղություն և առողջություն։

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը նույնպես այցելեց նրան։ Վեցերորդ հարկում գտնվող հիվանդասենյակում նրա կինն է՝ Սյուզաննան, որին ամուսինը քնքշորեն «Սյուզ» է անվանում, ու ընկերը, որը գնդապետին «ձյաձ»–ով է դիմում։ Չնայած ծանր վնասվածքներին, երկու վիրահատությանն ու երկարատև բուժմանը, գնդապետը ժպտում է ու սիրով դիմավորում հյուրերին։ Բայց մեկ–մեկ, սովորության համաձայն, հրամայական տոնով է դիմում ներկաներին, իսկ նրանք ժպտում են։

Супруга полковника Станислава Еремина Сюзанна
© Sputnik / Asatur Yesayants
Ստանիսլավ Երյոմինի կինը

Բնավորության ամենահայկական գծով ռուսը

Գնդապետ Երյոմինը ծնվել ու մեծացել է Երևանում։ Մայրը զինվորական է եղել, հայրը՝ զինվորական նվագախմբի դիրիժոր։ Ինչպես շատերը Խորհրդային Միությունում, այնպես էլ նա Երևանից Մոսկվա է մեկնել` մասնագիտական-տեխնիկական ուսումնարանում կրթություն ստանալու։

—Դուք ձեզ սլավոնական ազգի ներկայացուցի՞չ եք զգում։

—Ես` ոչ, բայց շուրջս բոլորը նկատում են։

—Ձեր բնավորության ամենահայկական գիծը ո՞րն է։

— Չեմ կարող բացատրել, բայց․․․ մարդկայնությունը։

Полковник Станислав Еремин в медцентре в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Ստանիսլավ Երյոմին

Գնդապետը հիշում է՝ ինչպես է Ռուսաստանի իր ընկերներին բացատրել ռուսի ու հայի տարբերությունը։

«Եթե Ռուսաստանում մեկը փողոց դուրս գա, սկսի կրակել, մարդիկ կփախչեն, Հայաստանում այդպես չէ», - ասում է Երյոմինը և մի դրվագ պատմում 90-ականներից։

Զինվորական հարևանը նարդի է խաղացել ու պարտվելուց հետո որոշել է ինքնաձիգից կրակել։ Տղամարդիկ հարձակվել են վրան, զենքը խլել, մի երկու անգամ հարվածել, որից հետո նա ներողություն է հայտնել ու խնդրել, որ վերադարձնեն զենքը։

«Հենց սա հայկական գիծ է։ Ուրախ եմ, որ ես էլ ունեմ դրանից», - ասում է գնդապետը։

Полковник Станислав Еремин в медцентре в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Ստանիսլավ Երյոմին

Երյոմինը պետք է նավաստի դառնար։ Ուսումնարանն ավարտելուց հետո խորհրդային բանակ զորակոչվեց։ Պետք է ծառայեր Սանկտ Պետերբուրգի նավատորմում, բայց ճակատագրի բերումով ընդունվեց Կիրովի անվան ուսումնական ջոկատ ու միչման դարձավ։ Կես տարի ծառայեց նավատորմում։

«Փորձառու միչմանները ամռանն են արձակուրդ գնում, անփորձները՝ գարնանը։ 1992 թվականի գարնանն ինձ արձակուրդ ուղարկեցին։ Երևան եկա, ու համոզեցին, որ հայկական բանակում ծառայության անցնեմ։ Այդպես էլ չզորացրվեցի, մինչև հիմա ծառայում եմ», - պատմում է նա։

Նոր պատերազմ ու անսպասելի վիրավորում

Գնդապետն անցել է արցախյան առաջի պատերազմի միջով։ 1992 թվականի մայիսի 8-ին է ռազմաճակատ մեկնել։ Լավ է հիշում այդ օրն ու մանրամասներ է պատմում։ Երկրորդ պատերազմի մասին խոսելիս ավելի զուսպ է։

Полковник Станислав Еремин в медцентре в Ереване
© Sputnik / Asatur Yesayants
Ստանիսլավ Երյոմին

Ռազմաճակատ մեկնեց հոկտեմբերի 10-ին։ Ընտանիքին ոչինչ չասաց, նրանք կարծում էին, որ հայրը Երևանում է աշխատում ու զբաղվածության պատճառով չի կարողանում տուն գալ։ Պատերազմի օրերին գլխավորեց օպերատիվ բաժինը հարավային ուղղությամբ․ այդ հատվածում ամբողջ ընթացքում ծանր մարտեր էին մղվում։ Ինչ-որ պահի Երյոմինը ստիպված եղավ թողնել բաժինն ու մարտական երկու ընկերների՝ Ստեփան Գևորգյանի ու Արտակ Ասատրյանի, ինչպես նաև երկու զինվորների հետ դիմակայել հակառակորդի գրոհին։

«Զինվորներից մեկը «Կորնետ» հակատանկային համալիր ուներ։ Մեզ վրա երկու տանկ էր գալիս, բայց մեկը ձորն ընկավ։ Մենք բացատրեցինք զինվորին՝ երբ պետք է խոցի տանկը, բայց պաշտպանության դինամիկ համակարգի պատճառով հրթիռները թիրախին չէին հասնում։ Հուսահատվեցինք ու սկսեցինք ինքնաձիգներով կրակել, ի վերջո «կուրացրինք» նրան, ու տանկը հետ գնաց», - ասում է գնդապետը։

Թեև մարտական ընկերներին հաջողվել է հետ մղել թշնամու տանկը, բայց չեն նկատել ԱԹՍ-ն։ Հենց այդ ժամանակ էլ Երյոմինն ու նրա ծառայակիցներից մեկը վիրավորվել են։

«Ուժեղ լույս նկատեցի, հարված զգացի ու կարծեցի, թե մահացել եմ։ Մի կողմ շպրտվեցի, գիտակցությունս կորցրի ու հոսպիտալում ուշքի եկա։ Ասում են՝ ինձնով զինվորի եմ պաշտպանել, բայց չեմ հիշում դա», - շարունակում է մեր զրուցակիցը։

Գնդապետը խոստովանում է, որ կցանկանար նորից տեսնել այն զինվորներին, բայց չի ուզում տոնել իր փրկությունը, քանի որ երկիրը սգի մեջ է, ինքն էլ դեռ շատ անելիք ունի բանակում․ պիտի փոխանցի ռազմական փորձը, եզրակացություններ անի ու օգնի բարեփոխել բանակը։ Վստահ է, որ պատերազմում հաղթել է ոչ թե ադրբեջանական բանակը, այլ թուրք հատուկջոկատայիններն ու վարձկան ահաբեկիչները։ Հայկական կողմը շատ սխալներ է գործել, ու դրանք պետք է վերլուծել և ուղղել։

—Ծառայության վերադառնալո՞ւ եք։

—Անպայման։ Եթե ողջ եմ մնացել, ուրեմն ինչ-որ բանի համար պետք եմ։ Շատ գործ ունեմ անելու, բոլորն անհամբեր ինձ են սպասում։

P.S․ Sputnik Արմենիան Երյոմինին անակնկալ մատուցեց տարեդարձի կապակցությամբ։ Երաժիշտ Արմեն Սարգսյանը, որն ավելի հայտնի է «Ցոյ» մականունով, հենց հիվանդասենյակում մի քանի երգ կատարեց ու կիթառ նվագեց գնդապետի համար։ Նա էլ որոշեց հետ չմնալ, ու մի քանի ակորդ էլ ինքը նվագեց։ Հենց այդ պահին էլ գնդապետին զանգահարեց ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը։

Ըստ թեմայի

«Միայն թե եղբորս ոչինչ չլինի». Դավիթ Կարենովիչի վերջին խոսքերն իրականացան, երազանքը` ոչ
Շտապել է օգնության, բայց դիվերսանտների ծուղակն է ընկել. ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանը
52 միլիարդի ճակատագիրը. ինչի վրա կծախսեն «Հայաստան» հիմնադրամից կառավարությանը տված փողը
Մոր երազը և անտառում 70 օր թաքնված Դավիթի ցանկությունը. հնարավոր է` էլի կան ողջ մնացածներ
թեգերը:
Արցախյան պատերազմ, գնդապետ, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ