01:43 24 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD512.01
  • GBP714.82
  • EUR611.34
  • RUB7.05
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (401)
23850

​Եկեք անկեղծ լինենք։ Ինչո՞վ են ավարտվում տարբեր երկրների ղեկավարների փորձերը՝ կարել սահմանադրությունը սեփական հագով և ի վերջո մնալ իշիանության շատ ավելի երկար, քան նախատեսված է գործող սահմանադրությամբ։

Հեռանալ… Ուզում եմ, բայց չեմ կարող…

Երևի հիշում եք, որ երբ մի քանի տարի առաջ Հայաստանում սկսեցին քննարկել նոր Սահմանադրության նախագիծը, իսկ այնուհետև այն դրվեց հանրաքվեի, ընդդիմությունն անընդհատ հրապարակավ զգուշացնում էր` Սերժ Սարգսյանը միայն իր համար է մշակել այս նոր Սահմանադրությունը. ուզում է նախագահական երկու ժամկետների ավարտից հետո կամ կրկին նախագահի պաշտոնը զբաղեցնել ևս 7 տարի, կամ ավելի վատ՝ ընտրվել վարչապետ և պաշտոնավարել գործնականում մինչև կյանքի վերջը, որովհետև եթե իր գլխավորած Հանրապետական կուսակցությունը շարունակի հաղթել բոլոր առաջիկա խորհրդարանական ընտրություններում, այդ քաղաքական ուժի անդամներն անընդհատ քվեարկելու են իրենց լիդերի օգտին, որը հավերժ մնալու է վարչապետ։​

Հանրապետականները ծիծաղում էին ընդդիմադիրների այս ենթադրությունների վրա, իսկ Սերժ Սագսյանը, փորձելով շահել հանրության սիրտը, ասաց, որ երբեք նախագահ չի դառնալու, իսկ վարչապետ դառնալու մտադրություն չունի։ Բայց, ինչպես ասոմ են, եկավ գարունը և Սերժ Սարգսյանն ընտրվեց վարչապետ։ Ճիշտ է, այդ պաշտոնին շատ կարճ մնաց և հեռացավ ընդամենը վեց օր անց՝ համաժողովրդական շարժման ճնշման ներքո։

Էստեղ մի շատ նուրբ և վիճահարույց հարց կա՝ իսկ արդյո՞ք Արցախում և նրա շուրջ նույնը տեղի կունենար, եթե վարչապետ մնար մի մարդ, որը հասկանում է, որ չի կարելի թանկարժեք ինքնաթիռներ գնել, որոք չեն կրակում, որովհետև պարզապես հրթիռներ չունեն, այնինչ հակառակորդը դրոններ է օգտագործում, որոնք շատ արդյունավետ են ժամանակակից պատերազմի պայմաններում։ Սակայն իմ թեման այսօր դա չէ, այլ Սահմանադրությունը և դրա օգտագործումը իշխանության մնալու նպատակով։

​Գիտեք, իհարկե, աշխարհում կա մոտ 200 պետություն։ Եվ Սերժ Սարգսյանի օրինակն ամենևին միակը չէ, ոչ էլ հազվադեպ հանդիպող։ Բերեմ վիճակագրական տվյալներ։

Հեղափոխության պլյուսներն ու մինուսները. շատ հետաքրքիր կլիներ` այս հարցերն ուղղվեին հայերին

1875 թվականից մինչև 2011 թվականը, տեսնելով, որ իրենց իշխանության բոլոր ժամկետները սպառվել են, այս կամ այն կերպ փորձել են փոխել, վերացնել սահմանափակումները և 20 տոկոսի մոտ դա ստացվել է, իսկ 20 տոկոսը 71 լիդեր է՝ պատկերացնո՞ւմ եք ամեն երրորդ առաջնորդի գործադրած ջանքերը նոր Սահմանադրությունն օգտագործել սեփական իշխանությունը երկարաձգելու կամ նույնիսկ հավերժացնելու նպատակով, պսակվել են հաջողությանբ։ Շատ–շատերի մոտ չի ստացվել։ Այսինքն` Սերժ Սարգսյանի օրինակն ամենևին եզակի չէ։

Եվ մեկ այլ օրինաչափություն։ Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր Թոմ Գինզբուրգը, որը համահեղինակել է «Ինչպես են շրջանցում պաշտոնավարման ժամկետների թվի սահմանափակումները» գիրքը, իմ կարծիքով, շատ ճիշտ նկատել է.

«Համակարգում իշխանափոխության պահը, որը հիմնված է մեկ անձի վրա, որպես կանոն` շատ վտանգավոր ժամանակ է երկրի համար։ Դուք ստանում եք ժամանակավոր կայունություն, բայց միաժամանակ նաև շատ մեծ պրոբլեմներ միջնաժամկետ հեռանկարում»,–փաստել է ամերիկացի պրոֆեսորը։ Համաձայնեք՝ կարծես Հայաստանի մասին ասված լինի։

Մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը, շատ հաջող իշխանափոխություն իրականացրեց ու կարծես թե նույնիսկ ցնցումներ չեղան, նորմալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեցին։ Տեսեք, թե հիմա՝ «թավշյա հեղափոխությունից» գրեթե երեք տարի անց, ինչ է կատարվում։ Պառակտված հասարակություն, պատերազմ, տարածքների կորուստ, դավաճանների փնտրտուք և դեռ պարզ չէ, թե ինչ է սպասվում առաջիկայում։

Բայղուշություն չանեմ, բայց պրոֆեսոր Գինզբուրգը փաստում է՝ որոշ երկրներում գործը հասնում է քաղաքացիական պատերազմի։

​Եվ վերջում։ Ինչպե՞ս անել, որպեսզի առաջնորդը հեռանա առանց դիմադրության։ Հետաքրքիր է Զիմբաբվեի նախկին ղեկավար Ռոբերտ Մուգաբեի օրինակը։ Շատ հետաքրքիր։ Որովհետև դեռ 80-ական թվականներին նա ընդունեց մի Սահմանադրություն, որտեղ ընդհանրապես ժամկետների մասին դրույթ չկար։ Չկա դրույթ՝ չկա պրոբլեմ։

Եվ պաշտոնավարեց 37 տարի` երկիրը հասցնելով տնտեսական կոլապսի։ Եվ 2017 թվականին նրան պաշտոնազրկեցին հենց իր կուսակցության անդամները։ Բայց նրան թողեցին իր հսկա կարողությունը, հսկա առանձնատունը, հսկա ավտոմեքենան, նաև հսկա սպասարկող անձնակազմը և պահպանեցին նրա դիվանագիտական ստատուսը։ Ու նա հանգիստ հեռացավ։

Դուք չէի՞ք հեռանա, իմանալով, որ մինչև կյանքի վերջը ապրելու եք թագավորական պայմաններում։

Ձախողված 2020 թվականը, կամ ով է լինելու «տարվա մարդը»

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (401)

Ըստ թեմայի

Նրա հաղորդումները միաժամանակ դիտում էին միլիոնավոր մարդիկ. Լարին, Սթիվենն ու Մուհամեդ Ալին
Ո՞վ կփոխարինի Մերկելին, կամ Արմին Լաշետ՝ համակրանք փախստականների ու Ռուսաստանի հանդեպ
«Ստան» ածանցը նշանակում է` ասիական երկիր ենք. ինչու են երկրները փոխում իրենց անունները
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, Վարչապետ, Նախագահ, Հայաստան, Սահմանադրություն

Գլխավոր թեմաներ