11:30 27 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
2046 0 0

«Զվարթնոց» օդանավակայանն ամբողջ փետրվարը կաշխատի նախակարանտինյան ռեժիմով. սովորականի պես Երևանից Մոսկվա չվերթերն ամենապահանջվածն են։ Միգրացիայի և այն մասին, թե ինչպես ամեն ինչ սկսվեց, հիշում է սյունակագիր Սերգեյ Բաբլումյանը։

Տոմսերի գները միայն մեկ ուղղությամբ «թռել» են մինչև 700 դոլար, լրացուցիչ բարդություններ են առաջացել կորոնավիրուսի թեստի տեղեկանքների հետ կապված, բոլոր տոմսերը նախապես վաճառված են, բայց ժողովուրդը միևնույնն է ձգտում է մեկնել երկրից։ Որևէ լավ բան այստեղ չեմ տեսնում։ Հակառակը. Արցախում հողեր են կորսված, Հայաստանում կրճատվում է բնակչությունը, իսկ դա իրական ազդակ է վտանգի մասին, որ շուտով կարող ենք էլի հողեր կորցնել։

... Զանգվածային արտագաղթի առաջին ալիքը մեզ մոտ սկսվել է դեռ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի օրոք. ոմանք` Ռուսաստան էին մեկնում, մյուսները` ԱՄՆ։  Այդ տարիներին ես «Գրին քարտ» շահեցի։ Եվ ահա ես ու կինս դստեր և թոռների մոտ հետախուզական առաջին թռիչքը կատարեցինք, այնուհետև էլի ու էլի... իսկ հետո հանձնեցինք մեր «Գրին քարտը» Երևանի ԱՄՆ դեսպանատանն ու սկսեցինք Միչիգան մեկնել սովորական տուրիստական վիզայով։

Դա ավելի շատ ժամանակ է խլում, որոշակի ջանքեր պահանջում, կոնկրետ ծախսերի հետ է կապված, բայց դու ազատ ես տարվա մեջ գոնե վեց ամիս տանը չապրելու պարտավորությունից:

Հիմա «բայց»–ի մասին ավելի մանրամասն։ Առաջինը, ինչ գիտակցում ես Ամերիկայում նույնիսկ ամենահարազատ ու մտերիմ մարդկանց մոտ մի քանի ամիս ապրելուց հետո, այն է, որ Ամերիկայում դու օտար ես։ Ոչ բոլորն են հանդգնում ասել այդ մասին, բայց նախ` կողքից ավելի լավ է երևում, բացի այդ էլ կան այնպիսիք, ովքեր իրենց ապրումները չեն թաքցնում։

«Ժողովրդական ալիք» ռուսական ռադիոյի հաղորդավար Միխայիլ Գուտկինի անկեղծ խոստովանությունից։ «Քսան տարի առաջ, երբ ես այստեղ եկա, շատ էի ուզում ամերիկացի լինել։ Ուզում էի, որ ոչինչ չհիշեցնի ինձ իմ ծագման մասին։ Սակայն ժամանակի ընթացքում հասկացա, որ դա սխալ է, այստեղ ինձ երբեք հարյուր տոկոսով յուրային չեն համարելու։ Բացի այդ ես էլ ինձ լիարժեք ամերիկացի չեմ զգում։ Շատ բաների ես այլ կերպ եմ նայում, ոչ ամերիկյան ձևով»։

ԱՄՆ–ում կյանքի նկատմամբ ոչ ամերիկյան հայացք ունենալը դեռ չի նշանակում հակաամերիկյան լինել, բայց հետագա մտորումների տեղիք է տալիս։ Օրինակ` մեզանից շատերն այսօր իրենց հողի վրա էլ կարծես իրենց տեղում չեն, բայց  այնուամենայնիվ, հարազատության զգացումը չի կորում, հատկապես նրանց համար, ովքեր հիսունն անց են։ Նման «հարազատ» պատեր օտարության մեջ երկար ժամանակ չեք ունենա, երկար ժամանակ` միայն ապաստարան։

Լրացում անեմ միչիգանյան իրականության հետ կապված, որտեղ հայերն ավելի սակավաթիվ են, քան Կալիֆոռնիայում։ Սակայն և՛ Միչիգանում, և՛ Կալիֆոռնիայում, և՛ ամենուր, որտեղ դու արմատներով օտար ես, դեռ երկար ես մնալու եկվորի կարգավիճակում։

«Թող հայրենիքը մնա իմ սրտում, բայց ես լինեմ ուրիշ երկրում». քաղաքացիները` արտագաղթի մասին

Դրան գումարած չվերացող հակաէմիգրացիոն տրամադրությունները։ Աբրահամ Լինքոլնն իր ընդդիմախոսների մասին ժամանակին ասում էր. «Եթե նրանց ձեռքը տաս իշխանությունը, ապա «Բոլոր մարդիկ հավասար են»–ի փոխարեն, նրանք կգրեն. «Բոլոր մարդիկ հավասար են, բացառությամբ սևամորթների, օտարերկրացիների և կաթոլիկների»»։

Այն օգուտը, որն ԱՄՆ–ն ունի եկվորներից, հասկանում են ոչ միայն խելացի նախագահները, այլև հասարակ ամերիկացիները, որոնք ևս հիմար չեն։ Երկրում տեխնիկական առարկաներ դասավանդող յուրաքանչյուր երկրորդ մասնագետն ու յուրաքանչյուր հինգերորդ բժիշկը ներգաղթյալներ են։ Բացի այդ ֆիզիկոսները, քիմիկոսները, ծրագրավորողները, ինժեներները, շինարարները` աշխարհի բոլոր երկրներից... Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Դովլաթովը, մշակութաբան Վահրիճ  Բախչանյանը («Ձեռքերդ քաշի՛ր Վեներա Միլոսսկայայից» հայտնի պաստառի հեղինակ)։ Ու էլի մի շարք լավ մարդիկ։

Սա ասում եմ նրա համար, որ հայերը իրենց երկրորդական լինելու հետ կապված առանձնակի բարդույթներ չպետք է ունենան, բայց մի բան է հասկանալը, բոլորովին այլ բան` կարողանալ հեշտությամբ ինտեգրվել նոր իրականության մեջ և այնտեղ սահուն կյանքով ապրել։

...Վերադառնանք «Զվարթնոց» օդանավակայան, որը հայերին ճանապարհում է օտար քաղաքներ ու երկրներ` առանց հետդարձի տոմսի։ Նրանց դատապարտելը հեշտ է, բայց և հասկանալ էլ կարելի է.  երկրում խառնաշփոթ է, իշխանությունը ցնցումների մեջ է, բանակը վերքերն է բուժում, թուրքերը մոտ են, միակ հույսը Ռուսաստանն է, ուր էլ շատ են մեկնում հայերը։

Մեկնողներն ունեն երեխաներ, որոնց ոտքի է պետք կանգնեցնել, ծերեր, որոնց բուժել է պետք, հույսեր, որոնք տանն իրականություն դառնալու հնարավորություն չունեն...

Երկիրը լքելու մտքից հետ համոզելու ու «թավշյա հեղափոխության» մասին խոսելու փոխարեն, ավելի լավ է երկրին վերադարձնել նրա գեղեցիկ դեմքն ու ժամանակի փառքը, ինչում կարող էին օգնել նաև մեկնողները։ Ցավոք... Ի զորո՞ւ է դա անել ներկայիս իշխանությունը։ Պատասխանը կգտնեք «Զվարթնոցում»։

Թեպետ ՀՀ վարչապետին կից սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը կարծում է, որ մարդիկ` շոկային վիճակից դուրս գալուն զուգահեռ, արտագաղթի հետ կապված իրենց մտադրությունները կսկսեն փոխել։ Նա համոզված է, որ Հայաստանը լքելու ցանկություն այսօր ավելի շատ մարդ ունի, քան կլինի վաղը։  Դե ինչ` կապրենք–կտեսնենք։ Բայց մինչ այդ «Զվարթնոցում» դեռ ասեղ գցելու տեղ չկա։

Ըստ թեմայի

Դժվար է պատկերացնել սրվակում բեղմնավորված արցախցու, կամ ԷԿՈ–ն կլուծի՞ հայերի հարցը
«Հայի բախտ». ինչպես ազատվել կորսված հայրենիքի սինդրոմից
Գերիների ու անհետ կորածների ճակատագիրը, կամ ինչի համար է հայ զինվորի հայրը դռներ կոտրում
թեգերը:
ներգաղթ, ԱՄՆ, թռիչք, Մոսկվա, Հայաստան, արտագաղթ, «Զվարթնոց» օդանավակայան

Գլխավոր թեմաներ