05:13 17 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.48
  • GBP734.61
  • EUR632.67
  • RUB7.06
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (373)
21550

​Եկեք անկեղծ լինենք։ 2009 թվականին, երբ Արաբական Միացյալ Էմիրություններն ուղեծիր դուրս բերեցին իրենց առաջին արբանյակը, ո՞ւմ մտքով կանցներ, որ մեկ տասնամյակ էլ չի անցնի, և այդ երկիրը կհամալրի «Մարսյան էլիտար ակումբը»։

«Մարսյան էլիտար ակումբին» միացան Արաբական Միացյալ Էմիրությունները

ԱՄԷ–ն աշխարհի 4 պետությունների ու կազմակերպությունների հետ միասին իրականացնում է Կարմիր մոլորակի հետազոտությունները։

Մինչև այժմ Մարս էին հասել միայն ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Հնդկաստանը և Եվրոպական Միությունը։ Պատկերացրեք, որ նույնիսկ Ճապոնիան, որի գրեթե անխափան աշխատող տեխնիկան մենք ըմբոշխնում ենք մեր բնակարաններում, երկու անգամ փորձեց հասնել Մարս, բայց ոչինչ չստացվեց։ Ճիշտ է, այս շաբաթ Մարսի ուղեծիր հասավ նաև չինական ապարատը, բայց Արաբական Միացյալ Էմիրությունների պատրաստածը նույնն արեց դրանից մեկ օր շուտ։

​Երբ ասում եմ՝ արաբների պատրաստածը, կներեք, մի փոքր խեղաթյուրում եմ իրականությունը, որովհետև արաբներն, իհարկե, ամենաակտիվ մասնակցությունն են ունեցել Մարսի ուղեծիր հասած տիեզերակայանի մշակմանն ու ստեղծմանը, սակայն փաստն այն է, որ այն պատրաստվել է ՆԱՍԱ-ում։ Ամերիկյան այդ գործակալության ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ արաբ մասնագետների ներկայությունը խիստ կարևոր էր ու օգտակար, քանզի նրանք մասնակցեցին գործնական աշխատանքներին՝ շարժիչի տեղադրում և փորձարկում, հրթիռի հսկայական տարողությունների վառելիքով լցոնում և այլն։

Ի դեպ, արաբ մասնագետները խնդրեցին ՆԱՍԱ-ի ղեկավարներին իրենց ապարատի համար մշակել գործողությունների այնպիսի ծրագիր, որը չկրկնի մյուսների ծրագրերը։ Մանավանդ, որ չինացիները և ամերիկացիները, որոնք նույնպես իրենց հետազոտական սարքերն են արձակել անցած ամռանը, մարսագնացներ են իջեցնելու, իսկ արաբները հեռավոր մոլորակը կուսումնասիրեն ուղեծրից։ Բոլոր դեպքերում, ՆԱՍԱ-ի ներկայացուցիչները արաբներին ասել են՝փորձեք հասկանալ երկու խնդիր, որոնք հսկայական նշանակություն ունեն մարդկության համար՝ ինչպե՞ս է հոսող ջուրն այնտեղ վերածվել սառցի և ինչպես է ստացվել, որ Մարսի խիտ մթնոլորտը այնքան նոսր է դարձել, որ չի էլ կարող պաշտպանել մարդկանց տիեզերական ճառագայթումից։

Կարելի՞ է դատել գիտնականներին միայն այն հիմքով, որ նրանք հստակ չեն կանխատեսել երկրաշարժը

​Սակայն արաբների համար ամենակարևորը իրենց նվաճումների ցուցադրումն է ողջ աշխարհին։ Ընդ որում՝ ամենատարբեր բնագավառներում։ Մի բնորոշ օրինակ բերեմ։ Երևի գիտեք՝ որոշ արաբական երկրներում ավանդապաշտությունն այն չափերի էր հասել, որ կանանց զրկում էին ընտրությունների ժամանակ քվեարկելու իրավունքից, կամ էլ նույնիսկ թույլ չէին տալիս մեքենա վարել։ Ճիշտ է, վերջին տարիներին սահմանափակումները կամաց-կամաց վերանում են, բայց Արաբական Միացյալ Էմիրություններին այդ երկրները երևի թե այդքան արագ չկարողանան հասնել։ Միայն մի օրինակ։ Գիտե՞ք, թե ինչպիսին էր ՆԱՍԱ-ում աշխատող արաբական գիտական մասնագետների կազմը։ Չեք հավատա, որովհետև նույնիսկ մեզ մոտ՝ Հայաստանում, չափազանց դժվար է նման իրողություն պատկերացնել՝ ընդամենը երեք տղամարդ և, ուշադրությո՛ւն՝ 8 կին։

​Իհարկե, թռիչքը դեպի Մարսի ուղեծիր մի քիչ էլ գովազդային բնույթի էր և, արաբներն ի դեպ, դա չեն էլ թաքցնում։ Դեռ անցած տարի նրանք հպարտությամբ հայտարարում էին, որ իրենց պատրաստած սարքը Մարսի ուղեծիր կհասնի հենց այն օրերին, երբ Արաբական Միացյալ Էմիրություններում նշվելու է այդ պետության ստեղծման 50-ամյակը։ Քանզի մի փոքր ժամանակ մնացել է, ուզում եմ  հակիրճ պատմել, թե ինչպես ստեղծվեցին Արաբական Միացյալ Էմիրությունները, և ինչպիսին է այդ պետությունն այժմ, թեեւ երբեք այնտեղ չեմ եղել։ Կատարում եղել եմ, Էմիրություններում՝ ոչ, չնայած գիտեմ, որ որոշ հայաստանցիների համար դա իրենց ամենամյա ամառային հանգստավայրն է։ Հիշեք թեկուզ հայաստանցի հայտնի քաղաքական գործիչներից և մեծահարուստներից մեկի ռեպլիկը հավաքներից մեկում. «Ժողովո՛ւրդ, բոլորդ Դուբայում եղե՞լ եք, չէ»։

Հայերն աղմուկ կբարձրացնեին, իսկ ամերիկացիներն ուրախ են. ամերիկյան իմպիչմենտի դասերը

​Դուբայը Արաբական միացյալ Էմիրությունների խոշորագույն քաղաքն է, Աբու-Դաբին՝ մայրաքաղաքը։ Իսկ ընդհանրապես այդ երկիրը կազմված է 7 էմիրություններից, որոնք շատ էլ չեն տարբերվում առանձին պետություններից։ Բայց ամենազարմանալին այն է, որ եթե Հայաստանում գերազանցապես հայեր են ապրում, ապա Արաբական Միացյալ Էմիրության բնակչությունը կազմում է մոտ 10 միլիոն, բայց դրա 70 տոկոսը եկվորներ են Հարավային և Հարավ-Արևելյան Ասիայից։ Բա ի՞նչ անեն արաբները. նավթն այնքան շատ է, որ առանց դրսից եկած բանվորների ու մասնագետների հնարավոր չէ արդյունահանել ու մշակել։ Երկիր եմ ասել, է՜։

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (373)
թեգերը:
Արաբական միացյալ էմիրություններ (ԱՄԷ), Երկիր մոլորակ, Մարս

Գլխավոր թեմաներ