19:54 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
1217 0 0

Հայաստանում ակտիվ քննարկման թեմա է դարձել սահմանամերձ համայնքների բնակիչներին զինելու հարցը՝ հարևան երկրներից բխող սպառնալիքի դեպքում ինքնապաշտպանություն կազմակերպելու համար։ Sputnik Արմենիայի սյունակագիրը պատմում է, թե ինչպես է այդ հարցը լուծվում Շվեյցարիայում։

Արդեն ավելի քան երկու հարյուր տարի Շվեյցարիան չեզոքություն է պահպանում և ոչ մեկի հետ չի պատերազմում։ Հայաստանն ամեն տարի պատերազմի է սպասում և պետք է պատրաստ լինի դրան։ Շվեյցարիան պատրաստ է իրեն պաշտպանել։ Հայաստանը, ինչպես ցույց տվեց վերջին պատերազմը, ոչ։

Շվեյցարիան, որի վրա ոչ ոք չի պատրաստվում հարձակվել, կարող է մեկ-մեկուկես ժամում զինել երկրի գրեթե ամբողջ չափահաս բնակչությանը։ Հայաստանը, որին հարևանները պարբերաբար սպառնում են ջնջել Երկրի երեսից, չի կարող հպարտանալ ինքնապաշտպանության այդքան արագ կազմակերպմամբ։

Ի՞նչն է պատճառը, որ շվեյցարացիները կարող են։ Այնտեղ բոլորը հիանալի տիրապետում են ինքնաձիգներին, և բոլոր նրանք, ովքեր ծառայել են բանակում, զենքը ձեռքի տակ են պահում։ Միանգամայն լուրջ հրազենները շվեյցարացիները ծառայությունից հետո տանն են թողնում (այնպես, ինչպես զենքին «մնաս բարով» չեն ասում բանակում ծառայած իսրայելցիները), և քանի դեռ երկրին պետք չէ, նրանք չեն կրակում։

Շվեյցարացիների տներում զենք շատ կա, բայց կոնկրետ քանի հատ՝ նրանք էլ չգիտեն․ Շվեյցարիայում սպառազինության ազգային ռեգիստր չկա։ Կան մոտավոր հաշվարկներ՝ մոտ երկու միլիոն երեք հարյուր հազար բանակային հրազեն` չհաշված սպորտային և որսորդական զենքերը։ Երկրի բնակչությունը մոտ ինը միլիոն է` ներառյալ նորածինները։

Անցնենք Հայաստանին, որտեղ կրկին սկսել են խոսել սահմանամերձ շրջանների բնակիչներին զենք բաժանելու մասին։

Դրդապատճառ․ երկիրը ռազմական դրության մեջ է, իսկ գոյություն ունեցող օրենսդրական սահմանափակումները թույլ չեն տալիս քաղաքացիական անձանց միջոցով պատրաստված պաշտպաններ ապահովել։ Օրինակ՝ դիպուկահարները ծառայությունից դուրս գալուց հետո կարող են զենք ձեռք բերել միայն հինգ տարի անց։ Այլ կերպ ասած՝ եթե ծառայությունն ավարտելու հաջորդ օրը պատերազմ սկսվի, նա անզեն կլինի։

․․․Մսյոն՝ ոչ մեծ փորիկով ու դեմքին հավերժական ժպիտով ամուրի տղամարդը, բանակային համազգեստով և ուսին գցած ինքնաձիգով, հանկարծ հեծանիվով բակ դուրս եկավ։ Սիրալիր ձեռքով արեց, դուրս եկավ փողոց, իսկ հետո, ինչպես բացատրեցին հարևանները, գնաց հավաքակայան, որտեղ ավտոբուս կնստի ու կսլանա զորավարժարան՝ ամրապնդելու ազգային անվտանգությունը։

Պարզաբանում։ Բոլոր շվեյցարացիները պարբերաբար, երկու տարին մեկ, երեքշաբաթյա վերապատրաստում են անցնում։ Կադրային բանակում ընդամենը հինգ հազար զինվոր և սպա կա, սակայն պահեստազորում մոտ երկու հարյուր քառասուն հազար քաղաքացի է։ Եվ ևս երկու հարյուր ութսուն հազար՝ քաղաքացիական պաշտպանության ուժերում։ Եթե կարիք լինի, կարող են շատ արագ ավելի քան երկու միլիոն մարդ հավաքել՝ սեփական զենքը ձեռքին։

Սիգարները` Երևանից, թառափը՝ Բաքվից. ինչպես էին հայերը զարգացնում փոստային բիզնեսը

Այսպիսի` գրեթե ոտքից գլուխ զինված երկիր աշխարհում ուրիշ ոչ մի տեղ չկա (շվեյցարացիները կատակում են, որ իրենց երկիրը բանակ չունի, քանի որ ամբողջ Շվեյցարիան բանակ է)։ Այնպես որ բանկերը, պանիրը, շոկոլադն ու ժամացույցները` մի կողմ, ազգային անվտանգությունը՝ մյուս կողմ։ Ընդ որում` առաջնային։

Հարց, որը չի կարող չտալ ցանկացած ողջամիտ հայ․ «Եվ ինչպե՞ս է, որ ձեռքի տակ այդքան զենք ունենալով` շվեյցարացիները միմյանց չեն սպանել»։ Պատասխան․ քանի որ դա օրենքով արգելված է։ Մեզնից շատերն այստեղ միայն կժպտան։

Իսկ այդ ընթացքում Հայաստանում․ 1993թ․-ից մինչև օրս մեզ մոտ գոյություն ունի «Երկրապահ» կամավորականների միությունը, որի հիմքը կազմում են Արցախյան պատերազմի վետերանները։ Կազմակերպության գոյության իմաստը․ եթե վաղը պատերազմ է, եթե վաղը ելնենք մարտի, այսօ՛ր պատրաստ եղիր մարտին։

«Երկրապահի» մարտունակությունը բազմիցս է հաստատվել, խնդիրն այն է, որ նախ՝ վետերանները ծերանում են, երկրորդ՝ կամավորականներին որքա՞ն ժամանակ պետք կլինի, որպեսզի զենք-զինամթերք, սպառազինություն ստանան և գնան հայրենիքը պաշտպանելու։ Այդ առումով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ տնից վերցնել զրահաբաճկոնները, սաղավարտները և հավաքակայան ներկայանալ արդեն քիչ թե շատ պատրաստ մարտին, այնքան էլ վատ բան չէր։ Իհարկե, եթե այդ զենքուզրահը պահվեր տանը, ոչ թե պահեստներում։

Կատարյալ դեպքում (առայժմ, ավաղ, անհասանելի կատարելության) դա վերաբերում է նաև հրազենին՝ առայժմ սահմանամերձ շրջանների բնակիչների համար, հետո` կտեսնենք։

․․․ Եվ այսպես, Շվեյցարիայում կարող է զենք ունենալ յուրաքանչյուրը, ով դատվածություն չունի։ Ճիշտ է, Ալբանիայի, Կոսովոյի, Մակեդոնիայի և աշխարհի ևս վեց երկրի քաղաքացիներ (այդ թվում` Թուրքիայի) չեն կարող զենք գնել այնտեղ. արգելված է։ Հայերին կարելի է։ Բայց ոչ սեփական երկրում։

Երեխաները շատացան, հանցագործությունները քչացան․ ինչպիսին էր առանց սթափարանների Հայաստանը

Ըստ թեմայի

Կկարողանա՞նք արդյոք հաղթահարել արցախյան սինդրոմը, կամ սգո պսակներ՝ դափնեպսակների փոխարեն
Նույնիսկ ճանճը չի կարող խուսափել հայուհու դիպուկ հարվածից. արցախյան պատերազմի կանացի դեմքը
Ո՞վ կմտածեր, որ Ամերիկան ու Հայաստանն ընդհանուր բան կունենան, կամ ոչինչ անհետ չի անցնում

Գլխավոր թեմաներ