10:25 08 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
3383 0 0

Վարուժան Մատոսյանը պատերազմի առաջին օրն էր փորձել կամավորագրվել. նրան մերժել էին, քանի որ չէր ծառայել։ Վարուժանը, սակայն, օրեր անց նորից է դիմել զինկոմիսարիատ, և այս անգամ արդեն նրան հերթագրել են ու հաջորդ օրը կանչել։ Վարուժանը չվերադարձավ կռվից։

Պատերազմի ժամանակ զոհված 35-ամյա Վարուժան Մատոսյանենց բնակարանում ենք։ Առաջինը մեզ դիմավորում են նրա երկու երեխաները` 10 տարեկան Սարիբեկն ու 7 տարեկան Էլլան։ Երեխաներն ուշադիր զննում են ինձ և շատ արագ զրույցի բռնվում. Էլլան նայում է ֆոտոխցիկիս ու ասում, որ երազում է նկարչուհի դառնալ, քանի որ նկարել շատ է սիրում, բայց մատիտներով։ Սարիբեկը քրոջ խոսքն ընդհատում է և ասում, որ ինքն էլ է լավ նկարում, բայց բանկի կառավարիչ է ուզում դառնալ։ «Կառավարիչ կդառնամ, կհարստանամ ու լավ–լավ բաներ կառնեմ բոլորի համար»,–ասում է Սարիբեկը։

Дети Варужана Матосяна Сарибек и Элла
© Sputnik / Karine Harutyunyan
10 տարեկան Սարիբեկն ու 7 տարեկան Էլլան

Ընտանիքի անդամներին զգուշացնում եմ` գուցե պետք չէ՞, որ երեխաները մեր զրույցը լսեն, բայց պատասխանում են, որ երկուսն էլ գիտեն ամեն բան, սակայն Էլլան հորը տեսնելու հույսը դեռ չի կորցնում և սպասում է, որ նա մի օր տուն է գալու։

Վարուժան Մատոսյանը, որը պարտադիր զինվորական ծառայություն չէր անցել, հենց պատերազմի առաջին օրը` սեպտեմբերի 27-ին, գնացել է զինկոմիսարիատ և կամավորագրվել։ Սակայն նրան չեն հերթագրել` չծառայած լինելու պատճառով։

«Չեմ կարող վախկոտի պես ապրել». Վահեն իր վերջին վիրավորին կուրանալուց փրկեց, ինքը զոհվեց

«Տղաս նեղված տուն եկավ։ Ինձ ասաց` մամ, փաստորեն, ես անպիտա՞ն եմ։ Բայց չհանձնվեց. գիշերները գնում և կամավոր ինչ–որ աշխատանք էր անում զինվորների համար, ու օրեր անց` հոկտեմբերի 3-ին, նորից էր գնացել զինկոմիսարիատ։ Այս անգամ հերթագրել էին, և իր արածից գոհ ինձ հայտնեց այդ մասին։ Նրա խոսքն ինձ համար օրենք էր, և ես ոչինչ չասացի, չնայած սիրտս ցավում էր»,–պատմեց Վարուժանի մայրը` տիկին Աշխենը։

Варужан Матосян с матерью Ашхен
© Photo : provided by Varujan Matosyan's family
Վարուժան Մատոսյանը մոր հետ

Վարուժանը երկքաղաքացի է` 17-18 տարի առաջ են ծնողների և քրոջ հետ Վրաստանից հայրենիք վերադարձել, որպեսզի ինքն ու քույրն այստեղ կրթություն ստանան։ Վարուժանն ընդունվել է բժշկական համալսարան, սակայն չի ավարտել ուսումը, քանի որ աշխատանքի է անցել, իսկ աշխատանքն այդ պահին անհրաժեշտություն է եղել ընտանիքի համար։ Տարիներ անց նա ընտանեկան բիզնես է հիմնել` «Արփիվար» ՍՊԸ-ն, որը կոմպոտների և մուրաբաների արտադրությամբ է զբաղվում։

Варужан Матосян с семьей
© Photo : provided by Varujan Matosyan's family
Վարուժան Մատոսյանը հարազատների հետ

Երբ Վարուժանը կամավորագրվել է, մայրը կարծել է, որ տղային զինվորներին առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար են կանչելու։ Հաջորդ օրը Վարուժանին արդեն կանչել են Նուբարաշենի հրաձգարան` զինվորական պատրաստություն անցնելու։ Վարուժանի կինը` Լուսինե Չոբանյանը, չի հավատացել, որ ամուսնուն կանչել են։ Հարցն այն է, որ ամուսինը շատ կատակասեր էր և հաճախ է կնոջ «հոգու հետ խաղացել»։

Շտապել է օգնության, բայց դիվերսանտների ծուղակն է ընկել. ռազմական բժիշկ Սաշա Ռուստամյանը

«Ես աշխատանքի էի, երբ Վարուժը զանգեց և ասաց` կանչել են, պիտի գնա։ Չհավատացի, մտածեցի` հերթական հումորն է անում»,–պատմում է կինն ու սրբում արցունքները. չի հասցրել անգամ հրաժեշտ տալ ամուսնուն։

Варужан Матосян с детьи Эллой и Сарибеком
© Photo : provided by Varujan Matosyan's family
Վարուժան Մատոսյանը զավակների հետ

Վարուժանը հրաժեշտ է տվել երեխաներին. նրանց ամուր գրկել է, արտասվել։ Տղայի մայրն ասում է, որ որդու արցունքները մինչև հիմա չի կարողանում մոռանալ...

Варужан Матосян с сыном и племянником
© Photo : provided by Varujan Matosyan's family
Վարուժան Մատոսյանը որդու և զարմիկի հետ

Երկու օր անց Վարուժանին Նուբարաշենի հրաձգարանից Արցախ են տարել` Ջրական (Ջաբրայիլ)։ Դրանից հետո նա կապ է պահպանել քրոջ` Անգինի հետ։ Վերջինս պատմում է, որ երբ առաջին անգամ եղբայրը զանգել է իրեն, այնքան ուրախ է եղել, որ իր մտքով անգամ չի անցել, թե նա առաջնագծում է։ Քույրը եղբորը հարցրել է, թե ո՞նց է, եղբայրը պատասխանել է. «Սուպեր»։ Վարուժանը այնքան էլ հաճախ չի զանգել քրոջը, քանի որ կապի խնդիր կար. վերջին անգամ Անգինը եղբոր ձայնը լսել է հոկտեմբերի 12-ին։

Варужан Матосян с сестрой Ангин
© Photo : provided by Varujan Matosyan's family
Վարուժան Մատոսյանը քրոջ հետ

«Այդ օրն ինձ զանգեց ու ասաց` ես լավ եմ, դուք ձեզ լավ նայեք։ Ինձ ասաց` ընտանեկան բիզնեսն էլ յոլա տար, մինչև կգամ, կհասնեմ։ Դրանից հետո օրեր շարունակ լուր չկար նրանից. հոկտեմբերի 16-17-ին զոհվել էր։ Որոշ ժամանակ անց իմացանք, որ իրենց կողմերից ինչ-որ տղա է վերադարձել. հայրիկս գնացել, խոսել էր հետը, բայց նա հորս չէր կարողացել վատ լուրը հայտնել։ Հետո, երբ եղբորս ընկերներն էին այցելել այդ զինվորին, նրանց էր ասել, որ Վարուժանը զոհվել է»,–պատմեց Անգինը։

Варужан Матосян с сестрой Ангин
© Photo : provided by Varujan Matosyan's family
Վարուժան Մատոսյանը քրոջ հետ

Վարուժանը զոհվել է լուսադեմին դիպուկահարի կրակոցից։ Հարվածը որովայնի հատվածում է եղել։ Դեպքի օրը հստակ չէ, քանի որ տեղում գտնվողներն իրենք ժամանակի մասին պատկերացում չեն ունեցել։ Հակառակորդը կրակոցներով չի թույլատրել, որպեսզի ընկերները մոտենան և վերցնեն նրա դին։ Վարուժանի դին երկու ամիս հետո` դեկտեմբերի 20-ին են հայտնաբերել որոնողական աշխատանքների արդյունքում։ Վարուժանի հայրը նույնպես մասնակցել է այդ աշխատանքներին, և հենց նա էլ ճանաչել է որդուն։ Հայրն ընտանիքի անդամներին շատ բան չի պատմել, միայն ասել է, որ նրա անձնական իրերը` ուսապարկն ու բաճկոնը, ադրբեջանցիները թույլ չեն տվել, որ վերցնի իր հետ...

Հրամանատարի մարմինը թշնամուն չթողեց, բայց ինքը վիրավորվեց. 2 անգամ մահից փրկված զինվորը

Վարուժանի զոհվելուց հետո է ընտանիքն իմացել, որ նա ոչ թե ինչ–որ բուժկետում է եղել, այլ առաջնագծում` մյուսների հետ հավասար կռիվ տալով։ Ավելին, Վարուժանը «Դոբրի» մականունն է ստացել այդ օրերին, քանի որ մարտական ընկերներին հաճախ է օգնել` առաջին օգնություն է ցուցաբերել, իր տաք հագուստն է տվել նրանց։

Ընկերները պատմել են, որ նաև իրենց մարտական ոգին է Վարուժանը բարձրացրել` կրակոցները երբ դադարել են, նա սկսել է երգել։

Վարուժանի ընկերներից Դիանա Ղազարյանն ասում է, որ նա կյանքում էլ այդպես էր` ուշադիր ու հոգատար, կենսուրախ. անգամ դիմացինի ձայնի ելևէջներից հասկանում էր, որ տրամադրությունը տեղը չէ, և փորձում էր օգնել նրան։

Варужан Матосян с подругой Дианой Карарян
© Photo : provided by Varujan Matosyan's family
Դիանա Ղազարյանն ու Վարուժան Մատոսյանը

«Վարուժը սար ու ձորի մարդ էր, բնության սիրահար։ Եթե նրան ասեիր` գնանք ռեստորան, մի լավ հաց ուտենք, չէր գա։ Կհամոզեր, որ բնության գրկում ավելի լավ կանցնի։ Նա առողջ ապրելակերպ էր վարում և ինձ էլ ասում էր` առավոտյան 1 ժամ շուտ արթնացիր ու վազիր։ Արշավների հաճախ էր գնում` Արագածի 4 կատարները 1 օրում է բարձրացել և հիմա էլ երազում էր Արարատը հաղթահարելու մասին, ավելի ճիշտ` պատրաստվում էր դրան»,–պատմեց Դիանան։

Նա կարծում է, որ Աստված ուղղակի չի ուզել, որ Վարուժանն այս կեղծիքի աշխարհում ապրի, տեսնի` ինչ է կատարվում հիմա։

Դիանան, տղայի ընտանիքի անդամները նշում են, որ Վարուժանը հաճախ է ասել` մինչև 100 տարի պիտի ապրի ու մինչև 80 տարեկան սար բարձրանա...

Ըստ թեմայի

«Թաքուն մտածում եմ` նորից Հադրութի մեր տանն ենք ապրելու». արցախցի երեխաների երազանքները
Նրան սիրում էին բոլորը, աղջիկները` անմոռաց սիրահարվում․ պատմում են Արթուրին ճանաչողները
Նկարս եմ բերել, որ միշտ հիշեք ձեր գժուկին. սահմանին զոհված Աշոտը երազում էր գեներալ դառնալ
թեգերը:
Պատերազմ, Արցախ

Գլխավոր թեմաներ