01:33 09 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
128120

Sputnik Արմենիայի սյունակագիրը վերլուծում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքականության ուղղությունները՝ Արցախում մարտական գործողությունների ֆոնին, Արևմուտքի դերը «աշխարհի քարտեզի» վերաձևման գործում և զուգահեռներ է անցկացնում «Գահերի խաղը» հռչակավոր սերիալի հետ։ 

Նախորդ հարյուր տարվա ընթացքում Հայաստանը (անկախության շրջաններում) երեք անգամ ստիպված է եղել խոշոր հակամարտությունների մեջ մտնել․ 1918-1920թթ․, 1990-ականների սկզբին և 2020թ․-ին (միջանկյալ օղակ դարձան 2016թ․-ի մարտական գործողություններն Արցախում, որոնք, փորձագետների գնահատականով, այնուամենայնիվ լիամասշտաբ պատերազմ կոչվել չեն կարող)։ Երեք դեպքում էլ դա տեղի էր ունենում աշխարհում տեկտոնական շարժումների ֆոնին․ Առաջին համաշխարհային պատերազմն ու Ռուսական կայսրության փլուզումը, ԽՍՀՄ-ի փլուզումն ու միաբևեռ աշխարհ հաստատելու փորձը, գլոբալիզացիան և կորոնավիրուսի համավարակի հետևանքները։

Առաջին դեպքում Հայաստանի Առաջին հանրապետությունը ստիպված եղավ պատերազմի մեջ մտնել միանգամից չորս հակառակորդի՝ թուրքական, ադրբեջանական, վրացական զորքերի և Կարմիր բանակի դեմ։ Ուժերն անհավասար էին։ Արդյունքում՝ տարածքների և ինքնիշխանության կորուստ, խորհրդայնացում և երկրորդ հանրապետության ստեղծում, բայց՝ արդեն ԽՍՀՄ կազմում։

1990-ականներին Հայաստանի Երրորդ հանրապետությունն առերսեվեց Ադրբեջանի հետ։ Չնայած Սպիտակի ավերիչ երկրաշարժի սոսկալի հետևանքներին, Ադրբեջանից փախստականների հոսքին, սոցիալ-տնտեսական և քաղաքական ճգնաժամին, Հայաստանում ձևավորվող հայկական բանակը ոչ միայն կանգուն մնաց, այլև հաղթեց։

Հենց Զինված ուժերի ձևավորումը դարձավ 30 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության գլխավոր ձեռքբերումը՝ հաշվի առնելով նույնիսկ բոլոր բացթողումներն ու վրիպումները։ Դրա հաստատումն է այն փաստը, որ չնայած սպառազինության, թվաքանակի և ֆիանսական ռեսուրսների աննախադեպ առավելությանը, 2020թ․-ին Ադրբեջանի ԶՈւ-ն այնուամենայնիվ չհամարձակվեց միայնակ հակամարտության մեջ մտնել Արցախի Պաշտպանության բանակի հետ։

Ադրբեջանը դիմեց իր դաշնակիցների՝ Թուրքիայի, Աֆղանստանի, Պակիստանի և Իսրայելի ուղղակի օգնությանը։ Ինչպես և հարյուր տարի առաջ՝ ուժերը կրկին անհավասար էին․ հայերը պարտություն կրեցին, խոշոր մարդկային և տարածքային կորուստներ ունեցան։ Արդյո՞ք Ադրբեջանի Զինված ուժերը կհաղթեին, եթե մենակ մնային ընդդեմ հայկական բանակի։ Մեծ հարց է, ու դրանում կասկածում են բազմաթիվ ռազմական փորձագետներ, այդ թվում՝ Ռուսաստանից։

Նահանջ առանց երգի, կամ արժե՞ այսքանից հետո ընտրել փակուղուց դուրս գալու ռուսական տարբերակը

Հայ հասարակության շրջանում մինչև օրս բուռն բանավեճեր են ընթանում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մարտական գործողությունների տխուր արդյունքների վերաբերյալ։ Փորձագիտական հանրության մի մասը պնդում է, որ կատարվածը աշխարհաքաղաքական փոփոխությունների հետևանքն է, որոնցում առանձնահատուկ դեր են խաղացել Ռուսաստանն ու Թուրքիան։ Վերլուծաբանների մյուս մասը հայտարարում է, որ այստեղ գլխավոր դերը խաղացել է Անկարա-Պեկին-Լոնդոն եռամիասնությունը, որի գլխավոր նպատակը տարածաշրջանում հաղորդակցության ապաշրջափակումն է։ Չենք վիճի ոչ առաջինների, ոչ երկրորդների հետ․ ժամանակը, թերևս, ամեն ինչ իր տեղը կդնի։

Երևանի և Բաքվի խաղադրույքները

Սակայն հետաքրքիր է Արցախում մարտական գործողությունները դիտարկել այն դերի տեսանկյունից, որը խաղացին այդ հարցում Երևանի և Բաքվի արտաքին քաղաքական խաղադրույքները։

Ադրբեջանը, անկասկած, գլխավորապես հույսը դրել էր Թուրքիայի վրա, որը նրան ուղիղ օգնություն ցուցաբերեց՝ Բաքու ուղարկելով իր ռազմական հրահանգիչներին, հատուկ ստորաբաժանումները, ռազմական ավիացիան, հազարավոր վարձկաններ Մերձավոր Արևելքից։ Ավելին՝ դեռևս մարտական գործողությունների ընթացքում հայտնի դարձավ, որ գործողությունները նախագծում և համակարգում է թուրքական հրամանատարությունը, այլ ոչ թե Ադրբեջանի ԶՈւ Գլխավոր շտաբը։

Բացի այդ, Բաքուն խաղադրույք էր կատարել Աֆղանստանի և Պակիստանի վրա, որոնք նույնպես հայտարարեցին, որ անվերապահորեն աջակցում են Բաքվին։ Մասնավորապես, Իսլամաբադի դեպքում այդ օգնությունն արտահայտվում էր ինչպես ռազմական բեռներ, այնպես էլ վարձկաններ ուղարկելով։

Անկասկած, կար նաև Իսրայելը, որը ԱԹՍ-ներ և այլ սպառազինություն էր ուղարկում Բաքու, ադրբեջանական զորքերին հետախուզական տվյալներ էր մատակարարում, ինչպես նաև ազդեցիկ պետությունների մայրաքաղաքներում գործի էր դնում հրեական լոբբին՝ Ադրբեջանի շահերը պաշտպանելու համար։

Այսպիսով՝ Ադրբեջանի արած բոլոր խաղադրույքները տվյալ փուլում աշխատեցին, թեև հասկանալի է, որ դաշնակից երկրները տարածաշրջանում նաև սեփական նպատակներն էին հետապնդում։ Այսպես, Թուրքիան մուտք գործեց Հարավային Կովկասի տարածաշրջան, որը երկար ժամանակ Ռուսաստանի բացարձակ ազդեցության գոտում էր, և շարունակում է ջանքեր գործադրել՝ այստեղ իր ռազմական ներկայությունն ամրապնդելու համար։

Բացի այդ, Ադրբեջանի բնական հարստությունները հանգիստ չեն տալիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը, իհարկե, բաց չի թողնի «փոքր եղբոր» հաշվին երկրի տնտեսությունը «կարկատելու»  հնարավորությունը։ Իսրայելը նույնպես ստացավ այն, ինչ ուզում էր, այն է՝ ոչ միայն ֆինանսական շահ իր սպառազինության վաճառքից, այլև միջնորդավորված վերահսկողություն Իրանի սահմանի նկատմամբ։

Դավոսին ՀՀ-ն չի միացել, մնացածը պնդում են՝ այն, ինչ եղավ` շատ լավ էր տարածաշրջանի համար

Ինչ վերաբերում է Արևմուտքին՝ Ադրբեջանը միմիայն Մեծ Բրիտանիայի կողմն էր նայում։ Վերլուծաբաններն արդեն բազմիցս հայտարարել են, որ հենց Բրիտանիան է արգելափակել Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումը ՝ ի շահ Բաքվի։ Արևմուտքի այլ երկրների վրա Ադրբեջանն ի սկզբանե հույս չէր դրել և նրանց բարկությունից չէր վախենում։ Չվախեցավ, անգամ հակառակը՝ առավելագույն ջանքեր ներդրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փլուզելու համար։ Դիմելով Մերձավոր Արևելքից վարձկանների օգնությանը՝ Ադրբեջանն ընդհանուր առմամբ ցույց տվեց իր արհամարհանքը տխրահռչակ միջազգային հանրության նկատմամբ և կրկին ճիշտ դուրս եկավ։

Իսկ ո՞ւմ վրա էր հույս դրել Հայաստանը։ Անկասկած, իր ամենամոտ դաշնակցի՝ Ռուսաստանի, ինչպես նաև Արևմուտքի՝ ԱՄՆ-ի և ԵՄ-ի (առաջին հերթին՝ Ֆրանսիայի) վրա։ Առաջին դեպքում ամեն ինչ առանց բացատրելու էլ պարզ է, քանի որ Մոսկվայի գործողություններն ինքնին խոսուն են։

Չնայած արևմտամետների քննադատությանը, նրանց «հովանավորյալը»՝ Նիկոլ Փաշինյանը, թե մարտական գործողությունների ընթցաքում, թե դրանց դադարեցումից հետո բազմիցս ընդգծել է, որ Մոսկվան «կատարել է բոլոր դաշնակցային պարտավորությունները» (և եթե որևէ մեկը համաձայն չէ կամ հակառակ համոզմունքի է, ապա պետք է Հայաստանի վարչապետին բացեիբաց մեղադրի ստախոսության մեջ)։

Ինչու չի կարելի Ղարաբաղը թողնել ԱՄՆ-ին, Բրիտանիային ու Թուրքիային. Մուխինի տեսակետը

Իսկ ահա ԱՄՆ-ի և ԵՄ երկրների դիրքորոշումը շարունակում է անորոշ ու մշուշոտ մնալ։ Հակամարտության «թեժ շրջանում» Երևանի խաղադրույքն արևմտյան գործընկերների վրա ակնհայտորեն չաշխատեց։ Մինչև օրս չկա ոչ մի հանրային ազդակ, որը հայերին թույլ կտար Արցախի հարցում Արևմուտքի արդարամիտ դիրքորոշման հույս ունենալ։

Չնայած հակամարտության գոտում գրոհայինների ներկայության մասին տվյալներին՝ ոչ ոք կոնկրետ միջոցներ չձեռնարկեց նրանց Արցախից դուրս բերելու կամ Բաքվի վրա էական ճնշում գործադրելու ուղղությամբ: Միայն Նիդեռլանդների խորհրդարանն է ընդունել Ադրբեջանի նախագահի և նրա տիկնոջ՝ փոխնախագահի դեմ պատժամիջոցներ կիրառելու առաջարկը։

Հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, նրանց վերադարձի հարցի միտումնավոր ձգձգումը նույնպես ոչ մի հակազդեցություն չի առաջացնում Արևմուտքի կողմից, որը բանավոր խոսքի մակարդակում այնքա՜ն հոգ է տանում մարդու իրավունքների մասին։

Արդյո՞ք խաղադրույքը կաշխատի Սպիտակ տան տիրոջ փոփոխությունից հետո

Եվ այսպես, ԱՄՆ-ի նոր վարչակազմը ձևավորված է։ Հետո՞։ Հետո մեզ սպասվում է ապրիլի 24-ը՝ Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության հերթական տարելիցը։ Ինչպես հայտնի է՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ու Սենատը արդեն իսկ Ցեղասպանության ճանաչման բանաձև են ընդունել, վերջին խոսքը Սպիտակ տունը պետք է ասի։ Եթե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը արդեն այս տարի ճանաչի ցեղասպանության փաստը, դա առաջին «սև նշանը» կդառնա Թուրքիայի առաջնորդի և նրա «կրտսեր եղբոր» համար։

Եվ անգամ եթե դա տեղի չունենա, Էրդողանին, միևնույնն է, չի կարելի թուլանալ․ առջևում Բայդենի նախագահության չորս տարիներն են, և որոշումը կարող է ընդունվել ցանկացած պահի։

Բացի այդ, չնայած ղարաբաղյան հակամարտությունը «պատմության աղբանոցը» նետելու Բաքվի բոլոր փորձերին, կարգավիճակի հարցը շարունակում է բաց մնալ։ Եթե ԱՄՆ-ն, այնուհետև Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ, հստակ քայլեր ձեռնարկեն բանակցությունները ԵԱՀԿ ՄԽ ձևաչափում վերականգնելու համար, հապա դա ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի ու Անկարայի համար երկրորդ ազդանշանը կդառնա, որ Թուրքիային թույլ չեն տա տարածաշրջանում գործել միայն իր հայեցողությամբ, առանց հետ՝ դեպի Արևմուտք նայելու։

Ինչ վերաբերում է այս հարցում Ռուսաստանի դիրքորոշմանը, ապա Մոսկվան, ի դեմս ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի, արդեն հստակ հայտարարել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետագա որոշման նպատակով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում բանակցությունները շարունակելու անհրաժեշտության մասին:

Քաղաքական խաղը շարունակվում է

Բոլորովին վերջերս ամբողջ աշխարհի կինոմանները ուշադիր հետևում էին Ջորջ Մարտինի վիպաշարի հիման վրա նկարահանված «Գահերի խաղը» հեռուստասերիալի սյուժեին։ Պատմությունը մի շարք ազդեցիկ տոհմերի պայքարի մասին է՝ հանուն Յոթ Թագավորությունների Երկաթե Գահի կամ հանուն դրանից անկախանալու։ Եվ չնայած սերիալը նկարահանված է ֆենթըզի ժանրում, իսկ գործողությունները տեղի են ունենում հորինված աշխարհում, շատերը կարծում են, որ «Գահերի խաղի» առաջին գրքերի հիմնական սյուժետային գծի հիմքում Կարմիր և Սպիտակ վարդերի պատերազմն է։

Մինչդեռ առանց դժվարության կարելի է զուգահեռներ անցկացնել նաև ժամանակակից աշխարհի հետ։ Այստեղ՝ իրական կյանքում ևս կարող ենք գտնել «Գահերի խաղի» կերպարներին․ Գիշերվա Արքային (արհեստական ինտելեկտը), Սպիտակ Քայլորդներին (մարդկության համար վտանգավոր վարակները, այդ թվում՝ Էբոլա տենդը, կորոնավիրուսն ու մարդկության համար կանխագուշակվող էլ ավելի մահացու վարակներն ու հիվանդությունները), Կարմիր Քրմուհիներին (Microsoft-ի հիմնադիր Բիլլ Գեյթսը և Համաշխարհային տնտեսական համաժողովի անփոփոխ նախագահ Կլաուս Շվաբը), Քայլող Մեռյալներին (ռոբոտները, որոնք պետք է փոխարինեն մարդկանց)։

Կարելի է նաև զուգահեռներ անցկացնել ժամանակակից երկրների և ժողովուրդների հետ։ Ովքե՞ր են այս պատմության մեջ հայերը։ Դժվարանում եմ հաստատ ասել, բայց, դատելով, մեր էլիտաների գործողություններից, առայժմ մեզ «վայրենացածների» նման ենք պահում։

Ինչի՞ համար եմ այս ամենը պատմում։ Ընդամենը այն պատճառով, որ իրական կյանքում «գահերի խաղն» ավարտված չէ, այն տեղի է ունենում մեր աչքի առաջ։ Եվ պետք չէ համարել, որ Հայաստանը սնանկացած մեկն է, որն ապագայի շանս չունի․ պայքարը դեռ առջևում է։ Հին հասարակարգը քանդվում է, և դրա ավերակների վրա կկառուցվի նոր աշխարհակարգը։  Նշանակում է՝ ժամանակն է, որ ազատվենք պարտված «զոհի» կերպարից և նպատակաուղղված խաղ սկսենք, որը կբերի հայոց պետության պահպանմանն ու ամրապնդմանը։

Ըստ թեմայի

Աշխարհաքաղաքական գործոններն են որոշիչ. Բաբայանը` Արցախի միջազգային ճանաչման մասին
Մոսկվային զայրացնելու ձգտումը կարող է բերել աշխարհաքաղաքական աղետի, կամ Բորելի այցի ստվերը
Լավրովը և ԵԱՀԿ գործող նախագահը կքննարկեն ԼՂ հակամարտության կարգավորմանն աջակցելու հարցեր
թեգերը:
Գահերի խաղ, Ադրբեջան, Հայաստան, տարածաշրջան, աշխարհ

Գլխավոր թեմաներ