09:39 03 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.36
  • GBP731.18
  • EUR633.20
  • RUB7.07
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
195931

Արցախյան 44–օրյա պատերազմն Արսենի համար ընդամենը 1 օր տևեց, շատ բան տեսնել ու անել չհասցրեց ծանր վիրավորման պատճառով։ Բայց հասցրեց այդ մռայլ օրերին մեզ լավի հույս ներշնչել՝ հենց հիվանդանոցում սիրած աղջկան ամուսնության առաջարկություն անելով։

Պատերազմը նոր էր սկսվել. ամեն օր նոր անուններով երկարող զոհերի ցուցակ, անորոշություն, ցավ, խավար… Հանկարծ թունելի վերջում երևացող լույսի նման ու լույսի արագությամբ համացանցում տարածվեց մի տեսանյութ. պատերազմում ծանր վիրավորում ստացած, մի աչքը կորցրած տղան հենց հիվանդանոցում ամուսնության առաջարկություն է անում սիրած աղջկան: Պատերազմից հետո կյանք կա․․․

-Ոչ մի վայրկյան չեմ կասկածել Մարիամի վրա, չեմ մտածել, որ կարող է՝ մեր միջև ինչ-որ բան փոխվի, որովհետև աչքս հեռացրել են։

-Այս ամենից հետո ավելի շատ էի ձգտում, որ միշտ Արսենի կողքին լինեմ…

Արսենը

Արսենի 23-ը հունվարին լրացավ․ այս 23 տարիների ընթացքում շատ փորձությունների միջով է անցել, բայց ոչ թե կոտրվել, այլ ավելի ուժեղ է դարձել, չարանալու փոխարեն՝ ավելի ազնվացել․․․․ Արսեն Ավետիսյանի ու նրա երկվորյակ եղբոր կյանքը հեշտ չի եղել: 8 տարեկանում կորցրել են մորն ու մնացել մոր ընկերոջ խնամակալության տակ:

Арсен Аветисян в свадебном салоне
© Sputnik / Asatur Yesayants
Արսեն Ավետիսյան

«Ես միայն վերջերս զարմանքով իմացա, որ Օնիկ ձյաձյան Արսենի հայրը չէ, Արսենն էլ ինձ միշտ ասում է՝ իմացիր` պապա ես ասելու»,- պատմում է Մարիամը:

«Ինքը մեզ համար մայր է եղել, հայր, քույր, եղբայր, ընկեր…»,- ավելացնում է Արսենը։

Արսենն աշխատանքի սովոր տղա է․ Ֆիզկուլտ ինստիտուտում սովորելուն զուգահեռ Վերնիսաժում առևտրով էր զբաղվում, երբ հանդիպեց Մարիամին:

Արսենն ու Մարիամը

Վայոցձորցի Մարիամին մի անգամ պատահաբար տեսավ փողոցում ու սիրտը կպավ: Սկսեցին հանդիպել, հարաբերությունները լրջացան։ Արսենը պատասխանատու տղա է, ուստի միանգամից սկսեց վաղվա օրվա մասին մտածել: Ընտանիք ստեղծելուց առաջ ամենակարևոր հարցը տուն ունենալն է: Իմացավ, որ ՊՆ ծառայողների համար հիփոթեքային պայմանները բավականին հարմար են: Հանուն սիրո, հանուն Մարիամի ու հանուն իր երազած ընտանիքի` որոշեց պայմանագրային ծառայության անցնել:

«Ասում էի՝ գոնե քաղաքի մեջ ծառայի, ասաց՝ չէ, տան տղամարդը ես եմ, տենց եմ որոշել»,- կատակում է Մարիամն ու անկեղծանում՝ սիրում է, երբ տղամարդն ամուր, անսասան խոսք ունի։

Арсен Аветисян на боевом дежурстве
© Photo : provided by Arsen Avetisyan
Արսեն Ավետիսյան

«Կարող էի այլ տեղ ընտրել, ասֆալտի վրա ծառայել, բայց շատ եմ սիրում Քարվաճառը, հիմա էլ եմ պատրաստ գնալ, շարունակել ծառայությունս էնտեղ։ Ախր ոչ մի միլիմետր չտվեցինք, պահեցինք...»։

Արսենի տեսած պատերազմը

Արսենի կռիվը 1 օր տևեց․․․ Ծանր վիրավորում ստացավ հենց սեպտեմբերի 27-ին։ Հիշում է այդ մեկ օրվա դժոխային ամեն րոպեն, իր հետ դիրքում եղած բոլոր 20 տղաներին, որոնցից քչերը ողջ մնացին։

«7:20 էր, տղերքից մեկը եկավ, ասաց՝ բեսպիլոտնիկները եկել են։ Մեր պոստը գծի ամենավերջինն էր, Օմարից հետո ամենաբարձրը մերն էր, մի 200 մետրի վրա ադրբեջանցիները պոստ ունեին, դրանից հետո Գյանջան էր: Դիրքի ամենափոքրը ես էի․ մենակ բուշլաթս հագա՝ ոչ բռոնիկ, ոչ մի բան, առաջին ձեռիս տակ ընկած կասկան վերցրի, սնայպերս, մագազին խփեցի վրեն, ուղիղ պոստ: Հավաքվանք պոստում ու սկսվավ մինամյոտով․․․»,-իրադարձությունների ընթացքը ներկայացնում է Արսենը։

Ասում է՝ երկնքում այնքան ԱԹՍ կար, որ թվում էր՝ կողքիդ են։ Իր տեղեկություններով՝ առաջին օրը ադրբեջանական կողմը միանգամից 1000 ԱԹՍ է կիրառել։ Անդադար դիրքի ուղղությամբ աշխատող հրետանին ամեն ինչ հողին էր հավասարեցրել։

Арсен Аветисян на боевом дежурстве
© Photo : provided by Arsen Avetisyan
Արսեն Ավետիսյան

«Պոստ չկար էլ, սնայպերիս յաչեյկեն մնացել էր, ես ու վարդենիսցի Գևորը մտնում ենք, մի հոգու ինքը խփեց, հետո 2 հոգու ես, 5 վայրկյան հետո սնարյադն ուղիղ իմ յաչեյկի վրա ա ընկնում, բախտներս բերեց, փլվեց, մնացինք տակը, իրար օգնելով՝ դուրս եկանք»։

Հաջորդ հարվածից արդեն ինքն է վիրավորվել․ երկաթի բեկորը մտել է աչքի մեջ, իսկ հարվածի ալիքը նրան մի կողմ է շպրտել։ Ընկերները մի կերպ թաքստոց են հասցրել վիրավոր Արսենին։

«Գրանատ ուզեցի․ որ մտնեին պոստ, մի հատը կքաշեի, կգցեի դուրս, մեկն էլ կքաշեի, կպահեի մոտս: 3-4 ժամ էդտեղ մնացի, արնաքամ էի լինում։ Հետո թալինցի Հովոն եկավ (իրա հալալ ախպերը մահացավ էդ պոստում), ինքն ինձ իջացրեց էդ պոստից: Շատ արյուն էի կորցրել, ահավոր մրսում էի՝ չնայած դրսում շատ տաք էր»։

Արսենին տեղափոխել են Վարդենիս, առաջին բուժօգնությունից հետո էլ Երևան՝ «Աստղիկ» ԲԿ։ Հետո պետք է իմանար՝ իրեն տեղափոխելուց հետո ադրբեջանցիները գրավել են իրենց դիրքը, թեև` ժամանակավոր։

Հիվանդանոցն ու մատանին

Արդեն հիվանդանոցում Արսենն իմանում է, որ իր փրկվելը հրաշք էր․ բեկորը կանգ էր առել ուղեղից մոտ 1մմ հեռավորության վրա։ Արթնանալուց ժամեր անց տեսնում է Մարիամին։

«Ես առավոտյան 9-ից դռների մոտ էի, միայն 12-ին ներս թողեցին»,- ասում է Մարիամը։

Հենց այդ ժամանակ էլ Արսենը որոշում է՝ կյանքում ոչ մի րոպե պետք չէ կորցնել, այն միշտ կարող է վերջինը լինել։ Աստծո հրաշքով փրկվել է, էլ չի սպասելու, հենց այստեղ էլ սիրած աղջկան ամուսնության առաջարկություն է անելու։

Арсен Аветисян с невестой Мариам Кочарян после операции
© Photo : provided by Arsen Avetisyan
Արսենն ու Մարիամը

«Հոկտեմբերի 2-ն էր, զանգեցի ախպորս, ասացի՝ աշխատավարձս նստել է, քարտիցս փողը հան ու գնա մատանի առնելու։ Շուտ վերցրու ու բեր»։

Մինչ բժիշկներն Արսենի աչքին իմպլանտ էին տեղադրում, նա բժշկուհիներին, բուժքույրերին ցույց էր տալիս եղբոր ուղարկած մատանիների լուսանկարները։

Մինչև վերջին վայրկյանը հարցնում էր՝ կապրե՞մ, բժիշկ. պատմում է ռազմական բժիշկը

«Ասացի՝ դուք աղջիկ եք, ձեր ճաշակն ավելի լավը կլինի։ Որ մատանին ընտրեցին, հենց էդ նկարն էլ հետ ուղարկեցի ախպորս ու ասեցի՝ սա»։

Մինչ Արսենի երկվորյակ եղբայրը հիվանդանոց կհասներ, բուժանձնակազմը հասցրել էր տորթ գնել ու օպերատոր գտնել սպասվելիք իրադարձությունը նկարահանելու համար։

Арсен Аветисян с невестой Мариам Кочарян после операции
© Photo : provided by Arsen Avetisyan
Արսենն ու Մարիամը

Ու հենց հիվանդանոցի ընդունարանում էլ Արսենն իր կյանքի ամենակարևոր հարցը տվեց Մարիամին` կամուսնանա՞ս ինձ հետ․․․

Երազանքի հարսանիք

Այս հուզիչ տեսանյութը համացանցում հայտնվելուն պես «Սեմիլլա» հարսանյաց սրահի տնօրեն Տաթև Մելքոնյանը շտապել է գտնել զույգին։

«Մարիամն ասաց՝ մենք հարսանիք չենք անելու, ասացի՝ ո՞նց թե հարսանիք չեք անելու»,- ասել է Տաթևն ու կապ հաստատել ոլորտի տարբեր ներկայացուցիչների հետ։ Բոլորն էլ, լսելով պատմությունը, անմիջապես համաձայնել են հարսանիքի իրենց վերաբերող հատվածը նվեր անել զույգին։ Արդյունքում ռեստորան, մեքենաների վարձակալություն, պար, 4 թամադա, ֆոտո-վիդեոնկարահանում, կենդանի երաժշտություն ու շատ ավելին նվեր կլինի։ Տաթևն ասում է՝ անգամ էստրադայի աստղեր են ելույթ ունենալու, բայց փակագծերը չի բացում, անակնկալ է։

«Էդ տխուր օրերին առաջին զույգն էր, խավարի մեջ լույսն էր»,- նշում է Տաթևը։

Арсен Аветисян с невестой Мариам Кочарян после операции
© Photo : provided by Arsen Avetisyan
Արսենն ու Մարիամը

Ապրիլի 5-ին կայանալու է Արսենի ու Մարիամի 350-400 հոգանոց շքեղ հարսանիքը․ ներկա են լինելու հիվանդանոցի բուժանձնակազմը, իր հետ բուժվող զինվորները և շատ ուրիշներ։

  • Հարսանյաց սրահի տնօրեն Տաթև Մելքոնյանն օգնում է Մարիամին հարսի զգեստ ընտրել
    Հարսանյաց սրահի տնօրեն Տաթև Մելքոնյանն օգնում է Մարիամին հարսի զգեստ ընտրել
    © Sputnik / Asatur Yesayants
  • Հարսանյաց սրահի տնօրեն Տաթև Մելքոնյանն օգնում է Մարիամին հարսի զգեստ ընտրել
    Հարսանյաց սրահի տնօրեն Տաթև Մելքոնյանն օգնում է Մարիամին հարսի զգեստ ընտրել
    © Sputnik / Asatur Yesayants
  • Հարսանյաց սրահի տնօրեն Տաթև Մելքոնյանն օգնում է Մարիամին հարսի զգեստ ընտրել
    Հարսանյաց սրահի տնօրեն Տաթև Մելքոնյանն օգնում է Մարիամին հարսի զգեստ ընտրել
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 3
© Sputnik / Asatur Yesayants
Հարսանյաց սրահի տնօրեն Տաթև Մելքոնյանն օգնում է Մարիամին հարսի զգեստ ընտրել

«Մեր կողմից միայն հարսն ու փեսան են, մեկ էլ մատանիները»,- ասում է Արսենը։

Վերջաբանի փոխարեն

Չնայած ամբողջ ցավին, կորուստներին՝ Արսենը զինվորական ծառայությունից հիասթափված չէ։

«Մեծ պատիվ է էդ ֆորման հագնելը, չգիտեմ, թե էդ բառը ոնց ասեմ, բայց պոստ պահելը տղավարի է՝ ուժեղ, ձիգ տղու տեղ է։ Եթե էս կռիվը մենակ Ադրբեջանի հետ լիներ, հիմա մենք մենակ մեր պոստի սաստավով մտել էինք Բաքու, իրենք կռվել չգիտեն․․․»։

Միայն չի կարողանում հաշտվել տղաների կորստի հետ… Ասում է՝ զոհված, գերեվարված, հաշմանդամություն ձեռքբերած տղաներից շատ-շատերին չի էլ ճանաչել, բայց համարում է՝ բոլորն էլ իր ընկերն են, իր «ախպերն են»։

«Աստված չանի` էլի պատերազմ սկսվի, էլի գնալու եմ, որ չկարողանամ էլ կռվել, զենք օգտագործել, գոնե պատրոն կլիցքավորեմ, կտամ տղերքին, արյան գնով էլ լինի, պետք է պահես հողդ»։

Արսենը Հայաստանից հեռու կյանքը չի էլ պատկերացնում, ասում է՝ անգամ եթե դղյակ էլ նվեր ստանա, այս հողում իր եղբայրների արյունն է։

Որոշել է՝ 3 որդի է ունենալու, աղջիկներ էլ են պետք, բայց 3 տղան պարտադիր է, մեր ազգը պետք է ուժեղանա այս հարցին վերջնական լուծում տալու համար։

Տաք ոտքերով, սառը գլխով․ ինչպես մայրական օրհնանքները գուլպայի միջոցով սահման հասան

Ըստ թեմայի

Հարսանիք լեռներում՝ ամպերից վեր. Խուստուփի հայտնի զույգի պատմությունը
Պատերազմից հետո սեր կա. արցախցի Հայկազի ու Ռուզանի հարսանիքը` ժամանակավոր կացարանում
Շատ էին իրար սիրում... Արցախում զոհված Վահեի և վթարից մահացած Շուշանի կյանքի պատմությունը
թեգերը:
Արսեն Ավետիսյան, Արցախ, Պատերազմ, Վիրավոր, Զինվոր

Գլխավոր թեմաներ