04:20 20 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.21
  • GBP725.66
  • EUR628.69
  • RUB6.87
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
25320

Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են խոսում ընդամենը մի քանի ամիս առաջ նշանակված ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի մոտալուտ հրաժարականի մասին։ Sputnik Արմենիան վերհիշում է՝ ովքեր էին ղեկավարում հայկական դիվանագիտությունը՝ սկսած Առաջին հանրապետության ժամանակներից։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չեղած տեղից չի ստեղծվել։ Արա Այվազյանն այդ գերատեսչության գլխավոր աշխատասենյակը զբաղեցնող իններորդ, իսկ եթե հաշվի առնենք նախախորհրդային ժամանակաշրջանը, ապա քսանմեկերորդ պաշտոնակատարն է։

Ի դեպ, աշխատասենյակի մասին։ Հին տարիներին այն Աբովյան փողոցում գտնվող շենքում էր․այն հայտնի է որպես ԱՕԿՍ-ի (Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերություն) շենք։ Ի՞նչ էր անում այդ աշխատասենյակը զբաղեցնող մարդը, եթե Խորհրդային Միության ամբողջ արտաքին քաղաքականությունը իրականացնում էր ԽՍՀՄ արտաքին գործերի նախարարությունը։ Առանց Մոսկվայի համաձայնության Հայաստանի ԱԳՆ-ն ընդհանրապես չէր անում ոչինչ, ինչը կարող էր հիշեցնել ինքնուրույն հարաբերությունների ձևավորում անգամ մոտակա հարևանի հետ։

Միանգամից ասեմ՝ դա լավ էր։ Եթե Հայաստանը ԽՍՀՄ-ի կազմում չլիներ, Թուրքիան վաղուց կլուծեր հարցերը, թեև այն այսօր էլ պատրաստ է նվաճել մեր հանրապետությունը, եթե չլինի Գյումրիի ռուսական ռազմաբազան ու ՀՀ-ն արտաքին թշնամիներից պաշտպանելու Մոսկվայի պարտավորությունները։

Անցած հարյուրամյակի հիսունականներն էին... Աբովյան փողոցի շենքի մուտքին առավոտյան միշտ մոտենում էր բաց երկնագույն ամերիկյան Buick-ը, մեքենայից դուրս էր գալիս նախարար Գևորգ (Կիմիկ) Հովհաննիսյանը, բարձրանում էր երկրորդ հարկ, ու մինչև հիմա չեմ հասկանում, թե ինչով կարող էր այդ օրերին զբաղվել նախարարությունը, որի կազմում կար ռեֆերենտ, ընդունարանի քարտուղար, մեքենավարուհի և վարորդ։

Սակայն այն տարի, երբ Հայրենական մեծ պատերազմն իր հաղթական ավարտին էր մոտենում, Մոսկվան որոշեց ընդլայնել արտաքին քաղաքականության մեջ հանրապետությունների լիազորությունները, թույլ տալ դիվանագիտական հարաբերություններ հաստատել արտասահմանյան երկրների հետ ու նույնիսկ հասնել ՄԱԿ-ի անդամության:

Ճիշտ է, միայն Ուկրաինային ու Բելառուսին հաջողվեց ՄԱԿ-ի անդամ դառնալ, բայց ինքնուրույն դիվանագիտական հարաբերությունների մասին խոսելուց այն կողմ գործը չգնաց։ 1945 թվականին Երևանի համալսարանում բացեցին միջազգային հարաբերությունների ֆակուլտետը (հայտնի ՄԳԻՄՕ-ն ծնվել է ընդամենը մեկ տարի առաջ), և Հայաստանում հայտնվեցին դիվանագիտության առաջին մասնագետները։

«Հայի բախտ». ինչպես ազատվել կորսված հայրենիքի սինդրոմից

Մինչդեռ բաց երկնագույն Buick–ն արդեն նոր տեր ուներ՝ Բալաբեկ Մարտիրոսյանը։ Մի հետաքրքիր փաստ՝ Մարտիրոսյանը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում  իր գործունեությունը հաջողությամբ  համատեղում էր բարձրագույն և միջին կրթության պետական կոմիտեի նախագահի աշխատանքի հետ՝ այդպիսով լուծելով արտգործնախարարի ազատ ժամանակի ավելցուկի հարցը։

Եվս մեկ հետաքրքիր փաստ՝ չեմ հիշում, որ հայկական թերթերից որևէ մեկը հարցազրույց էր վերցներ այն ժամանակվա նախարարներից․ինչ՞ մասին է կարելի հարցնել նրանց, ովքեր ոչինչ չեն որոշում։

Բալաբեկ Մարտիրոսյանը դարձավ ՄԱԿ-ի Գլխավոր  վեհաժողովի երեք նստաշրջանների աշխատանքներին մասնակցած առաջին հայ արտգործնախարարը (խորհրդային պատվիրակության կազմում), և հայ հասարակությունն ուրախությամբ գրանցեց դա հանրապետության ակտիվի մեջ։

Նոր ժամանակներ եկան, արտաքին գործերի նախարարությունն Աբովյան փողոցում գտնվող պատմական առանձնատնից տեղափոխվեց նոր շենք, ամերիկյան Buick-ին փոխարինելու եկան խորհրդային ԶԻՄ-երը, ապա «Վոլգան», որի մեջ նստում էին նոր մարդիկ՝ Կամո Ուդումյանը, Ջոն Կիրակոսյանը և Խորհրդային Հայաստանի վերջին արտգործնախարար Անատոլի Մկրտչյանը, ում օրոք ինձ առաջին անգամ հաջողվեց արտասահման մեկնել ոչ թե Մոսկվայում, այլ Երևանում ստացած վիզայով։

Դժվար է պատկերացնել սրվակում բեղմնավորված արցախցու, կամ ԷԿՈ–ն կլուծի՞ հայերի հարցը

1990 թվականի ամռանն էր։ Իրանում երկրաշարժ էր եղել (7,4 մագնիտուդով, մոտ 50 հազար մարդ էր զոհվել), փրկարարներով և այլ օգնությամբ ինքնաթիռը հաջորդ օրը մեկնեց «Զվարթնոց» օդանավակայանից, սակայն Թեհրան մեկնելու վիզա ստանալու համար մարդիկ այլևս ստիպված չէին Մոսկվա դիմել. դա արվում էր ՀՀ ԱԳՆ–ում:

Կարևոր ճշգրտում։ Բացի արտաքին գործերի նախարարությունից, Հայաստանում գործում էր Կենտկոմի միջազգային կապերի և տեղեկատվության բաժինը և ինչպես ամեն կուսակցական ստորաբաժանում, դա իհարկե ավելի կարևոր էր։ Պարզ ասած՝ ցանկացած հարցի լուծման համար Հայաստանի արտգործնախարարը սկզբում ստանում էր Կենտկոմի բաժնի «հավանությունը», բաժինն էլ իր հերթին թույլտվություն էր խնդրում ԽՄԿԿ Կենտկոմից։

Ինչևէ, աշխատանքն ԱԳՆ-ում համարվում էր պատվավոր և նույնիսկ օգնում էր դուրս գալ միջազգային հարաբերությունների մեծ հարթակ։ Բացատրեմ: Եվրոպայի բոլոր երկրներից ամենից շատ հայեր են ապրել (ու ապրում են) Ֆրանսիայում, դրա համար Մոսկվան համաձայնել էր Փարիզում ԽՍՀՄ դեսպանատան մշակույթի հարցերով խորհրդականի պաշտոնում Երևանից մարդ նշանակել։ Այսպես Ֆրանսիայում հայտնվեցին Մարատ Խարազյանը, Հենրիկ Լիլոյանը, Ռուբեն Սահակյանը։ Բոլորը ֆրանսերենի գերազանց իմացությամբ ու փայլուն ուղեղով։

Հետխորհրդային Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարարը (մուտքին արդեն ժամանակակից արտասահմանյան ավտոմեքենա էր մոտենում) դարձավ Աշոտ Եղիազարյանը, երկրորդը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը։

Ինչով է առանձնացել Րաֆֆին, բացի այն, որ ուներ հայտնի հայր` ամերիկացի պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը։ Րաֆֆին միանգամից երկու քաղաքացիություն ուներ (ԱՄՆ և ՀՀ), ինչը շատ հազվադեպ է պատահում ԱԳՆ ղեկավարների մոտ։ Հրաժարականից հետո զբաղվում էր ներքաղաքական ակտիվ պայքարով՝ նախագահի աթոռին հասնելու ճանապարհին օգտագործելով բոլոր միջոցները, այդ թվում՝ հացադուլը։

Հովհաննիսյանից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարի աշխատասենյակում եղան ևս վեցը՝ Արման Կիրակոսյանը (Ջոն Կիրակոսյանի՝ խորհրդային ժամանակների արտգործնախարարի որդին), Վահան Փափազյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վարդան Օսկանյանը, Էդվարդ Նալբանդյանը, Զոհրաբ Մնացականյանը և ահա հիմա Արա Այվազյանը:

Ըստ թեմայի

Հայաստանի չզինված ուժեր, կամ արժե՞ արդյոք զենք բաժանել սահմանամերձ գյուղերի բնակիչներին
Իրանական նավթն ու հայկական ոսկին. ինչպես տապալեցին Մոսադեղի կառավարությունը
Խարազյանը Բալզակին «վերադարձրեց» ազգությունը, կամ հիմա էլ հասել են Սլավոնական համալսարանին
թեգերը:
Արա Այվազյան, Նախարար, Հայաստան, ԽՍՀՄ, Արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ)

Գլխավոր թեմաներ