17:27 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
391 0 0

Թուրքիայի Մերսին քաղաքում այսօր կայացավ «Ակույու» ատոմակայանի երրորդ բլոկի կառուցման հիմնարկեքի արարողությունը։ Այդ առիթով կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը հեռուստակապի միջոցով մասնակցեց նաև Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանը հետևողականորեն կատարում է Թուրքիայում առաջին ԱԷԿ-ի կառուցման իր բոլոր պարտավորությունները։ Միևնույն ժամանակ Մոսկվան ամեն ինչ անում է, որպեսզի կանխի Թուրքիայի կողմից էներգետիկայից բացի ցանկացած այլ ոլորտում միջուկային տեխնոլոգիաների օգտագործման հնարավորությունը։ Մինչդեռ հիմքեր կան ենթադրելու, որ Անկարան լրջորեն մտածում է սեփական ատոմային ռումբ ստեղծելու մասին։ Ինչպե՞ս է դա կապված ԱԷԿ-ի կառուցման հետ՝ վերլուծել է Sputnik Արմենիայի սյունակագիրը։

Սեփական միջուկային ծրագրի մշակման համար անհրաժեշտ գիտական և կադրային ներուժի ստեղծմամբ Թուրքիան սկսել է զբաղվել դեռևս անցյալ դարի 80-ական թվականներին: Դրա համար հիմք է հանդիսացել Ստամբուլում գործող «Չեքմեջե» գիտահետազոտական ինստիտուտը, որտեղ մինչ օրս շահագործվում է 1 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորը։

2005թ․-ին Անկարայում բացվեց «Սարայքեյ» ուսումնական կենտրոնը, որտեղ հաջողությամբ գործում է էլեկտրոնների և պրոտոնների բավական հզոր արագացուցիչը։ 2010թ․-ին մայրաքաղաքի Բեշևլեր շրջանում հիմնադրվեց «Միջուկային հետազոտությունների և ուսուցման կենտրոնը»։ Նույն թվականին Ստամբուլի տեխնիկական համալսարանին կից բացվեց «Triga» ուսումնահետազոտական միջուկային ռեակտորը։

Հայտնի է, որ ևս մի քանի կոմպակտ արագացուցիչներ ունեն մասնավոր բժշկական ոլորտի ընկերությունները։ Չնայած պաշտոնական վարկածի համաձայն` այս բոլոր գիտական հաստատությունների առաքելությունը սննդի, ջրի, հողի և բժշկության համար իզոտոպների վերլուծությունն է, կասկած չկա, որ դրանք երկակի նշանակություն ունեն: Մեկուկես տարի առաջ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դրանում համոզվելու առիթ տվեց։

Ռազմավարության նպատակը` նոր ատոմակայանի կառուցում. Պապիկյանն ու ՌԴ դեսպանն ԱԷԿ են այցելել

2019 թ․-ի սեպտեմբերի 4-ին Թուրքիայի նախագահը, ելույթ ունենալով Սիվաս քաղաքում կայացած համաժողովում, բացահայտ խոսեց իր միջուկային հավակնությունների մասին. «Հիմա գրեթե չկան զարգացած երկրներ, որոնք միջուկային զենք չունեն։ Բոլորն ունեն, իսկ մեզ ասում են՝ չհամարձակվեք ստեղծել։ Մենք համաձայն չենք։ Մեզ համար դա անընդունելի է»,-հայտարարեց Էրդողանը՝ ըստ էության հաստատելով իր վարչակազմում ատոմային ռումբի մշակման ծրագրերի առկայությունը։

Եվ դա այն դեպքում, որ 1980թ․-ին Թուրքիան ստորագրել է միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը, իսկ 1996թ․-ին միացել է միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրին։ Անկարայում, իհարկե, ոչ ոք չի պատրաստվում խոսք բացել այդ համաձայնագրից դուրս գալու մասին։ Չէ՞ որ դա կհանգեցնի վիթխարի խնդիրների, միջազգային մեկուսացման, հնարավոր է՝ անգամ պատժամիջոցների։ Բացի այդ, թուրքական միջուկային ծրագրի ռազմական բնույթի կոնկրետ ապացույցներ դեռևս չկան։

Անկարան զգուշորեն ու առանց շտապելու է գործում՝ դեպի բաղձալի նպատակն ընթանալով բոլոր կողմերից։ Դրա համար մոբիլիզացվել է ոչ միայն գիտական ռեսուրսներն ու ռազմարդյունաբերական համալիրի ներուժը, այլև հանքարդյունաբերության հնարավորությունները։ Դեռևս անցյալ դարի վերջին Թուրքիայում հայտնաբերվել էին ռադիոակտիվ հանքաքարեր՝ ուրանի և թորիումի խոշոր պաշարներ։ Վառելիքային այսպիսի բազան թուրքական միջուկային ծրագրին թույլ կտա խուսափել արտաքին մատակարարներից կախվածությունից։

Հարկ է նշել, որ մինչև վերջերս ուրանի խոշորագույն հանքավայրի շահագործման բացառիկ իրավունքը պատկանում էր ամերիկյան «Westwater» ընկերությանը։ Սակայն 2018թ․-ի ամռանը թուրքական իշխանություններն ամերիկացիներից անսպասելիորեն հետ կանչեցին արտոնագիրը՝ հետագա մշակումը վստահելով թուրքական մի ընկերության, որը փոխկապակցված է ռազմարդյունաբերական համալիրի համար աշխատող կորպորացիաների հետ։ Դա շատ բան է ասում։

Ռազմարդյունաբերական համալիրն էլ սուսուփուս իր գործն է անում։ Թուրքիան արդեն միջուկային զենքը տեղ հասցնելու միջոցներ ունի։ Մասնագետները պնդում են, որ թուրքական բանակի զինանոցներում առկա միջին հեռահարության հրթիռները հեշտությամբ կարելի է զինել միջուկային մարտագլխիկներով։ Միաժամանակ շարունակվում են բարձր հեռահարության հրթիռների փորձարկումները, որոնք կհեշտացնեն այդ խնդիրը։

Հայտնի է, որ թուրքական «Roketsan» ընկերությունն արդեն «Atmaca» թևավոր բալիստիկ հրթիռի նոր մոդիֆիկացիա է մշակել, որը կարող է միջուկային մարտալիցքի կրող լինել։

Փակման մասին խոսակցությունները փուչ են. ԱԷԿ-ում ամրապնդելու են ռեակտորի պաշտպանությունը

Այսպիսով, արդեն կարելի է արձանագրել կադրային, հումքային և ռազմական ներուժի առկայությունը։ Հարցը միայն տեխնոլոգիաներն են։ Ստեղծված պայմաններում դրանք ձեռք բերելու համար ընդամենը երկու իրական միջոց կա։ Կա՛մ միջուկային զենք ստեղծելու տեխնոլոգիան գնել նրանցից, ովքեր արդեն տիրապետում են դրան, կա՛մ փորձել ինքնուրույն ստեղծել խաղաղ ատոմի ծրագրերի հիման վրա։

Ըստ ամենայնի, Թուրքիան այդ երկու ուղղություններով միաժամանակ է շարժվում։ Սկսենք առաջին ճանապարհի վերլուծությունից։ Այստեղ Թուրքիայի ամենահավանական գործընկերը կարող է լինել Պակիստանը։ Բազմաթիվ փաստեր կան, որ Անկարայի և Իսլամաբադի միջև այդ թեմայով երկխոսությունը վաղուց է ընթանում։

Հնդկական «Zee News India» լրատվական գործակալությունը վերջերս տեղեկություն էր տարածել դեկտեմբերի վերջին թուրք-պակիստանյան կիսագաղտնի բանակցությունների բովանդակության մասին: Այդ խորհրդակցություններն անցկացվել են Անկարայում՝ Ռազմական համագործակցության հարցերով համատեղ հանձնաժողովի հերթական նիստում։

Ըստ հնդկական գործակալության աղբյուրների՝ Էրդողանն անձամբ Է Պակիստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Ջավիդ Բաջվեին հանձնել ատոմային ռումբի ստեղծման համար անհրաժեշտ սարքավորումների և տեխնոլոգիաների ցանկը, որոնք Թուրքիան պատրաստ է գնել Պակիստանից: Իսլամաբադը, ըստ ամենայնի, բոլորովին դեմ չէ Անկարայի հետ համագործակցությանը։ Չէ՞ որ դեռևս 1998թ․-ին էր Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը Թուրքիային առաջարկել ակտիվացնել համագործակցությունը միջուկային ոլորտում։

Ինչպե՞ս կարող է Երևանը պահպանել իր տեղը «Հյուսիս-Հարավ» էներգետիկ միջանցքում

Իսրայելի ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Ալոն Լիելը մի անգամ հայտարարել էր, որ հետախուզության տվյալներով՝ Թուրքիան ժամանակին օգնել է Պակիստանին միջուկային զենքի մշակման հարցում։ Հիմա պարտքը վերադարձնելու ժամանակն է։

Պակիստանի հետ համագործակցությունը կարող է հեռանկարային լինել, սակայն այն որոշակի դժվարությունների հետ է կապված։ Ուստի թուրքական իշխանությունները հավանաբար պատրաստվում են ատոմային ռումբի ստեղծման համար օգտագործել նաև խաղաղ ատոմի տեխնոլոգիաները։ Սա նկատի ունենալով` Մերսինում ԱԷԿ-ի կառուցման որոշումը հատուկ իմաստ է ստանում։ Որոշ տնտեսագետներ մինչ օրս կասկածում են, որ «Ակույու» ատոմային էլեկտրակայանը կարող է կոմերցիոն առումով շահավետ նախագիծ լինել։

Ատոմակայանի շինարարությունը բավականին թանկ կնստի, իսկ արտադրած էներգիայի ինքնարժեքը շատ բարձր կլինի։ Հաշվի առնելով գազի ցածր գների պահպանման միտումը՝ շատ ավելի շահավետ կլիներ ՋԷԿ կառուցել, ոչ թե ատոմակայան։ Բայց Էրդողանը պնդել է, որ հարկավոր է ԱԷԿ կառուցել։ Չի բացառվում, որ գլխավոր պատճառը հենց այն է, որ Թուրքիայի ղեկավարությունը հույս ունի միջուկային տեխնոլոգիաներին հասանելիություն ունենալ, որպեսզի դրանք օգտագործի զանգվածային ոչնչացման զենք մշակելու նպատակով։

Այս վարկածն է պնդում ամերիկացի փորձագետ Ջոն Սպակապանը։ Նա պնդում է, որ Թուրքիան ցանկանում է ատոմային էներգետիկան օգտագործել իր իրական ծրագրերը քողարկելու համար։ Նման ծրագրերի մասին հայտնել է նաև գերմանական «Die Welt» պարբերականը։ Թերթը գրել է, որ արդեն մի քանի տարի է, ինչ Գերմանիայի Դաշնային հետախուզությունը հետևում է Թուրքիային՝ խաղաղ ատոմային ծրագրի քողի տակ միջուկային զենք ստեղծելու տեխնոլոգիա ձեռք բերելու նրա ձգտումների պատճառով:

2018թ․-ին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել էր` Անկարայում որոշ ուժեր նախագահ Էրդողանին դրդում են, որ ատոմային զենք ստեղծելու փորձ անի։ Այս թեմայով խոսել է նաև ռազմական վերլուծաբան Հանս Ռյուլեն, որը նախկինում բարձր պաշտոններ է զբաղեցրել Գերմանիայի Բունդեսվերի գլխավոր շտաբում։ «The National Interest» պարբերականում հրապարակված հոդվածում նա գրում է. «Ռուսների հետ բանակցությունների ընթացքում թուրքերի ցանկությունը՝ իրենց մոտ թողնել ԱԷԿ-ում մշակված վառելիքային միջուկները, կարող է միջուկային հավակնությունների հաստատում ծառայել, քանի որ դա պլուտոնիումային ռումբ ստանալու ամենահեշտ միջոցն է»:

«Ռոսատոմի» թուրք գործընկերները սկզբում իսկապես պնդում էին, որ իրենց թույլ տան ինքնուրույն կազմակերպել ԱԷԿ-ում օգտագործված ուրանի ձողերի վերամշակումը։ Ռուս փորձագետներին այդպիսի հեռանկարը ստիպեց զգուշանալ։ «Ռուսաստանի համար թուրքական ատոմային ռումբի հայտնվելը բացարձակապես անընդունելի է։ Դա հատուկ պատասխանատվություն է դնում «Ակույու» ատոմակայանի նախագծի ռուս նախաձեռնողների վրա։ Առաջին հերթին դա նախատեսում է, որ Ռուսաստանն ընդունելու է կայանի օգտագործած ամբողջական վառելիքը»,- դեռևս մի քանի տարի առաջ պնդում էր «Ուրիշ Եվրոպա» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Պավել Լևուշկանը։

Բարեբախտաբար, Կրեմլում, ըստ ամենայնի, նույնպես լիովին հասկանում են, որ Թուրքիային ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ հասնել միջուկային տեխնոլոգիաներին։ Հենց այդ պատճառով էլ «Ռոսատոմի» ղեկավարությունը ԱԳՆ-ի հետ խորհրդակցելուց հետո պնդել է, որ օգտագործած ամբողջ միջուկային վառելիքը պետք է անմիջապես Մերսինից վերադառնա Ռուսաստան։

Թվում է` Անկարայում դրա հետ համակերպվել են։ Այդուհանդերձ, հավելյալ երաշխիքները թույլ կտային, որ այն մարդիկ, որոնք կարողանում են անաչառ գնահատել Էրդողանի ծրագրերն ու հավակնությունները, ավելի հանգիստ քնեին։ Թուրքիայի մուտքը միջուկային ակումբ արմատապես կփոխեր ուժերի դասավորությունը ողջ Մերձավոր Արևելքում։ Էրդողանի մատի տակ գտնվող միջուկային կոճակը հսկայական խնդիր կդառնար և՛ Ռուսաստանի, և՛ Եվրոպայի, և՛ Ամերիկայի, և՛ Չինաստանի համար։ Ուստի համաշխարհային գերտերություններն ուղղակի պարտավոր են համոզիչ երաշխիքներ ստեղծել, որ «Ակույու» ԱԷԿ-ը չի օգնի Թուրքիային սեփական միջուկային զենք ստեղծելու հարցում։

Ըստ թեմայի

ԱԷԿ-ի սեյսմիկ անվտանգության հայկական համակարգը ցանկանում են տեղադրել Լատինական Ամերիկայում
Հայկական ԱԷԿ-ն ու «ՏՎԷԼ»–ը միջուկային վառելիքի մատակարարման փաստաթղթեր են ստորագրել
Ինչու է Հայաստանը մերժել ԱԷԿ–ի վերանորոգման ՌԴ–ի վարկը. պարզաբանում է փոխնախարարը
թեգերը:
ռումբ, Ռեջեփ Թայիփ Էրդողան, ատոմակայան, Թուրքիա

Գլխավոր թեմաներ