19:57 08 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
38110

Չդադարող երկպառակությունը կարող է թանկ նստել Հայաստանի վրա։ Sputnik Արմենիայի սյունակագիրն անդրադարձել է քաղաքական պայքարի միջոցներին։

Երբ մտորում ես վերջին 30 տարիների ընթացքում մեր պետության ձեռքբերումների մասին, թվում է` 90-ականների պատերազմի հաղթանակից հետո հայերը գրեթե ոչնչով չեն զարմացրել ո՛չ իրենց, ո՛չ էլ աշխարհին։ Բայց մի քանի բացառություն կա, որոնք թույլ են տվել, որ զարգացած երկրները հետաքրքրությամբ նայեն մեզ. դրանցից մեկը «շախմատ» առարկան դպրոցական ծրագրում ներառելու որոշումն էր։ Սա դարձավ այն նոր գաղափարը, որը հետաքրքրեց աշխարհին։ Ինչ վերաբերում է քաղաքական և տնտեսական գործընթացներին, ապա այստեղ մենք շատ կանխատեսելի ենք։ Հայաստանի ներկա իրավիճակը դրա թարմ ապացույցն է։ Կանխատեսելի է և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը, և՛ ընդհանուր առմամբ հասարակությունը։

Արդյունավետ ռազմավարության փոխարեն զավեշտ

Հայկական ընդդիմության գործողություններին նայելիս «դեժավյուի» զգացողություն է առաջանում, քանի որ «թավշյա հեղափոխության» առաջնորդի ընդդիմախոսները, ըստ էության, օգտագործում են նույն մեթոդները, ինչ Նիկոլ Փաշինյանը 2018-ին։

Բայց «գունավոր հեղափոխությանը» նույն «գունավոր տեխնոլոգիաներով» հաղթելը հեշտ բան չէ։ Հասարակությունն այնքան հիասթափված է և՛ «նախկիններից», և՛ «ներկաներից», որ շատ դժվար է շարժել ապատիկ Երևանը, որը նույնիսկ պատերազմի օրերին այդպես էլ չբարեհաճեց դուրս գալ հարմարավետության գոտուց։

Անվերջ երթերն ու հանրահավաքները, թեկուզ հազարավոր մարդկանց մասնակցությամբ, ճանապարհ փակելը վաղուց արդեն դարձել են մեր առօրյայի սովորական մասն ու կորցրել սրությունը։ Ընդդիմության առաջնորդների կազմակերպած «հարյուրմետրանոց վազքը» կառավարական մի շենքից մյուսը՝ Փաշինյանի ճանապարհը փակելու ապարդյուն փորձով, միայն ուժեղացնում է փողոցում տեղի ունեցող զավեշտի տպավորությունն ու բուռն գործունեության իմիտացիան։

Փաշինյանը չի վստահո՞ւմ սեփական թիմին. Դանիելյանը` ներքաղաքական ճգնաժամի մասին

Ընդ որում` որքան էլ ընդդիմությունը թույլ լինի, քչերը կհավատան, որ Հայրենիքի փրկության շարժման մեջ ընդգրկված քաղաքական ուժերը միասին չեն կարող միլիոնանոց քաղաքում հարյուր հազար մարդ հանել փողոց, էլ չենք խոսում այլ շրջաններից բերելու մասին (խոսքը վերաբերում է այն տարածքներին, որտեղ քաղաքական գործիչները՝ նույն կուսակցությունների ներկայացուցիչները, դեռևս ազդեցություն ունեն)։ Հատկապես որ իշխանության հանդեպ դժգոհությունը միայն աճում է։

Ստացվում է, որ ֆինանսական խոշոր ռեսուրսներ ունեցող կուսակցություններն արդեն մի քանի ամիս չեն կարողանում հեռացնել վարչապետին, որը ոչ միայն ջախջախիչ պարտություն կրեց պատերազմում, այլև հիմա էլ շարունակում է սրընթաց նահանջել արտաքին ճակատում։

Թուլացած կառավարությանը տապալելու ընդդիմության անկարողության պատճառը, ամենայն հավանականությամբ, ներքին հակասություններ են ու այն հանգամանքը, որ կուսակցությունները չեն ուզում սեփական ֆինանսական ռեսուրսները ծախսել ընդհանուր գործի վրա, քանի որ հասկանալի չէ, թե ի վերջո ով կդառնա Հայաստանի նոր վարչապետը (խոսքը, բնականաբար, ժամանակավոր կառավարության մասին չէ, եթե այդպիսին ձևավորվի)։

Գլխավոր շտաբի դիրքորոշումն ու Սահմանադրության հետ «խաղերը»

Պայքարի մեջ մի քիչ ինտրիգ մտավ, երբ ԶՈւ գլխավոր շտաբը պահանջեց կառավարության հրաժարականը, բայց հրաժարվեց իշխանությունն իր ձեռքը վերցնել։ Այդուհանդերձ, գեներալների դժգոհությունը չի մարել, և հասկանալի է, որ Փաշինյանը զրկվել է բանակի անվերապահ աջակցությունից։ Հայաստանում, որտեղ ուժեղագույն ինստիտուտը հենց ԶՈւ–ն է, ոչ թե հատուկ ծառայություններն ու ոստիկանությունը, դա իշխանությունը պահելու կամ կորցնելու հարցում առանցքային գործոն է։

Առայժմ կողմերը որոշել են սահմանադրական ուղին բռնել։ Ինչպես ասում են, օրինական ճանապարհով կարելի է գնալ, բայց հասնելն է դժվար։ Նորից սկսել են օրենսդրությունը փորփրել, իրավաբաններն էլ տարբեր կերպ են մեկնաբանում Սահմանադրության այս կամ այն դրույթը։ Այս ամենը միայն խճճում է գործընթացները և խորացնում երկրի ճգնաժամը։ Եվ տարբեր ճամբարների քաղաքական գործիչների` Սահմանադրությունը «սրբազան կովի» վերածելու հանկարծակի փորձերը միայն հեգնական ժպիտ են առաջացնում։ Քանի որ Սահմանադրությունը Հայաստանում երբեք «սրբազան կով» չի եղել, ավելին՝ այն վաղուց արդեն դարձել է քաղաքական խաղի մի մաս. իշխանության եկած յուրաքանչյուր ոք փոխում է հիմնական օրենքն ու հարմարեցնում անձամբ իրեն ու իր կարիքներին։

Փաշինյանի պայքարն իշխանության համար

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա նա ակնհայտորեն չափազանցնում էր, երբ խոսում էր Արցախում հաղթանակի հասնելու համար նույնիսկ սեփական կյանքը զոհաբերելու պատրաստակամության մասին։ Արդեն տևական ժամանակ է` նրա կյանքն օր ու գիշեր պահպանում են տասնյակ ուժայինները, իսկ նա կառչել է վարչապետի աթոռից։

Փաշինյանը շարունակում է իշխանության համար պայքարել մի քանի պատճառով։ Նախ՝ նրա փառասիրությունն ու հավակնությունները թույլ չեն տալիս ինքնակամ հրաժարվել իշխանությունից։ Երկրորդ՝ նա տեսնում է ընդդիմության կանխատեսելիությունը և զգում, որ իրեն չեն կարող անսպասելի և ուժեղ հարված հասցնել։ Եթե արտաքին քաղաքական ասպարեզում Փաշինյանն իրեն դրսևորել է որպես թույլ խաղացող, ապա ներքին ռինգում ինքն իրեն վստահ է զգում, ինչպես ձուկը ջրում, քանի որ շատ լավ է հասկանում հակառակորդների հոգեբանությունը։ Երրորդ՝ հրաժարականից հետո նա անձեռնմխելիության ոչ մի երաշխիք չունի։ Փաշինյանը «նախկինների» համար այդպիսի երաշխիքներ չի ապահովել, և հիմա հույս չունի, որ իր հանդեպ գթասրտություն կդրսևորեն։

Հասարակության երկպառակությունը խորանում է

Իսկ եթե դիտարկենք հասարակության տրամադրությունները, ապա անզեն աչքով էլ երևում է, որ մենք մեզ պահում ենք երերուն ընտանիքի պես, որում երբ դժբախտություն է պատահում, մեկը վախկոտի պես փախչում է խնդրից, մյուսը կատաղի մեղադրանքներով հարձակվում մնացածի վրա, իսկ երրորդն էլ մտածում է սեփական շահի մասին։

Ցանկացած երկրում ողբերգությունից հետո ջրի երես է դուրս գալիս մարդկային կեղտը, որը սովորաբար նկատելի չէ խաղաղ ժամանակներում։ Նույնիսկ աներևակայելի օրինապահ Ճապոնիայում Ֆուկուսիմայի ԱԷԿ-ի վթարից հետո հանցագործություններ են կատարվել։ Ու թեև սկզբում աշխարհում միֆ կար, որ օտարման գոտում գրեթե թալան չի եղել, հետագայում պարզվեց, որ այնտեղ էլ են տներ թալանել ու բանկոմատներ «սրբել»։

Այս առումով Հայաստանը կրկին չզարմացրեց աշխարհին և բացառություն չդարձավ։ Պատերազմից հետո ինչ–որ մեկը սկսեց գումար աշխատել փախստականների համար նախատեսված հումանիտար օգնությունից, մեկ ուրիշը խաբեց անհետ կորած զինծառայողների ծնողներին, իսկ ոմանք էլ միտումնավոր բարձրացրին բնակարանների վարձավճարը՝ լավ իմանալով, որ անօթևան մնացած փախստականները կացարանի կարիք ունեն:

«Ժամկետը կարևոր է, քանի որ ճգնաժամը խորն է». Մարուքյանը ընտրությունների վերջնաժամկետ նշեց

Հասարակությունը բարոյալքված ու պառակտված է։ Մեր ամբողջ էներգիան, մեր բոլոր ռեսուրսներն ուղղվել են ոչ թե արտաքին հակառակորդների դիմակայմանը, այլ իրար դեմ պայքարին, որը վերածվում է պառակտիչ գզվռտոցի, ու որը մենք, չգիտես ինչու, անվանում ենք «ժողովրդավարություն» և «ազատություն»։ Բայց այն, ինչ մենք տեսանք մարտի 1-ի հանրահավաքում, ոչ թե ազատություն է, այլ օխլոկրատիայի դասական օրինակ, որտեղ գլխավորը դեմագոգների ազդեցության տակ ամբոխի քմահաճույքն է։

Ամեն օրը, որը ծախսվում է երկպառակության վրա, մեզ վրա շատ թանկ է նստում, քանի որ թույլ չի տալիս կենտրոնանալ պետության պաշտպանության հարցերի վրա։

Ո՞րն է ելքը

Այս իրավիճակում միակ դրական բանն այն է, որ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը խոսում են արյունահեղությունը բացառելու անհրաժեշտության մասին։ Բոլորը հասկանում են, որ քաղաքացիական պատերազմը խաչ կդնի մեր ապագայի վրա։ ՄԻակ ելքը մնում են քաղաքական բանակցություններն ու ընտրությունների շուրջ պայմանավորվածության հասնելը։

Նախագահը, որը փորձում է հեռու մնալ գոտեմարտից, բազմակողմ հանդիպման նախաձեռնություն դրսևորեց, որն առայժմ ձախողվել է։ Այնուամենայնիվ, նրա գլխավոր խնդիրն անփոփոխ է՝ համոզել Փաշինյանին հրաժարական տալ և իր թիմի հետ գնալ արտահերթ ընտրությունների։

Չնայած իշխանության ղեկին մնալու բոլոր ճիգերին, Փաշինյանը պարտվեց։ Իսկ պարտվողը միշտ հեռանում է։

Ըստ թեմայի

Փաշինյանի քաղաքական հաշվարկը․ ո՞վ է պետք Հայաստանին
Էրդողանի «շպագատը». պատրա՞ստ է արդյոք Հայաստանը Անկարայում հնարավոր փոփոխություններին
Ինչու չարժե վարվել Վրաստանի նման, կամ ո՞ր սխալները պարտությունը բերեցին մեզ Արցախում
«Գահերի խաղը»՝ արցախյան ճանապարհին․ Երևանի և Բաքվի խաղադրույքները
թեգերը:
ընդդիմություն, Նիկոլ Փաշինյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ