03:02 22 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.23
  • GBP727.62
  • EUR626.94
  • RUB6.79
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (356)
13530

Եկեք անկեղծ լինենք։ Տարեցտարի կրկնվում է նույն տխուր պատկերը՝ մենք Երևանից հերթական ֆիլմն ենք ներկայացնում «Օսկարի», իսկ ամերիկյան կինոակադեմիան այն հերթական անգամ մերժում է։

Հայաստանն այս տարի էլ Օսկարի հույսեր չունի, բայց ամերիկահայերը կարող են ստանալ

Այս տարին ամենևին բացառություն չէր, թեև «Օսկարի» հանձնման արարողությունը, որը սպասվում էր փետրվարին, այժմ կայանալու է մեկ ամիս անց՝ ապրիլի 25-ին։ Ինչևէ, Հայաստանը «Օսկարի» էր ներկայացրել Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» կինոնկարը։ Ֆիլմը նվիրված է Կոմիտասի կյանքի այն ժամանակաշրջանին, որը համընկնում է նախանցած դարի վերջի Համիդյան սարսափելի ջարդերին։ Բայց այս կինոստեղծագործությունը, որը ներկայացված էր «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, այդպես էլ չընդգրկվեց այսպես կոչված «շորթ լիսթում», այսինքն՝ այն 15 կինոնկարների ցանկում, որից պետք է ընտրություն կատարեին ժյուրիի անդամները։

Փոխարենը տարբեր անվանակարգերում տեղ գտան այնպիսի կինոնկարներ, որոնց ստեղծմանը այս կամ այն կերպ անմասն չեն ամերիկահայերը։ Մեկը «Բույնը» մուլտիպլիկացիոն ֆիլմն է, որի ռեժիսորը և սցենարիստը Մադլեն Շարաֆյանն է Կալիֆոռնիայից։ Այս կինը միանգամից հայտնի դարձավ իր երկրորդ անիմացիոն ֆիլմով, որը կոչվում է «Օմլետ» և պատմում է մի համակրելի ու հոգատար շան մասին, որն իր պատրաստած ուտեստներով փորձում է գոնե մի քիչ ուրախացնել տխուր տիրոջը։ Կինոքննադատներից մեկը գրել է. «Սա ցնցող և անասելի հուզիչ մի կարճամետրաժ մուլտ է, իր տեսակի մեջ եզակի»։

Երկաթե վարագույր. ինչո՞ւ էր լավ «Սովետի» ժամանակ

Իսկ այս տարի «Օսկարին» է ներկայացվել Մադլեն Շարաֆյանի «Բույնը»։ Այն պատմում է նապաստակի մասին, որը փորձում է բույն սարքել գետնի տակ, բարեկարգել այն, բայց ամեն անգամ պատը փորելիս հայտնաբերում է, որ շրջակա ողջ տարածքը վաղուց արդեն զբաղեցրել են բազմաթիվ բնակիչներ` մրջյուններից ու մկներից սկսած մինչև խլուրդ և նույնիսկ փորսուղ։ Նապաստակին բոլորովին դուր չի գալիս այդքան շատ ու բազմազան ստորգետնյա հարևանների ներկայությունը։ Նա փորձում է իր բույնը տեղափոխել դեպի գետնի խորքերը, բայց հանկարծ… Լավ, չեմ պատմի, թե ինչ պատահեց, որովհետև, ինչպես բոլորս գիտենք, կինոն նախօրոք պատմելը լավ բան չէ։ Միայն ասեմ, որ Մադլեն Շարաֆյանը համոզված է՝ նույնիսկ ձանձրալի և նյարդայնացնող հարևանները դժվար պահին քեզ սատար կկանգնեն։

Եվ շատ կարճ՝ «Օսկարի» ներկայացված երկրորդ ֆիլմի մասին, որի պրոդյուսերն է Սևակ Օհանյանը։ Դեռ 20 տարեկանում Օհանյանը նկարահանեց «Իմ մեծ, չաղ հայկական ընտանիքը» կինոկատակերգությունը, որը, ինչպես նշում են կինոքննադատները, բավական մեծ հաջողություն ունեցավ մանավանդ աշխարհի տարբեր հայ համայնքներում։ Այնինչ ողջ լիամետրաժ ֆիլմի բյուջեն կազմում էր, չեք հավատա, ընդամենը 800 դոլար։

Իսկ այն կինոնկարը, որը մեկ ամսից հավակնելու է «Օսկարին», կոչվում է «Հուդան և սև մեսիան», պատմում է 60-ականներին Ամերիկայում տեղի ունեցած իրական դեպքերի մասին, երբ ոստիկանությունը քրեական հանցագործություն կատարած մի ամերիկացու հետ գործարք է կնքում՝ մենք քեզ ազատ կարձակենք, բայց փոխարենը դու պիտի հետևես մարդու իրավունքների համար պայքարող «Սև հովազներ» կազմակերպության Չիկագոյի բաժանմունքի ղեկավար Ֆրեդ Հեմփթոնի ամեն քայլափոխին։

«Գրին» քարտ չունեցանք, գոնե դեղին ստանանք

«Էսքուայր» հանդեսին Սևակ Օհանյանը պատմել է, որ նկարահանող խմբի ոգեշնչման աղբյուրը 60-ականներին էկրան բարձրացած արաբական լավագույն ֆիլմերից մեկն էր՝ «Ճակատամարտ Ալժիրի համար», որտեղ նկարագրվում է ալժիրցիների պայքարը իրենց իրավունքների, ազատության, արժանապատվության և Ֆրանսիայի տիրապետությունը թոթափելու համար։

6 անվանակարգերում ներկայացված ամերիկյան այս ֆիլմի սյուժեն էլ չեմ ուզում վերապատմել։ Ասեմ միայն, որ Սևակ Օհանյանի առջև ռեժիսորը այսպիսի խնդիր էր դրել՝ գտնել Հեմփթոնի որդուն, մասնակից դարձնել նրան կինոյի նկարահանումներին և անընդհատ ճշտել նրանից՝ արդյոք մենք հավաստի՞ ենք ներկայացնում քո հոր կերպարը։ Ըստ մասնագետների` Սևակ Օհանյանը փայլուն է կատարել առաջադրանքը, ավելին՝ ջերմ ընկերական հարաբերություններ է հաստատել կրտսեր Հեմփթոնի հետ, որոնք շարունակվում են մինչ այժմ։

Հանուն նախագահ դառնալու կբաժանվեի՞ք ամուսնուց, կամ տնից մեկը պիտի զբաղվի քաղաքականությամբ

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (356)

Ըստ թեմայի

«Ամերիկյան երազանքը» և «հայաստանյան երազանքը»
Լսելով կապիտուլյացիայի մասին` նա արտասվեց. լեյտենանտի համար պատերազմն ավարտվեց 29 տարի ուշ
Ժպտացեք անծանոթներին ու երջանիկ կլինեք, կամ հայուհիները չե՞ն տարբերվում մյուսներից
թեգերը:
ֆիլմ, հայեր, «Օսկար» մրցանակաբաշխություն

Գլխավոր թեմաներ