10:05 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.24
  • GBP726.17
  • EUR628.99
  • RUB6.86
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
394 0 0

Իսրայելի վարչապետի պաշտոնին հայամետ քաղաքական գործիչներ են հավակնում։

Իսրայելում ամփոփել են վերջին երկու տարում չորրորդ ընտրությունների արդյունքները, որոնք կայացել էին մարտի 23–ին։ Եվ արդեն չորրորդ անգամ պատկերը գրեթե նույնն է․ հակամարտող կողմերը գրեթե հավասար թվով ձայներ են հավաքում։ Դա նշանակում է, որ Բենիամին Նեթանյահուի՝ կոալիցիա կազմելու և իշխանությունը պահպանելու շանսերը շարունակում են անորոշ մնալ։ Հայաստանում շատերին է հետաքրքրում այս գործընթացը, քանի որ միայն իշխանության փոփոխությունը թույլ կտա վերականգնել հայ-իսրայելական խախտված հարաբերությունները, որոնք փաստացի խզվել են այն անուղղակի աջակցության հետևանքով, որը Նեթանյահուի վարչակազմն արցախյան պատերազմի ժամանակ ցուցաբերում էր Ալիևին։

Կհամարձակվեմ ենթադրել, որ իսրայելցի հայերի բացարձակ մեծամասնությունը քվեարկել է գործող վարչապետի հակառակորդների օգտին։ Բենիամին Նեթանյահուի գլխավոր մրցակիցը՝ «Եշ Ատիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը, երկրորդ տեղ դուրս գալով` դարձավ ձախ կենտրոնամետ կոալիցիա ստեղծելու և կառավարություն ձևավորելու իրավունքի իրական հավակնորդ։ Ֆինանսների նախկին նախարար, նախկին լրագրող Լապիդին ընդունված է հայամետ քաղաքական գործիչ համարել։

Վերջին անգամ հենց նա էր Քնեսեթում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քննարկման նախաձեռնողը։ 2019թ-ին նա խոստացել էր, որ եթե վարչապետ դառնա, կհասնի երիտթուրքերի ոճրագործություններին համարժեք քաղաքական և իրավական գնահատականի։ Եթե Լապիդին հաջողվի կոալիցիա ձևավորել, դրանում կարևոր դեր կխաղա «Մերեց» կուսակցությունը, որը միշտ հայ համայնքի կողքին է և աջակցել է դրա գրեթե բոլոր նախաձեռնություններին։ Դե, իսկ Լապիդի օգտին գլխավոր փաստարկն իհարկե այն է, որ նոր վարչակազմի դեպքում հայ-իսրայելական հարաբերությունները հնարավոր կլինի մաքուր էջից սկսել՝ բացասականը թողնելով ներկայիս վարչապետի խղճին։ Հասկանալի է, որ քանի դեռ Նեթանյահուն իշխանության առաջնորդն է, ՀՀ դեսպանի` Թել Ավիվ վերադարձի մասին միտք անգամ չկա։ 

Թուրքերի թափանցիկ ակնարկները. ո՞ւմ դեմ են պատրաստվում օգտագործել «Մեծ թուրանի» բանակը

Այստեղ պետք է հստակեցնել` հայերը խնդիրներ ունեն ոչ թե «Լիկուդի», այլ դրա առաջնորդի հետ։ Հենց նա է արտոնել հարվածային անօդաչուների մատակարարումներն Ադրբեջանին՝ առանց դրանց կիրառման պայմանների մասին պայմանավորվելու։ Նա հովանավորել է Ադրբեջանի համար նախատեսված չեխական զրահամեքենաների ապօրինի տարանցումը։ Նա էր խոչընդոտում Քնեսեթի կողմից հայերի Ցեղասպանության ճանաչմանը։ Նա էր թույլ տալիս, որ «Մեր տուն՝ Իսրայել» կուսակցության իր կոալիցիոն գործընկերները հակահայկական ճառեր հնչեցնեն։

Միաժամանակ, Նեթանյահուի կուսակցությունից շատերը հայերի համար նշանակություն ունեցող հարցերում հակառակ դիրքորոշում ունեին։ Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին տարբեր ժամանակներում հրապարակավ արտահայտվել են կառավարության յոթ անդամներ։ Այդ մասին բացեիբաց խոսել են Նաֆթալի Բեննեթը (երբ կրթության նախարար էր), Օֆիր Ակունիսը (երբ գիտության նախարարն էր), Իսրայել Կացը, երբ հետախուզության նախարարն էր, Գիլադ Էրդանը, երբ ներքին անվտանգության նախարարն էր․ Զեև Էլկինը, երբ Երուսաղեմի գործերով նախարարն էր, Ցախի Հանեգբին, երբ տարածաշրջանային համագործակցության նախարարն է։ Նրանք բոլորը ներկայացնում էին «Լիկուդը» և կուսակցության ղեկավար մարմիններում էին։

Այնպես որ, «Լիկուդից» հայերը գանգատ չունեն։ Այդ պատճառով էլ նրանց համար միանգամայն ընդունելի է այն տարբերակը, որն այսօր Իսրայելում առաջարկում են բազմաթիվ չափավոր ընդդիմադիրներ։ Խոսքը իշխող կոալիցիայի ստեղծման մասին է «Լիկուդ» կուսակցության կողմից, բայց առանց Նեթանյահուի։ Եթե վարչապետը հայտարարի, որ պատրաստ է զիջել իշխանությունը կուսակցական ընկերներից որևէ մեկին, աջ կենտրոնամետ կոալիցիայի ձևավորման հեռանկարը շատ ավելի իրական կդառնա։

Պակիստանն Արցախի հարցում հիասթափեցրեց Իլհամ Ալիևին

Այդ դեպքում վարչապետի պաշտոնի ամենահավանական հավակնորդը կդառնա կուսակցության երկրորդ մարդը՝ Քնեսեթի նախկին նախագահ, այժմյան առողջապահության նախարար Յուլի Էդելշթեյնը։ Իսրայելի հայերը նրան արդարացիորեն իրենց հուսալի բարեկամն են համարում։ Ժամանակին Էդելշթեյնը մեծ ջանքեր է գործադրել, որպեսզի Ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծը մտնի խորհրդարանի օրակարգ։

Նա բացեիբաց քննադատում էր նրանց, ովքեր խոչընդոտում էին դրան և նպաստում էր Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը։ Վարչապետի պաշտոնում Էդելշթեյնի առաջադրումը լիովին կբավարարեր Երևանին և կտխրեցներ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներին։

Ինչևէ, Բենիամին Նեթանյահուին հեշտ չի լինի համոզել հանգստի անցնել։ Չէ՞ որ այդ դեպքում նա, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինի վարչապետի աթոռից նստել մեղադրյալի աթոռին։ Իսրայելի վարչապետը կոռուպցիային մասնակցելու համար մեղադրվում է քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածով։

Ինչպիսին էլ լինի ապագա կոալիցիայի ձևաչափը և ով էլ գլխավորի կառավարությունը, կարևոր է նշել, որ անցած ընտրությունները բավականին հաջող էին հայկական լոբբիի գործընկերների համար։ Քնեսեթում ընտրվել են հայ համայնքի հետ համագործակցող և նրա շահերն առաջ մղող քաղաքական գործիչների մեծ մասը: Նրանց թվում են նախկին նախարար և իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նախկին ղեկավար Զեև Էլկինը, որը վերջերս լքել է «Լիկուդը» և առաջադրվել «Նոր հույս» կուսակցությունից:

Մեր մյուս մեծ բարեկամը՝ «Մերեց» կուսակցության նախկին նախագահ Թամար Զանդբերգը, թարմացրել է իր մանդատը և կշարունակի օրինաստեղծ աշխատանքը 24-րդ գումարման Քնեսեթում։ Նոր խորհրդարանում վերընտրվել է նաև հայ-իսրայելական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, նախկին փոխխոսնակ Թալի Պլոսկովը:

Մահաբեր «քվեստ». ովքեր և ինչու են ներթափանցում Ադրբեջանին անցած տարածքներ

«Նոր հույս՝ միասնություն Իսրայելի համար» նոր ընդդիմադիր կուսակցությունը, որը ստեղծել է Ցեղասպանության ճանաչման բանաձևի համահեղինակ Գիդեոն Սաարը, կարողացել է հաղթահարել ընտրական արգելապատնեշը և վեց մանդատ է ստացել: «Լիկուդի» ցուցակի երկրորդ համարը Յուլի Էդելշթեյնն է, որը եթե անգամ կառավարության ղեկավար չդառնա, ապա շանսեր ունի վերադառնալու Քնեսեթի նախագահի պաշտոնին։ Սրանք այն մարդիկ են, որոնց հետ համագործակցությունը կարող է օգնել շուտափույթ թերթել հայ-իսրայելական հարաբերությունների մութ էջը։

Սակայն հայկական լոբբին նաև կորուստներ ունի։ Ձախ կենտրոնամետ «Սիոնիստական ճամբարի» անդամ Իցիկ Շմուլին, որը 2017թ․-ին ներկայացրել էր Ցեղասպանության մասին բանաձևի տարբերակներից մեկը, վերջերս հայտարարեց քաղաքականությունից հեռանալու մասին։ «Մերեց» կուսակցության ցուցակում այս անգամ չկա դրա նախկին առաջնորդ Զեհավա Գալյոնը, որն արժանի կերպով վայելում էր Իսրայելի հայերի համակրանքը։ «Լիկուդի» ցուցակում չկա Ամիր Օհանայի անունը, որը 1915թ․-ի իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական դիրքորոշման վերանայում էր պահանջում։

Միաժամանակ, Քնեսեթում իրենց դիրքերը որոշ չափով ամրապնդել են ադրբեջանամետ պատգամավորները։ Ադրբեջանին հովանավորող «Մեր տունը Իսրայելն է» կուսակցությունը մի փոքր ավելի շատ ձայն է հավաքել, քան անցած անգամ, և նոր խորհրդարանում մեկ լրացուցիչ մանդատ կունենա։ Կուսակցության ղեկավար Ավիգդոր Լիբերմանը, որին հաճախ անվանում են Իսրայելում «ադրբեջանական լոբբիի առաջնորդ», աջ կոալիցիայում երկրորդ տեղին է հավակնում, եթե այդպիսին ստեղծվի։

Իսրայելի քաղաքական օլիմպոսում, ինչպես երևում է, փոփոխություններ են սպասվում։ Նեթանյահուն, որի ձեռքում է ղեկը արդեն ավելի քան 15 տարի, այս անգամ կարող է զրկվել իշխանությունից։ Արդյո՞ք նրա տեղին հավակնող Լապիդը կամ Էդելշթեյնը կհամարձակվեն վերանայել իշխանության մոտեցումները, որոնք հանգեցրել են հայ-իսրայելական հարաբերությունների ճգնաժամին․․․

Ուղղափառ եկեղեցի Շուշիում. որտեղի՞ց է ծագել հայերի կողմից եկեղեցու յուրացման մասին միֆը

Ըստ թեմայի

Իսրայելն ու Ադրբեջանը համատեղ զենքի արտադրության գործարք են կնքել. հայերը ցույց են անում
Վարչապետություն, որի հիմքում սուտն էր. ինչպես իսրայելցի քաղտեխնոլոգն օգնեց Նեթանյահուին
Թշնամուն գրկի մեջ խեղդելու արվեստը․ ի՞նչ խաղ են խաղում Ռուսաստանն ու Թուրքիան
թեգերը:
Ադրբեջան, Հայաստան, Բինյամին Նեթանյահու, Իսրայել, Վարչապետ

Գլխավոր թեմաներ