06:15 19 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.55
  • GBP740.81
  • EUR637.23
  • RUB7.08
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
297 0 0

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան՝ ապրիլի 24-ին, քիչ ժամանակ է մնացել։ Եվ որքան մոտենում է ողբերգության 106-րդ տարելիցը, այնքան ավելի է ակտիվանում այն բանավեճը, թե արդյո՞ք ԱՄՆ նախագահը կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը։

Մեր սյունակագիրը նկատել է մի շարք անուղղակի ազդակներ, որոնք վկայում են, որ Ջոզեֆ Բայդենը պատրաստ է իրերն իրենց անուններով կոչելուն։

Ապրիլի 12–ին ամերիկյան հեղինակավոր «National Interest» պարբերականը հրապարակել է հայտնի վերլուծաբան Մայքլ Ռուբինի հոդվածը, որը կոչվում է «Ջո Բայդենը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»։ Չնայած վերնագիրը շատ բանի մասին է խոսում, հրապարակումն ավելի շատ նվիրված է այն խոչընդոտներին, որոնք խանգարում են Սպիտակ տանը համարժեք քաղաքական և իրավական գնահատական տալ երիտթուրքերի հանցագործություններին։

«Շատերը Բայդենի վարչակազմում, Պետդեպարտամենտում ու Պենտագոնում կարող են գտնել դրդապատճառներ, որոնք թույլ են տալիս հետ կանգնել Ցեղասպանության ճանաչման խոստումից կամ պարտադրում են «ցեղասպանություն» բառին այլ՝ բարոյական, հոմանիշ ընտրել։ Պետդեպարտամենտում դեռ կա ուժեղ թուրքական լոբբի, որը պատրաստ է պաշտպանել Անկարայի շահերը։ Իսկ Պենտագոնում կարող են մտածել, որ Էրդողանի հետ առճակատման սրումը կստիպի նրան ռազմական ագրեսիա նախաձեռնել Միջերկրական ծովի արևելյան հատվածում։ Արդեն կան նշաններ, որ Բայդենն ու Բլինկենը տատանվում են», - գրում է Մայք Ռուբինը։

Այնուամենայնիվ, հեղինակը հակված է հավատալու, որ նախագահ Բայդենը կճանաչի Հայոց ցեղասպանության փաստը, քանի որ դա «միաժամանակ և՛ ճիշտ, և՛ իմաստուն» քայլ կլինի: Սպիտակ տուն մտնող և օվալաձև աշխատասենյակում գտնվող մարդիկ ավելի ու ավելի հաճախ են իրենց թույլ տալիս ակնարկել, որ Ցեղասպանության ճանաչման հարցում Բայդենը դրական է տրամադրված։ Վերջին նման ազդանշանը նախագահի վարչակազմի մամուլի ծառայության մեկնաբանությունն է, որը տարածվել է Աթենքում լույս տեսնող Kathimerini թերթի խնդրանքով:

Մարտի 20-ին հունական պարբերականի լրագրողը գրավոր հարց է ուղղել Ջեն Պսակիի գրասենյակ՝ խնդրելով պարզաբանել նախագահ Բայդենի վերաբերմունքը սենատոր Բոբ Մենենդեսի նախաձեռնության նկատմամբ։ Մենենդեսը գործընկերներին կոչ է արել միանալ Ցեղասպանության ճանաչման պահանջին: Չնայած Պսակին խուսափել է ուղիղ պատասխանից ու 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն չի անվանել, նրա մեկնաբանության շեշտադրումները հուսադրող էին։ Նա հասկացրել է, որ Ջոզեֆ Բայդենը մտադիր չէ հրաժարվել իր խոստումից, որը տվել էր դեռևս որպես նախագահի թեկնածու։ Հիշեցնեմ, որ անցյալ տարվա ապրիլի 24-ին՝ ընտրարշավի թեժ պահին, Բայդենը Twitter-ի իր էջում գրել էր.

«Ընտրվելու դեպքում պարտավորվում եմ սատարել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու մարդկանց համընդհանուր իրավունքները դարձնել գլխավոր առաջնահերթություն»։

Ավելի հստակ չես ասի` «ես պարտավորվում եմ...»։ Այստեղ խուսափելու տեղ չի մնում։ Կարևոր է, որ նախագահի թիմի անդամները չեն խուսափում հիշատակումներից, որ Բայդենն իր հայ ընտրողներին միանգամայն կոնկրետ խոստում է տվել։ Խորհրդարանական լսումների ժամանակ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հիշեցել է այն մասին, որ նախագահը կարողանում է իր խոսքի տերը լինել։ Ի պատասխան 1915-ի իրադարձություններին գնահատական տալու` սենատորների խնդրանքին, նա հիշեցրել է, որ Ջոզեֆ Բայդենը, լինելով նախագահի թեկնածու, շատ հստակ է արտահայտվել այդ մասին:

Ցեղասպանության տարելիցի նախաշեմին Էրդողանը ստամբուլահայերին առաջ է մղում. ո՞րն է նպատակը

Բայդենի հակառակորդները լավ փաստարկ ունեն։ Նրանք նշում են, որ նախագահն արդեն մեկ անգամ հիասթափեցրել է իր հայ ընտրողներին։ Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահի պաշտոնում ժամանակին նա պաշտպանել է հերթական «հայկական բանաձևը» և խոստացել, որ հասնելու է Ցեղասպանության ճանաչմանը: Բայց հենց ընտրվել է փոխնախագահ, դադարել է այս հարցում որևէ նախաձեռնություն անելուց։ Սակայն դրանք այլ ժամանակներ էին։ Բացի այդ, Բայդենը աշխատակազմի միայն երկրորդ մարդն էր, և արտաքին քաղաքականության առաջնահերթությունները որոշում էր ոչ թե ինքը, այլ նախագահ Բարաք Օբաման: Ի դեպ, Օբաման նույնպես ժամանակին խոստացել էր, որ կճանաչի Ցեղասպանությունը։ Նա իր խոսքի տերը չեղավ։

Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման հավանականության մասին ավելի հաճախ է գրում ինչպես ամերիկյան, այնպես էլ թուրքական մամուլը։ Վերջերս այս թեմային ուշադրություն դարձրեց Newsweek ամսագիրը։ Անկարայում լույս տեսնող Ahval թերթը մեկ ամիս առաջ սյունակ է հատկացրել հայտնի քաղաքական վերլուծաբան Իլհան Թանիրին, որը հայրենակիցներին կոչ է արել համակերպվել այն բանի հետ, որ «Բայդենն, այնուամենայնիվ, կճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

Քաղաքագետ, քաղաքական խորհրդատվության ոլորտում մասնագիտացած Eurasia Group ընկերության առաջատար փորձագետ Յան Բրեմերը նույնպես վերջերս հայտարարել է, որ բավարար հիմքեր ունի կարծելու, որ նախագահ Բայդենը կկատարի խոստումը: Նրա խոսքով՝ ուղերձը, որը նախագահը կանի ապրիլի 24-ին, «Էրդողանին զայրացնելու է, բայց Սպիտակ տանը պատրաստ են դրան»: Բրեմերը հղում է անում վարչակազմի ոմն ներկայացուցչի, որը հավաստիացրել է, որ «Բայդենն իր խոսքի տեր մարդ է» ու որ «ամենայն հավանականությամբ, նա շուտով կդառնա ԱՄՆ առաջին նախագահը, որը 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն» կանվանի»:

Կկարգավորվե՞ն արդյոք հայ-իսրայելական հարաբերությունները Նեթանյահուի հեռանալուց հետո

Այստեղ արժե մի բան հստակեցնել` եթե ապրիլի 24-ին Ջո Բայդենն ի վերջո արտասանի երկար սպասված բառը, նա իրականում չի դառնա այն առաջին ամերիկյան առաջնորդը, որն արել է դա։ Բանն այն է, որ 1982-ին ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանն արդեն 1915-ի իրադարձությունները ցեղասպանություն է անվանել։ Դա տեղի է ունեցել մեր հայրենակից Քեն Խաչիկյանի մասնակցությամբ։ Խաչիկյանն այն ժամանակ զբաղեցնում էր Սպիտակ տան գլխավոր սփիչրայթերի պաշտոնը։

Մի քանի տարի առաջ հնարավորություն ունեցա առանձնազրույց ունենալ Խաչիկյանի հետ, ու նա հաստատեց, որ նախագահական ելույթում «Հայոց ցեղասպանություն» բառակապակցության հիշատակումն իսկապես իր անձնական նախաձեռնությունն էր։ Բայց սփիչրայթերի նախաձեռնությունը պատշաճ կերպով համաձայնեցվել է նախագահի ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդականի և պետքարտուղարի տեղակալի հետ։ Վարչակազմի արտաքին քաղաքականության պատասխանատուներն այն ժամանակ հավանություն են տվել 1915-ի դեպքերի նկարագրության համատեքստում «ցեղասպանություն» բառի օգտագործմանը։ Չնայած դրան՝ ընդունված է համարել, որ ԱՄՆ գործադիր իշխանությունը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը։ Այնպես որ, Ջոզեֆ Բայդենը հնարավորություն ունի մտնելու պատմության մեջ որպես առաջին նախագահ, որը կանի դա։

Փորձագետների մեծ մասը կարծում է, որ Սպիտակ տունը երբեք այդքան մոտ չի եղել Հայոց ցեղասպանությունը վերջնականապես ճանաչելու որոշմանը։ Դրան նպաստելու են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության հետ կապված բազմաթիվ հանգամանքներ։ Նախ նշենք, որ նման որոշումը լիովին կհամապատասխանի օրենսդիրների մոտեցումներին։ 2019-ի հոկտեմբերին Ներկայացուցիչների պալատը, իսկ հետո նույն տարվա դեկտեմբերին Սենատը, պաշտոնապես որպես ցեղասպանություն են ճանաչել երիտթուրքական ռեժիմի հանցագործությունները։

Երկու կուսակցություններից ավելի քան 100 կոնգրեսականներ ու 38 սենատորներ վերջերս դիմել են նախագահին՝ կոչ անելով հետևել օրենսդիրների օրինակին ու 1915 թվականի իրադարձությունները որակել որպես ցեղասպանություն: Հարկ է ընդգծել, որ այդ դիմումի տակ ստորագրել են նախագահի նախկին թեկնածուներ Բեռնի Սանդերսը, Էլիզաբեթ Ուորենը, Միթ Ռոմնին, Մարկո Ռուբիոն։ Նրանք Կապիտոլիումի ամենաազդեցիկ մարդիկ են։

Սենատորների ու կոնգրեսականների կոչին միացել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին, որը ղեկավարում է ԱՄՆ-ի՝ մեծությամբ և նշանակությամբ երկրորդ մեգապոլիսը: Մնում է ավելացնել, որ գործող վարչակազմի երկրորդ մարդը՝ փոխնախագահ Կամալա Հարիսը, 2019 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի համահեղինակն էր ու ընտրարշավի ընթացքում ևս այդ թեմայով ոչ երկիմաստ խոստում է տվել:

Թուրքերի թափանցիկ ակնարկները. ո՞ւմ դեմ են պատրաստվում օգտագործել «Մեծ թուրանի» բանակը

Օբաման խոստացավ ու չարեց։ Թրամփը չխոստացավ ու չարեց։ Ռեյգանը չխոստացավ, բայց արեց։ Բայդենը խոստացավ, բայց կանի՞։ Եթե նախագահը ճանաչի Ցեղասպանությունը, ապա ոչ թե այն պատճառով, որ հավատարիմ է իր խոստմանը, ոչ թե հայերին շատ սիրելուց, այլ միայն այն պատճառով, Ամերիկայի շահերն են դա պահանջում։ Ստեղծվող քաղաքական կոնյունկտուրան իսկապես նպաստում է Ցեղասպանության ճանաչմանը։ Թուրքերի կողմից ռուսական C-400 համալիրների գնման պատճառով Անկարայի ու Վաշինգտոնի միջև լարվածությունը շարունակում է սրվել։ Հարաբերություններն աննախադեպ սառն են։ Բայդենի հետ երկխոսություն հաստատելու` Էրդողանի փորձերն ապարդյուն են անցնում։

Մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ թուրք դիվանագետները երեք անգամ երկու նախագահների միջև հեռախոսազրույց անցկացնելու նախաձեռնություն են ցուցաբերել, սակայն անարդյունք։ Թուրքիան այն սակավաթիվ տարածաշրջանային տերություններից է, որի առաջնորդի հետ Բայդենն իր նախագահության օրոք ոչ մի ուղիղ շփում չի ունեցել։ Սպիտակ տանը ուղիներ են փնտրում` պատժելու ՆԱՏՕ-ի գործընկերոջը զենքի մատակարարների ընտրության հարցում «անհետևողական» լինելու համար: Ցեղասպանության ճանաչումը կարող է դառնալ Վաշինգտոնի ցավոտ պատասխանն այն բանին, որ Անկարան չցանկացավ հրաժարվել ռուսական հրթիռային համալիրներից։

Ցեղասպանության ճանաչմանը նպաստող մեկ այլ գործոն է Հարավային Կովկասի տարածաշրջանում Մոսկվայի կտրուկ աճող քաղաքական ներկայությունը փոխհատուցելու ձգտումը։ 2020թ.–ի նոյեմբերի 9-ին Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումը Ռուսաստանին թույլ տվեց տարածաշրջանում գործընթացների վրա ազդելու շատ գործուն մեխանիզմներ ստանալ։ Դրան հակազդելու համար Վաշինգտոնին պետք են ոչ ստանդարտ քայլեր, որոնք կարող են առաջին հերթին առաջացնել հայկական կողմի համակրանքը։

Մահաբեր «քվեստ». ովքեր և ինչու են ներթափանցում Ադրբեջանին անցած տարածքներ

Հայաստանն առավելապես դժգոհ է Ռուսաստանի արձանագրած պատերազմի արդյունքներից։ Եվ այստեղ ցեղասպանության թեման նույնպես կարող է օգտակար լինել։ Ինչևէ, Երևանում անկեղծորեն հույս ունեն, որ Միացյալ Նահանգները շուտով կդառնա թվով 22-րդ պետությունը, որը պաշտոնապես կճանաչի Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը։ Նման հույս փայփայելու համար հիմքեր կան։

թեգերը:
Հայոց ցեղասպանություն, Թուրքիա, ԱՄՆ, Ջո Բայդեն

Գլխավոր թեմաներ