20:38 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
21010

Հայաստանում կաշառակերությունն ամենևին էլ անկախության ժամանակաշրջանում չի հայտնվել, այն ծաղկում էր դեռ ԽՍՀՄ–ի գոյության շրջանում։ Այն ժամանակ խնդիրը փորձեցին լուծել իշխանափոխության օգնությամբ։ Թե ինչ դուրս եկավ դրանից, ընթերցեք Sputnik Արմենիայի սյունակագրի հոդվածում։

Վերջերս ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ու մի խումբ գեներալներ իրենց անվստահությունը հայտնեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին` պահանջելով նրա հրաժարականը։

«Ռազմական հեղաշրջում է լինելու», – ոմանք այսպես գնահատեցին զինվորականների դեմարշը։ Բայց հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ դա սխալ կանխատեսում էր։ Իշխանափոխության փորձ գուցե եղել է, բայց գործը հայտարարությունից այն կողմ չգնաց։

1973 թվական, Երևան։ Հեղաշրջման փորձը ձախողվեց աչքիս առաջ։ Հայաստանի բարձրագույն կուսակցական ղեկավարներից մեկի աշխատասենյակում զնգում է կառավարական կապի հեռախոսը։ Ալբերտ Ստեփանյանը վերցնում է խոսափողը, լսում, զանգահարողին ասում` ցտեսություն, կախում է հեռախոսը։

– Ժորան էր, – բացատրեց Ալբերտ Ստեփանյանը։

– Եվ ի՞նչ, – հարցրի ես։

– Ոչինչ։ Նստած է ԽՄԿԿ ԿԿ միջազգային բաժնում, երկիր է ընտրում։

«Ժորան» ՀՀ ԿԿ երկրորդ քարտուղար Գեորգի Տեր–Ղազարյանցն էր։ Անտոն Քոչինյանին աշխատանքից ազատելու դեպքում նա դառնում էր առաջինը։ Իսկ մյուսը` Ալբերտ Ստեփանյանը, կազմակերպչական և կուսակցական աշխատանքների բաժնի վարիչը (ԿԿ աշխատակազմի կարևորագույն բաժին)։ Կադրային այլ փոփոխություններ էլ էին սպասվում։

Իսկ ի՞նչ կապ ունեմ ես այդ ամենի հետ։ Իմ մասին` քիչ ուշ, իսկ հիմա` հանրապետությունում տիրող իրավիճակի մասին, որը հիշեցնում էր մեր օրերի Հայաստանը և ոչ միայն Հայաստանը, այլև աշխարհի բոլոր երկրները, եթե խոսենք կոռուպցիայի մասին, որի հետ պայքարել է պետք, սակայն այն արմատախիլ անել դեռ ոչ մի տեղ և ոչ ոքի չի հաջողվել։

Հայաստանում, երբ առաջին դեմքը Անտոն Քոչինյանն էր, նրանց թիվը, ովքեր չէին ուզում արդար ապրել, հետզհետե շատանում էր, և ամեն ինչ այդքան վատ չէր լինի, եթե կաշառակերությունն ու ծանոթի միջոցով հարց լուծելու սովորությունը չընդլայնվեին ղեկավար կադրերի հաշվին` նախարարներ, քարտուղարներ, քաղկոմներ և շրջկոմներ, ոստիկաններ, դատախազության աշխատակիցներ (ուզում եք հավատացեք, ուզում եք` ոչ, բայց ՊԱԿ–ի աշխատակիցներն այն ժամանակ բացառություն էին)։

Զայրացած քաղաքացիները հազարավոր նամակներ էին ուղարկում Մոսկվա, որտեղից ժամանակ առ ժամանակ տարբեր հանձնաժողովներ էին գալիս Հայաստան։ Գալիս էին, նայում ու գնում։ Օգուտ չկար։ Գործի անցան «դավադիրները» և որոշեցին իշխանափոխություն անել այսպես կոչված հեղաշրջման օգնությամբ։

Դուք, իհարկե, հասկանում եք, որ խորհրդային տարիներին դասական իմաստով (երբ տանկեր են փողոց հանվում, կառավարության անդամներին բանտարկում, պարետային ժամ մտցնում և այլն) հեղաշրջում անելն անհնար էր։ Կարելի էր անել միայն այն, ինչ արվեց` հանրապետության ղեկավար Անտոն Քոչինյանից գաղտնի ողջ Խորհրդային Միության ղեկավար Լեոնիդ Իլյիչ Բրեժնևին հասցնել Հայաստանում տիրող իրավիճակի օբյեկտիվ պատկերը։

Իսկ հիմա` իմ մասին։ Այդ տարիներին ես գլխավորում էի ԿԿ ինֆորմացիայի բաժինը, սակայն դավադրության մասնակից դարձնելու համար դա քիչ էր։ Բայց ղեկավարությունը համարում էր, որ հստակ բառեր գտնելն ու դրանցով ճիշտ նախադասություն կազմելը (շնորհակալություն ռուսական բանասիրության ֆակուլտետին) ինձ մոտ լավ է ստացվում։ Հետո հայրս վաղեմի բարեկամական հարաբերություններ ուներ Ալբերտ Ստեփանյանի հետ։ Բացի այդ, անթաքույց ցանկություն կար` վարչական ռեսուրսն օգտագործելով` աշխատանքի անցնել «Իզվեստիա» թերթում։ Մի խոսքով, ինձ հետ հույս կապեցին։

Հայաստանի չզինված ուժեր, կամ արժե՞ արդյոք զենք բաժանել սահմանամերձ գյուղերի բնակիչներին

Իմ խնդիրը հետևյալն էր` աշխատավորների հարյուրավոր ցասումնալից (առանց չափազանցության) նամակներից ու հայտարարություններից սեղմ, բայց իրենց բովանդակությամբ հոգեցունց ակնարկներ կազմել։ Երկրորդ քարտուղարի ստորագրությամբ դրանք անմիջապես Մոսկվա էին ուղարկվում։

Բայց ոչ միայն դա։ Դժվար չէր կռահել, որ հեղաշրջում նախաձեռնողների դրդմամբ Կրեմլ նամակ էին ուղարկում ոչ միայն հասարակ մարդիկ, այլև իշխող դասի բարձրաստիճան ներկայացուցիչները, և դա արդեն իմ գծով չէր։

Ես կարծես թե լավ էի անում գործս, թեև չեմ կարող ասել, որ դրանք իմ կյանքի լավագույն տեքստերն էին, բայց ազատ (իհարկե, համեմատաբար ազատ) լրագրությամբ զբաղվելու հեռանկարը ոգեշնչող էր։

«Դավադիրների» գլխավոր շտաբը գտնվում էր Ալբերտ Ստեփանյանի բնակարանում, ուր ինձ մի օր, կեսգիշերին մոտ հասցրին կառավարական լիմուզինով։

– Շքամուտք մտեք բակի կողմից, – գլխավոր մուտքին չհասած` ասաց Ավոն` Ալբերտ Ստեփանյանի վարորդը։

– Որ Սաշիկի (Քոչինյանի թիկնապահ) մարդիկ չբռնեն, – բացատրեց Ավոն։

Շքամուտք մտա բակի կողմից, սեղմեցի անհրաժեշտ դռան զանգը։ Բնակարանում, տանտիրոջից բացի, ներկա էին Ջոն Կիրակոսյանը (այն ժամանակ ՀՀ արտգործնախարար, հետագայում ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի հայրը) և ՀՀ ՊԱԿ–ի փոխնախագահ Դմիտրի Թարջիմանովը։ Չեմ հիշում, թե ինչ փաստաթղթեր էր պետք շտապ խմբագրել։ Խմբագրեցի։

...Անցավ մի քանի շաբաթ, եկավ այն օրը, երբ Ստեփանյանին Մոսկվայից զանգեց Տեր–Ղազարյանցն ու հայտնեց, որ ընտրում է այն երկիրը, ուր պիտի կմեկնի որպես դեսպան։ Նշանակում էր` հեղաշրջումը ձախողվել է։

«Հայի բախտ». ինչպես ազատվել կորսված հայրենիքի սինդրոմից

Տեր–Ղազարյանցը ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպանի կարգավիճակով սկզբում մեկնեց Սենեգալ (համատեղությամբ` Գամբիա), այնուհետև` Զամբիա։ Ճանաչված ու բոլորի կողմից հարգված դիվանագետ դարձավ։

Ստեփանյանին նշանակեցին անտառտնտեսության և փայտամշակման արդյունաբերության նախարարի պաշտոն: Ոլորտը սկսեց զարգանալ։ Թարջիմանովը Բրյանսկի մարզի ՊԱԿ պետ նշանակվեց։ Քոչինյանը մնաց իր պաշտոնին, բայց ոչ երկար։ Շուտով նրան փոխարինեց Կարեն Դեմիրճյանը։

«Ինքնուրույն» իշխանափոխության փորձից հետո Մոսկվան հետևություններ արեց։ Հայաստանն այդ ժամանակ Խորհրդային Միությունում միակ պետությունն էր, որտեղ թույլատրվում էր ԿԿ երկրորդ քարտուղարի պաշտոնում տիտղոսային ազգի ներկայացուցիչ նշանակել։ Բայց չստացված հեղաշրջումից անմիջապես հետո` դեռ Քոչինյանի օրոք, Մոսկվայից երկրորդի պաշտոնի համար գործուղեցին Պավել Անիսիմովին։

Սակայն կոռուպցիան արմատախիլ անել այդպես էլ չհաջողվեց։ Սկզբնական փուլում «համակիրների» խանդավառությունը փոքր–ինչ մարեց, բայց միայն սկզբում, այնուհետև ամեն ինչ նորից սկսվեց։ Մի կարևոր մանրուք` այդ ամենի հետ մեկտեղ հանրապետություն էր կառուցվում, մարդիկ գերազանց կրթություն էին ստանում, գիտությունը բարգավաճում էր։

Այո, կոռուպցիան մնաց նաև և՛ Դեմիրճյանի օրոք, և՛ նրանից հետո, իսկ թե այսօր ինչ վիճակ է այդ առումով, ես չէ, որ պիտի պատմեմ այդ մասին։

թեգերը:
Հեղաշրջում, իշխանափոխություն, կոռուպցիա, Հայաստան

Գլխավոր թեմաներ