07:26 20 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.73
  • GBP713.98
  • EUR612.16
  • RUB7.12
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
278 0 0

Նորաբակում սովոր չեն սահմանամերձի կարգավիճակին ու առավել ևս ադրբեջանցիների ներկայությանը։ Մինչ եռակողմ հայտարարությամբ Քարվաճառն Ադրբեջանին հանձնելը գյուղը սահմանամերձ չի եղել։ Նորաբակի լեռնանցքից այն կողմ Քարվաճառն էր։ Sputnik Արմենիան այցելել է Նորաբակ։

Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղը Վերին Շորժայից, որտեղ երեկ ադրբեջանցիների կրակոցներից հայ զինծառայող է սպանվել, ուղիղ գծով ընդամենը 5 կմ հեռավորության վրա է։

Дорожный знак у въезда в село Норабак Гегаркуникской области
© Sputnik / Aram Nersesyan
Նորաբակ

Նորաբակում ևս արդեն 15 օր իրավիճակը լարված է։ Գյուղի ամենաբարձր լեռնագագաթը` Մոխրասարը, մայիսի 12-ից առ այսօր զավթված է ադրբեջանական զինուժի կողմից։ Գյուղի տարածքից պարզ եղանակին անգամ անզեն աչքով  տեսանելի են սարի գագաթին տեղակայված ադրբեջանական վրանն ու դրա շուրջ անցուդարձը։

Ադրբեջանի ու Հայաստանի ԶՈւ տեղակայումը Մոխրասար լեռան վրա
© Sputnik / Aram Nersesyan
Ադրբեջանի ու Հայաստանի ԶՈւ տեղակայումը Մոխրասար լեռան վրա

Նորաբակցի Արթուր Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում, ցույց տալով ադրբեջանական վրանը, ասաց. «Էն սարի քյալլին էլ կան, ներքևն էլ կան, խոտհարքներում էլ կան։ Լրիվ տեղերը նստած են»։

Житель села Норабак Артур Ованнискян
© Sputnik / Aram Nersesyan
Արթուր Հովհաննիսյան

Արդեն ավելի քան 2 շաբաթ նորաբակցիները զրկվել են ոչ միայն խոտհարքից, այլև Մոխրասարի վրա գտնվող իրենց անասնագոմերից։ Անասուններին ստիպված գյուղի հարևան փոքր բլուր են տանում արածեցնելու։

Գյուղացիների խոսքով` օրեր առաջ հայ հովիվների ու Մոխրասարի գլխին նստած ադրբեջանցիների  միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ Դրանից հետո որոշել են փորձանքից հեռու մնալ։

Մոխրասարի վրա այս պահին նաև հայկական զինուժն է տեղակայվել։ Երկու դիրքերը միմյանցից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա են, գրեթե դեմ դիմաց։

Գյուղի կանանցից մեկը խոստովանեց, որ այդ մտքից հիմա գոնե ավելի հանգիստ են քնում։

«Հիմա արխային քնում է ժողովուրդը, թե հետո ինչ կլինի, չգիտենք։ Տեսնենք, հալբաթ լավ կլինի, լավատես ենք։ Երկրի վիճակը կարող ա կայունանա»,– ասաց տարեց կինը։

Жители села Норабак Гегаркуникской области
© Sputnik / Aram Nersesyan
Նորաբակի բնակիչներ

Նա հայտնեց, որ գյուղում ինքն ու ամուսինն են մնացել։ Երեխաները վաղուց արդեն Վարդենիսում են ապրում։ Որդին հաճախ է գալիս. անհանգստանում է ծնողների համար։ Բայց իրենք հայրենի գյուղից հեռանալ չեն ցանկանում։

Առաջինը, ինչ աչքի է զարնում Նորաբակում, գյուղի փողոցների ամայությունն է։ Դրսում երեխաներ չեն վազվզում, այգիներում գյուղացիներ չեն աշխատում, գյուղամեջում նստած զրուցող պապիներ էլ չկան։

Дом в селе Норабак Гегаркуникской области
© Sputnik / Aram Nersesyan
Նորաբակ

Միակ աշխուժությունը նկատվեց այն պահին, երբ գյուղ մտավ Արմավիրից վարունգ– պոմիդոր բերած ավտոմեքենան։ Մի քանի կանայք շտապեցին առևտուր անելու։ Առիթից օգտվելով հասցրեցինք նրանց մի քանի հարց ուղղել։ Ասում են` գյուղից հեռացողներ չեն եղել։ Երեխաներն ամեն առավոտ դպրոց են գնում ու դասերից հետո շտապում տուն։ Օրվա ընթացքում էլ տնից դուրս չեն գալիս։ Ծնողներն անհանգստանում են։ Տղամարդիկ էլ դժգոհում են, որ իրենց տունն ու հարազատներին պաշտպանելու միջոց չունեն։ «Սահմանամերձ շրջան ա, մի հատ զենք չունենք, որ մեկը գա, գոնե խփենք»,– ասում է նրանցից մեկը։

Սահմանամերձի կարգավիճակին ու առավել ևս ադրբեջանցիների ներկայությանը Նորաբակում սովոր չեն։ Մինչև 2020թ–ի եռակողմ հայտարարությամբ Քարվաճառի հանձնումը Ադրբեջանին գյուղը սահմանամերձ չի եղել։ Նորաբակի լեռնանցքից այն կողմ Քարվաճառն էր։

Իսկ այսօր նորաբակցին ստիպված ապրում է ադրբեջանցի զինծառայողների թիրախում ու ամբողջ օրն աչքը չի կտրում սարի գլխին երևացող վրանից` փորձելով կռահել` ինչ է կատարվում սարի վրա։

Проселок в селе Норабак Гегаркуникской области
© Sputnik / Aram Nersesyan
Նորաբակ

Նույն վիճակում են նաև Գեղարքունիքի Վերին Շորժա և Կութ գյուղերը։ Ի դեպ, հետաքրքրական է, որ Նորաբակն այս գյուղերից միակն է, որտեղ մեր այցելության պահին լրագրողների մուտքն արգելող չկար։ Գյուղի ճանապարհը բաց էր, ճանապարհին հանդիպող զինվորականներն էլ չէին հետաքրքրվում, թե ովքեր ենք, ուր և ինչ նպատակով ենք գնում։

Կութ գյուղ տանող ճանապարհին, գյուղից 3 կմ հեռավորության վրա մեր ավտոմեքենան կանգնեցրին ռազմական ոստիկանության ծառայողները` հայտնելով, որ լրագրողների մուտքը գյուղ արգելված է։

Իսկ Վերին Շորժայի ճանապարհը փակ էր գյուղից 13 կմ հեռու։ Ընդ որում` այդ հատվածից մինչև  Վերին Շորժա դեռ երկու գյուղ էլ կար` Ակունքն ու Այրքը։ Բայց ռազմական ոստիկանությունն այստեղ ևս թույլ չտվեց առաջ գնալ։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի տարածքում և Գեղարքունիքի մարզի Կութ, Նորաբակ ու Վերին Շորժա գյուղերի սահմանային տարածքներում ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք ու փորձում են ամրապնդվել այնտեղ։ Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Մայիսի 25-ին` ժամը 14։20-ի սահմանում, Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերի հետևանքով սպանվել էր 31-ամյա կրտսեր սերժանտ, երկու անչափահաս երեխաների հայր Գևորգ Յուրիկի Խուրշուդյանը։

Շուշեցի փոքրիկները կարոտում են իրենց տունը, ծնողները հաշվում են հիփոթեքի գինը

Ըստ թեմայի

«Մեզ բոլորիս ծախեցին». Ստեփանակերտի շուկայում ժենգյալով հաց թխող 2 քույրերի պատմությունը
Վերցրեցի հիշողությունն ու գդալները. արցախցի Լյոկան 3 անգամ տուն է կորցրել, բայց չի կոտրվել
Ադրբեջանցու հետ ընկերություն անելու գինը. տավուշցիները անկլավների թեման փակված են համարում
թեգերը:
Գյուղ, ադրբեջանցի, Գեղարքունիքի մարզ, Հայաստան

Գլխավոր թեմաներ