22:10 16 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD514.87
  • GBP726.74
  • EUR624.18
  • RUB7.16
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (396)
13520

Եկեք անկեղծ լինենք։ Երբ երկու տարի առաջ Բորիս Ջոնսոնը վարչապետ դարձավ ու նախկին կնոջից դեռ պաշտոնապես չբաժանված Դաունինգ սթրիթ 10 բերեց իր սիրելիին՝ Քերի Սայմոնդսին, իհարկե աննախադեպ արարք էր։

Ուզո՞ւմ եք վարչապետի կին դառնալ՝ օգնեք նրան հաղթել ընտրություններում

Ճիշտ է, բրիտանացիները միգուցե հիշում են, որ տասնամյակներ առաջ նախկին վարչապետ Դեյվիդ Լլոյդ Ջորջը 30 տարի շարունակ սիրային կապեր էր պահպանում իր քարտուղարուհու հետ։ Այնուամենայնիվ, 18-րդ դարից ի վեր, երբ կառուցվել է Բրիտանիայի վարչապետի լոնդոնյան նստավայրը, չամուսնացած զույգ այնտեղ երբեք չէր ապրել։ Սակայն Ջոնսոնի վարքագիծը այդպես էլ չընկալվեց որպես արտառոց ու խիստ դատապարտելի արարք։

Բորիս Ջոնսոնն ու Քերրի Սայմոնդսը լուսանկար են հրապարակել իրենց գաղտնի հարսանիքից

Դրան շատ հետաքրքիր բացատրություն է տվել «Գարդիան» թերթը. «Բորիս Ջոնսոնն այնքան էքսցենտրիկ բնավորություն ունի, որ բրիտանացիների կեսը նրան շատ է սիրում, մյուս կեսը՝ նույնքան շատ ատում է։ Նրան հավանողների համար այդ կնոջ հայտնվելը վարչապետի նստավայրում բացարձակ ոչ մի նշանակություն չունի, իսկ վարչապետին ատողները նրա հանդեպ իրենց ատելության պատճառների այնպիսի հսկա ցուցակ են ներկայացնում, որ կնոջ հետ նրա հարաբերությունները այդ ցուցակի նույնիսկ վերջին տեղում էլ չեն»։

Շաբաթ օրը սիրող զույգը վերջապես պաշտոնապես ամուսնացավ։ Նրանք իրար նոր չեն ճանաչում։ 2012 թվականին, երբ Բորիս Ջոնսոնը վերընտրվում էր Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում, Քերի Սայմոնսը նրա շտաբի խոսնակն էր։ Հիմա շատ դժվար է ասել՝ եթե Ջոնսոնը չընտրվեր, այդքան կկապվե՞ր այդ կնոջ հետ, թե՞ հակառակը, միշտ համոզված կլիներ, որ խոսնակի անբարեխիղճ աշխատանքն էլ դեր խաղաց իր պարտության գործում։ Համաձայնե՛ք` հիմա արդեն հրաշալի գիտենք, որ որոշ ղեկավարներ սեփական ձախողումները միշտ բարդում են ուրիշների վրա։ Բայց Ջոնսոնը վերընտրվեց, և ուրեմն թույլ տվեք գոնե այս օրինակով կառուցողական խորհուրդ տալ կանանց՝ ուզո՞ւմ եք դառնալ առաջին լեդի՝ օգնեք ձեր սիրելիին հաղթել թեկուզ քաղաքապետի ընտրություններում։

Ի դեպ, քանզի առաջին լեդիի մասին խոսեցինք, հիշեցնեմ, որ այդ բառակապակցության հեղինակը Ամերիկայի 15-րդ նախագահ Ջեյմս Բյուքենենն է, որը, ուշադրությո՛ւն, առաջին լեդի էր անվանել ոչ թե տիկնոջը, այլ զարմուհուն։ Իսկ ինքը այդպես էլ մնաց որպես Միացյալ Նահանգների միակ չամուսնացած նախագահը։ Քաղաքագետ Արեգ Գալստյանի կարծիքով` հիմա արդեն դժվար է պատկերացնել, որ ԱՄՆ-ի նախագահը ամուսնացած չլինի, որովհետև կանայք առաջնորդների կյանքում և նրանց նկատմամբ հանրության վերաբերմունքի ձևավորման գործում շատ մեծ դեր են խաղում։ Հիշենք թեկուզ Հիլարի Քլինթոնին, որը միանշանակ պաշտպանեց ամուսնուն Մոնիկա Լևինսկու հետ կապված սկանդալի ժամանակ։ Իսկ երբ Ռոնալդ Ռեյգանը կասկածվում էր կոռուպցիոն գործունեության մեջ, հսկայական դեր խաղաց նրա կնոջ՝ Նենսի Ռեյգանի խիստ դրական կերպարը։ Մարդիկ համոզված ասում էին. «Չէ՛, Նենսիի նման պարկեշտ անձնավորությունը երբեք չէր կարող իր կյանքը կապել վատ արարքների ընդունակ տղամարդու հետ»։

Կուբացին 3 որդի ուներ` Վլադիմիրը, Իլյիչը և Լենինը, իսկ Ստալինը Հնդկաստանում օրերս հաղթել է

Բորիս Ջոնսոնի համար սա երրորդ ամուսնությունն է։ Ինչպես կդասավորվեն նրա հարաբերությունները նոր տիկնոջ հետ, որը 24 տարով իրենից ջահել է, առայժմ շատ դժվար է ասել։ Հիշեցնեմ միայն, որ նրանց ամուսնական, իսկ ավելի ճիշտ այն ժամանակ դեռ արտամուսնական կյանքի հետ կապված ամենամեծ սկանդալը տեղի է ունեցել նախանցած տարվա ամռանը, երբ Ջոնսոնը հյուրընկալվել էր Քերի Սայմոնդսին պատկանող լոնդոնյան տանը։ Ըստ «Գարդիան» օրաթերթի` ուշ երեկոյան Սայմոնդսի հարևանները զանգահարել են ոստիկանություն և հայտնել, որ կնոջ տնից ճիչեր, հարվածների ձայներ և այլ աղմուկ է լսվում։ Սրտացավ, իսկ միգուցե ընդամենը շատ հետաքրքրասեր հարևանները նույնիսկ ձայնագրել էին այդ ամենը։ Եվ այդ ձայնագրությունից կարելի է հետևություն անել, որ տղամարդը պարզապես կարմիր գինի էր թափել բազմոցի վրա, ինչը խիստ վրդովվեցրել էր Քերի Սայմոնդսին, որը բղավում էր. «Հանգի՛ստ թող ինձ և հեռացի՛ր այս տնից»։

Ես մեղավոր չեմ, նրանք են պատասխանատու, կամ Նապոլեոնի մասին ոչ այնքան հայտնի պատումները

Իսկ ինչո՞ւ եք զարմանում՝ ոմանց գլոբալ հարցեր են հետաքրքրում, օրինակ` բրեքզիտը, որի ջերմ կողմնակիցն է Բորիս Ջոնսոնը, ոմանց էլ` իրենց սիրելի բազմոցին թափված կարմիր գինին։

Պատկերացնո՞ւմ եք` ընտրություններում հաղթի Քոչարյանը, իսկ Երևանի քաղաքապետ մնա դերասանը

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (396)
թեգերը:
Վարչապետ, Կին, ամուսնություն, Բորիս Ջոնսոն, Մեծ Բրիտանիա

Գլխավոր թեմաներ