04:33 01 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
135021

Հայաստանը ծայրաստիճան կարևոր է Իրանի համար։ Նրան բոլորովին ձեռնտու չէ, որ հարևանին դուրս թողնի տեսադաշտից, թույլ տա, որ Հայաստանը հանկարծ մասնատվի, բաժանվի, հարձակման ենթարկվի և առավել ևս տարածքներ կորցնի։

Տպավորություն է ստեղծվում, որ կենտրոնանալով սեփական ներքին խնդիրների վրա` հայ հասարակությունն ընդհանրապես դադարել է ուշադրություն դարձնել, թե ինչ տեղի է ունենում տարածաշրջանային քաղաքական ասպարեզում։ Պատկերավոր ասած՝ ծառերի հետևում անտառ չենք տեսնում։ Իսկ չէ՞ որ տարածաշրջանային գործընթացները, որոնք մոտ ապագայում անմիջական ազդեցություն են ունենալու ողջ Հարավային Կովկասի (և հետևաբար անմիջականորեն Հայաստանի վրա) վրա, պակաս կարևոր չեն, քան այն, ինչ կատարվում է ներքաղաքական դաշտում։

Անցել է Արևմուտքի հետ սեթևեթելու ժամանակը

Եթե Անկարա-Բաքու հարաբերությունները առանձին հոդվածի նյութ են, և դրանց զարգացումը չի կարող չանհանգստացնել ոչ միայն հայերին, այլև տարածաշրջանի բոլոր երկրներին (դրան հանրությունը քիչ թե շատ հետևում է), ապա Իրանում ընթացող փոփոխությունները, մեր հարավային հարևանի մոտ տեղի ունեցողի իրադարձային հիմքն ինչ-որ առումով դուրս է մնացել փորձագետների տեսադաշտից։

Իսկ Իրանում արտաքին քաղաքական ուղղության շատ լուրջ փոփոխություններ են սպասվում, քանի որ վերջերս ընտրված նոր նախագահը Էբրահիմ Ռայիսին ինչ-որ առումով իր նախորդի` Ռոհանիի հակապատկերն է։ Նա Իրանի դատական համակարգի նախկին ղեկավարն է։ Երկրի գլխավոր դատախազի տեղակալ եղած ժամանակ ստացել է «Թեհրանի մսագործ» մականունը, քանի որ անողոք է եղել ահաբեկիչների, ազգի ու պետության թշնամիների հանդեպ։

Հենց այդ ժամանակ են ռեկորդային թվով մահվան դատավճիռներ ստորագրվել, որոնք իսկույն ևեթ կյանքի են կոչվել։ Այսինքն` արդեն հիմա կարելի է ենթադրել, որ Արևմուտքի հետ Թեհրանի նախկին սեթևեթանքը, որով հայտնի դարձավ Հասան Ռոհանի-Ջավադ Զարիֆ տանդեմը, այլևս չի լինի։ Իշխանության է եկել կոշտ, կրոնական և ավանդական արժեքների կողմնակից մի մարդ։

Իրանի նոր նախագահի մասին բավական հետաքրքիր մանրամասներ է բացահայտել ռուս լրագրող-միջազգայնագետ, Իրանի, Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի հարցերի փորձագետ Աբաս Ջուման, որը լուսաբանում էր Իրանում անցկացված ընտրությունները։ Պարզվում է, որ ի սկզբանե Էբրահիմ Ռայիսիի համար կանխորոշված էր երկրի կրոնական առաջնորդի պաշտոնի ժառանգորդի դերը։ Եվ Ալի Խամենեիից հետո այդ պաշտոնը պետք է զբաղեցներ հենց ներկայիս նախագահը։

«Ուստի,–ասում է Աբաս Ջուման,–Ռայիսիին համոզում էին չմասնակցել նախագահական ընտրություններին։ Չէ՞ որ նախագահի պաշտոնը դժվար և ինչ-որ առումով անշնորհակալ գործ է։ Քաղաքական գործչի համար մեծ է այնտեղից ուղիղ քաղաքական անէության մեջ հայտնվելու վտանգը։ Սակայն Ռայիսին բաց ճակատով է ընդունում մարտահրավերը։ Ըստ երևույթին` անցել է արևմտյան արժեքների հետ խաղերի ժամանակը»։

Անզիջում նախագահը իրանցիների համար ժամանակի հրամայականն է

Եվ արտաքին քաղաքական իրավիճակն էլ, որում այսօր հայտնվել է Իրանը, անզիջում, ինչ-որ առումով նույնիսկ կոշտ որոշումներ է պահանջում արտաքին քաղաքականության ասպարեզում։ Ակնհայտ է, որ Վիեննայի բանակցային հարթակում (այնտեղ փորձում են կարգավորել Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրում (ԳՀՀԾ) իրանական «միջուկային» պայմանավորվածությունների հետ կապված խնդիրը) ինչ-որ բան չի «կպնում»։ Ամերիկյան դիվանագիտությունն Իրանից չարդարացված զիջումներ է պահանջում՝ փոխարենը գրեթե ոչինչ չառաջարկելով։

Նույնիսկ այն կոշտ պատժամիջոցների վերաբերյալ, որոնց տակ բառացիորեն հյուծվում է Թեհրանը, Վաշինգտոնի դիրքորոշումը, մեղմ ասած, ապակառուցողական է։ ԱՄՆ Պետդեպարտամենտն արդեն բացահայտ ասում է, որ հարյուրից ավելի պատժամիջոցներ ընդհանրապես չեն էլ դադարեցվի։ Բայց Իրանը, միևնույնն է, «պետք է», ուղղակի պարտավոր է վերադառնալ «միջուկային» համաձայնագրի շրջանակին։

Եվ այս իրավիճակում արևմտյան երկրների հետ նախագահի կամ արտգործնախարարի մակարդակով սեթևեթանքները ոչ մի կերպ չեն կարող դուր գալ երկրի բարձրագույն կրոնական ղեկավարությանը։ Հավանաբար հենց այդ պատճառով էլ հիմա նախագահի պաշտոնում հայտնվել է անզիջում մի մարդ, որը պատրաստ է կոշտ կերպով պաշտպանել իր երկրի գաղափարական շահերը։

Իրանցիների համար դա, ինչպես երևում է, ժամանակի հրամայականն է, քանի որ ի սկզբանե Ռայիսիի հաղթանակի հարցում չէին կասկածվում ո՛չ վերլուծաբանները, ո՛չ փորձագետ-քաղաքագետները։ Առավել ևս, որ աշխարհաքաղաքական իմաստով ևս Իրանը բավականին բարդ իրավիճակում է հայտնվել։ Հենց միայն այն, որ Հարավային Կովկաս է թափանցում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, շատ բանի մասին է խոսում. լուրջ խնդիրներ են լինելու տարածաշրջանային հարթակում։

Հիմա Ռայիսիից խիստ որոշումներ են ակնկալում հենց թուրք գործընկերոջ վերաբերյալ, պնդում է Աբաս Ջուման։ Խոսքը հենց այնպես վերցնել ու վիճելու կամ, օրինակ, բարձր ամբիոնից սպառնալու մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ անհրաժեշտ է ուշադիր հետևել և համապատասխան արձագանք տալ։ Ճիշտ է, արաբական աշխարհի, օրինակ՝ Սաուդյան Արաբիայի և նրա նման այլ երկրների հետ առճակատման պայմաններում Թուրքիայի, Կատարի, «Մահմեդական եղբայրներ» շարժման հետ դաշինքը կարող է շատ գայթակղիչ ու տրամաբանական թվալ։

Բայց դա ամենևին էլ ռազմավարական միություն չէ, վստահ է փորձագետը։ Դա մարտավարական դաշինք է, քանի որ Թեհրանում հասկանում են, որ Անկարայից՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամից, ինչ ասես սպասելի է։ Ընդհուպ մինչև հարված մեջքից, եթե դա շահավետ է և, ամենակարևորը, անպատիժ։

Իրանին կայուն և կանխատեսելի Հայաստան է պետք

Օրինակը տեսնելու համար իրանցիները հեռու գնալու կարիք չունեն։ Նրանք հաստատ տեսնում են, թե ինչպես է Անկարան իրեն պահում Մոսկվայի հետ հարաբերություններում։ Թվում է` Սիրիայում համագործակցում են, նույնիսկ Ս-400 զենիթահրթիռային համակարգեր են գնել, տնտեսական կապեր էլ կան (առևտուր, զբոսաշրջություն, Ակույու ատոմակայան), գազատարն էլ Սև ծովի հատակով է գործում։

Սակայն Թուրքիայի լկտի պահվածքը Հարավային Կովկասում, ներկայիս նախագահ Էրդողանի պանթյուրքիստական խաղերը, նրա ցանկությունը` անհաստատություն ստեղծել ամենուր, ուր ձեռքը հասնում է, այս ամենն անհանգստացնում է իրանական քաղաքական վերնախավին։ Իսկ Անկարայի անվերահսկելի մերձեցումը Բաքվի հետ, որի հետ Թեհրանն իր դժվարություններն ունի, հաստատ չեն կարող դուր գալ։ Չէ՞ որ Իրանը տարածաշրջանում կայունության և հակակշիռների գործող համակարգի բացահայտ կողմնակից է, ինչը ձեռնտու չէ Թուրքիային։

Եվ անջատողականությունն էլ, որին ավելի ու ավելի հաճախ է դիմում Էրդողանը որպես գործիք իր հեռուն գնացող ծրագրերն ու հավակնությունները կյանքի կոչելու համար, լուրջ սպառնալիք է Իրանի համար։ Իզուր չէ, որ Աբաս Ջուման հիշում է ղարաբաղյան վերջին պատերազմը, երբ հանկարծ պարզվեց, որ բազմաթիվ իրանցի ադրբեջանցիներ ուզում են պատերազմին մասնակցել «իրենց եղբայրների» կողմից։

Հիշում ենք, որ այն ժամանակ Իրանական Ադրբեջանում մեծ հանրահավաքներ ու ցույցեր կազմակերպվեցին, որոնք Թեհրանը ստիպված էր ճնշել բավականին կոշտ ձևով։ Իրականում Իրանի համար անջատողականությունը հիմնական սպառնալիքն է, ահաբեկչությանը հավասար, պնդում է փորձագետը։ Իսկ Թուրքիան այդ առումով, պատկերավոր ասած, նման է ցնցուղի, որը սնում է այդ երևույթի ծիլերն այնտեղ, որտեղ իրեն ձեռնտու է։ Իսկ Իրանում ձեռնտու է…

Ինչ վերաբերում է բուն Հայաստանին, ապա Իրանը կանխատեսելի, կայուն և հուսալի հարևանի կարիք ունի։ Եվ այդ առումով իրավիճակն ինչպես ներսից, այնպես էլ դրսից պայթեցնելու Թուրքիայի ցանկությունը, իհարկե, չի կարող դուր գալ Իրանի քաղաքական վերնախավին։

Ջուման պնդում է` Իրանին բոլորովին ձեռնտու չէ, որ հարևանին դուրս թողնի տեսադաշտից, թույլ տա, որ Հայաստանը հանկարծ մասնատվի, բաժանվի, հարձակման ենթարկվի և առավել ևս տարածքներ կորցնի։ Անկայուն Հայաստանը` չգիտես թե ում իշխանության տակ, Թեհրանի համար ծայրաստիճան կարևոր թեմա է։ Չէ՞ որ հենց նմանատիպ իրավիճակներում, հենց այդպիսի «պատուհաններից» կարող են տարածաշրջան ներթափանցել թշնամական ուժերը, որպիսիք Իրանի կյանքում շատ-շատ են։

Ըստ թեմայի

ԱՄՆ-ն զորքերը դուրս է բերում Մերձավոր Արևելքից․ Իրանն այլևս գլխավոր հակառակորդը չէ
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նորընտիր նախագահին
Իրանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացումը
թեգերը:
Ռեջեփ Թայիփ Էրդողան, Իրանի Իսլամական Հանրապետություն, Հայաստան

Գլխավոր թեմաներ