02:23 02 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD486.24
  • GBP679.23
  • EUR578.33
  • RUB6.66
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (428)
43940

Եկեք անկեղծ լինենք։ Հաճախ չի լինում, որ հայերը այլ երկրներում բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնեն, բայց բոլորս հիշում ենք, որ, օրինակ, կոմունիստ գործիչ Լևոն Միրզոյանը ժամանակին եղել է Ղազախստանի փաստացի ղեկավարը, իսկ Ջորջ Դոքմեջյանը՝ Կալիֆոռնիայի նահանգապետը։

Բարձրաստիճան հայի բախտը` Երկրի հակառակ կողմերում

Մինչև այս շաբաթ էլ աշխարհի հակառակ կողմերում գտնվող պետություններում մեր երկու հայրենակիցները բարձր պաշտոններ էին զբաղեցնում։ Ինչու եմ ասում «զբաղեցնում էին», որովհետև երևի գիտեք, որ նրանցից մեկը՝ Արսեն Ավակովը, հրաժարական տվեց Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնից։ Այդ մասին՝ քիչ հետո, բայց նախ մեր մյուս հայրենակցի՝ վարչապետ Գլեդիս Բերեջիկյանի մասին։

Ո՛չ, չեմ սխալվել, որովհետև Ավստրալիայում նահանգային կառավարությունների ղեկավարներն էլ են կոչվում վարչապետ, ու դա երևի թե արդարացված է. Նոր Հարավային Ուելսը, որը ղեկավարում է տիկին Բերեջիկյանը, Ավստրալիայի ամենախիտ բնակեցված նահանգն է, որտեղ ապրում է ավելի քան 7 միլիոն մարդ՝ երկուսուկես Հայաստան։ Էլ չեմ ասում, որ այնտեղ է գտնվում երկրի ամենախոշոր քաղաքը՝ Սիդնեյը։ Ավստրալական մամուլը պնդում է, որ հիմա Գլեդիս Բերեջիկյանի վարկանիշը աննախադեպ բարձր է, շատ ավելի բարձր, քան Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնինը։Կարո՞ղ եք կռահել, թե ինչու։ Այո՛, որքան էլ զարմանալի թվա, պատճառը կորոնավիրուսն է։

Տեսեք։ Ավստրալիայում նահանգներին շատ մեծ ինքնուրույնություն է տրված, ու երբ սկսվեց համավարակը, դրա դեմ պայքարի պատասխանատվությունը բաժանվեց կենտրոնի և նահանգային ղեկավարության միջև։ Երկրի վարչապետը պետք է պատվաստանյութ հայթայթեր, իսկ Սքոթ Մորիսոնը թերացավ, և մինչև հիմա Ավստրալիայում պատվաստանյութի պակաս է զգացվում։ Իսկ արտակարգ իրադրության պայմաններում մարդկանց վարքագծի կանոնների պահպանմանը հետևելը դարձավ նահանգային իշխանությունների գլխավոր խնդիրը, և Գլեդիս Բերեջիկյանը, մեկնաբանների կարծիքով, պարզապես փայլուն կատարեց այդ պարտականությունը։

Ի՞նչ սկզբունքայնություն և հայրենասիրություն. մարդը մարդ է թե՛ Հայաստանում, թե՛ Մոլդովայում

Ահավասիկ կոնկրետ փաստերը։ Երբ այս տարվա սկզբին նահանգում արձանագրվեցին առաջին հիվանդները, Գլեդիս Բերեջիկյանն անմիջապես հորդորեց բոլորին դիմակ դնել ու պահպանել հեռավորությունը, և ամեն ինչ կարգավորվեց. գարնանը մարդիկ այլևս չէին հիվանդանում։ Ամռանը կրկին մտահոգիչ իրադրություն ստեղծվեց, և նահանգի ղեկավարը առանց հապաղելու խստագույն սահմանափակումներ մտցրեց. Սիդնեյի կենտրոնական շրջանում նույնիսկ արգելված է տնից դուրս գալը՝ միայն խանութ, բժշկի և անհետաձգելի այլ առիթներով կարող եք լքել ձեր բնակարանը։ Այստեղ, իհարկե, կա մի շատ կարևոր հանգամանք. վերլուծաբաններն ասում են՝ եթե հաջողվի պատվով դուրս գալ այս ամենից, Գլեդիս Բերեջիկյանի վարկանիշն է՛լ ավելի կբարձրանա, բայց եթե չհաջողվեց վերահսկել հիվանդության տարածումը, գործը կարող է նույնիսկ հրաժարականին հասնել։

«Հաշվապահի քույրը հո չի՞ խաբում…». ահա թե ինչու են մարդիկ խուսափում պատվաստվելուց

Հասանք հրաժարականին։ Բայց ոչ թե Ավստրալիայում, այլ Ուկրաինայում։ Բոլոր նախարարները, որոնք նշանակված էին այսպես կոչված «Եվրոպական հեղափոխությունից» հետո, երբ երկրից փախավ նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, անցած տարիներին տարբեր պատճառներով զրկվեցին պաշտոններից, մնաց միայն մեկը՝ Արսեն Ավակովը։ Նա շարունակում էր պաշտոնավարել, չնայած նրա հետ կապված սկանդալներն անպակաս էին։ Հիշեք թեկուզ, թե ինչպես նախարարը մի քանի տարի առաջ բաժակը նետեց այդ ժամանակ Օդեսայի նահանգապետի պաշտոնը զբաղեցնող Միխեիլ Սաակաշվիլիի վրա, երբ Վրաստանի նախկին նախագահը նրան հրապարակավ գող անվանեց։ Ներքին գործերի նախարարը, բնականաբար, ոչ բոլորին էր դուր գալիս, բայց նույնիսկ նրա նկատմամբ շատ վատ տրամադրված գործիչները խոստովանում էին՝ ահագին բան արել է։

Կորոնավիրուսի ժամանակ սիրուհու հետ համբուրվելը վտանգավոր է, կամ մի հրաժարականի պատմություն

Այստեղ սովորելու բան ունենք։ Գիտեք, իհարկե, որ մեզ մոտ՝ Հայաստանում, ընդհանրապես նման ավանդույթ չկա՝ գնահատել պաշտոնազրկված պաշտոնյայի արածն ու չարածը։ Այնինչ Կիևում «Խոսքը և գործը» վերլուծական կենտրոնը բավական մանրամասն նկարագրում է, թե արդյոք այս կամ այն պաշտոնյան կատարե՞լ է ժամանակին տված իր խոստումները։ Ավակովի դեպքում մոտավորապես 50։50 է։ Օրինակ, ասում էր՝ կբռնեմ Յանուկովիչին, չկարողացավ։ Բայց փոխարենը ստեղծեց ազգային ոստիկանությունը և բարձրացրեց իրավապահների աշխատավարձները։ Հիմա շարքային ոստիկանը Ուկրաինայում ավելի քան 200 հազար դրամ է ստանում, իսկ դա հայաստանյան միջին աշխատավարձից բարձր է։

Եվ վերջում ուզում եմ մեջբերել հենց Արսեն Ավակովի խոսքերը. «Եվրոպայի բոլոր երկրներում հայկական հետք կա… Հայերը ստեղծագործ ժողովուրդ են: Նրանք չեն գալիս զավթելու, ոչնչացնելու, վերացնելու: Նրանք գալիս են արարելու, ստեղծելու, կառուցելու… Եվ դա միշտ գնահատվում է, գուցե ոչ այս պահին, ոչ այս րոպեին, բայց պատմականորեն գնահատվում է…»։ Համաձայնեք` միգուցե ճիշտ է Արսեն Ավակովը, պատմականորեն իրոք գնահատվում է, բայց մարդ միշտ ուզում է, որ իր արածը նաև ժամանակակիցները գնահատեն։

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (428)

Ըստ թեմայի

Ես մեղավոր չեմ, նրանք են պատասխանատու, կամ Նապոլեոնի մասին ոչ այնքան հայտնի պատումները
Ուզո՞ւմ եք վարչապետի կին դառնալ՝ օգնեք նրան հաղթել ընտրություններում
Չինաստանը զիջում է դիրքերը Հնդկաստանին, բայց մասնագետները պնդում են՝ չկա չարիք առանց բարիք
թեգերը:
Հայաստան, պաշտոն, Ավստրալիա, Ուկրաինա, Արսեն Ավակով

Գլխավոր թեմաներ