15:56 03 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD488.19
  • GBP679.51
  • EUR580.70
  • RUB6.69
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
57611

Արշակ Կարապետյանի նշանակումը ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնում բազմաթիվ վերլուծությունների և ենթադրությունների տեղիք է տալիս։

Դժվար թե սխալվենք, եթե պնդենք, որ Կարապետյանի ընտրությունը մի կողմից վկայում է իշխանության կադրային բանկի սղության մասին, մյուս կողմից ապացուցում է լոյալության սկզբունքի առաջնահերթությունը Նիկոլ Փաշինյանի համար։ 

Քանի որ ընտրություններից հետո կառավարություն դեռ չի ձևավորվել, օրենսդրությունը նախարարների նշանակում չի թույլատրում։ Այդ իսկ պատճառով Կարապետյանը փաստորեն կգլխավորի գերատեսչությունը առաջին տեղակալի կարգավիճակում։ Կառավարության ձևավորումից հետո նրան նախարար կնշանակեն։ Գեներալ–մայոր Կարապետյանն ընդհանրապես վերջին շրջանում բավական սրընթաց աճ է արձանագրել իր կարիերայում։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հուլիսի 20-ին Կարապետյանը նշանակվեց պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, իսկ դրանից մի քանի ժամ առաջ նախագահի հրամանագրով հանվել էր ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից։

Այս տարվա ապրիլին նա դարձավ ԳՇ պետի առաջին տեղակալ` այդ պաշտոնում փոխարինելով «Իսկանդերների» հետ կապված սկանդալի պատճառով պաշտոնից հեռացված Տիրան Խաչատրյանին։ Մինչ ԳՇ–ում աշխատելը Կարապետյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր։

Չագուճ և բիզնեսի վրա հարձակումներ. Նիկոլ Փաշինյանի հռետորաբանության հետքերով

Գործող իշխանությունը նրան տեղ տվեց 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո։ Այն ժամանակ գեներալը զբաղեցնում էր ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնը, որից ազատվել էր մարտական գործողություններից հետո։ Խոսակցություններ կային, որ հետախուզությունն այդ ժամանակ «բաց էր թողել» ադրբեջանական ԶՈւ նախապատրաստվող հարձակումը։ 2018 թվականի փետրվարին նրան Մոսկվայում դեսպանատանը կից ռազմական կցորդ ուղարկեցին, ինչը ռազմական հետախուզության ղեկավարի կարգավիճակի համեմատ բավական համեստ պաշտոն է։

2018 թվականի դեկտեմբերին արդեն, «թավշյա հեղափոխությունից հետո», վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշեց նրան նշանակել իր խորհրդականի պաշտոնում։ Մամուլում տեղեկություն շրջանառվեց, որ նա պաշտոն է ստացել, քանի որ համաձայնել է ցուցմունքներ տալ 2008 թվականի մարտի 1-ի գործով։ Խոսքը, ինչպես հայտնի է, Երևանում տեղի ունեցած զանգվածային ցույցերի ճնշման մասին է, որի ժամանակ 10 մարդ էր մահացել։ Ենթադրվում էր, որ գործողություններին բանակային ստորաբաժանումներ են նեգրավվել։ Խոսում էին, թե գեներալը ցուցմունք է տվել իր նախկին գործընկերների դեմ, ինչի համար էլ արժանացել է Փաշինյանի «շնորհակալությանը»։ Պաշտոնական մեկնաբանություններ այս առիթով բնականաբար չեղան։

Կարապետյանի «աստեղային ժամը» եկավ այն բանից հետո, երբ այս տարվա փետրվարին ԳՇ–ն պահանջեց Փաշինյանի հրաժարականը։ Վարչապետը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին, իսկ դրանից առաջ էլ նրա տեղակալ Տիրան Խաչատրյանին ազատեց պաշտոնից։

Մի շարք դատավարություններից հետո (Գասպարյանն ու Խաչատրյանը մինչ օրս վարչական դատարանում վիճարկում են աշխատանքից ազատումը ,– խմբ.) ԳՇ–ն կրկին գլխավորեց իշխանություններին ենթարկվող Արտակ Դավթյանը (պաշտոնանկ էր արվել 2020 թվականի հունիսին), իսկ նրա առաջին տեղակալ դարձավ Կարապետյանը։ Ռազմական շրջանակներում Sputnik Արմենիայի աղբյուրները Դավթյանին և Կարապետյանին «սիամական երկվորյակներ» են անվանում` նշելով նրանց հայացքների և մոտեցումների նմանությունը։ Նրանք միասին սովորել են Մոսկվայում, միասին աշխատել ԳՇ–ում։ Նույն ապրիլյան իրադարձությունների ժամանակ Դավթյանը ԳՇ օպերատիվ վարչության պետն էր, իսկ Կարապետյանը` գլխավոր հետախուզական վարչության պետը։

Մեր աղբյուրները Կարապետյանին բնութագրում են նաև որպես խիստ զինվորական (թեկուզ համեստ գիտելիքներով), որից վախենում և որին լսում են ենթակաները։ Բնականաբար, ներկայիս կառավարչական քաոսի պարագայում գեներալի համար նման որակները բավական պահանջված են։ Նա ընդունելի կերպար է նաև ռուսաստանյան գործընկերների համար` լավ կապեր ունի Ռուսաստանի ռազմական ղեկավարության շրջանում։ Այդ գործոնը ևս անհնար է շրջանցել` հաշվի առնելով Ռուսաստանի ակտիվ մասնակցությունը հայկական բանակի ներկայիս արդիականացման հարցում։

Ճիշտ է, թուրքական գեներալիտետի հետ Կարապետյանի ունեցած կապերի վերաբերյալ տարատեսակ ասեկոսեները տարակուսանք են առաջացնում, սակայն այդ տեղեկությունները ստուգելը հասկանալի պատճառներով անհնար է։

Թուրքիան Հարավային Կովկաս է եկել, բայց մեկ է` խաղի կանոնները Ռուսաստանն է թելադրում

Ըստ թեմայի

Արշակ Կարապետյանին ԳՇ–ում նշանակման հարցով Տիրան Խաչատրյանը դիմել է դատարան
Բարեփոխումները բավականին արագ են լինելու. Հարությունյանը ներկայացրել է Արշակ Կարապետյանին
Արշակ Կարապետյանը նոր պաշտոն ունի. Փաշինյանը ստորագրել է որոշումը
թեգերը:
Արշակ Կարապետյան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), պաշտոն, գեներալ

Գլխավոր թեմաներ