15:41 03 օգոստոսի 2021
Ուղիղ եթեր
  • USD488.19
  • GBP679.51
  • EUR580.70
  • RUB6.69
Հեղինակներ
Ստանալ կարճ հղումը
5 րոպե Դուլյանի հետ (429)
21720

Եկեք անկեղծ լինենք։ Եթե մեր խորհրդարանում այս ընտրություններից հետո ընդհանրապես ընդդիմություն չլիներ, դժվար թե իշխանական թիմը մտահոգվեր, միգուցե նույնիսկ կուրախանար։

Միշտ չէ, որ աշխատում է «մեր դեմ խաղ չկա» հանրահայտ սկզբունքը

Ինչո՞ւ։ Որովհետև ընդդիմությունը մեր պառլամենտում բացարձակ որևէ դեր չի խաղացել ո′չ 10 կամ 20 տարի առաջ, ո′չ էլ առավել ևս հիմա, երբ արդեն սահմանադրորեն ամրագրել ենք, այսպես կոչված, «կայուն մեծամասնության» բավական տարօրինակ սկզբունքը։ Եվ նույնիսկ եթե մեր նոր խորհրդարանական ընդդիմությունը մանդատներ ստանալուց անմիջապես հետո հայտարարի՝ ողջ կազմով գնում ենք հանգստանալու Աղվերանում կամ Կիպրոսում, իշխանական մեծամասնությունը առանց որևէ պրոբլեմի, միևնույն է, շատ հանգիստ կընտրի Ազգային ժողովի նախագահին ու նրա տեղակալներին, ինչպես նաև մշտական հանձնաժողովների ղեկավարներին՝ միանգամից հասկացնելով ընդդիմադիրներին՝ դուք մեզ ընդհանրապես պետք չեք։

​Բոլորովին այլ է Ամերիկայում, որտեղ այս օրերին կատարվողը շատ նման է հոլիվուդյան կինոկատագերգության, որը կարելի է անվանել «Դեմոկրատների անհավանական արկածները Տեխասում»։ Դուք միայն պատկերացրեք՝ այդ նահանգի խորհրդարանի բոլոր դեմոկրատ պատգամավորները խոսքները մեկ արած փախել են Վաշինգտոն ու հայտարարել՝ մինչև ամռան վերջը չենք վերադառնալու։ Համաձայնե′ք, այն, որ Ջուլիա Ռոբերտսն է սիրում անընդհատ փախչել փեսացուներից, տեսել ենք ամերիկյան հրաշալի կինոնկարում, բայց որ դեմոկրատ պատգամավորները փախչեն հանրապետականներից, գոնե ես առաջին անգամ եմ լսում։ Մանավանդ որ երկրի նախագահը հիմա հենց իրենց կուսակցությունից է։

​Բա հենց այն հանգամանքը, որ Ջո Բայդենը անցած տարի հաղթեց Դոնալդ Թրամփին, դրդեց հանրապետականներին պնդել՝ եթե մեզ մոտ քվեարկության կանոնները շատ ավելի խիստ լինեին, Բայդենը կյանքում նախագահ չէր դառնա։ Իսկապես, հայաստանցու մոտ ամերիկյան ընտրական գործընթացը առնվազն շոկ կառաջացներ՝ հո դուք ցնորվա՞ծ չեք. որոշ նահանգներում բոլոր ընտրողներին նախօրոք քվեաթերթիկներ եք ուղարկում և թույլ եք տալիս փոստով քվեարկել, այնինչ մեզ մոտ՝ Հայաստանում, գոնե մեկ դատարկ քվեաթերթիկ ընտրատեղամասից դուրս բերելու համար թաղի տղերքը արդեն տասնամյակներ շարունակ կարուսելներ էին կազմակերպում։

Ինչպես լեդին հայտնվեց մեկուսարանում, կամ ինչ է լինում, երբ չես պաշտպանում դեմոկրատիան

Բայց՝ ամենազարմանալին. եթե նույնիսկ եկել ես ամերիկյան ընտրատեղամաս, կարող ես քվեարկել բառացիորեն ինչով ուզում ես, նույնիսկ՝ էլեկտրականության համար վճարված գումարի մասին տեղեկանք ներկայացնելով, նույնիսկ առանց որևէ փաստաթղթի էլ կարող ես քվեարկել։ Չեք հավատա, բայց առնվազն մի քանի նահանգում ձեզանից պարզապես կպահանջեն միայն գրել ձեր անուն-ազգանունը և հասցեն։ Ու վերջ. խնդրեմ, ահա′ ձեր քվեաթերթիկիկը, մենք հավատում ենք ընտրողին, որովհետև 2000-ական թվականներին մի շարք նահանգներում անցկացված հետազոտությունները ցույց են տվել՝ ընտրախախտումները բոլոր ընտրողների ընդհանուր թվի գիտե՞ք որ մասն են կազմել՝ 0 ամբողջ զրո զրո զրո զրո զրո 9 տոկոսը։

Իհարկե, հիմա կհարցնեք՝ բայց լա′վ, այս ամենն ի՞նչ կապ ունի Տեխասի նահանգային խորհրդարանի դեմոկրատ պատգամավորների աննախադեպ փախուստի հետ։ Ամենաանմիջակա′ն։

Տեսե′ք։ Տեխասցի հանրապետականները ուզում են խստացնել քվեարկության կանոնները՝ էապես սահմանափակելով փոստային քվեարկությունը և անպայման լուսանկարով փաստաթուղթ պահանջելով ընտրողից. այսինքն, շատ ավելի քաղաքակրթ դարձնել ընտրությունները, մոտավորապես այնպես, ինչպես մեզ մոտ է՝ Հայաստանում։ Հանրապետական կուսակցությունը նաև մեծամասնություն ունի իրենց պառլամենտում ճիշտ այնպես, ինչպես մեզ մոտ քաղաքական ուժերից մեկն է գերիշխում Ազգային ժողովում, և կարող է ընդհանրապես բանի տեղ չդնել ընդդիմությանը։ Բայց ախր դրա համար ամերիկացի հանրապետականները պետք է նիստ գումարեն, իսկ առանց ընդդիմության քվորում ապահովելն անհնար է։

Բա հենց դրա համար էլ դեմոկրատները որոշել են Վաշինգտոնում մնալ այնքան ժամանակ, մինչև ավարտվի նստաշրջանը, և ընտրական օրենսդրության խստացման հարցը մեխանիկորեն դուրս գա օրակարգից։ Ու հիմա նրանք Վաշինգտոնից հեգնում են հանրապետականներին. «Բա, ասում էիք՝ ձեր դեմ խաղ չկա՞»։ Հանրապետականները կատաղած են՝ կանչել են նահանգի ոստիկանապետին և հրահանգել. «Գնացե′ք Վաշինգտոն և հե′տ բերեք ըմբոստներին»։

Բայց ախր նույն հոլիվուդյան կինոնկարներից բոլորս հրաշալի գիտենք՝ Ամերիկայում մի նահանգի ոստիկանությունը բացարձակապես որևէ բան անելու իրավունք չունի մեկ այլ նահանգում։ Համաձայնե′ք, այնումենայնիվ գոնե Ամերիկայում միշտ չէ, որ անխափան աշխատում է «Մեր դեմ խաղ չկա» հանրահայտ սկզբունքը, որը միշտ անչափ սրտամոտ է եղել հայաստանյան իշխանություններին։

թեմա:
5 րոպե Դուլյանի հետ (429)

Ըստ թեմայի

Մենք հնդիկների ու գերմանացիների հետ գործ չունենք, մեր պատգամավորը պետք է լավ ապրի
Երեք երազանք մի տիեզերանավում կամ Բեզոսի աստեղային րոպեները
Ձրի պանիրը միայն թակարդում է լինում, կամ ինչ էր, ինչ դարձավ Ցուկերբերգի Facebook–ը
թեգերը:
ԱՄՆ, Հայաստան, խորհրդարան, ընդդիմություն

Գլխավոր թեմաներ