05:36 22 հունիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD513.29
  • GBP711.93
  • EUR610.71
  • RUB7.03
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
19 0 0

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Երևանի քաղաքապետի հրավերով Հայաստան ժամանած Ռուսաստանի Պետական էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն:

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահի և Ռուսաստանի Պետական էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկու հանդիպմանը մասնակցել է նաև նրա որդին՝ Բորիս Պիոտրովսկին: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին նրա հարազատ Երևան քաղաքում, որտեղ ծնվել է Մ.Պիոտրովսկին՝ անվանի հնագետ, պատմաբան Բորիս Պիոտրովսկու որդին: Նախագահը նշել է, որ Հայաստանում հպարտանում են, որ համաշխարհային նշանակության մշակութային գանձարան Էրմիտաժն արդեն տևական ժամանակ ղեկավարում են այնպիսի մարդիկ, ովքեր սերտորեն կապված են մեր երկրի հետ։ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել մշակույթի բնագավառում համագործակցությունը զարգացնելու Պետական էրմիտաժի ղեկավարության պատրաստակամությունն ու ջանքերը, որի դրսևորումներից մեկը ՀՀ մշակույթի նախարարության հետ այսօր ստորագրվելիք համագործակցության համաձայնագիրն է՝ Կարմիր բլուրի հնագիտական նյութերն ուսումնասիրելու վերաբերյալ։ Դա ենթադրում է թանգարանային համատեղ ցուցանմուշների և հնագիտական գտածոների ուսումնասիրում, այդ թվում նաև՝ ժամանակին Բորիս Պիոտրովսկու պեղած նյութերի, ինչպես նաև մասնագիտական և գիտական գրականության փոխանակում և այլ համատեղ ձեռնարկների հրատարակում:

ՀՀ Նախագահը ընդգծել է, որ հայ-ռուսական ռազմավարական միջպետական հարաբերություններում երկուստեք մեծ կարևորություն է տրվում մշակութային բաղադրիչին, և ուրախ է, որ նաև նման նախաձեռնությունով այդ հարաբերությունները տարեցտարի ամրապնդվում են:

Միխայիլ Պիոտրովսկին երախտագիտություն է հայտնել հրավերի, ջերմ հյուրընկալության և իր սիրելի քաղաք Երևանում հոր՝ Բորիս Պիոտրովսկու հիշատակը հավերժացնող հուշատախտակի տեղադրման համար:

Էրմիտաժի տնօրենը Հանրապետության Նախագահին ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում նախատեսվող բազմաբնույթ միջոցառումների մասին, որոնց թվում է նաև Էրմիտաժի օրերի անցկացումը Երևանում:

 

Գլխավոր թեմաներ