18:26 19 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Վիգեն Չալդրանյան

Չալդրանյան. «Ուզում եմ, որ Սոս Սարգսյանի հոգին մեր պահապան հրեշտակը լինի»

© FB Profile
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
16 0 0

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում ներկայացրեց թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Վիգեն Չալդրանյանին:

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik. Դերասան և ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել։ Այդ կապակցությամբ նրան շնորհավորել է թատրոնի տնօրեն և դերասան Վարդան Մկրտչյանը։

«Այսօր առանց չափազանցության պատմական օր է մեր թատրոնի համար, քանի որ մեր հիմնադիր և ուսուցիչ Սոս Սարգսյանի մահից հետո մենք չենք տեսել այլ գեղարվեստական ղեկավարի։ Նա չափազանց մեծ էներգիա է փոխանցել մեզ, չափազանց շատ զգացմունքներ են եղել մեր մեջ… Սակայն ժամանակը մարտահրավեր է նետում մեզ։ Կարծում եմ` թեև որոշակի ուշացումով, բայց հաջողվեց գտնել մարդու, որն արժանի է իր վրա վերցնել «Համազգային» թատրոնի ծանր բեռը։ Ես շատ ուրախ եմ դրա համար»,- ասաց նա։

Շնորհավորելով Չալդրանյանին` Հայաստանի մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, որ իր գլխավորած գերատեսչությունը ցանկանում է նոր շունչ հաղորդել թատրոնին։

«Այս որոշումը շատ ոգևորեց մեզ, մենք ուզում ենք նոր շունչ հաղորդել «Համազգայինին», թարմացնել խաղացանկը և թատերախումբը բարձրացնել միջազգային մակարդակի։ Համոզված եմ, որ Չալդրանյանն անցած ուղու, փորձի և բարձր մասնագիտական վարպետության շնորհիվ մեծ օգուտ կտա թատրոնին, և 2017թ-ին մենք կարձանագրենք նոր հաջողություններ և ձեռքբերումներ, ինչպես նաև կկարողանանք հպարտանալ նորացված խաղացանկով։ Շնորհավորում եմ ոչ միայն Վիգեն Չալդրանյանին, այլ նաև ողջ կոլեկտիվին և թատերասերներին»,- ասաց Ամիրյանը։

Չալդրանյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց նախարարին, Վարդան Մկրտչյանին և ողջ թատերախմբին ցուցաբերած աջակցության համար։

«25 տարի շարունակ այստեղ հնչել է միայն մեկ անուն` գեղարվեստական ղեկավար Սոս Սարգսյանի անունը, և նրա գործը շարունակելն իսկապես պատասխանատու է։ Կարծում եմ, որ ոչ թե ստանձնել եմ պաշտոնը, այլ առաքելություն եմ վերցրել ինձ վրա։ Դրանք տարբեր բաներ են», — ասաց Չալդրանյանը։ Նա չցանկացավ բացահայտել ապագայի իր բոլոր ծրագրերը. նա նախընտրում է ոչ թե խոսել, այլ գործել։

«Ես արդեն այն տարիքում եմ, երբ հավատում ես ոչ թե խոսքին, այլ գործին։ Կապրենք, կտեսնենք։ Ես խնդրեցի նախարարին մի քանի ամիս տրամադրել` որպես նախապատրաստական շրջան, քանի որ դա շատ պատասխանատու շրջան է։ Ես կփոխեմ իմ կենսակերպը։ Ես մինչև հիմա ազատ արվեստագետ էի, բայց հիմա ամեն ինչ փոխվել է։ Կա կոլեկտիվ, որի հետ պետք է ստեղծել առողջ ընտանիք և քայլել արվեստի ճանապարհով։ Չեմ ցանկանում խոսել ծրագրերի մասին»,- հավելեց նա։

Չալդրանյանը լրագրողներին ասաց, որ «Համազգայինի» բեմից միշտ բարոյականություն է քարոզվել, ինքն էլ կշարունակի պահպանել այդ ավանդույթը։

«Սոս Սարգսյանին հաջողվել է ստեղծել փոքր պետություն պետության մեջ և 25 տարի շարունակ բարոյականություն քարոզել այս բեմից։ Մենք կփորձենք շարունակել այդ ավանդույթը։ Բնականաբար, ծրագրերն այլ կլինեն, բայց կա ընդհանուր նպատակ` քարոզել բարոյականություն, հանդիսատեսին տանել լույսի ճանապարհով։ Հենց դա եմ համարում թատրոնի առաքելությունը։ Ներկայացումները կհամապատասխանեն ժամանակի ոգուն։ Ուզում եմ, որ թատրոնը մրցակցային լինի։ Ուզում եմ, որ Սոս Սարգսյանի հոգին մեր պահապան հրեշտակը լինի և միշտ ուղեկցի մեզ», — նշեց նա։

Նրա խոսքով` թատրոնը պետք է յուրահատուկ առողջարան լինի, որի նպատակը հանդիսատեսին բուժելը լինի։

Գլխավոր թեմաներ