01:06 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Արև Սամուելյանը Sputnik Արմենիայի տաղավարում

«Թանգարանային գիշեր» նախաձեռնության կարգախոսը դուր չի եկել մեր հարևաններին

© Sputnik/ Karen Yepremyan
Մշակույթ
Ստանալ կարճ հղումը
58 0 0

Մայիսի 18–ը տոնական է 5 մայրցամաքների համար։ 30 հազար թանգարան հանդիսավոր նշում է «Թանգարանների միջազգային օրը»։ Այդ առթիվ աշխարհի տարբեր երկրներ նախաձեռնում են «Թանգարանների գիշեր» միջոցառումը, որի ընթացքում բոլոր թանգարանների մուտքն անվճար է։

13 տարի է, ինչ Հայաստանը միացել է «Թանգարանների միջազգային օրվան»։ Այս տարվա համար ավելի մեծ թվով հայաստանյան թանգարաններ են ներգրավվել գործընթացին։ Թեմայի վերաբերյալ Sputnik Արմենիան զրուցել է մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանի հետ։ Զրույցը վարեց Գոհար Սարգսյանը։

-Տիկին Սամուելյան «Թանգարանների գիշերն» այս տարի անցկացվելու է մայիսի 20-ին։ Ինչպե՞ս է տեղի ունենում օրվա ընտրությունը, և ո՞րն է այս տարվա կարգախոսը։

Այն ընտրվում է «Թանգարանների միջազգային օրվան» նախորդող կամ հաջորդող որևիցե օր։

Մայիսի 18-ը բոլոր թանգարանային աշխատակիցների պաշտոնական տոնն է, ուզում եմ առիթից օգտվել և շնորհավորել մեր մշակութային ժառանգության պահապաններին։ Քանի որ մայիսի 18-ը և 20-ը հինգշաբթի և շաբաթ օրեր են, մենք որոշեցինք հայտարարել եռատոն։ Ուրբաթ օրը` ամսի 19-ին, ևս միջոցառումներ կան, որոնցից կարևորագույնը Գրատպության թանգարանի բացումն է Հայաստանի Ազգային գրադարանում։ Դեռևս 2012 թվականից աշխատանքներ են տարվում այս թանգարանի ցուցանմուշների ձեռքբերման ուղղությամբ։

-Քանի՞ թանգարան է մասնակցելու այս ծրագրին։

Նախ` ասեմ, որ 13 տարի է, ինչ Հայաստանը մասնակցում է այս ծրագրին։

Եթե առաջին տարում միայն 9 թանգարան էր, ապա այս տարի` 117 թանգարան Հայաստանում և Արցախում։ Արցախը մեզ միացել է 4 տարի առաջ։ Ծրագրի բոլոր մանրամասներին կարելի է ծանոթանալ մշակույթի նախարարության պաշտոնական կայքէջում` mincult.am, ինչպես նաև սոցիալական կայքէջերում։ Այս տարվա խորագիրը կոչվում է «Ցավոտ պատմություններ.դժվար պատմելին թանգարաններում»։ Այն առաջադրել էր Թանգարանների միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակը՝ դեռևս 2015 թվականին։ Առաջարկը բաց քվեարկությամբ անցել է։ Պետք է ասեմ, որ մեր հարևան երկրները բողոքարկել են։

-Եթե մեր հարևան երկրներն անվան ընտրության հետ չեն հաշտվել, նշանակում է` կոնտեքստի մեջ խնդրահարույց կետեր են գտել։ Մի քիչ բացենք թեման, կոնկրետ ի՞նչ ուղերձներ է պարունակում կարգախոսը։

Մեզ համար խորհրդանշական տարում է այս առաջարկն արվել` ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ Ամբողջ 21-րդ դարը լի է ցավոտ պատմություններով։ Թանգարաններն այսօր ոչ միայն գեղեցիկ արվեստի պահպանելու շտեմարաններ են, այլև կրթական միջավայրեր։

Հիշենք այս տարիների Սիրիայի դեպքերը, փախստականների ալիքները դեպի Եվրոպա, եզդիների ցավալի էջերը, որ մեզ են հիշեցնում 20-րդ դարասկզբի պատմության ցավոտ էջերը։ Պետք է իմանալ նաև ժողովուրդների պատմությունը։ Միայն կիրթ սերունդը կարող է խաղաղություն կառուցել։ Առաջին հայացքից ասում են` ինչո՞ւ եք այդ թեման առաջարկել, ծանր պատմություն է, բայց կարող եմ ասել, որ թանգարանների աշխատակիցները պատվով են դուրս եկել խորագրի առաջադրանքից։

Հիշեցնեմ, որ մայիսի 18-ին թանգարանների մուտքն ազատ է աշխատանքային ժամերին, իսկ շաբաթ օրը` ժամը 18։00-ից մինչև 24։00։ «Թանգարանային գիշեր» ծրագիրը տարբեր տարիքային, սոցիալական խմբերի համար է։

-Տիկին Սամուելյան, այս տարիների ընթացքում նկատե՞լ եք այցելությունների թվի աճ։

Եթե հաշվի առնենք, որ սկզբում 9 թանգարան էր միացած, իսկ հետո դարձավ 117, այցելությունների թվային ցուցանիշներն ավելացել են։

-Ի՞նչ եք կարծում՝ մեր թանգարանների առկա վիճակն ինչպիսի՞ն է, թանգարաններն արդյո՞ք արժանանում են հասարակության գնահատականին թե՞ Սովետական միությունից այս կողմ մենք շոշափելի առաջընթաց չենք գրանցել։

Հարցը համալիր մոտեցում է պահանջում։ Թանգարանների նկատմամբ պահանջները փոխվել են։ Այն ցուցադրությունը, որն արդիական էր համարվում 20 տարի առաջ, այսօր կարող է վերանայման ենթարկվել։

-Վերջերս մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այցելեց Հայաստանի ազգային պատկերասրահ, ծանոթացավ ցուցանմուշների պահպանման վատ պայմաններին, ինչպիսի՞ իրավիճակ է այստեղ, աշխատանքներ տարվու՞մ են, թե՞ բյուջետային սղության պատճառով դրանց ընթացք չի տրվել։

Խնդիրներն առկա են բոլոր թանգարաններում, այդ թվում և`Հայաստանի ազգային պատկերասրահում։ Ճիշտ մենեջմենթի դեպքում որոշ խնդիրներ հնարավոր կլինեն ընթացիկ լուծել։ Օրինակ` Հայաստանի պատմության թանգարանը որոշ խնդիրներ արդեն իսկ լուծել է։ Այս տարի լրանում է Հովհաննես Այվազովսկու 200- ամյակը։ Այդ առթիվ թանգարանի տնօրինությունը սեփական միջոցների հաշվին իրականացնելու է վերանորոգումներ։

Հարցազրույցի ամբողջական տարբերակը կարող եք լսել Sputnik ռադիոկայանի եթերում, շաբաթ օրը (FM106)։

Գլխավոր թեմաներ